Հունվարի 9-ին ողջ Շորժա համայնքը, նաև հարևան գյուղերի բնակիչները եկել էին Չիլինգարյանների միակ որդու՝ ժամկետային զինծառայող Վաչեի հուղարկավորությանը մասնակցելու: Նրա հարազատները չգիտեն, թե ինչպես է մահացել որդին: Վաչեի ծառայության վայրից՝ Մարտակերտի N զորամասի զինվորականներից, որոնք եկել էին ցավակցելու Չիլինգարյաններին, նրանք ընդամենը իմացել են, որ պատճառը հունվարի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում արձակված դիպուկահարի կրակոցն է եղել:
«Ոնց եմ պահել ու ոնց՝ ընդունել բալիս»:
Վաչեի տատը՝ Սվետլանա Չիլինգարյանն այնքան է լացել, որ թարթիչները ջնջվել են: «Խամ երեխիս տարան, գցին պոստերը, բոլորիս խնդրանքը դա ա, որ իրենց երեխենք էլ ներկա լինեն պոստերում, — ասում է նա — իրանցը պահում են, մերոնցը ուղարկում: Տելեվիզորով հարցնում են՝ հնարավոր ա, որ ձեր երեխաներին էլ տանեն: Հա՝ ասում են, պարտադիր: Ո՞ւր ա: Ո՞ր մի դեպուտատի, պաշտոնավորի, լավ մարդու երեխին եք տեսել Ղարաբաղում: Պետք է հավասարություն լինի: Հենց էդ տարբերությունը կա, դրա համար էլ մենք տանջվում ենք: Կամ՝ նայում ենք հաղորդումներում, գնում են, գալիս են, հանդիպում են, խոսում են: Ի՞նչ եք հանդիպում, ի՞ նչ եք «կիսիպիսի» անում, գալիս եք, ժողովրդին բան չեք ասում: 30 տարի ա, էս կռիվը գնում ա, եթե 10 տարի էլ շարունակվի, Հայաստանում երիտասարդ չի մնա, որ ծառայի, բոլորը կկոտորվեն»:
Վաչեի տատը խաղաղության հասնելու միջոց գիտի: «Եթե 30 տարվա ընթացքում զոհված երեխեքի մայրերը մի տող բողոք գրեին վերևներին, Սերժ Սարգսյանին, էսօր կռիվը պրծած կլիներ», — ասում է, նայում է թոռան նկարին ու էլի լացում է. «Ոնց եմ պահել, ոնց եմ ընդունել բալիս»:
Նկարում Վաչեն ժպտում է, բութ մատը վեր պահած
«Նա մեզ դուխ էր տալիս, — հպարտանում է Վաչեի հայրը, — ասում էի, տղա ջան, փոխանակ մենք քեզ դուխ տանք, դու ես մեզ օգնում»: Նա հիշում է, որ Վաչեն զորակոչվելիս նեղվել էր: «Զինկոմիսարիատ գնալուց ասեց՝ մի սովորական թղթի վրա գրեցեք՝ Ղարաբաղ, ես գնամ, էս ինչքա՞ն թուղթ եք լրացնում»:
Որդու մարմինը Նվերը մանրամասն զննել է: Վստահեցնում է. կրակոցը եղել է թիկունքից: Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, զինծառայողը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել: «Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Մովսես Հակոբյանը քննիչներից առաջ է ընկել
Չսպասելով նախաքննության արդյունքներին, դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում առաջ ընկնելով քննիչներից, որոշ մանրամասներ ավելացրեց նախապես տարածված կցկտուր հաղորդագրությանը:
«Միանշանակ փաստ է, որ զինվորը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, հրամանատարը, որը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, եւս վիրավորվել է: Օպերատիվ խումբը, որը մեկնել է դեպքի վայր, եւս կրակի տակ է ընկել, երկու վիրավոր կա: Վիրավորները թեթեւ վնասվածքներ ունեն: Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար»:
Այսպիսով, Մովսես Հակոբյանը առաջ քաշեց սահմանային միջադեպի այն վարկածը, որն էլ կդառնա պաշտոնական: Շորժեցիները դժվարությամբ են հավատում այս վարկածին: Նրանք կիսաձայն հարցնում էին միմյանց՝ ո՞նց եղավ, որ դիպուկահարը մեջքից խփեց, կամ դա ի՞նչ դիպուկահար էր, որ բոլորին վերացնում էր, գուցե, հարձակո՞ւմ է եղել, կամ հերթական դիվերսիա՞: Ոմանք էլ բացատրում էին. հենակետը, որտեղ հերթապահում էր Վաչեն, նոր էր, և այնտեղ հաճախ հարձակումներ են լինում:
Քրիստինեին մեդալը պետք չէ
Նվեր Չիլինգարյանը՝ Վահեի հայրը պատմեց, որ իր որդին մահից մի քանի ամիս առաջ դիպուկահարի կրակոցից ընկած իր ընկերոջը օգնության էր հասել, դուրս էր բերել կրակի գոտուց: «Ինքը հպարտանում էր դրանով՝ որ փրկել է ընկերոջը: Կուզենայի մեր ղեկավար մարմիններին ասեինք, որ միջոցներ ձեռնարկեն, որ նման դեպքեր չլինեին: Կուզեի, որ վերջին զոհը ինքը լիներ, որ մնացած տղաները առողջ իջնեն պոստերից, գնան իրենց ընտանիքներին հասնեն»:
Երեխա կորցրած հայրը անընդհատ կրկնում էր, որ շնորհակալ է բոլորից. «Զորամասի հրամանատարը, կորպուսի տղերքը, մարզպետը՝ Ղարաբաղից ով, որ եկել ա, ես իրանցից շատ գոհ ու շնորհակալ եմ, ով ուզեցել ա փրկել երեխիս, բայց չի կարողացել»:
Դեպի Շորժա տանող մայրուղու վերևում սգո ժապավեն է փակցված: Վրան գրված է. «Վաչե 19»: Չիլինգարյաններն ապրում են խորհրդային ժամանակվա հին պանելային շենքում: Շենքի բակում «կուլակաթափ» արված «Զիլ» բեռնատար է կանգնած, նույնպես «սովետի» վերհուշ, և ինչ որ ժանգոտ մետաղակույտեր: Չքավորության դրոշմը նաև շորժացի կանանց նիհար դեմքերին է: Վաչեի մայրը՝ Քրիստինեն, ընդամենը 39 տարեկան է: Վշտից ուսերը չեն ուղղվում: Նա չի էլ նկատել, թե ինչպես են թաղման օրը Ղարաբաղից եկածները արիության մեդալ բերել որդու համար ու պարգևատրել են նրան հետմահու: Քրիստինեին այդ մեդալը պետք չէ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.