Մայիսի 20-ին, իր դեմ մահափորձից առաջ, Սուրեն Խաչատրյանը գնում էր Կապանից Գորիս՝ մասնակցելու ինչ-որ գիտնականների հետ հանդիպման, որի ընթացքում պետք է քննարկվեին գրքերի տպագրության հարցեր։ Հրացանավորների խումբը, ըստ մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի, կրակ է բացել Շուռնուխ գյուղի մոտակա անտառից։ «Դրանք եղել են անհայտ անձինք»,- ասում է խորհրդականը։ ԱԱԾ-ն, քննիչները, ոստիկանությունը, իհարկե, անմիջապես հավաքվեցին դեպքի վայրում։
Սուրեն Խաչատրյանի մեքենան՝ LEXUS LX570-ը, նրան և նրա երկու ուղեկիցներին փրկել է վնասվածքներից։ Այս մեքենան բազմաշերտ պաշտպանական համակարգ և փամփուշտներ որսող պաշտպանիչ շերտ ունի, ապակիներից մինչև սրահի հատակը զրահապատ է։ Այսպիսի ավտոմեքենաներ ձեռք են բերել ԱՄՆ պետդեպարտամենտը, Կանադայի, մի շարք այլ երկրների կառավարությունները՝ բարձրաստիճան անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Սյունիքի մարզպետը հենց այս ավտոմեքենայով է շրջագայում իր սիրելի Սյունիքում, հասկանալով, թե ինչքան թշնամիներ ունի և ինչ ատելությամբ է շրջապատված, որը հորդում է նրա գլխին անգամ անտառներից և ժայռերից։
Այս անգամ՝ 10 փամփուշտների տեսքով։ Ենթադրյալ մահափորձից հետո, երեկոյան, հարցաքննության կանչեցին գործարար Տիգրան Կարապետյանին, որը մայիսի 2-ին Բուդաղյանների ազգականների վրա Լիսկայի զավակի և նրա հրոսակախմբի հարձակվելուց և նրանց դաժանաբար ծեծելուց հետո սպառնալից հայտարարություն էր արել, ասելով․ «Խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա, թե չէ պատիժդ խիստ է լինելու»։ Երեկ Տիգրան Կարապետյանը բացատրում էր տարբեր ԶԼՄ-ներին, որ էմոցիաների տակ է արել այդ հայտարարությունը, այն պահին, երբ իմացել է, որ Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը։ Մինչդեռ Սյունիքի մարզպետի շրջապատը նրա կողմն էր ուղղում բոլոր սլաքները, փութալով հասարակական կարծիք ստեղծել։
Մարզպետի խորհրդականը ևս PR հմտություններ էր ցուցադրում։ Երեկ առավոտյան արդեն ծիծաղելի համեմատություններ էր անում, փորձելով բարձրացնել Սյունիքի տիրակալի իմիջը, ձեռքի հետ էլ նախաքննության գաղտնիքներ բացահայտելով։ «Հրաձիգը թաքնված է եղել ճանապարհից 40-50 մետրի վրա՝ անտառում, որտեղ թուրքերը 1990-ականներին թաքնվում և սպանում էին հայերին»,- ասել էր նա «Առավոտին»։ Բայց Լիսկայի վրա կրակող ասոցիացիան լավ չի արմատանում հասարակական գիտակցության մեջ։ Խանգարում են Սյունիքի մարզպետի, նրա ազգականների և թիմակիցների արարքների մասին «քաղցր» հուշերը։ Սա ակնհայտ է դառնում, երբ կարդում ենք մահափորձի վերաբերյալ մեկնաբանությունները, որոնք հասարակ մարդիկ թողնում են ԶԼՄ-ների էլեկտրոնային էջերին։ «Վերջապես», «Հայրենասեր գործ են կատարել, սա դեռ սկիզբն է», «Երբ իր թիկնապահն ու որդին են կրակում, մարդ սպանում, ինչո՞ւ ԱԱԾ-ն և այլ ծառայություններ այնտեղ չեն լինում»,- գրում են ընթերցողները։ Սրանք դեռ ամենամեղմ կարծիքներն են։
Ակամայից հիշեցի Մարկեսի «Նահապետի աշունը» վեպից մի դրվագ, երբ գլխավոր հերոսը՝ փոքրիկ երկրի դեսպոտ կառավարիչը, սեփական մահն է բեմադրում։ Սպանել է տալիս իր նմանակին, ապա դիտում է, թե ինչպես է գազազած ամբոխը կոխկրտում նրա դիակը, հոշոտում մարմինն ու ծաղրուծանակի ենթարկում։ Դեսպոտ կառավարիչն այդ օրը մեծ դաս է քաղում՝ տեսնելով ժողովրդի իրական վերաբերմունքն իր նկատմամբ։ Սյունյաց տիրակալն էլ պետք է ցնցվի, կարդալով իր ենթադրյալ մահափորձի մասին քոմենթները։ Իհարկե, նահապետի հնարքն անհամեմատ ավելի հզոր էր։ Դժվար էր, տեսնելով թագավորի դիակը, չհավատալ, որ նա է քո առջև կանգնած։ Այլ բան է ենթադրյալ մահափորձը, որի իսկությունը ոչ Սյունիքում, ոչ էլ այստեղ արժանահավատ չի թվում։ Ինչպես արժանահավատ չէր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ Բուդոյի դեմ մահափորձը՝ 1998 թվականին, ամանորյա տոներից անմիջապես հետո։ Այն ժամանակ Արմավիրից Երևան ճանապարհին կրակահերթ էին արձակել Բուդոյի ջիփի ուղղությամբ, բայց նա չէր տուժել։ Առաջին նախագահի օրոք իրավապահները մահափորձի վարկածն էին մշակում, սակայն հետո, երբ Տեր-Պետրոսյանն արդեն նախագահ չէր, Ռոմեն Ղազարյանի նկատմամբ հետախուզում հայտարարեցին, մեղադրելով նրան սեփական մահափորձը բեմադրելու մեջ։
Այն ժամանակ էլ հանրային տրամադրություններում հուսալքություն էր նկատվում, իսկ երկրում՝ լճացում։ Մարդիկ հոգնել էին ՀՀ պաշտոնական վերնախավի լկտիություններից, երկու-երեք ուժայինների և նրանց հարազատների «բեսպրեդելից», և կրակոցները Բուդոյի ջիփի ուղղությամբ որոշակիորեն պարպեցին մթնոլորտը, ինչ-որ տեղ զոհի կարգավիճակ տալով նաև վերնախավին։ Բայց այն ժամանակ, ինչպես և հիմա, ոչ ոք չհավատաց, որ Բուդոյին ցանկացել են սպանել։ Անեկդոտներ պտտվեցին, թե ամեն ինչ հասկացանք, բայց Բուդոյի ջիպին կրակելն արդեն թիթիզություն է։ Ռոմեն Ղազարյանին շատերը մոռացան, բայց նրա ֆիկտիվ մահափորձն ու ջիփը հիշում են մինչ օրս։ Եվ կարևոր չէ արդեն՝ եղել է այն, թե ոչ, կարևորն առասպելն է և այն կերտող ժողովրդի վերաբերմունքն այս կամ այն գործչի, այս կամ այն իշխանության նկատմամբ։ Իսկ առասպելն իրականությունից երկար է ապրում։ Ի դեպ, Ռոմեն Ղազարյանն այս տարի մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Նա ապրում էր Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում։
ՀԳ․ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։ «Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք… նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ»։
Սյուզան Սիմոնյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.