Թուրքերի այն պնդումը, որ տոլման թուրքական կերակրատեսակ է, չի համապատասխանում իրականությանը։
Տոլմա բառը առաջացել է տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերեւ։ Եւ մենք դրա ապացույցը ունենք։ Մեղրիում մի կերակուր է շրջանառվում, որը կոչվում տոլմա խաշու եւ տոլմայի հետ կապ ունի այնքանով, որ խաղողի մատղաշ տերեւով ապուր է։ Եվ վերջապես Դալմայի այգիներ, որը նշանակում է խաղողի այգիներ։ Սա նշանակում է, որ տոլմա բառը հայկակն բառ է։
1. «Տարոնի» տոլմա
Բաղադրատոմսը մշակել եւ ներկայացրել է «Աֆրիկյանների պանդոկի» ավագ խոհարար Գրիշա Անտինյանը: Խոհարարը Տոլմայի համահայկական առաջին փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն տոլմա պատրաստող» կոչմանը: Այս տոլման պատրաստելու համար անհրաժեշտ են` 300 գր հորթի լեզու, 50 գր հաճար, 5 գր բուլղարական տաքդեղ, 50 գր սալորաչիր, 100 գր լոլիկ, 30 գր տոմատի մածուկ, 5 գր սխտոր, 30 գր կանաչի, 200 գր թզի տերեւ, 1 գր համեմունք, թացանի համար` 50 գր բալ, 20 մլ արեւածաղկի ձեթ, 10 գր սխտոր, 1 գր չորացրած վայրի ուրց, 5 գր համեմունք: Նախապես հորթի լեզուն մաքրել, մտցնել տաք ջրի մեջ, թողնել 10-12 րոպե, ապա հանել ջրից եւ մաքրել կեղեւը: Մաքրելուց հետո սառեցնել, բաժանել բարակ, ձողաձեւ կտորների, ապա ավելացնել հաճար, ձողաձեւ կտրտած տաքդեղ, լոլիկ, տոմատի մածուկ, սխտոր, կանաչի, աղ եւ պղպեղ: Թզի տերեւները շոգեխաշել եւ սառեցնել: Պատրաստի խճողակը սովորական տոլմայի նման փաթաթել թզի տերեւների մեջ: Դարսել կաթսայի մեջ, վրան ինչ-որ ծանր առարկա դնել եւ եփել:
2. «Հին Բայազետի» պահքի տոլմա
Սա Հին Բայազետի ավանդական, պահուց կերակուրներից է: Նորովի վերամշակված տարբերակը ներկայացրել է խոհարար Գրիշա Անտինյանը: 100 գր բրինձ, 100 գր սունկ (շամպինյոն տեսակի), 50 գր գազար, 5 գր բուլղարական տաքդեղ, 30 գր կանաչի, 30 գր գլուխ սոխ, 30 մլ արեւածաղկի ձեթ, 10 գր համեմունք, 300 գր խաղողի տերեւ: Բրինձը նախապես թրջել աղաջրում եւ թողնել 15-20 րոպե: Այդ ընթացքում կտրատել սունկը, գազարը, տաքդեղը, կանաչին: Այնուհետեւ քամել բրինձը եւ խառնել կտրտած բանջարեղենի հետ, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, արեւածաղկի ձեթ, համեմել աղով եւ պղպեղով: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել` վրան ինչ-որ ծանր առարկա դնելով:
3. «Էրեբունի» տոլմա
Այս բաղադրատոմսը պատկանում է Անահիտ Սարգսյանին: 100 գր հավի կրծքամիս, 80 գր սունկ (շամպինյոն տեսակի), 50 գր ճիլ պանիր, 20 գր ընկույզ, 40 գր գլուխ սոխ, 30 գր բլղուր, 3 գր կանաչի, 300 գր խաղողի տերեւ, 2 գր համեմունք: Թացանի համար` 50 գր սունկ, 100 գր կաթնասեր, 10 գր ալյուր, 5 գր կարագ, 1/4 կիտրոն: Հավի կրծքամիսը կտրատել բարակ փողիկների տեսքով, կտրատել նաեւ սունկը, պանիրը եւ ընկույզը: Մանր կտրատել գլուխ սոխը եւ կանաչին, այդ ամենը խառնել իրար, համեմել աղով եւ պղպեղով, փաթաթել խաղողի տերեւի մեջ: Դարսել կաթսայի մեջ եւ եփել` վրան ինչ-որ ծանր առարկա դնելով:
5. Թփով տոլմա
1 կգ հորթի միս, 700 գր խաղողի տերեւ, 300 գր սոխ, 300 գր բրինձ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Միսն ու սոխն աղալ, վրան ավելացնել բրինձը, տոմատը, համեմունքները եւ կանաչին: Փաթաթել խաղողի տերեւների մեջ, համաչափ շարել կաթսայի մեջ եւ եփել 70 րոպե:
6. Խմորով տոլմա
Խմորի համար` 2 հատ ձու, 500 գր ալյուր, 1 բաժակ ջուր: Խճողակի համար` 500 գր հորթի միս, 150 գր սոխ, 150 գր բրինձ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Խմորը բացել, վրան բարակ շերտով քսել խճողակը, կլոր փաթաթել, կտրատել եւ եփել 1 ժամ:
7. Պասուց տոլմա
500 գր սիսեռ, 500 գր ձավար, 300 գր լոբի, 500 մլ ձեթ, 300 գր սոխ, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Սիսեռը, լոբին, ոսպը, աղացած ձավարը լավ եփել, խառնել իրար, առանձին սոխառած անել, ավելացնել տոմատի մածուկ եւ կանաչի, փաթաթել թթու դրած կաղամբով:
8. Սիսեռով տոլմա
300 գր սիսեռ, 500 գր գառի միս, 150 գր կարագ, 200 գր սոխ, աղ, կարմիր ու սեւ պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Սիսեռը եփել, խաշած միսը կտրատել, սոխառած անել, ամբողջը խառնել եւ լցնել մաքրած քաղցր պղպեղի մեջ, ավելացնել տոմատաջուր, եռացնել 10 րոպե եւ մատուցել:
9. Էջմիածնի ամառային տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 հատ գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, 1 գլուխ կաղամբ, 1 կգ լոլիկ, 1 կգ սմբուկ, 500 գր կանաչ պղպեղ, 1 կգ խնձոր, խառը կանաչի, կարագ: Մանրացված սոխը, մաքրած, լվացված բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Լոլիկի, կանաչ պղպեղի, սմբուկի միջուկը հանել եւ մեջը լցնել տոլմայի խճողակը: Կաղամբը խաշել, տերեւները կտրել եւ փաթաթել տոլման: Կաթսայի տակ ափսե դնել, փաթաթած տոլման դարսել կաթսայի մեջ, վրան շուռ տալ ափսեն, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկվի եւ եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել 50 գր կարագ` հալեցրած տոմատի մածուկի մեջ:
10. Կաղամբով տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, 1 գլուխ կաղամբ, լոլիկ, խառը կանաչի, սալոր, կանաչ խնձոր, կարագ: Մանրացրած սոխը, մաքրած, լվացած բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Կաղամբը խաշել, տերեւները կտրել եւ տոլման փաթաթել: Կաթսայի տակ ափսե դնել, տոլման շարել կաթսայի մեջ, ավելացնել սալորները, շերտերով ավելացնել նախօրոք կարագի մեջ տապակած լոլիկը, վրան ափսե շուռ տալ, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկի եւ եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակի վրայից վերցնելուց 10 րոպե առաջ վրան դնել շերտերով կտրտած թթվաշ կանաչ խնձոր: Կրակից վերցնելուց առաջ վրան ավելացնել 50 գր կարագ` տոմատի մածուկի մեջ դաղած:
11. Խաղողի թփով եւ թթի տերեւով տոլմա (4 բաժնի համար)
1 կգ հորթի միս, 2 գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, խաղողի թուփ, թթի տերեւ, լոլիկ, խառը կանաչի: Մանրացրած սոխը, մաքրած, լվացած բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Խաղողի եւ թթի տերեւները խաշել եւ տոլմա փաթաթել: Կաթսայի տակ ափսե դնել, տոլման շարել կաթսայի մեջ, վրան ափսե շուռ տալ, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկի: Եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակից վերցնելուց առաջ կարագը դաղել լոլիկի հետ եւ ավելացնել տոլմայի վրա:
12. Էջմիածնի տոլմա «Մեր տունը» (4 բաժնի համար)
Տոլմայի այս տեսակը պատրաստվում է Ջուլիկ տատիկի բաղադրատոմսով: 1 կգ տավարի յուղոտ միս, 250 գր կլոր բրինձ, 250 գր սոխ, 1 գլուխ կաղամբ, 1 կգ սմբուկ, 500 գր կանաչ պղպեղ, 1,5 կգ լոլիկ, սալորաչիր, տաքդեղ, համեմունքներ, խառը կանաչի, չոր ռեհան եւ ծիտրոն: Աղացած մսի վրա ավելացնել բրինձը, մանր կտրատած կամ աղացած սոխը, մանր կտրտած կանաչին, չորացրած ռեհանը եւ ծիտրոնը, աղը, սեւ պղպեղը, կարմիր պղպեղը, 1 բաժակ գոլ ջուր եւ լավ խառնել: Պղպեղների պոչերը կափարիչի նման կտրել եւ պահել, պղպեղը մաքրել կորիզներից: Լոլիկների պոչերը նույնպես կափարիչի ձեւով կտրել եւ պահել, հանել լոլիկի միջուկը եւ ավելացնել լցոնի վրա: Սմբուկները մաքրել շերտաձեւ, կիսել երկայնքով, միջուկը հանել: Կաղամբը նախօրոք խաշել: Յուրաքանչյուր բանջարեղեն լցոնելուց առաջ մեջը աղ ցանել: Կաթսայի տակը շրջած ափսե դնել: Լցոնել սմբուկը, լոլիկը, կանաչ պղպեղը, իրենց «կափարիչներով» ծածկել եւ շարել կաթսայի կեսով: Խճողակից գդալ-գդալ լցնել կաղամբի տերեւի մեջ, դնել մեկ սալորաչիր եւ տոլման փաթաթել ու շարել կաթսայի մյուս կեսում: Կաթսայի մեջ` վերին շերտում, դնել կիսալուսնաձեւ կտրտած լոլիկները, տաքդեղը, վրան ափսե շրջել, ջուր լցնել մինչեւ ծածկի նախավերջին շերտը եւ եփել: Անջատելուց 10 րոպե առաջ ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ` տոլմայի ջրով բացած:
13. «Մշո» տոլմա
Պատրաստել է խոհարար Սարգիս Աղաջանյանը: 50 գր գառան միս, 50 գր հորթի միս, 50 գր լոլիկ, 30 գր խառը կանաչի, 50 գր քաղցր պղպեղ, աղ, 30 գր կանաչ սոխ, 10 գր սեւ պղպեղ, 2 հատ սմբուկ: Այս ամենը մանր կտրատել, լցոնել քաղցր պղպեղի եւ սմբուկի մեջ, անցկացնել շամփուրին եւ կախել թոնրի մեջ, եփել 20 րոպե:
14. «Վանա» տոլմա
100 գր տավարի միս, 50 գր սալորաչիր, 50 գր կանաչ խնձոր, 50 գր լոլիկ, 50 գր խառը կանաչի, սեւ պղպեղ, աղ, 100 գր բլղուր, լոբու տերեւ: Ամբողջը խառնել, փաթաթել լոբու տերեւով, դնել կաթսայի մեջ եւ եփել:
15. Տոլմա «Գեղարքունիք»
500 գր իշխան ձկան փափկամիս, 100 գր եգիպտացորեն, 50 գր լոլիկ, 50 գր սամիթ, աղ, աղացած սեւ ու կարմիր պղպեղ: Ամբողջը խառնել, փաթաթել խաղողի տերեւով, դարսել կաթսայի մեջ եւ դնել ջեռոցի մեջ:
16. Գառան փորի մսով տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է խոհարար Արթուր Պապյանը: 500 գր գառան փորի միս, 1 կգ գառան հաստ աղիք, 200 գր բլղուր, 100 գր խառը կանաչի, 50 գր լոլիկ, աղ, սեւ պղպեղ: Գառան փորի միսը մանր կտրատել, լոլիկը, կանաչին մանր կտրտել, վրան ավելացնել բլղուր եւ այդ ամենը լցնել աղիքի մեջ, դնել կաթսայի մեջ եւ եփել:
17. «Գարդման» տոլմա
1 կգ հորթի միս, 200 գր բլղուր, լոբու տերեւ, համեմունքներ (աղ, պղպեղ, կանաչի), 200 գր գլուխ սոխ, լոլիկի հյութ կամ 100 գր տոմատի մածուկ, 200 գր յուղ: Հորթի միսը կտրատել ձողիկների տեսքով, որից հետո տապակել սոխառածով, ավելացնել աղ, պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Բլղուրը տաք ջրով լվանալ, ավելացնել հորթի մսին, խառնել եւ պատրաստել խճողակը: Լոբու տերեւները դնել եռման ջրի մեջ, 2-3 րոպեից հանել, մեջը դնել խճողակը եւ փաթաթել:
18. «Կիլիկիա» տոլմա
200 գր սիսեռ, 200 գր ոսպ, գլուխ սոխ (մոտ 100 գր), աղ, պղպեղ, կանաչի, հազարատերեւ (մառոլ), 200 գր ձեթ: Սիսեռը թրջել, կեղեւահանել եւ դնել եփելու: Ոսպը եփել, սառեցնել եւ խառնել սիսեռին: Պատրաստել սոխառած, ավելացնել աղ, կարմիր պղպեղ ու կանաչի: Սիսեռը եւ ոսպը նախ խառնել իրար, ապա աղալ մսաղացով, ավելացնել սոխառածը, պատրաստել խճողակ: Հազարատերեւները 1-2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, կտրել կոշտ մասերը, իսկ փափուկ մասերի մեջ տոլման փաթաթել ծրարաձեւ:
19. Խաղողի տերեւով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակը Էդիկ Սիմոնյանն է: 100 գր տավարի միս, 100 գր խաղողի տերեւ, 50 գր բրինձ, 20 գր սոխ, 20 գր յուղ, աղ, պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի: Միսն աղալ, ավելացնել բրինձ, մանր կտրատած սոխ, խառը կանաչի: Խճողակը լավ հունցել: Խաղողի տերեւները 2-3 րոպե դնել եռման ջրի մեջ, պոչերը կտրել: Փաթաթել ծրարաձեւ:
20. Քարաճիկով տոլմա` հաղարջի թանձրուկով
1 կգ քարաճիկ, 100 գ սոխ, 50 գր մաղադանոս, 50 գր համեմ, 30 գր ռեհան, կաղամբ, 5 գր աղ, 5 գր սեւ պղպեղ, 30 գր տոմատի մածուկ, 30 գր սալորաչիր, 20 գր ծիրանաչիր, 50 գր բրինձ: Քարաճիկը մաքրել, լվանալ եւ աղալ: Կանաչին եւ սոխը լվանալ եւ աղալ մսաղացով: Խճողակը լավ խառնել, ավելացնել աղ, պղպեղ եւ լվացված բրինձ: Կաղամբը եռացնել, առանձնացնել տերեւները: Խճողակը փաթաթել կաղամբի տերեւների մեջ եւ դասավորել կաթսայի մեջ: Տոմատի մածուկը բացել ջրով եւ լցնել տոլմայի վրա այնքան, որ ծածկի ողջ զանգվածը: Վրան շրջած ափսե դնել, սեղմել փոքր-ինչ, ափսեի վրա ծանրություն դնել եւ եփել: Թացանը`հաղարջ, կարմիր գինի, շաքարավազ, ջուր, օսլա, համեմունքներ: Հաղարջը լվանալ, եփել, ավելացնել շաքարավազ եւ գինի: Փոքր-ինչ եփելուց հետո ավելացնել օսլա, եռացնել, վերցնել կրակից:
21. «Թիֆլիս» տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ Յուրի Սարգսյանն է: 800 գր հորթի միս, 200 գր հավի միս, 100 գր սոխ, 60 գր համեմ, 60 գր մաղադանոս, 60 գր ռեհան, 50 գր նեխուր, 20 գր կարմիր պղպեղ, 20 գր սեւ պղպեղ, 50 գր աղ, 225 գր կտրտած ձիթապտուղ, կաղամբ կամ խաղողի տերեւ, 100 գր երկար բրինձ, 1 հատ սերկեւիլ, 100 գր տոմատի մածուկ: Միսը, սոխը եւ կանաչին (բացի նեխուրից) անցկացնել մսաղացի միջով: Մանր կտրտած նեխուրը, լվացած բրինձը, ձիթապտուղը, աղն ու պղպեղը լցնել աղացած մսի վրա, լավ խառնել: Կաղամբը 5-10 րոպե պահել եռացրած աղաջրի մեջ, հանել, կտրել կոշտ մասերը: Խճողակը փաթաթել կաղամբով եւ դարսել կաթսայի մեջ: Շարքերի մեջ դնել կտրտած սերկեւիլ: Տոմատի մածուկը բացել ջրով եւ լցնել տոլմայի վրա: Եփել մարմանդ կրակի վրա:
22. Խեցգետնով տոլմա
500 գր խեցգետնի պոչի միս, 50 գր կանաչի, 150 գր բրինձ, 100 գր պղպեղ, 100 գր լոլիկ, մորու տերեւ: Խեցգետնի պոչերն աղալ, խառնել բրինձը, կտրտած լոլիկը, պղպեղը, կանաչին եւ աղը: Փաթաթել մորու տերեւի մեջ եւ եփել:
23. Ձկան տոլմա
400 գր ձկան աղացած փափկամիս, 50 գր պղպեղ, 20 գր կանաչի, 10 գր քիմիոն, 100 գր բլղուր, 200 գր լոլիկ, 50 գր կարագ, խաղողի տերեւ: Ձուկը փշազատել, աղալ, խառնել բլղուր, կտրտած լոլիկ, կանաչ պղպեղ, կարագ, քիմիոն, աղ, սեւ ու կարմիր պղպեղներ: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել:
24. Հավի մսով տոլմա
500 գր հավի միս, 200 գր բլղուր, 50 գր պղպեղ, 100 գր սոխ, 50 գր կանաչի, 30 գր տոմատի մածուկ, 500 գր կաղամբ, 30 գր սխտոր: Հավի ազդրը ոսկրազատել, միսը մանր կտրատել, ավելացնել բլղուրը, տոմատի մածուկ, կանաչի, աղ եւ պղպեղ: Միսը լցնել հավի կաշվի մեջ, այդ ամենը փաթաթել կաղամբով եւ եփել:
25. Տհալով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակը երիտասարդ խոհարար Դավիթ Սահակյանն է: 500 գր տհալ, 200 գր բլղուր, 30 գր կանաչի, 100 գր սոխ, 400 գր խաղողի տերեւ: Տհալը թել-թել անել, խառնել բլղուր, կանաչի, կտրտած սոխ, պղպեղ: Փաթաթել խաղողի տերեւի մեջ եւ եփել:
26. Տոլմա հորթի փափկամսով
Հորթի փափկամիսը տվյալ դեպքում փոխարինում է խաղողի թփին: Միջուկի բաղադրությունը` հավի կրծքամիս, լոլիկ, կանաչի, կարագ, չոր ռեհան, աղ, սեւ պղպեղ: Հավի կրծքամիսը եւ լոլիկը մանրացնել խորանարդների տեսքով, համեմել: Հորթի փափկամիսը փայտե մուրճով ծեծել, բացել եւ նրանով փաթաթել միջուկը: Շարել կաթսայի մեջ, եփել սնկի թանձրուկով:
27. Տոլմա իշխան ձկով
Տոլմայի այս տեսակի հեղինակը խոհարար Ռուբեն Պողոսյանն է: Իշխան ձկան փշերը եւ կաշին հեռացնել: Փափկամիսը մանր կտրատել, ավելացնել կիտրոն, լոլիկ, չոր ռեհան, կարագ, աղ, սեւ ու կարմիր պղպեղ: Լոլիկի եւ կանաչ պղպեղի միջուկը հանել, տոլմայի միջուկը լավ խառնել, լցոնել բանջարեղենի մեջ եւ եփել 30 րոպե:
28. «Արտամետի» տոլմա
100 գր խաղողի տերեւ, 50 գր սունկ, 50 գր հավի փափկամիս, 30 գր բլղուր, 30 գր սոխ, 10 գր սխտոր, 5 գր կանաչի, 100 գր խնձոր: Սունկը, խնձորը, հավի փափկամիսը մանր կտրատել, ավելացնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ եւ փաթաթել խաղողի տերեւի մեջ: Ապա դասավորել կավե ամանների մեջ, եփել թոնրում:
29. Տոլմա դդմի ծաղկով
100 գր գառան միս, 100 գր դդմի ծաղիկ, 50 գր գլուխ սոխ, 10 գր կանաչի, 5 գր սխտոր, 100 գր խաղող, 5 գր բլղուր: Գառան մանր կտրտած մսին խառնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ եւ փաթաթել դդմի չբեղմնավորված ծաղկի մեջ: Կավե ամանի մեջ լցնել խակ խաղող եւ վրան դարսել դդմի ծաղիկները: Եփել թոնրի մեջ:
30. Թփով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակն անվանի խոհարար Սեդրակ Մամուլյանն է: 100 գր հորթի միս, 100 գր խաղողի տերեւ, 50 գր բլղուր, 20 գր սոխ, 4 գր համեմունք, 5 գր սխտոր: Հորթի մանր կտրտած մսին ավելացնել սոխ, սխտոր, կանաչի, բլղուր, համեմունքներ, փաթաթել խաղողի տերեւի մեջ, դարսել կավե ամանի մեջ, եփել թոնրում:
31. Ձավարով, կարտոֆիլով պասուց տոլմա
200 գր թթու կաղամբ, 25 գր ձավար, 25 գր կարտոֆիլ, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
32. Բլղուրով, լոբով պասուց տոլմա
200 գր թթու կաղամբ, 25 գր բլղուր, 25 գր լոբի, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
33. Պասուց տոլմա (խառը խճողակով)
200 գր թթու կաղամբ, 10 գր բրինձ, 10 գր ոսպ, 10 գր ձավար, 10 գր կարտոֆիլ, 10 գր բլղուր, 10 գր լոբի, 30 գր գլուխ սոխ, 15 գր խառը կանաչի, 50 գր տոմատի մածուկ, 20 գր ձեթ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
34. Պասուց տոլմա խաղողի տերեւներով
100 գր խաղողի տերեւ, 70 գր բրինձ, 50 գր ոսպ, 50 գր սոխ, 20 գր լոլիկ, պղպեղ, դաղձ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
35. Կանեփով տոլմա
Այս բաղադրատոմսի հեղինակը Արծվանիստ գյուղի բնակիչ Զինաիդա տատիկն է: 500 գր ձավար, 500 գր սոխ, 100 գր ձեթ, 1 կապ մաղադանոս, 100 գր կանեփ, 2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ, 1 կգ թթու կաղամբ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
36. Սնկով տոլմա
Տոլմայի այս տեսակի հեղինակն է Նարինե Մուրադյանը: 500 գր սունկ, 200 գր բրինձ, կես կապ մաղադանոս, կես կապ համեմ, 100 գր ձեթ, սեւ պղպեղ, 500 գր խաղողի տերեւ, 500 գր կաղամբ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
37. Էջմիածնի տոլմա
1 կգ տավարի միս, 1 կապ խառը կանաչի, 200 գր բրինձ, 200 գր սոխ, 200 գր կարագ, 200 գր տոմատի մածուկ, համեմունքներ, սմբուկ, լոլիկ, պղպեղ, կաղամբ, խաղողի տերեւ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
38. Խաղողի թփով տոլմա
700 գր հորթի միս, 300 գր խոզի միս, խառը կանաչի, 200 գր բրինձ, 200 գր սոխ, 200 գր կարագ, տոմատի մածուկ, սեւ պղպեղ, խաղողի տերեւ, աղ: Պատրաստվում է ավանդական տոլմայի եղանակով:
39. «Պոչով» տոլմա
Աղացած մսին խառնել աղ, կարմիր ու սեւ պղպեղ, ձու, լավ հունցել: Վերցնել երկար մակարոն, խճողակը քյաբաբի նմանությամբ շարել մակարոնի վրա այնպես, որ երկու ծայրերը բաց մնան: Կաթսայի տակ ափսե դնել, վրան երկու շարքով շարել տոլման, եփել: Վերջում ավելացնել տոմատի մածուկով սոխառած:
40. Նեղոցի պասուց տոլմա
2 բաժակ ծեծած ցորենի ձավարի վրա ձեթով սոխառած ավելացնել (տոմատով կամ առանց տոմատի), ապա` աղ, սեւ ու կարմիր պղպեղ, մեկ գդալ ալյուր, հունցել, փաթաթել կաղամբով կամ խաղողի տերեւով, եփել:
41. «Բիայնա» տոլմա
200 գր գառան միս, 50 գր բլղուր, 50 գր գլուխ սոխ, 20 գր սխտոր, 150 գր լոլիկ, 150 գր կանաչ տաքդեղ, 100 գր չիր, 4 գր համեմունք, 20 գր կանաչի, 300 գր կաղամբ, 20 գր ծիրանաչիր, 20 գր սալորաչիր, 50 մլ սպիտակ գինի: Կտրտած միսը, սոխը, սխտորը, լոլիկը, դմակը, կանաչին, բլղուրը խառնել, համեմել, եփած կաղամբի թփի վրա դնել գառան ծեծած հաստ կողը (չալաղաջ), վրան լցնել միջուկը եւ փաթաթել: Կավե ամանի մեջ շարել լոլիկը, կանաչ պղպեղը, վրան` տոլման: Ավելացնել սալորաչիր, ծիրանաչիր, սպիտակ գինի, փակել ամանը, եփել թոնրի մեջ կամ ջեռոցում:
42. Լոբու տերեւով տոլմա
80 գր բրինձ, 200 գր գլուխ սոխ, 50 գր կանաչի, 1 կգ գառան միս, 300 գր գառան դմակ, 100 գր կարագ, 50 գր տոմատի մածուկ, 20 գր սխտոր, 600 գր լոբու տերեւ: Գառան միսն աղալ գառան դմակի հետ, ավելացնել նախապես լվացված բրինձը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին ու տոմատը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել: Լոբու տերեւը գցել եռման ջրի մեջ ու պահել մինչեւ փափկելը: Խճողակը փաթաթել տերեւով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով ավելացած տերեւը, ավելացնել ջուր, մինչեւ այն կծածկի ամբողջ զանգվածը, եւ վերջում էլ ավելացնել կարագ: 30-40 րոպե եփել թույլ կրակի վրա:
43. Մորու թփով տոլմա
600 գր մորու տերեւ, 1 կգ հորթի միս, 100 գր բրինձ, 100 գր մորի, 50 գր կանաչի, 100 գր կարագ, աղ, պղպեղ` ըստ ճաշակի: Հորթի միսն աղալ, ավելացնել նախապես լվացած բրինձը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին, կարագը եւ մորին, համեմել աղով, պղպեղով եւ լավ խառնել: Մորու տերեւը գցել եռման ջրի մեջ եւ պահել մինչեւ փափկելը: Խճողակը փաթաթել տերեւով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով ավելացած տերեւը, ավելացնել ջուր, մինչեւ այն ծածկի ամբողջ զանգվածը, եւ վերջում ավելացնել կարագ: 30-40 րոպե եփել թույլ կրակի վրա:
44. Տոլմա դդմի ծաղկով
500 գր դդմի ծաղիկ, 100 գր դդում, 1 կգ հավի կրծքամիս, 100 գր կարագ, 150 գր բլղուր, 80 գր կանաչի, 80 գր լոլիկ, աղ, պղպեղ` ըստ ճաշակի: Միսը աղալ, ավելացնել նախապես թրջած բլղուրը, մանր կտրտած սոխը, սխտորը, կանաչին, լոլիկը, դդումը եւ կարագը, համեմել աղով, պղպեղով եւ լավ խառնել: Զգույշ լվանալ դդմի ծաղիկը, խճողակը փաթաթել ծաղկի թերթերով, դասավորել կաթսայի մեջ` նախապես տակը դնելով օղակաձեւ կտրտած սերկեւիլ կամ խնձոր, ավելացնել կարագ եւ ջուր, մինչեւ այն ծածկի ամբողջ զանգվածը: 20 րոպե եփել մեղմ կրակի վրա:
45. Պասի տոլմա սունուբարով
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է երիտասարդ խոհարար Արտավազդ Սարուխանյանը: 1.5 կգ գլուխ սոխ, 50 գր ձեթ, 200 գր բրինձ, 30 գր մաղադանոս, 30 գր սամիթ, 300 գր լոլիկ, 20 գր շաքարավազ, 200 գր չամիչ, 200 գր սունուբար, 200 գր կիտրոն, 1.2 կգ խաղողի տերեւ, 5 գր կարմիր պղպեղ, 5 գր բահար: Պատրաստել սոխառած, ավելացնել վերը նշված մթերքը, ապա 1 բաժակ ջուր եւ դնել թույլ կրակի վրա, մինչեւ ջուրը ցամաքի, ավելացնել կիտրոնի հյութ, մանր կտրատած կանաչի, համեմունք եւ փաթաթել նախօրոք եռացրած խաղողի տերեւի մեջ: Եփել եւս 20 րոպե: Մատուցել ե՛ւ տաք, ե՛ւ սառը վիճակում:
46. «Լոռի» տոլմա
Տոլմայի այս բաղադրատոմսի հեղինակն է Ռուզաննա Նահապետյանը: 1 կգ խոզի միս, 300 գր սոխ, ռեհան, քոնդար, մաղադանոս, 100 գր բրինձ, քերիչով անցկացված սեւ սալորաչիր, տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, սերկեւիլ, սմբուկ, լոլիկ: Խոզի միսն աղալ, վրան ավելացնել աղացած կամ մանր կտրտած սոխ, կանաչեղեն, հունցել, ավելացնել բրինձը, սալորաչիրը: Այս ամենը լցոնել սերկեւիլի, լոլիկի, պղպեղի, սմբուկի մեջ, շարել կաթսայում: Նախապես հարկավոր է կաթսայի տակ դնել մսի ոսկորները, ծածկել կաղամբի տերեւներով: Եփելու ժամանակ համեմել աղով, սեւ պղպեղով:
47. Խորոված կարտոֆիլով տոլմա
1 կգ գառան միս, 250 գր սոխ, համեմ, սամիթ, 100 գր բրինձ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, պղպեղ, խոշոր կարտոֆիլ, սերկեւիլ: Թացանի համար` 20 գր բուսական յուղ, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1 ճաշի գդալ բոված ալյուր, 1 ճաշի գդալ քացախ, աղ, պղպեղ: Գառան միսն աղալ, ավելացնել աղացած կամ մանր կտրտած սոխը եւ կանաչին, հունցել գոլ ջրով, ավելացնել բրինձը, տոմատի մածուկը եւ համեմել աղով ու պղպեղով: Կարտոֆիլը խորովել կեղեւով, հանել միջուկը տաք վիճակում, լցոնել կարտոֆիլը խճողակով եւ շարել կաթսայում: Լցոնված կարտոֆիլի հետ կաթսայում տեղադրել կտրտած սերկեւիլ, 20 րոպե եփել մեղմ կրակի վրա: Մատուցելուց առաջ թացանը լցնել տոլմայի վրա:
48. Չամիչով, նռով, ընկույզով տոլմա
500 գր բլղուր, 500 գր սոխ, 200 գր ձեթ, 100 գր մաղադանոս, 2 գր չոր ծիտրոն, 500 գր չամիչ, 100 գր ընկույզ, 200 գր նուռ, սպիտակ պղպեղ, աղ, 200 գր տոմատի մածուկ: Բլղուրը լվանալ, քամել, ավելացնել մանր կտրատած սոխ, մանրացված ընկույզ, նուռ, չամիչ եւ ձեթ: Այս ամենը լավ խառնել: Այնուհետեւ ավելացնել մանրացված մաղադանոսը, չոր ծիտրոնը եւ նորից խառնել: Ստացված զանգվածին ավելացնել տոմատի մածուկը, կարմիր պղպեղը, սպիտակ պղպեղն ու աղը, լավ խառնել: Ստացված զանգվածը փաթաթել խաղողի տերեւների մեջ: Տոլման դարսել կաթսայի մեջ, վրան ափսե շրջել, ավելացնել այնքան ջուր, որ ծածկի զանգվածը, ու 15 րոպե եփել ուժեղ կրակի վրա, այնուհետեւ կրակը մեղմացնել եւ եփել մինչեւ պատրաստ լինելը:
49. Հորթի մսով տոլմա
500 գր հորթի միս, 300 գր գլուխ սոխ, 20 գր ձեթ, մաղադանոս, կանաչ սոխ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 150 գր բլղուր, 200 գր լոլիկ, 100 գր կարմիր պղպեղ, սպիտակ պղպեղ, կարմիր չոր պղպեղ, աղ, եզան լեզու: Հորթի միսը սոխի եւ կարմիր պղպեղի հետ աղալ, ավելացնել բլղուր, տոմատի մածուկ, լավ խառնել: Այնուհետեւ ավելացնել մանրացված մաղադանոսը, կանաչ սոխը, կեղեւահանված եւ մանր կտրտած լոլիկը, համեմել սպիտակ եւ կարմիր չոր պղպեղով: Փաթաթել եզան լեզվի տերեւներով եւ եփել:
50. Գառան մսով տոլմա
500 գր գառան միս եւ դմակ, 500 գր սոխ, 200 գր հոնի չիր, 100 գր բլղուր, 1 կգ լոլիկ, մաղադանոս, ծիտրոն, կարմիր ու սպիտակ պղպեղ, աղ, սեւ թթի տերեւներ: Գառան միսը դմակի, սոխի հետ աղալ, ավելացնել բլղուրը, կեղեւահանված եւ մանր կտրտած լոլիկը, լավ խառնել: Ապա ավելացնել հոնի չիրը, մանրացված մաղադանոսը, համեմել չոր ծիտրոնով, կարմիր եւ սպիտակ պղպեղով, աղով եւ դարձյալ լավ խառնել: Ստացված զանգվածը փաթաթել սեւ թթի տերեւների մեջ ու եփել:
Աղբյուրը՝ www.erit.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.