«Մշակոյթի ամբողջ աշխարհը կը քանդենք մենք…»
«Լիտերատուրնայա Գազետա»,
թիւ 36, 2001
Ճշմարիտութիւնը հնարաւոր չէ այնպէս բացատրել, որպէսզի հասկանան․ անհրաժեշտ է միայն հաւատալ։
Ուլեամ ԲԼԷՅՔ
Օրերն անցան, իսկ ինձ այնպէս էլ չյաջողուեց շունչ առնել հայրենական, կայսերական եւ միջազգային իրադարձութիւնների այն հողմապտոյտի մէջ, որ այս պահերին էլ մտահոգում եւ դարձեալ նպատակ ունի շեղել նիւթից…
Վերջին — մի՞թէ վերջին — չարաբարոյ լուրն այն է, որ Կրեմլը հրապարակել մի ազդարարութիւն, թէ Պետական Դումայի դեպուտատները փոփոխութիւններ են հաստատել «Ապահովութեան Դաշնութեան Ծառայութեան (ФСБ) մասին» Օրէնքի մէջ։
Ժողովրդի ընտրեալները (ընտրեալնե՞րը) իրենց համաձայնութիւնը տուել են «կրակել մարդկանց բազմութեան վրայ», ինչպէս նաեւ «տագնապախռով եւ վտանգահարոյց ձեռնարկութիւնների եւ պետական իշխանութեան հիմնարկութիւնների դէմ խմբակային զինեալ յարձակումը դիմագրուելու համար»։
Այս օրէնքը մանրամասն թուարկում է բոլոր դէպքերը, երբ ФСБ մարմինների զինծառայողները կարող են գործածել զէնք, հատուկ միջոցներով կիրառել ֆիզիքական ուժ։ Քաղաքացիներին եւ կազմակերպութիւններին պատճառած վնասների դիմաց նրանք պատասխանատուութիւն չեն կրելու, եթէ մարտական տեխնիկան՝ զէնքը, յատուկ միջոցները եւ ֆիզիքական ուժը կիրառուած են «օրէնքով հաստատուած հիմնաւորումով եւ սահմանուած կարգով»։
Հատուկ ծառայութեան աշխատողները (այսինքն՝ ФСБ-ականները) հասարակական զանգուածային անկարգութիւնների եւ արտակարգ իրադրութիւնների ժամանակ իրաւունք ունեն ներխուժել բնակարաններ՝ ապահովելու համար հասարակական անվտանգութիւնը (sic!)։
Այսպիսով, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնելու եւ պետութեան ու երկրի ազատագրութեան համար ծայր առած եւ օր ըստ օրէ, եթէ չասեմ՝ ժամ առ ժամ, զարգացումներին իմ զօրակցական դիտարկումները եւ Քաղաքական Խորհրդի գործունէութիւնը մեկնաբանելու խնդիրը հարստանում է նորանոր հարցադրումներով, որոնց պատասխանը հնարաւոր կը լինի որոշակի մի փուլ յաղթահարելուց յետոյ…
Յստակ է միայն բաժանարար այն կարծրացող միջնորմը, որ դէպի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ազատագրութեան ընթացքը բացայայտուեց ազգային ապագայի համար ոտքի ելած ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ եւ նրանց ոտքերի տակ թաւալող ու սաւոկային ժառանգութիւնը Հայաստանի մէջ կանգուն պահելու ջանքերով չեկիստական կայսրութեանը ծառայելու իրենց վերջին փորձերն անող վասակեանների յստակ տարբերակումի համար։
Ընդհանրապէս «կողմնորոշումների» առիթով շարունակ ալեբախուող իմաստակութիւնները բացայայտում են մեկ Ճշմարտութիւն միայն… Եւ այս ՄԻԱԿ, ԵԶԱԿԻ ճշմարտութիւնը հասարակական իմացական որակի խայտառակ անկումն է, աւելի պարզ՝ տգիտութիւնը, ինչը արդէն խորացել է նենգագիտութիւնների ու դաւադրութիւնների տեսութեան մէջ եւ արդէն առաջադիմում է հային մտաւոր որակափոխութեան (mutation) ենթարկելը երկիրը հայաթափելու վաղեմի ծրագրին համադրելով։
Այս վասակեանների համար «ռուսական կողմորոշում» ամենից առաջ նշանակում է համաձայնել հայ ժողովրդի գաղութային եւ ստրկական վիճակի հետ, երախտապարտ լինել «բարի դահիճին» (Ե. Օտեան), հրաժարուել ազատագրութեան ազգային ծրագրից եւ մարդու արժանապատուութեան քրիստոնէական ըմբռնումից։
Մի խօսքով՝ հրաժարուել Ինքնութիւնից։
Եւ սա այն դէպքում, երբ ռուս ոգեմիտները իրենք են միշտ յորդորել ազատագրուել գաղութացուած ժողովուրդներից, քանի որ գաղութարարը նոյնքան ազատ չէ, որքան եւ գաղութացուողը։ Նրանք, այս ոգեմիտները, որոնց չի էլ ուզում ճանաչել, հաղորդակից լինել մնացորդային սովետահայը, ազատագրութեան ձգտումը միշտ պայմանաւորել են մարդու արժանապատուութեան հետ։
Ռուսաստանի մէջ ազատագրութեան գաղափարների ռահւիրան եւ ռուսական ճշմարիտ ինտելիգենցիայի ոգեմիտների նախահայրը իմաստասէր եւ գրող Ալեքսանդր Ռադիշչեւն էր (1749-1802)։ Ուսանել էր Լէյփցիգի համալսարանի մէջ եւ եղել է Մաբլի եւ Ռուսոյի աշակերտը։ Նա յետպետրոսեան ժամանակների առաջին ռուս գրողն էր, որի տեսակէտը երկրի մէջ տիրող իրադրութեան մասին արմատապէս տարբերուել է կառավարութեան տեսակէտից։ 1790 թուականին տանն ունեցած տպագրական հաստոցի վրայ վեց հարիւր յիսուն տպաքանակով նա հրատարակեց «Ճանապարհորդութիւն Պետերբուրգից Մոսկուա» հրապարակագրութիւնը, որի պատճառով դատապարտուեց մահապատժի, բայց կայսրուհու ներումով կախաղանը փոխարինուեց սիբիրական աքսորով։
Ռուս ոգեմիտների նախահայրը ինքն իրեն սպառեց այնպէս, ինչպէս եւ սպառուելու էին նրա որդիներն ու թոռները, որոնք այրուելու էին յանուն ժողովրդի եւ նրա ազատութեան։ Թէեւ ժողովուրդը չէր էլ նկատելու մազոխական այդ սէրը։ «Ռուսական ինտելիգենցիայի մէկ ու կէս դարի պատմութիւնը կարելի է անուանել անպատասխան սիրոյ պատմութիւն եւ ինչպէս անպատասխան սիրոյ բազմաթիւ պատմութիւններ, այս եւս աւարտուել է ինքնասպանութեամբ» (Բ. Խազանով)։ Յիրաւի, ինքնասպան եղաւ ռուս եւ սովետական ինտելիգենցիան եւ, անշուշտ, նրա բաղկացուցիչ, «պապից աւելի պապական» սովետահայ ինտելիգենցիան։
Ալեքսանդր Ռադիշչեւի պարագային այդ ինքնասպանութիւնը այլաբանական չէր։
Նրա գրչին են պատկանում հետեւեալ տողերը. «Եթէ ատելի երջանկութիւնը քո վրայ է ծախսել իր բոլոր սլաքները, եթէ երկրի վրայ տեղ չի մնացել քո առաքինութիւնը պատսպարելու համար… ուրեմն յիշիր, որ դու մարդ ես, միտքդ բեր քո վեհութիւնը, զմայլուիր երանութեան լուսեպսակով, որ ջանում են քեզնից խլել։ Մեռի՛ր»։
1797-ին վերադառնալով աքսորից, նա ինքնասպան եղաւ։
Երեք տասնամեակ էլ չանցած մի խումբ ազնուականներ փորձեցին ինչ որ բան շտկել ռուսական բռնատիրութեան մէջ։ Նրանց փորձը ձախողուեց, մի քանիսին կախեցին, միւսներին աքսորեցին Սիբիր։
Դեկաբրիստներն էին՝ Դեկտեմբերականները։ Այսպէս կոչուեցին, քանի որ ինչ որ բան շտկելու փորձը ձեռնարկել էին Դեկտեմբեր ամսին։
Ազատագրութեան եւ բռնադատուած ժողովուրդներին ազատագրելու ծրագրեր էին փայփայում լոնդոնեան վտարանդիներ Ալեքսանդր Գերցենը եւ Նիկոլայ Օգարեովը։ Իրենց հրատարակութիւններով նրանք շիկացած էին պահում ռուս հասարակական միտքը։ Եւ ոչ միայն լեհերը կամ ֆրանսացիները, այլեւ ազատամիտ հայերն էին թարգմանում եւ իրար փոխանցում նրանց ուղերձները։
«Ինչո՞ւ ենք լռում։ Մի՞թէ ասելու ոչինչ չունենք,— գրում էր Գերցէնը։— Կամ մի՞թէ լռում ենք, որովհետեւ չենք համարձակւում խօսել… Բաց, ազատ խօսքը մեծ բան է. առանց ազատ խօսքի չկայ ազատ մարդ։ Ի զուր չէ, որ յանուն ազատ խօսքի մարդիկ իրենց կեանքն են զոհաբերում, լքում են հայրենիքը, թողնում են իրենց ունեցուածքը։ Բաց ու ազատ խօսք նշանակում է անցնել գործի։ Ես իմ կեանքը անցկացրել եմ մի երկրի մէջ, որտեղ հրաշալի սովորեցնում են պերճախօս լռել եւ որտեղ, անշուշտ, հնարաւոր չէ ազատ խօսել»։
Ազատ խօսք եւ ոչ թէ պերճախօս լռութիւն։
Բայց հայ, իսկ այնուհետեւ սովետահայ ինտելիգենցիան գերադասելու էր ազատ խօսք ասելու փոխարէն ոչ թէ գոնէ լռել, գոնէ չխօսել, այլ պերճախօս օվսաննաներ ու փառաբանութիւններ յօրինել։
Մէկ այլ առիթով Ալեքսանդր Գերցենը հետեւեալ նամակն էր հղել Ալեքսանդր Բ ինքնակալին.
«Ազատութիւն տուէք ռուսական խօսքին։ Մեր բանականութիւնը նեղւում է, իսկ միտքը թունաւորում է մեր կուրծքը տեղի պակասից, եւ գրաքննութեան կաղապարի մէջ ճզմուած յուսահատ հառաչում։ Խօսքի ազատութիւն տուէք մեզ։ Մենք բան ունենք ասելու աշխարհին ու մերոնց։ Հող տուէք գիւղացիներին։ Ռուսաստանի վրայից մաքրէք ճորտատիրութեան ամօթի բիծը, ապաքինէք մեր եղբայրն երի մէջքի կապոյտ սպիները մարդատեացութեան այդ սահմռկեցուցիչ հետքերը։ Շտապէ՛ք։ Գիւղացիներին փրկէք հետագայ չարագործութիւններից խնայէք արիւնը, որ նրանք ստիպուած են հեղել։ Ես ամաչում եմ, թէ որքան քիչ բանով ենք պատրաստ բաւարարուելու։ Բայց սկզբի համար այդքանն էլ բաւական է։ Ես խօսում եմ լոկ այն մասին, ինչը մեր երկրի մէջ լռութեան է մատնուած։ Եթէ այս տողերը ձեզ հասնեն, կարդացէք առանց չարութեան եւ յետոյ մտածէք։ Յաճախ չէ, որ դուք հնարաւորութիւն էք ունենում լսել ազատ ռուսի ազնիւ ձայնը»։
Ազատ ռուսների ազնիւ ձայնը արհամարհում էր ինքնակալը, արհամարհում էին մեծապետական տէրութեան իշխանութիւնները, արհամարհում էին «խաբէութեամբ ճանկուած» հայերը («Ռուսիո կառավարութիւնը… խաբանօք ճանկել է Վրաստանը եւ Հայաստանի մի մասը եւ ճնշում է նորանց իւր ծանրութեան տակ» — Մ.Նալբանդեան)։
Արհամարհում էին 19-րդ դարում «բարի ցարի եւ նրա բարեկամ կառավարութեան» ճորտատիրութիւնը վայելելով։ Արհամարհում էին 20-րդ դարում «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի եւ հայերին փրկած բոլշեւիկների» ստրկատիրութիւնը վայելելով։ Արհամարհում են այսօր, 21-րդ դարում, քանի որ ոչ հեռու անցեալից ժառանգած անգիտութեամբ, դեռեւս կարծում են, թէ աշխարհը շուռ է եկել եւ արեւն էլ ծագում է հիւսիսից։ Ես ուզում եմ ասել, որ մեր սիրելի հայերը աշխարհագրութիւնն էլ են ենթարկել կոմունիստական եւ ռուսասէր գաղափարաբանութեան։
Շարունակելի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.