Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Ստորև ներկայացվում է գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը։
«Հարգելի՛ գործընկերներ,
Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն էր: Այն նոր շունչ հաղորդեց և նոր հեռանկարներ բացեց Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար: Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը և ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արևելյան գործընկերության նկատմամբ վերաբերմունքը և վերահաստատում է այն առաջ մղելու քաղաքական հանձնառությունը:
Մեր արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող մարտահրավերները տարբեր դրսևորումներով առնչվում են ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Արևելյան գործընկեր երկրներին, քանի որ մեր համագործակցության արդյունքում փոխկապակցվածությունը ավելի ու ավելի շոշափելի է դառնում: Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը: Կարևոր են տարբերակված մոտեցման և ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի:
Հայաստանում իրապես գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը և այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան:
Դեռևս երկու տարի առաջ մենք Եվրամիության երկրների փորձագետների խումբ հրավիրեցինք մեր երկիր՝ բարեփոխումների երկրորդ փուլին աջակցելու նպատակով: Այսօր արդեն մենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա և լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետևողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Հավատացած եմ, որ կարող ենք այս փորձը տեղայնացնել նաև Հարավային Կովկասում:
Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, և դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը:
Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման: Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման և վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արևելյան գործընկերության միջոցով, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, և թե՛ ԵՄ անդամ-երկրները:
Ցանկության և բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաև հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արևելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որևէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, և մենք պարզապես ակնկալում ենք հետևողականություն իր իսկ սկզբունքների և արժեքների նկատմամբ:
Մի քանի խոսք էներգետիկ ծրագրերի մասին:
Մենք ըմբռնումով ենք մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ:
Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի և ԵՄ միջև առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը:
Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր:
Հարգելի՛ բարեկամներ,
Արևելյան գործընկերությունը ապացուցել է իր կենսունակությունը` նախադրյալներ ստեղծելով մեր հասարակությունների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու, բարեփոխումներին նոր թափ և որակ հաղորդելու միջոցով կառավարման համակարգը բարելավելու, ավելի բարեկեցիկ և ներդաշնակ, առանց բաժանարար գծերի եվրոպական տարածք ձևավորելու գործում: Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ կկարողանանք Արևելյան գործընկերության շրջանակներում կյանքի կոչել բարեփոխումների բազում համարձակ ծրագրեր:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ լեհական նախագահությանն այս գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով մտքերի փոխանակության հնարավորության համար»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.