ՀԱՊԿ-ում ու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի դաշնակից Բելառուսը, որն այս տարվա սկզբին կլորիկ գումարի դիմաց Բաքվին էր արտահանձնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին, խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 9-ին Մինսկում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ վերջինիս հետ քննարկելով Բելառուսի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Բելառուսի առաջնորդը հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքին զենք մատակարարելու համար:
«Մեր հարաբերությունները չեն խախտում միջազգային որևէ պայմանագիր կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև: Մենք ինքնիշխան պետություն ենք և իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն և մեր պետությունների պահանջներին»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Դիվերսիֆիկացման խնդիր
Իսկ ի՞նչ զինատեսակներ, ռազմական ի՞նչ տեխնիկա է Բելառուսը վաճառում Ադրբեջանին: Ընդհանրապես ի՞նչ հետաքրքրություն է Բելառուսը ներկայացնում Բաքվի համար ռազմական առումով, կամ ի՞նչ զինատեսակներ է վաճառում Բելառուսը, որն ադրբեջանցիները չեն կարող ձեռք բերել զենքի իրենց հիմնական մատակարարի՝ Ռուսաստանի շուկայում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի մասին՝ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը տեղեկացրեց, որ ըստ մեզ հասանելի աղբյուրների, մինչ օրս Ադրբեջանը Բելառուսից գնել է հիմնականում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ և օգտագործված տանկեր:
«Ըստ էության, այս ամենը կարելի էր գնել նաև Ռուսաստանից, պարզապես հարցն այստեղ այն է, որ Ադրբեջանն ըստ երևույթին ուզում է դիվերսիֆիկացնել իր զենքի մատակարարներին, որպեսզի որևէ մեկից ուժեղ կախվածության մեջ չլինի»,- մեկնաբանեց Խրամչիխինը:
Փորձագետը չի բացառում նաև այն, որ Բելառուսը գուցե ավելի էժան գներով է զենք վաճառում, այդ պատճառով է Ադրբեջանը որոշ զինատեսակներ ձեռք բերում բելառուսական կողմից:
Իսկ Բելառուսի կողմից Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին զինելը չի՞ հակասում արդյոք ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ պետությունների դաշնակցային հարաբերությունների ոգուն: Պատասխանելով հարցին՝ Խրամչիխինն ասաց հետևյալը. «Գուցե և հակասում է: Դա շատ բարդ հարց է: Պարզապես Բելառուսը զենք է վաճառում նրան, ով ավելի շատ է վճարում: Ես որևէ քաղաքական աստառ չեմ տեսնում դրա մեջ: Այդ համագործակցությունը զուտ կոմերցիոն բնույթ ունի: Եթե Հայաստանը ավելի շատ փող տար, Բելառուսը զենք կվաճառեր նաև նրան: Ավելի ճիշտ՝ Բելառուսը զենք վաճառել է նաև Հայաստանին»:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Բելառուսի ռազմարդյունաբերական ներուժին, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ որպես վերջնական արտադրանք Բելառուսն արտադրում է ոչ թե զենք, այլ զանազան համակարգեր, առաջին հերթին՝ էլեկտրոնիկա, և ունեցած հնարավորությունների շնորհիվ բելառուսցիները պարզապես արդիականացնում են խորհրդային տեխնիկան. «Նրանք չեն արտադրում նոր տեխնիկա, այլ արդիականացնում են այն, ինչ արդեն կա, և հենց այդ արդիականացված զինատեսակներն էլ վաճառում են»:
Մատակարարումները՝ թվերով
Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի, 2004-2012 թթ. ընթացքում Բելառուսը Ադրբեջանին մատակարարել է 167 մլն ԱՄՆ դոլարի արժողության սպառազինություն և ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ տանկեր (153 միավոր), հրետանային համակարգեր՝ 122 մմ Դ-30 հաուբից հրանոթներ (120 միավոր), «Պիոն» ինքնագնաց հաուբիցներ (12 միավոր), ԲՏՌ-70 (60 միավոր), ինչպես նաև 11 միավոր Սու-25 ինքնաթիռներ: Ադրբեջանցիները Բելառուսից ձեռք են բերել նաև «ԲՈՒԿ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ:
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2016 թ. սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների մասին զեկույցի համաձայն՝ Բելառուսը 2012-2016 թթ. ընթացքում 625 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք է արտահանել տարբեր երկրներ՝ զենք արտահանող առաջին 25 երկրների ցուցակում զբաղեցնելով 18-րդ տեղը: Այս ժամանակահատվածում Բելառուսի կողմից արտահանված սպառազինության 11 տոկոսը (68 մլն 750 հազար դոլարի չափով) վաճառվել Ադրբեջանին, իսկ բելառուսական զենքի հիմնական գնորդը, ի դեպ, Չինաստանն է: Չինաստանը միաժամանակ Բելառուսի զենքի հիմնական մատակարարներից է:
Հայտնի սկանդալի հետքերով
Զենքի վաճառքի հարցում Բելառուսը զերծ չի մնացել նաև միջազգային սկանդալներից: Լրատվամիջոցները վերջերս կրկին գրեցին այն մասին, որ Բելառուսը 2015 թ. սկսած զենք է մատակարարում Սիրիայի ջիհադիստներին՝ ծայրահեղական ուժերին: Ի միջի այլոց, մեծ է հավանականությունը, որ այս հարցում ևս Մինսկն ու Բաքուն սերտորեն համագործակցում են: EADaily պարբերականը գրում է, որ Բելառուսը զենք է մատակարարում Սիրիայի ահաբեկչական խմբերին ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված՝ այլ պետությունների միջոցով: Մասնավորապես, նշվում է Բուլղարիայի և արևելաեվրոպական մի քանի այլ երկրների մասին: Եվ այս իմաստով ամենևին չի բացառվում, որ բելառուսական զենքը Սիրիայի հակամարտության գոտիներ տեղափոխելու հարցում «բելառուս եղբայրներին» օգնել է Ադրբեջանը, որը, ինչպես բուլղարական «Տրուդ» թերթն էր բացահայտել, նույն Բուլղարիայի օգնությամբ, դիվանագիտական չվերթների քողի տակ զենք է տեղափոխել հակամարտության տարբեր գոտիներ՝ ներառյալ Սիրիան:
Ադրբեջանը փորձում է հակակշիռ ստեղծել հայկական «Իսկանդերին»
Թվում է, թե Բելառուսն առանձնահատուկ ինչ-որ զենք կամ ռազմական տեխնիկա չի տրամադրում ադրբեջանական կողմին: Նշված բոլոր զենքերը մեզ հայտնի են, և Ադրբեջանը դրանք բոլորը կարող էր գնել ու գնում է նաև Ռուսաստանից: Բայց բելառուսա-ադրբեջանական համագործակցության շրջանակներում կարող են լինել որոշ զարգացումներ, որոնք առավել մտահոգիչ են Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեսանկյունից: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Ալեսինը «Բելառուսկայա դելովայա գազետային» ասել է, թե Բելառուսը շատ բան է արել Ադրբեջանի ՀՕՊ-ն ամրապնդելու համար՝ նախաձեռնելով Ադրբեջանի ՀՕՊ բոլոր համակարգերի, մասնավորապես Ս-200, Ս-125 և «ԲՈՒԿ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների արդիականացումը: Ալեսինը նաև նշել է, թե հնարավոր է, որ Լուկաշենկոյի և Հասանովի հանդիպման ընթացքում բելառուսական կողմն առաջարկած լինի Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
«Ռուսաստանը մատակարարել է Հայաստանին «Իսկանդեր Է» համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախը 280 կմ հեռավորության վրա, և չեմ բացառում, որ հավասարակշռության պահպանման համար Բելառուսը կարող է 200 կմ հեռահարության «Պոլոնեզ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին»,- ասել է փորձագետը:
ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկին այլ կարծիք ունի Ադրբեջանին «Պոլոնեզի» մատակարարման հավանականության մասին՝ ասելով, որ դժվար թե Բելառուսը նման բան անի, քանի որ Լուկաշենկոն Հասանովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է այն հանգամանքը, որ իրենք արտահանում են «ոչ հարձակողական» զինատեսակներ:
Ալեքսանդր Խրամչիխինն իր հերթին ասաց, որ ինքն ամենևին չի բացառում «Պոլոնեզի» վաճառքը Ադրբեջանին:
«Ես ոչինչ չեմ բացառում, որովհետև ինչպես արդեն ասացի վերևում՝ Բելառուսին փող է պետք, և եթե Ադրբեջանը ցանկանա գնել, ապա Բելառուսը կվաճառի: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով այդ համակարգերը կարող ենք համարել պատասխան «Իսկանդերին», ապա որոշ իմաստով՝ այո: «Պոլոնեզն» իրականում չինական համակարգ է: Դրանք աշխարհում ամենամեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են: Իհարկե, «Պոլոնեզն» այնքան հեռու չի խոցում, որքան «Իսկանդերի» հրթիռները, բայց կարող է համեմատվել «Իսկանդերի» հետ»,- նշեց Խրամչիխինը:
«Պոլոնեզ» համակարգերն արտադրվել են Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ուժերով: «Պոլոնեզն» առաջին անգամ փորձարկվել է 2016 թ. հունիսին, որից հետո այս համակարգերը մատակարարվել են Բելառուսի զինված ուժերին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.