Խնդիրները, որոնք պարբերաբար ծագում են Վերին Լարսի անցակետում, կարող է լուծվել Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության շրջանակում: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մեկ շաբաթից ավելի անցակետում բազմակիլոմետրանոց խցանումներ են: Բեռնափոխադրողները հայտարարում են, որ խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ կշեռքն ավել քաշ է ցույց տալիս, եւ դրա հետեւանքով տուգանքներ են սահմանվում:
«ԵԱՏՄ-ի շրջանակում անհրաժեշտ է այնպիսի որոշումների հասնել, որոնք թույլ են տալիս ապահովել Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրողների ազատ տեղաշարժը՝ այն նույն տրամաբանությամբ, որն ընկած է կազմակերպության գաղափարախոսության հիմքում»,- հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ տվյալ պահին քննարկվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նորմալ բեռնափոխադրումների ապահովման այլընտրանքային հնարավորությունները, մասնավորապես, լաստանավային կապի մասնակի վերականգնումը, որը չի գործում 2018-ի դեկտեմբերից:
«Կան նաեւ որոշակի քննարկումներ՝ կապված հարավկովկասյան երկաթուղու արդյունավետության բարձրացման հետ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Վերին Լարսի անցակետում խնդիրներով զբաղվող հատուկ պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա: