Արդեն հայտնի է, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները երեքշաբթի անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ՝ պայմանավորված բանակում ստեղծված հույժ տագնապալի իրավիճակով, երբ, փաստորեն, վերջին մոտ մեկ և կես ամիսների ընթացքում արդեն գրանցվում է 13-րդ զոհը:
Վերջին ցավալի դեպքն արձանագրվել էր փետրվարի 14-ին, երբ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
Բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի թվի նման անբնական աճն իսկապես սպիտակ սարսափ է առաջացնում՝ միաժամանակ մեջտեղ բերելով հարցեր, որոնք հատկապես այս օրերին առավել քան էական բնույթ են ստանում:
Ոչ վաղ անցյալում էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառմամբ ավետել էր բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի աննախադեպ մինիմիզացման մասին: Մինչդեռ այդ գրառումից երկար ժամանակ չանցած, փաստորեն, բոլորովին հակառակ պատկերն է արձանագրվում: Ի՞նչ է կատարվում:
Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների ցավոտ խնդիրն, որից էլ, ըստ էության, հիմնականում ածանցվում են ողբերգությունները, առկա է ոչ միայն հայկական զինված ուժերում. նույնիսկ աշխարհի ամենաառաջատար երկրների բանակներում նման խնդիրներ նույնպես ծագում են՝ ոչ պակաս ողբերգական հետևանքներով: Հայկական բանակում ևս, գրեթե մշտապես խնդիրներ եղել են, սակայն այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ողբերգական դեպքերի այն ինտենսիվությունը, որ, փաստորեն, բնորոշ է դարձել 2020-ի առաջին ամիսներին, գործնականում երբեք մեզանում չի արձանագրվել. խնդիրն այլևս ձեռք է բերում ազգային անվտանգությանը սպառնացող մասշտաբներ:
Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ դեպքերի զգալի մասը, փաստորեն, ներկայացվում է որպես ինքնասպանություն, այլ ոչ թե սպանություն: Իսկապե՞ս ինքնասպանություններ են դրանք, թե՞ ինքնասպանությամբ քողարկված սպանություններ, իհարկե, իրավապահների պարզելիքն է, սակայն, եթե նույնիսկ գործ ունենք առավելապես ինքնասպանությունների հետ, ապա դրանից իրավիճակի սրությունը բացարձակապես չի մեղմվում, քանի որ ինքնասպանությունները, որպես կանոն, հետևանք են անձի՝ այդ քայլին ինչ-որ մեկի կողմից դրդվելու. կյանքի ու մահվան միջև ազատ ընտրության հարց չէ սա:
Միևնույն ժամանակ ողբերգությունների անվերջանալի շարանն առաջ է բերում հրատապ հարցեր՝ առնչվող բանակային կյանքի խորքային շերտերին: Ի՞նչ է արվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել ողբերգության տանող գործոններից: Այս իմաստով կարևոր է այս ամենում հասկանալ հատկապես հրամկազմի ունեցած պատասխանատվության աստիճանը:
Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն իրենց առաջ խնդիր դրեցին՝ լոյալ հրամկազմ ձևավորելու: Այդ նպատակով շատ հաճախ կարևոր պաշտոնների նշանակվեցին այնպիսիք, որոնք չեն համապատասխանում իրենց պաշտոններին: Ցավոք, կադրային վերադասավորումներ կատարելիս՝ առաջնային է դիտարկվում քաղաքական կոմպոնենտը, ինչի արդյունքում հարվածի տակ է հայտնվում որակական բաղադրիչը: Ավելին՝ ասում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված՝ առավելագույն սեղմ ժամկետներում ձևավորելու հեղափոխությանը լոյալ հրամկազմ՝ ցանկացած գնով. Տոնոյանը կա՛մ պետք է կատարի հրամանը, կա՛մ պետք է հեռանա: Արդյունքում, ղեկավար պաշտոնների են նշանակվում շատ դեպքերում ոչ կոմպետենտ անձինք, ինչն էլ ազդում է բանակում տիրող իրավիճակի վրա. թույլ, ոչ պրոֆեսիոնալ հրամկազմի պարագայում շատ դեպքերում նորմալ չի կազմակերպվում նույնիսկ զինվորների օրվա գրաֆիկի պատշաճ տնօրինումն, ինչի արդյունքում ազատ ժամանակն ավելին է լինում, քան պետք է լիներ, ինչն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ներանձնային բախումների՝ հանգեցնելով ողբերգական հետևանքների: Եթե այլ դեպքերում վատ կադրի թերի աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի դառնալ միայն տարիրներ անց, ինչպես, օրինակ՝ Փաշինյանի համակրանքը վայելող Արայիկ Հարությունյանի դեպքում, ապա վատ զինվորականի վատ աշխատանքի հետևանքը տեսանելի է դառնում անմիջապես, և այս պարագայում, ցավոք, գրանցվող մահերի տեսքով:
Ասում են՝ յուրաքանչյուր երկրի բանակ այդ երկրի հասարակության յուրահատուկ հայելին է: Գուցե, սակայն միանշանակ է, որ բանակային ծառայությունը նախևառաջ կոչված է հայրենիքին իրենց ծառայությունը մատուցող երիտասարդ քաղաքացիների լիարժեք վերակերտմանը, նոր արժեհամակարգի մատուցմանը, և եթե ինչ-որ մեկը բանակ է զորակոչվել խեղված աշխարհայացքով՝ ներծծված նույն քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, ապա սպայական անձնակազմի առաջ պետք է խնդիր դրված լինի՝ մաքրելու ռազմիկ դարձող երիտասարդ քաղաքացու աշխարհընկալումն ու տալու այն, ինչը՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով տվյալ անհատը նախկինում գուցե չի ստացել: Այս իմաստով ակնհայտ է, որ բանակում անելիքներ իսկապես դեռ շատ կան, և կուտակված խնդիրների լուծման հարցում միայն ասենք սննդի կամ համազգեստի հետ կապված հարցերը չեն, որ էական դեր են խաղում:
Մյուս կողմից՝ նմանօրինակ իրավիճակների բացառման հարցում անչափ էական է խնդիրների գոյության մասին համարձակորեն բարձրաձայնելը, դրանք չկոծկելն ու հասարակության առաջ զինված ուժերի ղեկավարության, սպայական կազմի հաշվետվողականության մակարդակի բարձրացումը: Գուցե՞ պետք է նաև նոր հիմքերի վրա դնել սպայական կազմի ընտրության սկզբունքն ու ընտրել իսկապես լավագույններին: Խնդիրներին պետք է տրվեն բացառապես պրոֆեսիոնալ լուծումներ՝ արմատախիլ անելու հանցանք ու ողբերգոթյություն ծնող պատճառները. առանց ճշգրիտ ախտորոշման, յուրաքանչյուր դեպքի հանգամանալից վերլուծության, պրոբլեմի դեմ արդյունավետ պայքար հնարավոր չի լինի մղել, ընդհակառակը՝ վիճակը կարող է խորանալ, և այս իմաստով անչափ կարևոր է լինելու այն գործիքակազմերի ընտրության հարցը, որոնցով փորձ է արվելու լուծել խնդիրը:
Գուցե՞ իրավիճակից ելքը կարող է լինել բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նոր ռազմավարության կիրառումը, երբ այդ գործում ներգրավված կլինեն ոչ միայն սպայական անձնակազմն, այլև, կրթական համակարգը, մշակութային օղակները և այլն: Իրավիճակից ելք կարող է լինել նաև որոշ երկրների դրական փորձի տեղայնացումը. oրինակ՝ նույն Իսրայելում նմանօրինակ խնդիրների հաղթահարման հարցում էական դեր է ունեցել ծառայության առավել ազատ ռեժիմի հաստատումն, ինչը ոչ միայն չի թուլացրել բանակի մարտունակությունը, այլև, փաստորեն, է՛լ ավելի է բարձրացրել:
Վերջին շրջանում Հայաստանում լայն քննարկման առարկա դարձած ամենաառաջնային թեման առավելապես սահմանադրության փոփոխություններին առնչվող հարցն է, ներքին հասարական-քաղաքական կյանքին վերաբերող խնդիրներն ու խժդժությունները, որ արհեստականորեն գեներացվել են իշխանությունների կողմից՝ յուրատեսակ ներքին կեղծ օրակարգի վերածվելով: Մինչդեռ, նախքան ավելորդ մանրախնդրություն դրսևորելը, նախևառաջ հարկավոր էր լուծել ամենակարևոր գերխնդիրը՝ անվտանգային հարցը, որի հիմնահենքային բաղադրիչներից մեկն էլ բանակի ներքին կյանքին առնչվող մեծ ու փոքր պրոբլեմներն են, որոնց անտեսումը, ինչպես կյանքն է ցավալիորեն ապացուցում, վերաճում է իսկական ողբերգության՝ վտանգի մատնելով բոլորիս գոյությունը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.