Հիշո՞ւմ եք, սովետական «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» ֆիլմը: Էն տարիներին դա բացառություն էր նույնիսկ համեմատաբար ազատամիտ ռուսական իրականության մեջ, բայց ֆիլմից ոգևորված շատ ու շատ մարդիկ են համարձակվել իրենց երկրորդ կեսին փնտրել հայտարարությունների օգնությամբ:
Հետո հայտնվեցին հայտարարությունների թերթեր, հետո՝ ծանոթությունների կայքեր, զանազան ամուսնական գործակալություններ, ու կամաց-կամաց անձնական բնույթի հայտարարությունները տեղափոխվեցին վիրտուալ տարածք, համենայն դեպս` մարդկության ինտերնետային մասի համար:
Մի քանի օր է Ֆեյսբուքում շրջում է էս հայտարարության ֆոտոն՝ փակցված Երևանի շենքերից մեկի նրբանցքի պատին. «Հարկավոր է կինարմատ 35-45 տարեկան: Միայնակ»:
Առաջին ռեակցիան բոլորի մոտ պետք է որ նույնը լիներ՝ ժպիտ հայտնվեր դեմքիդ, ու անկախ քեզնից մանկականությունդ ու ռոմանտիզմդ արևի շողի պես ծիկրակեին երևանյան գորշ ձմեռվա ու նույնքան գորշ իրականության մշուշի միջով: Ինձ մոտ համենայն դեպս էդպես էր:
Զանգեցինք էդ հեռախոսահամարով:
Զանգից ոգևորված տղամարդը սկսեց անկեղծանալ. «Ես 44 տարեկան եմ, անունս Սաքո ա, իմ խելքով եմ հայտարարությունը գրել, վաբշե մալյառ եմ, բայց ինչ գործ պատահի անում եմ` ապրանք եմ բարձում, ջրի տրուբեք եմ սարքում: Օրը 4000-5000 դրամ աշխատում եմ: Բաժանված եմ , 2 երեխա ունեմ, կինս լիրբ էր՝ բաժանվեցի, տղես բանակ պիտի գնա հեսա, էդ կնիկս էլ աղջկաս հետ ուզում են գնան` Ֆրանսիա ապրեն: 2 տարի ա, որ բաժանվել եմ:
Եսիմ ինչ կին կուզեմ լինի: Դե’ ես կոլոտ եմ, նենց՝ նորմալ, ոչ սիրուն եմ, ոչ գեշ, ինքն էլ թող միջահասակ լինի, ոչ չաղ, ոչ նիհար, ամենակարևորը` մաքրասեր լինի ու լավությունը հասկացող, որ ես իրան պենուառ կամ կնիկական մի բան նվեր տամ՝ գնահատի:
Ապրում եմ Կինոհայրենիքի քաղմասի հետևի տներում, տունս 2 սենյականոցա, որ գաք` կտեսնեք ինչ մաքուր ա: Էդ հայտարարության ձեռը կրակն եմ ընկել, հա զանգում են, ով ասես, ռուսերեն էին խոսում մի անգամ, ոնց հասկացա ագենստվայից են, էն որ պսակում են փողով, ես էլ լավ չեմ էլի’ ռուսերենից, կարգին չջոկեցի` ինչ են ասում:
Էս քանի օրը էնքան կանանց ու աղջիկների եմ հանդիպել, վերջինը մի 25 տարեկան աղջիկ էր: Դրա խոսալը լսեիր, հագածը տեսնեիր… Դրան որ տուն բերեի` ինձ ինֆարկտը կխփեր: Թող ամուսնացած — բաժանված լինի , բայց մաքրասեր ու գնահատող լինի: Եսիմ է’, հիմնականում փչացածներ ու լրբեր են զանգում, ինձ տենցը պետք չի:
Էնքան ման կգամ, մինչև իմը կգտնեմ: Ես հավատում եմ էդ սեր ասվածին, բայց դե ինձ համար եփել-թափելու մոմենտն ավելի կարևոր ա, ես մաքրություն անում եմ, բայց կարգին չեմ կարում ճաշ եփեմ, փիս ա ստացվում, ստիպված տալիս եմ շանը, էն էլ չի ուտում: Եսիմ, ուզում եմ լավ մարդ լինի կողքիս էլի’, մենակ չլինեմ»,- ասում էր մալյար Սաքոն:
Ինչ-որ սիրուն բան կա չէ՞ էս ամեն ինչի մեջ, անձնական երջանկության ռոմանտիկ փափագ, վայրի վստահություն խելահեղ թվացող նախաձեռնության հաջող ավարտի մեջ:
Բայց մեզ շրջապատող իրականությունը դարձել է մանկությունից պատանեկություն անցման շրջանի տարիքի երեխաներին հատուկ ամեն ինչ զավեշտի վերածելու, քեզնից սոցիալական ու մտավոր ունակություններով տարբերվողի վրա «ղժժալու» սովորության գերակայության իրականություն, իսկ այդ տիպի սարկազմը դաժան է, կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու համար:
Բնական է, ռուսերեն խոսողները «Ռադիո ՎԱՆ»-ի հաղորդավարներն էին. Գլումովն ու իր ընկերը էլի «глумиться» էին անում խեղճ մարդու վրա, որը ռուսերեն շատ վատ էր հասկանում ու խոսում, ինչպես մի քանի ամիս առաջ դա անում էր էդ նույն Գլումովը «Շանթ» հեռուստաընկերության X-Factor երաժշտական հեռուստաշոուի Իսահակ անունով երաժշտական լսողության ֆիզիկական թերություններ ունեցող մասնակցի հետ: Ու ողջ ինտերնետը «ղժժում» էր տղայի վրա: Չեմ հասկանում` ոնց, բայց տղան մասնակցում էր ամանորյա եթերին՝ էլի ադեկվատ չէր ընկալել տեղի ունենալիքը, իմ կարծիքով:
Ո՞նց կարելի է ծիծաղել մարդկանց վրա էդ կերպ, ո՞նց կարելի է ծափահարել էդ անողներին ու լավ զգալ դրանից: Մի՞թե առողջ հասարակությունում էդպիսի բաները ողջունվում են: Բայց ի՞նչ եմ խոսում, ի՜նչ առողջ հասարակություն, ի՜նչ բան:
Սաքոյից, ով ընդամենը անձնական երջանկություն է փնտրում, կին, կողակից, ոնց կարողանում է, իրեն հասանելի միջոցներով ու մեթոդներով, ոնց ինքն է ասում` «իմ խելքով»: Հետո՞ ինչ, որ նրա խելքը կտրեց հայտարարություն գրել ու փակցնել փողոցում, այլ ոչ թե օդնոկլասսնիկներում ու ֆեյսբուքներում աղջիկ կպցնել բոլորի նման: Վախենամ՝ շուտով նոր շոու ստանան, կանչեն ռադիո ու հեռուստաշոուների, նույնիսկ հասնեն աբսուրդի ու, առանց հաշվի առնելու մարդու ազնիվ մղումները, ազգովի ծիծաղեն նրա վրա: Ինձ համար մարդու վրա ծիծաղելը մեղք է, հետո՞ ինչ, թե նրա մտահորիզոնն ու աշխարհը իմից չեն, պարզունակ են ու արտաքինից կոպիտ, բանվորական հագուստով, բայց հաստատ Գլումովից նուրբ են ու մաքուր ներքուստ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծիծաղում են էսպիսի մարդկանց վրա, ծափահարում են զավեշտին, իմ արժեքային համակարգով մալյար Սաքոյից շատ ցածր են:
Թող Սաքոն գտնի իր կողակցին, հետո մենք կծիծաղենք ձեզ վրա, «ղժժացողներ» ջան:
Լուսինե Վայաչյան
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.