Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
Սովետական պատմաբանները կեղծել են ամբողջ 20-րդ դարի մեր ազգային պատմութիւնը։ Նրանք կեղծել են դարասկզբի աւելի քան մէկ և կէս տասնամեակի պատմութիւնը, կեղծել են 1918-20 թուականների պատմութիւնը, կեղծել են 1920-91 թուականների պատմութիւնը, կեղծել են նոյնիսկ վերջին տասնամեակի պատմութիւնը [խօսքը վերաբերում է 1990-ականներին], որի անցուդարձը տեղի է ունեցել այսօրուայ սերնդի աչքի առաջ։ և միշտ չէ, որ զեղծարարութեան պատճառը հերթական վարչակարգի պետական պատուերն է։ Եթէ հետևելու լինենք զեղծարարութիւնների զարգացման ընթացքին, բանից կը պարզուի, որ դրանք պայմանաւորուած են նաև մի դէպքում՝ մասնագիտական անգիտութեամբ ու անփութութեամբ և միւս դէպքում բարոյական կողմնորոշումների մոլորութեամբ կամ պարզապէս իսպառ բացակայութեամբ, բայց միշտ՝ պատմութեան նկատմամբ դասակարգային մոտեցումով, ինչն էլ մարքսիստական տարազ է հագցնում ազգային պատմութեանը, համապատասխանաբար նաև աղաւաղելով այն։
Ես հաւատ չունեմ պատմագիտական որևէ աշխատութեան նկատմամբ, որ ստեղծուել է բոլշևիկեան տիրապետութեան տարիներին և, ցաւօք, չի վերագնահատուել այս վերջին տասնամեակի ընթացքին։ Ազգային պատմութիւնը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարախօսութեամբ «նորոգուած հայ կեանքի» և Հայ ժողովրդի պատմութեան նկատմամբ ծաւալուած «վիրահատական շարժման» (Լէոյի արտահայտութիւնն է) զոհը։
«Նորոգուած հայ կեանքի» և պատմութեան նկատմամբ «վիրահատական շարժումը» ունէր Հային իր արմատներից կտրելու հետևողական նպատակ։ և երբ այսօրուայ «գիտնականը» հայտարարում է, թէ՝ «”Վերադարձ դէպի արմատները“ կեղծ, անտրամաբանական, հակապատմական կարգախօս է», ապա մենք յաչս համոզւում ենք, որ «վիրահատութիւն» յաջողուել է և այլևս դեռ երկար ժամանակ գործ ենք ունենալու ապազգայնացուած մարդատեսակի հետ, որ, սակայն, շահարկելու է տարօրինակ կամ, աւելի ճիշտ՝ ձևախախտուած հոգեբանութեան իր «հայրենասիրութիւն»ը, որ ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ «սովետասիրութիւն»։
Այս է պատճառը, որ խեղաթիւրումների ու զեղծարարութեան ենթարկուեցին Հայաստանի վանական կենտրոնները, նենգուեց քրիստոնէութիւնը որպէս Հայի Էութիւն, և, բնականաբար, այլակերպութեան ենթարկուեց Նարեկայ վանքի Սուրբը։
Սովետական պատմաբաններն ու գրականագէտները իրենց համատեղ ջանքերով շարունակեցին պատմութիւնը դասակարգայնացնելու՝ «Խորհրդային Հայաստանի սկսած նոր գիտական շարժումը»։ Նրանք «փորեցին, փորփրեցին հայ ժողովրդի անցեալը» և այդ աւերածութիւնների հետևանքը եղաւ այն, որ աստուածամերժ մի «շարժում» հիմնաւորուեց որպէս առաջադիմական երևոյթ։ և հակառակ ամէնայն տրամաբանութեան (մարքսիզմի ու աշխարհաճանաչման եզակի հայտարարուած դասակարգային ու մատերիալիստական մեթոդի մէջ երբէք մի՛ որոնէք տրամաբանութիւն) խնդիրն այնպէս ներկայացրին, թէ իբր «պատահում էին դէպքեր, երբ որոշ վանքերում էին այն ժամանակ թոնդրակեցիութեան առաջաւոր կենտրոնները»։ և երբ հերթը գալիս է այն հարցին պատասխանելու, թէ այդ ի՞նչ «որոշ վանքեր էին», սովետական կեղծ գիտութիւնը պատասխանում է. «Այդպիսի կենտրոններից մէկը 10-րդ դարում հանդիսացաւ հոգևոր պետերին բաւական մեծ
անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը»։ Ազգային պատմութիւնը վիրահատելու ելած «գիտնականները» այսքանով չեն գոհանում և որպէս «փաստ» հրապարակում են. “Յայտնի է, որ թէ՛ Անանիա Նարեկացին և թէ՛ Գրիգոր Նարեկացին կասկածուել են թոնդրակեցիութեան մէջ և նրանց դէմ հալածանք է յարուցուել»։
Սովետական պաշտօնական պատմութիւնը թոնդրակեցիութեան առիթով գրում է, թէ այդ «շարժումը վաղուց է գրաւել ուսումնասիրողների ուշադրութիւնը, նախկինում բնութագրուելով որպէս սոսկ քրիստոնէական եկեղեցու մի հերձուած կամ աղանդաւորութիւն, բայց գիտական մեկնաբանութիւն է ստացել վերջին տասնամեակների ընթացքում» («Հայ ժողովրդի պատմութիւն», ՀՍՍՀ ԳԱ, հ. 34, էջ 280)։ Այս «վերջին տասնամեակները» սովետական տասնամեակներն են։ Ինչ վերաբերում է «գիտական մեկնաբանութեան», ապա բնաւ էլ դժուար չէ նկատել, որ այդ «մեկնաբանութիւնը» ազգային պատմութիւնը գլխիվար շրջելն է մարքսիզմի «ամէնայաղթ մեթոդի» օգնութեամբ և արդիւնքում՝ ժողովրդին իր ճշմարիտ կենսագրութիւնից զրկելը։ Նոյն այդ է «գիտական մեկնաբանութեամբ» Սուրբ Գրիգոր Նարեկացիին վերագրում են թոնդրակեցիութեան՝ նուազագոյնը համակիր, որպէսզի հայ ժողովրդի համար նրա անվերապահ հեղինակութեամբ համոզեն, թէ անաստուածների հանդէսը աղանդաւորութիւն չի եղել։ Գիտական մեկնաբանութի՜ւն են տալիս…
Նարեկայ վանքը երբէք «յայտնի» չի եղել որպէս «թոնդրակեցիութեան առաջաւոր կենտրոն»։ և եթէ Անանիա Նարեկացին և Սուրբ Գրիգոր Նարեկացին յիրաւի հալածուել են, իսկ Գրիգորի հայրը՝ Խոսրսվ Անձևացին էլ բանադրուել է, ապա բնաւ էլ ոչ այն պատճառով, որ կասկածուել են թոնդրակեան աղանդաւորութեան մէջ։ Այսպիսի «յայտնագործութիւնները» հերիւրանքներ են։
Իրականութեան ու կեղծիքի մարքսիստական մեթոդով հիւսուած այս որոգայթի մէջ մոլորուելով՝ անաստուածութեան դաստիարակութիւն ստացած մարդը դիւրութեամբ կուլ է տալիս կեղծիքի հերթական ևս մէկ հաբ այն մասին, թէ թոնդրակեան հերձուածը իբր եղել է «ազգային ազատագրաթան շարժում՝ իր դէմ հանելով ոչ միայն եկեղեցուն և խոշոր աւատատէրերին, այլև օտար բռնատիրողներին» («Հայկական Սովետական Հարագիտարան, հ. ,, էջ .”“)։ Այնուհետև. «Ի դ. 30-ական թուականներին թոնդրակեան շարժումը բռնկուեց նոր թափով։ Այս անգամ էլ աւելի ակնառու այն ընդունեց ազգային-ազատագրական բնոյթ» (Անդ)։ և վերջապէս. “Թոնդրակեան շարժումը միջնադարեան Հայաստանի հասարակական-գաղափարական կեանքի ամէնանշանակալից յեղափոխական երևոյթներից էր» (Անդ)։
Ընդամէնը մէկ պարբերութեան մէջ ազգային-ազատագրական շարժումից միջնադարեան որակեալ աղանդաւորութիւնը դարձնում են յեղափոխականութիւն և ապացուցում են պատմագիտութեան մարքսիստական մեթոդի գռեհկութեան ամբողջ խորքը։
Ի վերջոյ, եթէ թոնդրակեան աղանդաւոր անաստուածութիւնն է «Հայաստանի հասարակական-գաղափարական կեանքի ամէնանշանակալի» և նոյնիսկ «յեղափոխական երևոյթներից», ի՞նչ էր հապա Վարդանաց պատերազմը, որ քրիստոնէական ինքնութիւնը պահպանելու համար մղեցին հայերը։ Այդ ինչպէ՞ս եղաւ Ե դարում յանուն Հաւատի մահու և կենաց պայքարի ելած հայերը երկու-երեք դար յետոյ դառնում են անաստուած և դեռ սնունդ էլ են տալիս 20-րդ դարի մարքսիստ գիտնականներին։
Կեղծիքով եղաւ։ Ժողովրդին նորէն ամբոխ դարձնելու միտումով եղաւ։ Հայի հոգեհանգիստը կատարելու ծրագրով եղաւ…
Սաւոկային պատմաբանների սնամէջ ինքնավստահութիւնը սահմաններ չի ճանաչում։ և ինչո՞ւ ճանաչի, երբ նրանց ներշնչել են, թէ «պատմագիտութիւնը կուսակցական գիտութիւն է։
Այն արտայայտւում է երևոյթների նկատմամբ դասակարգային մօտեցմամբ և համապատասխան տեսական ընդհանրացումներով, քանի որ ”դասակարգային պայքարի վրայ կառուցուած հասարակութեան մէջ չի կարող ”անաչառ“ սոցիալական գիտութիւն լինել» (Վ. Լենին, ԵԼԺ, հ. 234, էջ 46)… Մարքսիստական պատմագիտութիւնը նպաստում է աշխարհայեացքի ձևաւորմանը և այդ առումով խոշոր դեր ունի գաղափարական դաստիարակութեան գործում… Պատմագիտութիւնը մարդկութեանը ճանաչելի է դարձնում հասարակական զարգացման ամէնաբարձր աստիճանին՝ կոմունիզմին անցնելու անհրաժեշտութիւնը» (ՀՍՀ, հ. 9, էջ 159)։
Եթէ այս անհրաժեշտութեամբ են սովետական պատմաբանները զեղծել մեր պատմութիւնը, ապա եկեղեցու բոլոր կարգերից դուրս ելած թոնդրակեանները, կոմունիզմի ինչ լինելը, յիրաւի, ճանաչելի են դարձրել մեզ, որ արդէն «վայելել» ենք զարգացած սոցիալիզմը դեռևս հազար տարի առաջ։
…Պատմական յիրաւի անաչառ փաստեր են, որ Ծաղկոտն գաւառի Զարեհաւան շէնի ծնունդ Սմբատը պանդխտել է Պարսկաստան և ապրելով մազդեզականների համայնքի մէջ, ուսանել է Մրջիւնիկ անունով պարսիկ բժշկի և աստղաբաշխ մի մոգի, որի անունը մեզ չի հասել։ Լինելով խելացի, կամքի տէր և ուժեղ անհատականութիւն, Զարեհաւանցի այս Սմբատը մշակում է սեփական մի ուսմունք, որ, բնական է, ծնունդ էր առել մազդեզականութիւնից, շաղախուել էր քրիստոնէական ուսմունքի որոշ տարրերով, սակայն հեռու էր թէ՛ պարսկական հրապաշտութիւնից և թէ՛ քրիստոնէական վարդապետութիւնից։
Պարսկական օտարութիւնից վերադառնալով և հաստատուելով Հարք գաւառի Թոնդրակ շէնի մէջ, Սմբատը ծաւալեց աշխոյժ մի քարոզչութիւն։ Համախոհների շրջանից ընտրելով առաւել հաւատարիմ և ընդունակ երիտասարդների, նրանց դաստիարակեց որպէս իր համոզումները տարածող աշակերտների, որոնց համար հայրերի հաւատն ու ազգային արմատները որևէ արժէք չունէին։ Սմբատի աստուածամերժ և ազգուրաց այս գործունէութեան համար պարարտ հող էր երկրի մէջ տիրող քաղաքական անհաստատ կացութիւնը, որ տէրութեան թուլութեան հետևանքն էր։
Գրիգոր Մագիստրոսի վկայութեամբ, Սմբատը քարոզում էր «ոչնչացնել քահանայական բոլոր ներգործութիւնները և մանաւանդ սնոտի համարել»։ Սակայն ինքը գործում էր իբրև քահանայ և համախոհների վրայ իշխում էր որպէս քահանայապետ։ Թոնդրակեան հերձուածը մերժում էր սրբազան մեռոնը, եկեղեցին ու բազմաթիւ խորհուրդները, պատարագը, զատիկն ու պահք պահելը, Սուրբ Գրքի օրէնքները… Մի խօսքով, աղանդաւորները «հասել էին ոչ միայն մոլորութեան ափը, այլև անդունդի հատակը և դարձել էին սատանայի գործակիցներ»։ Նրանք ոչ միայն քարոզում, ոչխարի մորթի զգեցած գայլի պէս հափշտակում էին հաւատացեալներին և ամէն տեսակ գայթակղիչ ու քաղցր խօսքերով, խաբէութեամբ մեծացնում էին իրենց հետևորդների բանակը, այլև գործում էին իրենց ուսմունքի համեմատ։ և իր թղթերով, Գրիգոր Մագիստրոսը զգուշացնում էր հաւատ չընծայել նրանց «քաղցրագոյն խօսքերին, որոնք ձէթի պէս կակուղ են և նետի պէս խոցող»։
Նրանք կանանց բազմութեան հետ ապրում էին շնաւանների մէջ, պատմում է Գրիգոր Մագիստրոսը, և խտրութիւն չէին դնում արանց և կանանց և ոչ էլ ընտանիքների միջև, թէև չէին համարձակւում այդ ամէնն անել յայտնապէս։
Զարեհաւանցի Սմբատը ամուսիններին բաժանելով իրարից, նրանց անկողինները պղծելու էր տալիս իր անառակ ու պագշոտ հետևորդներին։ Անհնազանդութիւնը պատժելու համար ծծկեր մանուկներին յափշտակելով մայրերի գրկից, մորթելու էր տալիս իր արբանեակներին։ Պատանիներին պղծութեան էր վաճառում անհաւատ օտարներին։ Բազմութեանը խոնարհ ու
հնազանդ պահելու նպատակով մարդկանց պահում էր սարսափի ճիրանների մէջ՝ ընտանիքները բնակութիւնից տեղահանելով և աքսորելով։
Թոնդրակեանները աւելի քան «երկու հարիւր տարի ապականեցին ամբողջ մեր երկիրը և իրենց մոլորութեան այնպիսի ատրուշան կանգնեցրին, որ Քրիստոսի հոտը անհոդաբարձ եղաւ հովիւներից և հովուապետերից», դառնացած արձանագրում է Գրիգոր Մագիստրոսը։
Արիստակես Լաստիւերցին նոյնպէս վկայում է, թէ Սմբատն ու նրա հետևորդները միամիտներին խաբելու համար սոսկ ձևացնում են, թէ հետևում են մեր բարեպաշտ կրօնին և քաղցր խօսքերով մոլորեցնում են անմեղների միտքը, «քանի որ նրանք խօսքերը ճարակում են ինչպէս քաղցկեղը, որորվհետև ինչպէս դժուարին է այդ ախտը բուժել, այնպէս էլ նրանցով բռնուածները հազիւ թէ կարողանան ապաքինուել»։ Վկայողը նաև յիշեցնում է, թէ հէնց այդպիսի մոլորեցնողների մասին է զգուշացրել Յիսուսը՝ «Զգոյշ եղէք սուտ մարգարէներից, որ կը գան ձեզ մօտ գառան հանդերձով, իսկ ներսից գայլեր են հափշտակող»
Նաև իմաստուն մի եզրակացութիւն է անում, որպիսին նոյնքան այժմէական է, բայց մեր ականջին ջրի ձայն է թւում։ Արտաքին թշնամիներից զգուշանալը դիւրին է, գրում է Գրիգոր Մագիստրոսը, բայց սրանք մեր ցեղից են, խօսում են մեր լեզուով, ուստի և սրանց ճանաչելն ու սրանցից զգուշանալը դժուար է։
Ես չեմ տարածուելու և ժամանակ ու տեղ չեմ սպառելու միանգամայն հաւաստի վկայութիւնները ամբողջութեամբ ներկայացնելու համար, քանի որ արդէն իսկ յիշատակուածները բաւական են յաչս համոզուելու, թէ որպիսին է սովետական պատմագիտութեան «անաչառ» մեթոդը պատմական փաստերը կուսակցական գաղափարախօսութեանը հարմարեցնելիս։
Վերը յիշատակուած վկայութիւնները սովետական կեղծ պատմագիտութիւնը հերքում է մերկապարանոց յայտարարութիւններով, թէ՝ Գրիգոր Մագիստրոսը «զրպարտում է», նրա տեղեկութիւնները «շատ ընդհանուր են և մանուածապատ»։ Իսկ «կանանց բազմութեան հետ շնաւանների մէջ ապրելու» փաստը մեկնաբանում են իւրովի, հարմարեցնելով կոմունիստական գաղափարախօսական դրոյթներին, թէ «թոնդրակեանները հիմնել են իրենց համայնքները, որտեղ բոլորը, նաև տղամարդիկ և կանայք հաւասար էին համարւում»։ Նաև հրահանգում են, որ հայը չհաւատայ իր պատմիչին, քանի որ թոնդրակեան աղանդաւորների «անառակ և անբարոյական վարքի մասին Գրիգոր Մագիստրոսի ասածը պէտք է նկատուի յերիւրանք»։ Զարեհաւանցի Սմբատի մասին նրա բնորոշումները համարում են «զայրալից լուտանքներ»։ Այսինքն, ի՞նչ կարող ես անել, Գրիգոր Մագիստրոսն էլ ունի մարդկային թուլութիւններ և զայրոյթի պահին չի զսպել իրեն։ Աստծուն և ազգային դարաւոր աւանդները մերժող ու անցեալը հին համարելով՝ ամէնայն ազգային արժէքներ ոչնչացնող և ընկերային ու համայնական նոր հասարակութիւն կերտող Սմբատի վրայ հայհոյանքի տարափ է տեղացել, նրան անուանելով «չար գազան արիւնռուշտ, առնամոլ, վաւաշ, ցանկասէր, բորբորիտ (այսինքն՝ ախտաբարոյ, տականք), պիղծ, անիծեալ, չարութեան վիշապ, քարբի օձ, սատանայի ծառայ, Նեռի կարապետ, անաստուածութեան վարդապետ, անճոռնի ճոռոմաբան”։
Թոնդրակեան անաստուածութեան ու բարքերն ապականող աղանդը հայ միջնադարի «դասակարգային պայքարի բնոյթ ունեցող» յառաջադիմական ու իրատես շարժում անուանելով, սովետական պատմագիտութիւնը կեղծել է իրականութիւնը, արդէն 20-րդ դարում խնդիրն այնպէս ներկայացնելու նպատակով, թէ սոցիալիստական կարգերը, կումունիստական գաղափարներն ու աստուածամերժութեամբ՝ կռապաշտութիւնը հայի
գլխին պայթել են ոչ թէ որպէս օտարամուտ չարիք ու արհաւիրք, այլ եղել են առնուազն ազգային էութիւն։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացին նոյնպէս վկայող է։ Զարեհաւանցի Սմբատին նա անուանել է Նեռ և թոնդրակեան հերձուածի մասին գրել է. «և շների բոլուկ, և գողերի խումբ, և գայլերի ոհմակ, և դևերի դաս, բարբարոսների բոյլեր, և թունաւոր օձերի երամներ, և դաւանութիւն մարդադէմ գազանների և աղանդաւորների»։
Գրիգոր վարդապետ Նարեկացու հեղինակութեան դէմ ոչինչ չէր կարող անել սովետական պատմագիտութիւնը։ Նրան չէին կարող ներկայացնել որպէս զայրացած մի հայհոյող, կամ զրպարտող, կամ հերիւրող։ Հետևաբար պէտք է կիրառէին մի դէպքում իրական փաստը զեղծելու և մէկ այլ դէպքում Սուրբին կեղծիք վերագրելու միջոցները։
Այդ իսկ պատճառով շրջանառութեան մէջ նետուեց այն կեղծիքը, թէ 10-րդ դարում «թոնդրակեցիութեան կենտրոններից մէկը հանդիսացաւ հոգևոր պետերին մեծ անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը» և իբր Նարեկայ վանքի Սուրբ Գրիգորն էլ իր պապեղբօր Անանիա Նարեկացու հետ «կասկածուել է թոնդրակեցիութեան մէջ և նրանց դէմ հալածանք է յարուցուել»։ Դժուար չէ համոզուել, որ այս հպանցիկ ակնարկը դիւրահաւատ ընթերցողի մէջ ծնելու էր այն համոզումը, Նարեկայ վանքի Ուսուցիչները ևս հալածուել են Սմբատ Զարեհաւանցի Նեռին համահաւասար։ և Սմբատ Զարեհաւանցի Նեռն էլ, ուրեմն, սոսկ զրպարտուել է զայրացած ժամանակակիցներից։
Իսկ հապա Գրիգոր վարդապետ Նարեկացու վկայութի՞ւնը… Այստեղ է, որ ընթերցողին հիմարացնելու միտումը հասնում է անհեթեթութեան գագաթնակէտին, երբ պարզապէս ասում են, թէ Նարեկացին նրանց անուանարկում է «հակասութիւնների իր բանաստեղծական ոճով»։
Մի երրորդ հեղինակ, որ յանձն է առել վերլուծել Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու Աղօթքի Գիրքը հետևեալ կամայական զուգահեռն է անցկացնում հերձուածի հետ. «Թոնդրակեան աղանդը կոչ էր անում հաւասար իրաւունքներ տալ հոգուն ու մարմնին, չարհամարհել կեանքը և հոգալ նրա կարիքները։ Ճգնաւորի (նկատի ունի Սուրբ Գրիգոր վարդապետին) ասկետականութիւնը (ուզում է ասել ժուժկալ ապրելակերպը) և աշխատաւոր մարդու (այստեղ էլ նկատի ունի Նարեկացու կողմից «շների բոլուկ, դևերի դաս, թունաւոր օձերի երամներ…» ևն բնորոշուած թոնդրակեցիներին) իրապաշտ կենսասիրութիւնը բևեռային հակադրութիւններ էին։ Բայց հակադրութիւնները յաճախ խաչւում են։ Այս դէպքում ևս եզրերը դիպչում էին իրար, և փաստօրէն ստացւում էր նոյն արդիւնքը։ Երկուսն էլ ժխտում են կամայ թէ ակամայ եկեղեցական միջնորդ-փրկիչների կարիքը» (ՀԺՊ, հ. 2, էջ 335‐336)։
Բայց մեր ձեռքի տակ է, չէ՞, Նարեկացու նամակը։
Յետո՞յ ինչ… Խիղճը մարքս-լենինեան դասակարգային պատմագիտութեանը ծախած այս հեղինակը առանց դոյզն իսկ երկմտելու Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացուն նոյնացնում է թոնդրակեան անաստուածութեան ու այլասերութեան հետ՝ կոմկուսի գաղափարաբանութեան յանձնարարութիւնը լիարժէքօրէն իրականացնելու համար. «Եթէ Գրիգոր Նարեկացին յատուկ նամակով դատապարտեց թոնդրակեան ուսմունքն ու շարժումը, կարծես թէ իրեն այդ աղանդաւորականներից սահմանազատելու և հնարաւոր կասկածներից խուսափելու համար, ապա հէնց այդ նամակը վկայում է, որ նման կասկածներ և դրանց հետ կապուած մեղադրանքներ ”Նարեկի” հեղինակի հանդէպ հնարաւոր էին»։
Այսպիսով, Նարեկայ վանքի Սուրբին նոյնացնում են սովետական գաղափարայնացուած գիտութեան սպասարկողներին, որոնց անաստուածութիւնը նրանց հաւատն է, և կոմկուսը՝ նրանց կրօնը։
Թէև կուսակցական միտումնաւոր պատմագրութիւնը ամէն հնարաւոր ու անհեթեթ, բայց բոլոր դէպքերում պատմական վկայութիւնները կամայականօրէն մեկնաբանելով, Սուրբ Գրիգոր Նարեկացու անվերապահ հեղինակութեամբ փորձում է Հային «ճանաչելի դարձնել հասարակական զարգացման ամէնաբարձր աստիճանին՝ կոմունիզմին անցնելու անհրաժեշտութիւնը»։
Հետաքրքիրն այն է, որ պատմագիտութիւնը ասես կրակն է ընկել թոնդրակեան աղանդաւորութեան տարածուածութեան ձեռքը։ Մէկ անգամ աղանդաւորական քարոզչութեանը ժողովրդական շարժում անունով պիտակելով, այլևս չեն էլ մտածում եզրի և նրա իմաստի վրայ։ և մտածողութեան ծուլութեան հետևանքով փորձում են «տրամաբանական» զանազան ենթադրութիւններով պնդել իրենց աչառու եզրակացութիւնները։
Լէոն էլ իւրովի է բացատրել Սուրբ Գրիգոր վարդապետի տուած գնահատականը թոնդրակեան աղանդաւորներին, պնդելով, թէ Նարեկացիին այդ կարծիքին է մղել «կրօնական նախապաշարումը»։ Չմանրանանք այն խնդրի մէջ, թէ ինչո՞ւ է «կրօնական նախապաշարում» դիտւում Սուրբի հաւատը, Սուրբ, որ ոչ թէ ոտանաւորներ էր գրում վերջին յիսնամեակի սովետական պատմա-բանասէրներին կերակրելու նպատակով, այլ աղօթել էր սովորեցնում հայ-քրիստոնեային և, ինչպէս կը տեսնենք քիչ յետոյ, պաշտպանում էր քրիստոնէական դաւանութիւնն ու Տիեզերական Եկեղեցին։
Իսկ Լէոյի «տրամաբանական» պատմագիտութեան համաձայն, «Թոնդրակեցիութեան ամէնագլխաւոր պաշտպանը այդ — այսինքն «նրան անխնայ հալածող, բայց անզօր եկեղեցու» — հարձակումների դէմ այն է, որ նա դարձաւ ժողովրդական շարժում։ Իսկ այդպիսի բան չէր կարող պատահել, եթէ իրաւ որ նա բաղկացած լինէր միմիայն ոճիրից։ Անհնարին է, որ ոճիրը դառնայ ժողովուրդների պաշտամունքի առարկայ” “Լէո, ԵԺ, հ. 2, էջ 464)։
Նորէն աչքի անցկացնենք Գրիգոր Մագիստրոսի և Արիստակէս Լաստիւերցիի վկայութիւնները և չզարմանանք, որ նոյնպիսի ոճիրների զոհեր են դարձել մեր հարազատները և նոյնպիսի ոճիրների ականատեսներ ենք եղել մենք՝ սովետական իշխանութեան և կոմունիստական բռնատիրութեան մղձաւանջային տասնամեակներին, որոնք յագեցած Մարդկութեան դէմ իրականացուած ոճիրներով։ Նոյն սովետական իշխանութեան 1990-ին հրապարակուած տուեալներով բռնատիրութեան եօթանասուն տարիների ընթացքին բանտերի, աքսորների և ԳՈՒԼԱԳի մէջ ոչնչացուել են աւելի քան .100 միլիոն անմեղ մարդիկ՝ երիտասարդ ու ծեր, կին ու երեխայ… Իսկ բոլշևիկների անառակութեան, բարոյալքուածութեան ու անիրաւութիւնների մասին հատորներ են գրել ոչ միայն օտար, այլև սովետական բռնատիրութեան մէջ ապրած և բարոյական իրենց կողմնորոշումները պահպանած հեղինակները։
Չնայած այս իրողութեան, կոմունիստական գաղափարախօսութիւնը դարձաւ ժողովրդական կրօն։ Աւելին. ոչ միայն հասարակութեան, եթէ կ’ուզէք՝ ժողովրդի, այլև մտաւորականութեան մէջ շատերն են տառապում կարօտախտով և որպէս խորտակուած երջանկութիւն են կարծում մեր պատուազուրկ իրականութիւնը։ Ուրեմն, մեր իսկ փորձով գիտենք, որ՝ այո՛, ոճիրն ու ոճրագործ կռապաշտութիւնը կարող է դառնալ և դարձել է ժողովուրդների պաշտամունքի առարկայ։
Լևոն Խաչերեանը այս երևոյթը մեկնաբանել է՝ գրելով, թէ. «Վերացնելով մարդկութեան հազարամեակների կենսափորձով մտապատկերուած Աստծուն, առանձին ”աստուածներ“’ ու “աստուածիկներ“ են դառնում հէնց մարդիկ իրենք՝ իբրև առաջնորդներ, որոնք և, հեգնականօրէն, վատթարագոյնն են բոլոր աստուածներից, որ երբևէ կերտել է մարդկութիւնը» («Գրիգոր Պահլաւունի Մադիստրոս», էջ 2016, Լ.-Ա. 1987)։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.