Բանակն անօրինական ձևով ներգրավված է եղել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում։ Արդյունքում անձինք են կյանքից զրկվել, հարյուրավորները՝ ծանր վիրավորումներ ստացել։ Սա վկայող փաստեր է հավաքագրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փորձագետների փաստահավաք խումբը: 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվում է Փաստահավաք խումբը` գործելով ընդամենը 7 ամիս։
Չնայած կարճ կենսագրությանը, այդուհանդերձ փորձագետները գերկարևոր տեղեկություններ հավաքագրեցին։ Խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը հրապարակեցին զեկույցներ։ Բանակի անօրինական ներգրավվածությունը փաստող որոշ մանրամասներ ներկայացնում ենք ստորև։
«Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին»
Քոչարյանի հակասահմանադրական որոշումը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին ստորագրում է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր։ Դա հիմք է դառնում, որ ընդդեմ խաղաղ քաղաքացիների գործի դրվի բանակը, այսինքն՝ զենք կիրառվի։ Փաստահավաք խումբը գտնում է, որ արտակարգ դրություն հայտարարելով Քոչարյանը աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով իրեն չլիազորված գործողություններ։
«Ռոբերտ Քոչարյանը Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ, բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են։ Հայաստանի քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը»,- ասվում է Փաստահավաք խմբի զեկույցում։
Արտակարգ դրության ժամանակ Երևանում արգելվել են ժողովներ, հավաքներ, ցույցեր, երթերի անցկացնել, բացառվել է զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեությունը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Ոստիկանությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Ըստ փաստահավաք խմբի՝ ՊՆ-ին նման իրավունք վերապահելով զինված ուժերն ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Սա այն դեպքում, երբ ըստ Սահմանադրության, բանակը կարող է գործադրվել միայն հանրապետության վրա անմիջական հարձակման ժամանակ, եթե ռազմական դրություն հայտարարվի։
Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման և գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։ Ի դեպ, 2009-ին Հայ Ազգային Կոնգրեսը փորձել է Սահմանադրական դատարանում վիճարկել Արտակարգ դրության սահմանադրականության հարցը։ Չունենալով ՍԴ դիմելու իրավունք, ՀԱԿ-ն այդ խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։ Օմբուդսմենը մերժել է ընդդիմադիր ուժին։
Վանաձորից Երևան БМП-2 մարտական մեքենաներ են բերվել
Փաստահավաք խմբի ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես է բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորեն մասնակցել 2008 թվականի հետընտրական գործընթացներին։ Տեսանյութերում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և մուտքը Երևան`մինչև արտակարգ դրության հայտարարումը։
Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված առաջին տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16։00-ին Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում։ Երկրորդ տեսանյութն արվել է «Ռոյթեր» գործակալության նկարահանող խմբի կողմից։ Մարտի 1-ին, ժամը 20։00-ին Երևան է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը։ Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները, իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող զորամասից (Վանաձոր), ժամը 20։00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11։00-12։00-ին։ БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։
«Վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում`մինչ արտակարգ դրության հայտարարումը»,- արձանագրում է Փաստահավաք խումբը։
2008 թվականի դեկտեմբերին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին տեղեկացրել է, որ մարտի 1-ին հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ ՀՀ Պաշտպանության նախարարության Թիկունքի ծառայության պահեստից 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ են ստացել։ Ընդդիմությունը համոզված էր, որ այդ զինվորական համազգեստը այդ պաշտոնյաներն ու պատգամավորներն օգտագործել են մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու համար ստեղծված անօրինական զինված միավորումներին հանդերձավորելու նպատակով:
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով Փաստահավաք խումբն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստ, որը կողպված է եղել։ Փաստահավաք խմբի անդամների մուտքը պահեստ արգելվել է։
0038 գաղտնի հրամանը, որով բանակը հանվեց քաղաքացիների դեմ
Փաստահավաք խումբը գտնում է, որ բանակը մարտի 1-ի իրադարձություններում կարող էր ներգրավվել բացառապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որը պետք է արտահայտվեր համապատասխան հրամանով։ 2008 թվականի փետրվարի 23-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դրած ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պնդել է․ «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները»։ Այդպիսով հերքել է ներքաղաքական հարցերում բանակը ներգրավելու մասին լուրերը։
Սակայն, հետագայում բացահայտվեց, որ ՊՆ Միքայել Հարությունյանը հենց այդ նույն օրը՝ փետրվարի 23-ին ստորագրվել է հույժ գաղտնի N0038 հրամանը։ Ըստ դրա՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի։ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։ Ինչպես գիտենք, զենք հետագայում կիրառվել է ցուցարարների դեմ։
Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ բանակի օգտագործումը ներքին կյանքին Սահմանադրությամբ կարելի է։ Բայց և համառորեն հերքել է N 0038 հրամանի գոյությունը ու պնդել, թե մինչև արտակարգ դրություն հայտարարելը Զինված ուժերը որևէ գործողության չեն մասնակցել ու որևէ դերակատարում չեն ունեցել։ Հարությունյանը փորձել է արդարանալ, թե իր գործողություններում ղեկավարվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրով։
Այս պատասխանը հիմք է տվել ՓԽ-ին եզրակացնելու, որ Պաշտխպանության նախարարի համար երկրի օրենքներից ու Սահմանադրությունից գերակա են նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը։ Հատկանշական է այն փաստը, որ Պաշտպանության նախարարը գաղտնի N 0038 հրամանն արձակել է 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած ուժային կառույցների ղեկավարների եւ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցություններից հետո։ Ինչն ուղղակիորեն հերքում է պնդումները, թե N 0038 հրամանի և ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին նախագահ Քոչարյանը տեղյակ չի եղել։ Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա։
ՊՆ N0038 հրամանի գոյության փաստը մամուլի խոսնակի միջոցով մեկնաբանել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պնդել է, թե բանակը զորանոցային վիճակի է բերվել 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով։ Սակայն փաստն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո բանակը ոչ թե ուղարկվել է սահման՝ հակառակորդի հնարավոր հարձակումը կանխելու, այլ գտնվել է Երևանի փողոցներում։ Փաստահավաք խմբի փորձագետները նշում են, որ Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք ու հարակից բնակավայրեր։
Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ, որոնք տեղափոխվել ու տեղակայվել են Երևանում և նրա մերձակայքում՝ Չարբախի զորահավաքակայանում, բանակի սպորտային բազայում, Բալահովիտի զորամասում և այլն։
Զեկույցում ներկայացված փաստերը վկայում են, որ մինչև Արտակարգ դրության հայտարարումը բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին։ ՓԱՍՏԵՐ՝ ա. Մարտի 1-ին, ժամը 16։09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ բ. Մարտի 1-ին, ժամը 16։11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ գ. Մարտի 1-ին, ժամը 16։27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով։
Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողկան ավտոմեքենան նույնպես այդտեղ է։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ դ. Մարտի 1-ին, ժամը 18։14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով։ Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով և լուսանկարներով։
Բանակի գործողությունները Երևանում համակարգել է Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծված վարչակազմը։ Նշենք, որ ռազմական այս մարմնի գոյությունը եղել է հակասահմանադրական, քանզի որպես նրա ստեղծման հիմքում հղում չի կատարվել ոչ Սահմանադրությանը, ոչ էլ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի որևէ նորմի կամ դրույթի։ Հատկանշական է, որ N 0038 ապօրինի հրամանի գոյության կամ օրինականության հարցը մարտի 1-ի քրեական գործում որևէ կերպ չի քննվել։ Գաղտնի հրամանը ի հայտ բերելու մեղադրանքով 2010 թվականի մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության երկու պաշտոնյաներ ազատազրկվել են։
Մասնավորապես, Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվեց 2 տարվա, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը 1 տարվա ազատազրկման։
Եթե գոյություն չի ունեցել զորքը մարտական վիճակի բերելու մասին ՊՆ գաղտնի հրամանը, ապա ինչու են այս մարդիկ նման մեղադրանքով կանգնել դատարանի առաջ ու դատապարտվել։
«ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն՝ Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին»։ Փաստահավաք խումբը հայտարարում է, որ 2008 թվականին ներքաղաքական գործընթացներում բանակի ապօրինի ներգրավման վերաբերյալ բացահայտումներն ու ահազանգներն անարձագանք են մնացել իրավապահ մարմինների կողմից։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.