Արցախի հյուսիսային դարպասը` Թալիշը, երկրի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորներից է, ուստի Թալիշի վերաբնակեցումն ու վերականգնումը ռազմավարական նշանակության խնդիր է:
«Թալիշ-սահմանամերձ ավաններ» հայրենասիրական կազմակերպությունը կոչով դիմում է համայն հայությանը` համախմբվելու և անելու հնարավոր ամեն բան հանուն երկրի անվտանգության ապահովման և նրա սահմանների ամրապնդման:
Կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը, որն ազգությամբ հույն է, նույնպես թալիշեցի է: Նա 1993-1996 թթ. եղել է ՀՀ միգրացիոն գրասենյակի պետի տեղակալը և պետության ու հասարակության աջակցությամբ նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է շուրջ 42 հազար տեղահանված արցախցիների վերադարձը Արցախ:
«Անկախն» այս տարվա ամռանն անդրադարձել էր Պոլատովի` Թալիշի վերաբնակեցման նախաձեռնությանը, ըստ որի՝ Արցախյան պատերազմի մի խումբ վետերաններ ցանկություն էին հայտնել վերաբնակվել ապրիլին հայաթափված այս գյուղում: Մեզ հետ զրույցում Պոլատովը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ընթացքի մեջ է, և այժմ իրենք նաև կոչ են պատրաստել, որի տակ ստորագրել են Արցախի և Հայաստանի մի խումբ հեղինակավոր անձինք, այդ թվում՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և այլք: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի կողքին կանգնած են Արցախը, Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքը»,-ասում է Պոլատովը` հավելելով, որ իրենց ծրագրի վերաբերյալ այս պահի դրությամբ հետաքրքրություն կա ոչ միայն հայկական երկու պետությունների իշխանությունների, այլև սփյուռքի հայ համայնքների կողմից, մասնավորապես՝ Լոս Անջելեսի հայությունից, Ֆրանսիայից, Շվեդիայից և այլն: Տոներից հետո արդեն իսկ առաջին խումբը` մոտ 40-50 վետերան, պատրաստվում է մեկնել Թալիշ՝ ապրելու և պաշտպանելու ռազմավարական նշանակության այս գյուղը: «Մենք ընտրել ենք մարդկանց, որոնք ունակ են դա անելու»,- ասում է Պոլատովը: Նրանց մեջ են ոչ միայն պատերազմի նախկին մասնակիցներ, այդ թվում և պրոֆեսիոնալ զինվոր-վետերաններ, այլև երիտասարդ կամավորներ, ինչն ամենաուրախալի փաստն է: «Այս պահին երկու երիտասարդական խմբեր կան, որոնք ուզում են գնալ Թալիշ: Մի խմբում մոտ 40 հոգի է, մյուսում` մոտ 20: Նրանց մեջ և՛տղաներ կան, և՛ աղջիկներ»: Եթե առաջին խմբերը հաջողությամբ հաստատվեն, Պոլատովը համոզված է, որ դա վարակիչ կլինի և ձնագնդի էֆեկտով կտարածվի ամբողջ Հայաստանում ու սփյուռքում: «Գյուղը կանգուն է, ընդամենը 15-18 տուն է քանդված: Նախկինում գյուղում ոռոգման, խմելու ջրի խնդիր կար. հիմա այդ խնդիրը լուծվել է: Ես վստահ եմ, որ Արցախի իշխանություններն իրենց առաջ գյուղը վերաբնակեցնելու և գյուղի ժողովրդին հետ բերելու խնդիր են դրել»,- ասում է նա:
Էդուարդ Պոլատովն իր կոչում գրել է, որ այսօր ադրբեջանական վայրագ ոտնձգություններից հայրենիքի պաշտպանությունը դառնում է օրախնդիր, և դա վերաբերում է հատկապես երկրի սահմանամերձ գոտիներին: «Փորձագիտական գնահատականների համաձայն` պոտենցիալ վտանգավոր շրջանների բնակչության հոգեկան վիճակի կայունությունը հիմնականում որոշվում է բնակչության խտության մակարդակով և այդ մակարդակի` կրիտիկականից ցածր նիշը սպառնում է բնակչության զանգվածային արտահոսքով: Ելնելով սրանից` անհրաժեշտ է արմատապես վերանայել երկրի տնտեսական կյանքն ու միգրացիոն քաղաքականությունը»,- ասում է Պոլատովը: Նա կարծում է, որ սահմանամերձ բնակավայրերում առաջին հերթին պետք է ստեղծել հատուկ ավաններ, որոնք կհամալրվեն նախևառաջ մարտական փորձ ունեցող վետերաններով, տարբեր երկրներից հայրենադարձված և պատերազմի բովում գտնվող այլ երկրներից եկած հայերով, Ադրբեջանից տեղահանվածների կարգավիճակ ունեցողներով և այլն:
«Առաջին նման բնակավայրը մենք ուզում ենք ստեղծել Թալիշում կամավորների օգնությամբ: Իրական պաշտպանություն զգալով` գյուղ կվերադառնան նաև տեղի բնակիչները»,- համոզված է Պոլատովը: Նշենք, որ թալիշցիների հիմնական մասն այս պահին Մարտակերտի շրջանում է` Ալաշանում, մի մասը` Մատաղիսում, իսկ մի հատվածը` Չարենցավանում: Նոյեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին նաև, որ գյուղի մի խումբ բնակիչներ, հիմնականում՝ տղամարդիկ, վերադարձել են Թալիշ և բնակություն հաստատել` կատարելով գյուղի վերականգնման որոշ աշխատանքներ: Ավելի ուշ հնչեց Արցախի նախագահի հայտարարությունը հենց Թալիշում. «Գյուղը պետք է վերականգնվի և վերականգնվելու է ամենակարճ ժամանակում»: Նոյեմբերի 26-ին նախագահ Բակո Սահակյանը, այցելելով Թալիշ, տեղում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց մի խումբ պատասխանատուների հետ: Նախագահին զեկուցվեց գյուղում ջրամատակարարման ցանցի, էլեկտրաֆիկացման վերականգնման մասին, հավաստիացվեց, որ ենթակառուցվածքների հարցում Թալիշը գոնե այս փուլում որևէ խնդիր չունի:
Գյուղի վերականգնման աշխատանքները նույն ակտիվությամբ շարունակելու համար Արցախի նախագահի կողմից նոր հանձնարարականներ տրվեցին։ Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյան էլ հայտնեց, որ առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ, գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը: Մի խոսքով` ԼՂՀ իշխանությունները վստահեցնում են, որ Թալիշը կարճ ժամանակ անց լիովին նոր տեսք ու նոր շունչ կունենա: Նշենք նաև, որ մեկ տասնյակից ավելի ճարտարապետներ Ստեփանակերտից, Երևանից և Մոսկվայից այդ օրերին Թալիշում էին և ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ու ԼՂՀ քաղաքաշինության նախարարի հետ միասին քննարկում էին գյուղի նոր հատակագծի նախագիծն ու վերակառուցման առաջին փուլի կազմակերպական աշխատանքները:
Այդ օրերին հնչեց նաև տեսակետ, որ Թալիշը կարող է ավանի կարգավիճակ ստանալ: Վիտալի Բալասանյանի խոսքով` Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում և Մարտակերտում, քանի որ այսօրվա մեր պաշտպանական գիծը թույլ է տալիս ապահովել մեր բոլոր բնակավայրերի, առաջին հերթին՝ հենց Թալիշի անվտանգությունը: Նրանց, ովքեր թերահավատ են, Բալասանյանը հրավիրեց Թալիշ՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին մասնակցելու դպրոցի բացմանը և տեսնելու մի նոր հրաշք տարածք` իր բոլոր կառույցներով: Սա իսկապես այն դեպքն է, երբ պետական ու հասարակական ջանքերը պետք է մեկտեղվեն, ու եթե ճիշտ կազմակերպվեն և իրականացվեն այն միասնական ծրագրերն ու աշխատանքները, որոնց մասին խոսում են իշխանություններն ու «Թալիշ-սահմանամերձ ավաններ» ՀԿ-ի նախագահը, ապա մոտ ապագայում Թալիշը կվերականգնվի, բնակիչներն էլ կվերադառնան` ամուր փակելով գյուղի դարպասները հակառակորդի առջև: Իսկ քանի դեռ թեկուզ կիսով չափ բաց է՝ Արցախն անվտանգ չէ:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ ankakh.com
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.