nyut.am-ը գրում է.
Ի՞նչ է կատարվել այն բանից հետո, երբ անցյալ տարի հատուկ հրավերով Հայաստան այցելած հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող, Պերուն, Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը և այլ երկրներ իր ոտքով շրջած, իր աչքով տեսած ու ձեռքով շոշափած, տվյալ ոլորտում ամենահեղինակավոր մասնագետ Գրեմ Հենքոքը տեսել է նաև հաստ հողաշերտի տակ թաքցված Դվինի բուրգը (Դվինում հայտնաբերված բուրգը` ծածկված հաստ հողաշերտով, դեռ բացվելու է և բացելու իր գաղտնիքները (ֆոտոշարք)):
Հետագա իրադարձությունների մասին մեզ հետ հարցազրույցում պատմում է հին և կորուսյալ քաղաքակրթությունների գաղտնիքների հայաստանյան հետազոտող, աշխարհահռչակ «National Geographic» («Նեյշնլ Ջեոգրաֆիկ»), «Նռան հատիկ» (ԱՄՆ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակվող «Քրոնոս» միջազգային հանդեսում և այլ պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Վազգեն Գևորգյանը` Գուսան Համազասպի որդին:
— Ի՞նչ կատարվեց պարոն Հենքոքի անցյալ տարվա այդ այցելությունից և հայտարարությունից հետո:
— Նկատի ունենալով, որ Հայաստանը բավականին հետաքրքրություններ ունեցող երկիր է և՛ զբոսաշրջային, և՛ գիտարշավների առումով, ունի նաև հին ու հնագույն հզորություններ, արժեքներ, որոնք միայն Հայաստանին են հատուկ, Գրեմ Հենքոքն առաջարկեց դրանցով հետաքրքրվողների համար զարգացնել զբոսաշրջության այդ ճյուղը, և այդ առումով համապատասխան մարդկանց ուղարկել Հայաստան: Պայմանավորվեցինք, և եվրոպական տուրիզմի պատասխանատուներից երկու հոգի` Գրեգորի Պոպլավսկին և Լեշեկ Վեսոլովսկին, ընդամենը 2 ամսից` անցյալ տարվա սեպտեմբերին եկան Հայաստան, ինձ մոտ: Նրանց տարա նույն տեղերը, որտեղ Գրեմ Հենքոքին էի ուղեկցել, նաև` Դվինի բուրգ: Տեսան, նկարահանեցին, իրենց այդ այցի հիման վրա հետագայում հրատարակեցին հայաստանյան հնավայրերի, տաճարների 2014 թվականի մի կատալոգ, որը հանեցին միջազգային շուկա:
Բացի Դվինի բուրգից, նրանք եղան նաև Տաթևում, Մեծամորում, Զվարթնոցում, Ագարակի հնավայրում և այլուր: Բացի այդ, մեր երկիրը դիտարկեցին ու գնահատեցին զբոսաշրջային առումով:
— Եվ ի՞նչ հետևություններ կատարեցին:
— Վերջում երբ զրուցում էինք, ասացին, որ այդ առումով Հայաստանը գնահատում են 100 տոկոս, ես նույնիսկ զարմացա, հարցրեցի` կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ 100 տոկոս: Ասացին` հնագույն քաղաքակրթությունների հետքերը տեսնելու հետաքրքրությունը բավարարելու համար մարդը պետք է գնա Պերու, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, բայց այնտեղ ապահովությունները, թերևս մի փոքր բացառությամբ Չինաստանի, շատ վատ են, օրինակ, շատ կեղտոտ երկիր են, հետո այնտեղ չես կարող մտնել գյուղացու տուն, մարդուն թողեցիր դրսում, հսկողությունից, պաշտպանությունից դուրս, կարող է գողանան տանեն, գրպանից փող գողանան, շատ վտանգավոր է, զբոսաշրջիկը գիշերով առանձին տեղ չի կարող գնալ, նույնիսկ հյուրանոցի բակից դուրս չի կարող գալ, իսկ ձեր մոտ ամեն ինչն ապահովված է, մենք մեր աչքով տեսանք, մեր մարմնի վրա զգացինք, դուք շատ ջերմ ժողովուրդ եք, գյուղացու տանն էլ եղանք, պատահական գյուղացիներ մեզ հյուրասիրեցին: Դա իրենք շատ էին գնահատում:
Հիշում եմ` մեկի բակի կողքով անցնում էինք, ասաց` տղերք ջան, եկեք դեղձ ուտենք: Հյուրերիցս մեկը` Գրեգորի Պոպլավսկին, որը Լեհաստանում գտնվող զբոսաշրջային միջազգային երկու հզոր ֆիրմաների տնօրեն է, ինձ հարցրեց` դուք իրենց ճանաչո՞ւմ եք: Ասացի` ոչ: Զարմացած վրաս նայեց, ասաց` բա ինքն ինչո՞ւ մեզ հրավիրեց… Հա, ասում եմ, մեր երկիրն այդպիսին է, ցավդ տանեմ, ձեզ համար դա զարմանալի է, մեր համար դա բնական բան է: Ու պատկերացնո՞ւմ եք` մեր այս խոսակցությունը նա սկսեց թղթի վրա արագ-արագ գրել: Գնացինք, գյուղացու տուն մտանք, այս մարդիկ հենց մտանք ներս, մեզ չհարցրեցին` սովա՞ծ եք, հաց ուզո՞ւմ եք ուտել, թե ոչ, բերեցին միանգամից սեղանը դրեցին, հացը կերանք, մեկ էլ այս Գրեգորին եկավ, կողքս նստեց, հարցրեց` սրանք քո բարեկամնե՞րն են… Ասացի` ոչ: Բա թե` իրենց որտեղի՞ց ես ճանաչում, ասացի` եկել եմ Տաթև, իրենց ընտանիքի հետ ծանոթացել եմ, հիմա որ գնում-գալիս եմ, մեր հարաբերություններն այսպիսին են դարձել: Ասաց` դու առանց իրենց զանգելու, զգուշացնելու, եկար մտար իր տունը, ինքը քեզ չհարցրեց` հաց ուզո՞ւմ ես ուտել, ու բերեց այսպես դրե՞ց, սեղան գցեց… Ասացի` այո: Նորից հարցրեց` ու քեզ բարեկամ չէ՞ ինքը: Ասացի` ոչ: Այ մարդ, ասաց, այս ինչ շշմելու բան է, ու գրեց այդ ամենը:
— Ինչո՞ւ էին հատկապես այդ մարդիկ եկել Հայաստան:
— Հնագույն քաղաքակրթությունների հետազոտողներ կան, համաշխարհային հռչակ ունեցող մարդիկ, ինչպես, օրինակ, Ռոբերտ Բյուվալը, Գրեմ Հենքոքը, Եգիպտոսի գլխավոր հնագետ Զահի Հավասը և ուրիշներ: Գրեգորի Պոպլավսկին հնագույն քաղաքակրթություններով հետաքրքրված զբոսաշրջիկների հետ պայմանագրեր է կնքում, և այդպիսի հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկներին, որոնք ուզում են իրենց այցելության ընթացքում ընկերակցել Գրեմ Հենքոքին, Ռոբերտ Բյուվալին, Ռոբերտ Շոխին, մյուսներին (ի դեպ, դրանք բավական թանկ տուրեր են, հասարակ զբոսաշրջային ուղևորություններ չեն), տալիս է այդ հնարավորությունը:
Այստեղ գալով, Գրեգորի Պոպլավսկին իր համար գտավ նաև զբոսաշրջության նոր տեսակ ` համով հաց ուտելու տուր, որովհետև այստեղ մրգերը, բանջարեղեններն ու մյուս մթերքներն էկոլոգիապես մաքուր ու համեղ են, ասաց, որ զբոսաշրջության այդ տեսակով էլ է զբաղվելու, ոչ միայն մրգերն են քաղցր, այլ նաև մարդիկ և երկիրը, համ ես առնում ամեն ինչից, օղին էլ խմում ես, էլի լավն է (դրան էլ ուշադրություն դարձրեց), ամեն ինչը դրական է:
— Ի՞նչ արեցին նրանք Դվինի բուրգը տեսնելուց հետո:
— Տեսնելով Դվինի բուրգը, Գրեգորի Պոպլավսկին և Լեշեկ Վեսոլովսկին այն լուսանկարեցին, տեսանկարահանեցին և հայտնեցին, որ այն ևս ներառելու են իրենց այս տարվա զբոսաշրջային ուղևորությունների ցանկում և 2015 թվականին կազմակերպելու են առաջին տուրն այդտեղ: Դրանից շատ բան էր կախված լինելու, եթե այդ տուրն իրեն արդարացներ, դրանից հետո արդեն պետք իրենց հաշվից մեծ գումար ծախսեին, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» միջազգային հանդեսում Հայաստանի գովազդն անեին, իսկ եթե այնտեղ այդ գովազդը հրապարակեն, դրանից հետո Հայաստանը լինելու է հնագույն քաղաքակրթությունների հայրենիք համարվող հինգ առաջատար երկրների շարքում, մեր երկիր են գալու հնագույն քաղաքակրթություններով հետաքրքրված բազմաթիվ զբոսաշրջիկներ, մասնագետներ ու գիտնականներ:
Գրեգորի Պոպլավսկին իր խոսքի տերն եղան, Հայաստանից գնալուց հետո, Տաթևից բացի, նաև Դվինի բուրգը ներառեց այդ ցանկում, և այս տարվա օգոստոսին կազմակերպեց Ռուսաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կանադայից, Ամերիկայից, Ամերիկայից, Լյուքսեմբուրգից, Հոլանդիայից հնագույն քաղաքակրթություններով հետաքրքրված 20 հոգիանոց միջազգային խմբիայցելությունը մեր երկիր: Այդ 20 հոգուց բացի, եկել էին նաև Գրեմ Հենքոքը, ինչպես նաև Գրեգորի Պոպլավսկին` իր աշխատակիցներից երեքի հետ միասին:
Նրանք եկան, տեսան նաև Դվինի բուրգը, շատ տպավորվեցին, անընդհատ հարցեր էին տալիս, հարցնում նաև, թե ձեր պետությունն ինչո՞ւ չի բացում այն, ինչն է պատճառը… Դե, վատ դրության մեջ ընկա` իշխանավորները վատն են թե լավն են, մերն են, օտարների մոտ ի՞նչ ասեի… Չես կարող ինքդ քո դեմ խոսել, վատաբանել քո իշխանություններին: Շատ վատ վիճակի մեջ էի ընկել, չգիտեմ ինչեր ասացի, տակից մի կերպ դուրս եկա: Հետագայում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մի առիթով ասաց` այդ բուրգը ցույց տվեց, որ մեր ազգի իմունիտետը չկա, սատկած է, եթե դա լիներ, ասենք, Վրաստանում, Ադրբեջանում կամ Թուրքիայում, մեկ շաբաթում նրանք ասֆալտ կքաշեին, լույս կքաշեին, մի հատ թանգարան կկառուցեին, CNN-ով ամբողջ աշխարհին հաղորդում կներկայացնեին, որ մենք… Ես էլ ավելացրեցի` դեռ Թութանհամոնին էլ կդնեին մեջը, կասեին Թութանհամոնի հորաքրոջ տղային ենք գտել մեջը, ու մեզանից է առաջացել քաղաքակրթությունը:
Իսկապես շատ ամոթ է մեր ազգին, եկեք չմեղադրենք միայն մշակույթի նախարարությանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ գնացել է այդ բուրգի պատմությունը, մի քանի հաղորդում է եղել, ես իմացա Լուիզայից, որ շուրջ 250 000 դիտում է եղել, դրանց թվում նաև` Սփյուռքի հայերի կողմից: Ո՞ւր եք, տղերք, դուք` տեղացի թե սփյուռքահայ, չե՞ք հասկանում արժեքն ինչ բան է, բա չպե՞տք է մտածեք ձեր ազգի մասին, ես չեմ հասկանում` մեր ազգն իսկապես այսքան խո՞րն է քնած… Ասում են` Հայաստանի հողին մեռնեմ և այլն, բայց… Այստեղի օլիգարխներն էլ ուրիշ բանի մասին են մտածում:
— Բուրգի հետ կապված ի՞նչ նոր մանրամասներ Ձեզ հայտնի դարձան այս տարվա այցելությամբ:
— Այնտեղ` Գետազատ գյուղում, մենք հանդիպեցինք տեղի բնակիչներից մեկին` Անդրանիկին, որը մոտ երկուսուկես տարի առաջ ինքն է քանդել բուրգի վերևի հողաշերտը, բացել գագաթը: Նա տանը մի փոքրիկ թանգարան է սարքել, որտեղ պահում է նաև այդ բուրգի քարակտորներից մեկը` մի հարթաքանդակ բուրգի գլխամասից: Նրա տեղեկացմամբ, բուրգի գլուխը ոչ թե տափակ, հավասար է եղել, ինչպես հիմա է` մայաների բուրգերի նման գլուխը կտրած, այլ վրան եղել է եռանկյունաձև գագաթ, որը, գյուղացիների պատմածով, քանդելիս ընկել է վայր: Հետագայում մասնագետներն են պարզելու իրականությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում