Ուկրաինայի նախագահի ընտրությանը համոզիչ, գործնականում ջախջախիչ հաղթանակ է տոնում դերասան և հումորիստ Վլադիմիր Զելենսկին, որի առաջադրումը որպես նախագահի թեկնածու շատերն էին թերևս դիտարկել ընդամենը էկզոտիկ անլրջություն: Զելենսկին ոչ միայն համոզիչ հաղթանակ տարավ առաջին փուլում, այլ երկրորդում գործնականում ջախջախեց գործող նախագահ Պորոշենկոյին: Ուկրաինայի ընտրությունն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր, և թերևս ավելորդ է բացատրել, թե ինչու: Ընտրության այս արդյունքը դեռևս պետք է բավականին մեկնաբանությունների և վերլուծությունների արժանանա աշխարհաքաղաքական, ռեգիոնալ քաղաքական հարաբերությունների և հեռանկարների տեսանկյունից:
Անկասկած է, որ Զելենսկու հաղթանակն այդ իմաստով շրջադարձային է, որովհետև այստեղ գործնականում լոկ նախագահի փոփոխություն չէ, այլ մեծ հաշվով համակարգային մտածողության որոշակի բեկում: Ինչպիսին կլինի շարունակությունը, սա դեռ պետք է տեսնել, որովհետև Ուկրաինայում բավականին ազդեցիկ քաղաքական ինստիտուտ է նաև խորհրդարանը: Այդ իմաստով անկասկած պատկերը կարող է ամբողջանալ միայն խորհրդարանի ընտրությամբ, տեսնելու համար, թե ուժերի հարաբերակցությունն ինչպիսին է լինելու այս համատեքստում:
Սակայն մի բան հատկանշական է, որ արդեն հերթական անգամ աշխարհը ականատես է լինում գործող, հաստատված համակարգերի այսպես ասած փլուզման: Դա տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, որտեղ նախագահի ընտրությունը հաղթեց դարձյալ նախնական վարկածում անլուրջ ընկալվող Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայում, որտեղ նախագաhի պաշտոնին հայտնվեց մինչ այդ որևէ քաղաքական դիրքավորման մեջ չգտնվող Էմանուել Մակրոնը: Այդ շարքում մենք կարող ենք դիտարկել նաև Հայաստանը, որտեղ թավշյա հեղափոխությամբ կոտրվեց հաստատված երեսնամյա համակարգը, որը թվում էր անխորտակելի: Այս ամենում իհարկե հարկ է ընդգծել խորհրդանշականությունը, որովհետև օրինաչափության մասին խոսելու հիմքերը խիստ մակերեսային են:
Այդուհանդերձ, սա ժամանակակից աշխարհն է և այս խորհրդանշական, հատկանշական փոփոխություններն արտացոլում են աշխարհի փոխվելու հանգամանքը: Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի: Լավ է դա, թե վատ, սա իհարկե հարաբերական հարցադրում է: Ամեն ինչ կախված է թերևս այն բանից, թե հանրություններն ու էլիտաները որքանով են պատրաստ այդ աշխարհում մրցակցելուն, որքանով են պատրաստ անկանխատեսելիության բարձրացող աստիճանով համաշխարհային կյանքում կրեատիվ դերակատարման:
Այս հանգամանքն անշուշտ առաջին հերթին շատ դիտարժան է Հայաստանի համար, որտեղ գործնականում տեղի է ունենում նոր էլիտայի ձևավորման բավականին բարդ գործընթաց և այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է այդ էլիտան ընկալում ժամանակակից աշխարհն ու Հայաստանն այդ աշխարհում: Այդ տեսանկյունից, Ուկրաինան հերթական դասն է, որովհետև Հայաստանը՝ որ ինքն էլ փաստորեն դարձավ փոխվող աշխարհի ֆանտաստիկ օրինակ, հենց միջազգային շատ դերակատարների գնահատմամբ, պետք է անշուշտ սովորի ոչ միայն իր օրինակների վրա:
Եվ այն, որ Հայաստանի վարչապետը բավականին օպերատիվ կերպով շնորհավորել է Զելենսկու հաղթանակը, նրան մաղթելով հաջողություն և հայտնելով հայ-ուկրաինական հարաբերության սերտացման ակնկալիք, անկասկած ողջունելի օպերատիվություն է:
Հայաստանը գործականում միայն Ուկրաինային շնորհավորողների առաջին տասնյակում չէ, Հայաստանը փոխվող աշխարհը նշանավորողների առաջին տասնյակում է և այդ իմաստով խնդիր պետք է լինի շարունակել մնալ նոր աշխարհակարգի լոկոմոտիվներից: Վերադառնալով բուն ընտրությանը, ապա այստեղ անշուշտ պետք է արձանագրել ամենակարևորը՝ հանրության ձայնը:
Ի վերջո, բուն խնդիրն այն է, որ հանրությունն է ընտրում իր իշխանությունը, ըստ այդմ իր ապագան, դրա համար կրելով իր պատասխանատվությունը: Ինչպիսի նախագահ է լինելու Զելենսկին, կամ ինչպիսի իրավիճակ Ուկրաինայում, դա ժամանակի հարցն է, որովհետև ի վերջո այդ երկրում ոչ բոլորն են հիացած նախագահի պաշտոնում նախկին դերասանի և հումորիստի ներկայությամբ: Սակայն, ամենակարևորը այդ պաշտոնի ընտրության հարցում հանրության ներկայությունն է, որ Ուկրաինան ապահովեց: Եվ պետությունը, ինչպիսին էլ լինի անվանումը, հաղթում է այն ժամանակ, երբ ապահովում է հանրության մշտական ներկայությունն իր կառավարման գործընթացում: