Շուրջ 23 տարի Բելգիայում ապրող Սարգիս Սիմոնյանն այս անգամ Հայաստան է եկել իր նախաձեռնած բարեգործական ծրագրով: «Հայկական վարկածը » զրուցեց Սարգիս Սիմոնյանի հետ:
— Քանի՞ տարի առաջ եք գնացել Հայաստանից:
— Արդեն 23 տարի է՝ 1992 թվականից, ինչ ընտանիքով թողել ենք Հայաստանը, և ապրում ենք Բելգիայում, բայց ոչ անմիջապես Բելգիա. սկզբում Ռուսաստանի Դաշնություն, ապա` Լեհաստան, հետո նոր` Բելգիա: Ծնվել եմ 1986 թվականին, տնտեսագետ եմ, փաստաբան, սակայն հոգեհարազատ է նաև դերասանական արվեստը:
-Փաստորեն, հայկական ընտանիքներին բնորոշ ճակատագիր. 92-ի դժվարին տարիներին հեռացաք Հայաստանից, ի՞նչը դրդեց Ձեր ծնողներին գնալ այդ քայլին:
-Դժվար տարիներ էին ընտանիքում. չորս եղբայր էինք, ծնողներիս որոշումն է եղել: Գոյատևման հարց կար…
— Բարեգործական ծրագիր իրականացնելու միտքը ե՞րբ հղացավ Ձեզ մոտ:
— Երբ մեկնեցինք Բելգիա, պարզ էր, որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նախ ասեմ, որ սկսել եմ աշխատել տասնհինգ տարեկանից, տասնինը տարեկանից սկսեցի ճամփորդել և այսօր արդեն եղել եմ քսանինը երկրում. ուզում էի տեսնել ու ճանաչել աշխարհը, մարդկանց, որպեսզի ապագայում կարողանայի ընտրել մի պետություն, որտեղ կցանկանայի ապրել և գտա: Ճիշտ է, Բելգիան ինձ շատ բան է տվել` ուսում, տուն, ընկերներ, սակայն չտվեց այն, ինչի կարիքը ունեի ես և ունի ցանկացած մարդ, որը թողնում է իր հայրենիքը. ջերմություն, ահա թե ինչի կարիքն ունեմ այսօր, մարդկային ջերմություն:
Այդ փնտրտուքների արդյունքում որոշեցի, որ կապրեմ Իսպանիայում: Այս տարի արդեն ձեռքբերումներ ունեմ. գտել եմ իմ երջանկությունը: Ամեն տարի գալիս էի, նաև անձնականս դասավորելու հարցերով, քանի որ միանշանակ որոշել էի, որ ընտրյալս անպայման պետք է Հայաստանից լինի:
Իսկ բարեգործության գաղափարը երկար պատմություն ունի. սա ինքնանպատակ չէ, ինձ գովազդելու միջոց չէ, ուղղակի այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կյանքում պետք է իրար ձեռք մեկնել, օգնել՝ նամանավանդ, եթե դրսում ես: Եթե կարող ես զուտ քո խղճի համար օգտակար լինել թեկուզ մեկ -երկու անծանոթ ընտանիքի, ինչու չլինես, օգնես այնքանով, որքան կների քո հնարավորությունը:
— Գործող բարեգործական կազմակերպություն կա՞ Բելգիայում , թե՞ անհատական ծրագիր է գործում:
— Այո՛, Բելգիայում գործում է հայկական կազմակերպություն «Եվրոպահայերը Հանուն Հայաստանի զարգացման» (ղեկավար Արտակ Սերգոյան), որի մշակույթի բաժնի տնօրեն-պատասխանատուն ես եմ:
— Իսկ Ձեր կազմակերպության աշխատանքներն ի՞նչ արդյունք են գրանցել:
— Շատ կազմակերպություններ կան, որ ստեղծվում են և երկար կյանք չեն ունենում, որովհետև հայերիս շրջանում այդ «սպայկա» ասածը՝ մեկս մյուսի թիկունքին կագնելու պատրաստակամությունը, համախմբվածությունը չկա, ինչպես, օրինակ, հրեաների մոտ է, դրա համար ոչ բոլոր նախաձեռնություններն են պսակվում հաջողությամբ: Այսօր շատ քչերի մոտ է մնացել սրտացավություն, ջերմություն միմյանց նկատմամբ, իսկ ում մոտ էլ որ նկատում ենք, փորձում ենք ամեն հնարավոր միջոցներով պահել, որ չսառչի: Փորձում ենք երիտասարդության մեջ ձևավորել փոխօգնության գաղափարը, նրանց ուշադրությունը սևեռել հայրենիքում գործելուն, ապրելուն, հայրենակիցներին օգնելուն` ամենևին չքաղաքականացնելով նման նախաձեռնությունները:
Այս տարվա այցիս նպատակը բարեգործական նոր ծրագիրը կյանքի կոչելն է. մոտ տասը օրից հինգ հարյուր կգ ապրանք է ներկրվելու Հայաստան, և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք, որոնց էլ կցուցաբերվի վերոնշյալ օգնությունը: Նշենք, որ մինչ այդ կազմակերպվել էր նաև բարեգործական համերգ, բայց երբ մեր հայրենակիցները լսում էին բարեգործություն բառը, այնքան էլ ադեկվատ վերաբերմունք չէին ցույց տալիս և մեր ակնկալիքները չարդարացան:
-Ինչպես եք հայթհայթում միջոցները, ո՞վքեր են օգնում, և երբ իմանում են, որ Հայաստանի համար է՝ ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում:
— Ճիշտ է, այստեղ խոսքը վստահության մասին է, և հարց է առաջանում՝ ով է տալիս այդ օգնությունը: Ցավոք, պիտի փաստեմ, որ հայերը չեն տալիս. միայն բելգիացիները, և շատ ջերմորեն են մոտենում, նրանք դա սիրով են անում: Բելգիացիները շատ հետաքրքրասեր ժողովուրդ են, նրանք սիրում են ծանոթանալ այլ ազգերի ու մշակույթների հետ, նրանց միշտ հրավիրում ենք մեր միջոցառումներին, ինչը նաև ճանաչողական բնույթ է կրում: Նրանք ավելի ճիշտ են նայում կյանքին, ժուժկալ են ապրում ու օգնում են շրջապատողներին ինչպես կարողանում են:
Ինձ մնում է նշել միայն, որ շատ ուրախ եմ, որ չեմ կորցրել իմ արմատներն ու սկզբունքները: Անելիքներն ու գաղափարները շատ են. այս տարի արդեն կսկսենք նկարահանել նաև իմ հեղինակային երկուժամանոց գեղարվեստական ֆիլմը` «Ներգաղթ» վերնագրով, որտեղ սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, և պատմվելու է այն, ինչ տեսել եմ այս քսաներեք տարիների ընթացքում: Սյուժեի հիմքում ընկած է այն գաղթականի կյանքը, ով լքում է երկիրը: Պատմվում է, թե տվյալ երկրում ինչ փուլերով ու դժվարություններով է անցնում`ճամբար հանձվելը, կյանքը դրանից դուրս, փաստաթղթային խնդիրները և այլն: Մեր ընտանիքը ևս ունեցել է բազում խնդիրներ. մեզ չորս անգամ եկել է երկիրը լքելու պահանջ, սակայն, շնորհիվ քոլեջի տնօրենի, որտեղ ես և եղբայրս էինք սովորում, հաջողվեց Բելգիայում մնալ: Այս ամենը կլինի էկրանին:
Զրույցը վարեց Աննա Ալեքսանյանը
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.