Այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը, որը տևեց հենգ ժամից ավել։ Հանդիպմանը Կոնգրեսը ներկայացրել էր 85 էջից բաղկացած փաստաթուղթ, որում մանրամասն ներկայացվում է երկրի վիճակը:
Ինչպես ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` այնտեղ ներառված են այն բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է և իրավական, և քաղաքական ոչ-լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդական է և կոռումպացված ու հիմնավորվում է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Կոալիցիայի աշխատանքային խումբը խոստացել է քննարկել և օգոստոսի 16-ի հանդիպմանը ներկայացնել իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Այս ուրբաթ` օգոստոսի 13-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, չնայած նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանը` հանդիպումներ անցկացնել երեքշաբթի և ուրբաթ։
Ստորեւ ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրեսի կոլաիցիային ներկայացրած փաստաթղթի ամբողջական տեքստը:
Հայաստանում Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում
ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ. Երևան
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը, գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ներքաղաքական ճգնաժամի ու դրա ածանցյալ տնտեսական, սոցիալական եւ այլ ճգնաժամերի հիմքն է։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ իրավական հիմքով՝ երբ այն ձեռք է բերվում սահմանված օրենքների խախտմամբ, ընտրակեղծիքներով ու բռնություններով։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ նաեւ քաղաքական հիմքով՝ իբրեւ արդյունք իշխանության չարաշահման, հանցավորության, իշխանության սահմանադրական գործառույթների խեղման, ապօրինի կառավարման կամ կառավարման անկարողության, որոնք հանգեցնում են տնտեսության զարգացման խոչընդոտների ստեղծման, սոցիալական իրավիճակի սրման, ժողովրդավարության սահմանափակումների, մարդու իրավունքների ոտնահարումների, ժողովրդագրական վիճակի վատթարացման եւ այլն, իշխանության նկատմամբ հարուցում հասարակության դժգոհությունն ու անվստահությունը։ Երկու դեպքում էլ լեգիտիմության առաջացած ճգնաժամը լուծվում է արտահերթ ընտրություններով՝ ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ։
Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է եւ իրավական, եւ քաղաքական ոչ լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդավարական եւ կոռումպացված բնույթով։ Այն՝
· ձեւավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում,
· ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց,
· ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել Հայաստանի զինված ուժերը, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է,
· իրականացրել է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պարբերական խախտումներ,
· ամբողջությամբ, վերից վար կոռումպացված է եւ, չլինելով հաշվետու ժողովրդի առաջ, բացառապես սպասարկում է մի քանի բարձրագույն պաշտոնյաների եւ ապօրինի մենաշնորհային արտոնություններ վայելող օլիգարխների տնտեսական շահերը,
· երկրի խորհրդարանը` Ազագյին Ժողովը վերածել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, որում ընդգրկված պատգամավորների ճնշող մեծամասնությունը, Սահմանադրության խախտումով զուգահեռաբար զբաղվելով գործարար գործունեությամբ, ծառայեցնում է պետության օրենսդիր իշխանությունը սեփական հարստացման գործին,
· ձախողել է երկրի կառավարումը, արձանագրել տնտեսական աննախադեպ անկում, ստեղծել սոցիալական համատարած դժգոհություն, առաջացրել աղետալի չափերի հասնող արտագաղթ։
Ըստ այդմ՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ լեգիտիմ իշխանության հաստատումը հրատապ անհրաժեշտություն է, ինչին կարելի է հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ստորեւ ներկայացվում են Հայաստանում հաստատված հակադեմոկրատական իշխանական համակարգի ոչ լեգիտիմության բաղադրիչները` որպես այդ անհրաժեշտության հիմնավորումներ:
ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008թ. նախագահական ընտրություններում ընտրական իրավախախտումները, հանցագործությունները և կեղծիքները, լինելով աննախադեպ մասշտաբների, կրել են կազմակերպված բնույթ, և դրանում ներգրավված են եղել իշխանության բոլոր օղակները` գործադիր, օրենսդիր և դատական, ընտրական ինչպես նաև տարաբնույթ այլ գերատեսչություններ: Նախագահական ընտրություններում գործված կեղծիքները բազմիցս փաստվել են նախագահի թեկնածուների, տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների, վստահված անձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և պետական կառույցների կողմից: Այսպես.
1. Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը սահմանում է. «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»։ Օրենքի պահանջը իմպերատիվ է եւ որեւէ մեկնաբանության չի ենթարկվում։ Գործող նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրվեց եւ նախընտրական արշավը վարեց այդ պահանջի կոպիտ խախտմամբ. Սերժ Սարգսյանը միայն մի դեպքում կարող էր մասնակցել նախընտրական արշավին եւ քվեարկվեր՝ պահպանելով վարչապետի պաշտոնը եւ գործառույթը՝ եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ նա չուներ եւ ընտրություններին մասնակցեց որպես գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու։ Միայն այս փաստը բավարար է նրա ընտրությունը անօրինական, ոչ լեգիտիմ ճանաչելու համար։
2. Սահմանադրության 53.1 հոդվածը սահմանում է. «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։ Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ որոշումը։ Մինչդեռ ընտրական գործընթացի մաս հանդիսացող բողոքարկման քննարկումը Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ մարտի 5-ին՝ արտակարգ դրության պայմաններում։ Նման ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։
3. Սահմանադրական դատարանում խախտված էր կողմերի հավասարության սկզբունքը։ Արտակարգ դրությամբ մտցված լրատվական սահմանափակումները կողմերից մեկին՝ ընդդիմությանը իսպառ զրկել էին ՍԴ-ում հայցի քննարկման գործընթացի լուսաբանման հնարավորությունից։ Հավասարության սկզբունքը խատված էր նաեւ ՍԴ դատաքննության ընթացքում, քանի որ նույն՝ ընդդիմադիր կողմի ամենակարեւոր վկաները ձերբակալված էին կամ գտնվում էին հետախուզման մեջ։ Իսկ ընդդիմության նախագահի թեկնածուն մարտի 1-ից գտնվում էր փաստական տնային կալանքի տակ։
Վերոնշյալ հարցերը ընդդիմադիր թեկնածուի կողմից բարձրացվեցին Սահմանադրական դատարանում (5 մարտի, 2008թ.) որոնցից եւ ոչ մեկին դատարանը չանդրադարձավ իր որոշման մեջ։ Խուսափելով անդրադառնալ ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող անառարկելի փաստերին ու դրանք շրջանցելով՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, արձանագրեց դրանց անհերքելիությունը՝ դրանով իսկ լռելյայն անվավեր ճանաչեց ընտրությունները։ Մյուս կողմից՝ նա ցուցաբերեց իր անզորությունը արտակարգ դրության պայմաններում։ Նման պայմաններում ՍԴ կայացրած որոշումը չի կարող օրինական եւ իրավազոր համարվել եւ ճանաչվել նախագահի լեգիտիմության հիմք։
4. Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Պետությունը հավասար պայմաններ է ստեղծում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար»։ Ողջ ընտրարշավի ընթացքում խախտվել է նախագահի թեկնածուների հավասար քարոզչական հնարավորությունների սկզբունքը։ Այսպես՝ «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաստանի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշատակող՝ 16 դրական, 404 բացասական եւ 468 չեզոք հաղորդագրություն։[1] Բուն քարոզարշավի շրջանում (հունվարի21- փետրվարի 17) այդ թվերն ունեն այսպիսի պատկեր. Ս. Սարգսյանը հիշատակվել է 1384 անգամ, որից 264 անգամ դրական, 60 անգամ բացասական, 1066 անգամ չեզոք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակվել է 1232 անգամ, որից 22 դեպքում դրական, 406 անգամ բացասական, 804 անգամ չեզոք։ Բացի դա, որպես գործող վարչապետ, Ս. Սարգսյանն ունեցել է 17.045 վրկ. Լրացուցիչ խմբագրական լուսաբանում, Լեւոն Տեր-պետրոսյանը, բնականաբար՝ 0։ Պաշտոնական քարոզարշավի ընթացքում քարոզչական անհավասար հնարավորությունների մասին արձանագրվել է նաեւ ԵԽԽՎ/ԺՀՄԻԳ Վերջնական զեկույցում (30.05.2008թ). «ԿԸՀ-ն եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) չեն ապահովել, որպեսզի լրատվամիջոցները համապատասխանեն իրենց պարտավորություններին, եւ լրատվամիջոցների կողմնակալությունն ակներեւ է եղել։ Վարչապետ Սարգսյանի, այդ թվում նաեւ նրա պաշտոնական պարտականությունների լուսաբանումը բարենպաստ լույսի ներքո, նրան ոչ տեղին առավելություն շնորհեց։ Ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ունեցել է բացասական լուսաբանման մեծ ծավալ, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով»։ Նույն առիթով՝ «Վարչապետ Սարգսյանին շնորհված նպաստավոր վերաբերմունքը անհամատեղելի է պետության իրավական պահանջների հետ, համաձայն որոնց՝ պետք է ստեղծվեն քարոզչության հավասար պայմաններ, եւ պաշտոնյաները պետք է զերծ մնան քաղաքացիների ազատ կամքի վրա ազդելու իրենց իշխանության օգտագործումից»։ Այդ մասին խոսվում է ԵԽԽՎ 1609 բանաձեւում՝ արձանագրելով, որ «թեկնածուների համար քարոզարշավի իրականացման պայմաններն անհավասար էին», իսկ ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. տարեկան զեկույցը, որպես ընտրությունների կեղծման մի ատրիբուտ, համարում է «իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը» լրատվամիջոցներով ։
5. 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկությանը մասնակցածների թիվը՝ շուրջ 1.100000։ Մեկ ժամ անց՝ ժամը 20-ին, քվերկաության ավարտին, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը դարձավ 1.671000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերից յուրաքանչուրում միջին հաշվով քվեարկել էր 100.000 մարդ, վերջին մեկ ժամում՝ գրեթե 6 անգամ ավելի՝ 571.100։ Իսկ եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն ըստ էության ավարտվում է արդեն իսկ օրվա առաջին կեսին, ապա 1000 տեղամասը (ժամում 571 մարդ) ոչ մի հաշվարկով չէր կարող սպասարկել 571.000 մարդուն ։ (Հիշեցնենք, որ հենց ընտրական տեղամասերի թողունակությունը նկատի ունենալով է, որ ընտրական տեղամասերում ընտրողների թիվը նախկին 3000-ից իջեցվեց 2000-ի՝ մեկ ժամի հաշվարկով նրանց թողունակությունը գնահատելով առավելագույնը 165 մարդ)։ Տվյալ դեպքում առեղծվածն այլ բան չէ, քան մոտ 500.000 այն մարդկանց ձայների կեղծումը, որոնք մշտապես բացակայում են երկրից, բայց, հաշվառումից դուրս եկած չլինելով, արտահայտված են ընտրացուցակներում։ Միայն այս հանգամանքը, չհաշված այլ տիպի օրինախախտումները, իշխանական թեկնածուի համար ապահովել է մինչեւ 40% կեղծված ձայն՝ քվեարկության մասնակիցների արձանագրված թվից։ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում արձանագրված դիտարկումը, թե այս ընտրությունն ունեցել է «մասնակցության կասկածելիորեն բարձր թիվ»՝ մեկնաբանելի է հենց այս կոնտեքստում։
6. Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, ընտրական թիմի ակտիվիստների նկատմամբ քարոզարշավի ընթացքում, ընտրության օրը եւ դրանց հետո, մասնավորապես՝ մարտի 1-ի իրադարձությունների առիթով իշխանության կողմից իրականացվել են ահաբեկումներ եւ բռնություններ։ Ընտրության օրը շատ տեղամասերից դուրս են քշվել վստահված անձինք, նույնիսկ՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ, դիտորդներ, լրագրողներ կամ խոչընդոտվել, խափանվել է նրանց աշխատանքը։ 150-ից ավելի մարդ ձերբակալվել է, հարյուրավորներ ենթարկվել են հալածանքների, հազարավոր մարդիկ ենթարկվել են խուզարկությունների եւ տարաբնույթ հետապնդումների։ Այս ամենն ունեցել է զուտ քաղաքական դրդապատճառ՝ նպատակաուղղված իշխանության թեկնածուի հաղթանակի ապահովմանը եւ պահպանմանը։
7. Բացի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից, նրան պաշտպանող երկու տասնյակ քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, հարյուրհազարավոր քաղաքացիներից, ընտրությունները եւ դրանց արդյունքները կեղծված ճանաչեցին նաեւ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների թեկնածուները։ Դա արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ ՕԵԿ-ի ներկայացուցիչն այդ մասին հայտարարեց Համաժողովրդական շարժման տասնօրյա հետընտրական հանրահավաքներից մեկում (փետրվարի 21-ին)։ Դաշնակցության թեկնածու Վ. Հովհաննիսյանը, որպես բողոքի նշան, հրաժարական ներկայացրեց ԱԺ փոխնախագահի իր զբաղեցրած պաշտոնից 2008թ. փետրվարի 22-ին, իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը փետրվարի 24-ին հրաժարվեց ստորագրել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը՝ դրա տվյալները համարելով կեղծված։ Այսպիսով, անգամ համաձայն պաշտոնական տվյալների` մոտ 45% ձայն հավաքած ուժերը չեն ճանաչել ընտրությունների արդյունքները:
8. Եւրոպական դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման բազմաթիվ դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության Վերջնական զեկույցում[2] արձանագրված է մասնավորապես.
— «Գործող կառավարությունը, այդ թվում նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, եւ նախագահ Ռ. Քոչարյանը, զգալի առավելություն ունեին ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նշանակումների թվի մեջ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական վարչարարության անկախության եւ անկողմնակալության վերաբերյալ»։
— «Պարոն Սարգսյանը լրացուցիչ հասարակայնություն եւ քարոզչական առավելություն ստացավ իր պաշտոնական դիրքի միջոցով»։
— «Որոշ տեղերում ակնառու են եղել ահաբեկման դեպքեր, գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու փորձեր, եւ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքել ընտրությունների օրը եւ դրանից հետո հայտնված այս խնդիրներին։ Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ցանկացել գրանցել պաշտոնական բողոքները»։
— «Հակասություններ են եղել քվեաթերթիկների վավերության որոշման մեջ, դժկամություն նշված քվեաթերթիկները ցույց տալու գործում, մի թեկնածուի քվեաթերթիկի վերագրում մի այլ թեկնածուի, արձանագրությունների ստորագրում մինչ հաշվարկի ավարտը, չլրացված արձանագրությունների ստորագրում, արձանագրությունների մեջ տվյալների փոփոխում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով արձանագրությունների հանրային ցուցադրման ձախողման դեպքեր»։
— «Ընտրական նյութերի առաքումը չկնքված փաթեթներում, թեկնածուների վստահված անձանց կողմից հանձնաժողովի անդամի գործառույթի իրականացում, ամփոփման սխալների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցում, ինչպես նաեւ դիտորդներին արձանագրությունները ցույց չտալը։ ՏԸՀ արդյունքների վերահաշվարկի բազմաթիվ պահանջներ են եղել, որոնց մի մասը մերժվել է ԸԸՀ-ի կողմից առանց հիմնավոր պատճառի»։
— «ԿԸՀ-ի կողմից բողոքների վարումը թափանցիկ չի եղել։ Հիմնականում բողոքների քննարկումը ԿԸՀ-ը կազմակերպել է ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց վստահված անձինք, դիտորդները եւ լրատվամիջոցները հրավիրված չեն եղել եւ մերժել է դրանք առանց համապատասխան քննության»։
— «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին, որոշ պարտավորությունների նկատմամբ ի հայտ եկան լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրությունների օրվանից հետո։ Սա ժողովրդավարական ընտրությունների համար էական չափանիշների նկատմամբ ցուցաբերեց անբավարար հարգանք եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»։
Դիտորդական առաքելության Վերջնական զեկույցն արձանագրում է, որ իրենց կողմից վերահսկված ընտրական տեղամասերի 16%-ում ընտրություններն անցել են «վատ» կամ «շատ վատ»։ Հասկանալի է, անշուշտ, որ արտասահմանյան դիտորդների վերահսկած ընտրատեղամասերում ընտրակեղծարարները շատ ավելի կաշկանդված են եղել։ Բայց եթե անգամ այս 16%-ը տարածենք ողջ հանրապետության վրա (պայմանականորեն համարելով, որ մնացած 84%-ում ընտրություններն իդեալական են անցել) իսկ «վատ» եւ «շատ վատ» գնահատականների տակ դնենք նվազագույն՝ 100-150 կեղծված ձայն, ապա սա միայն բավարար է Ս. Սարգսյանի ընտրված չլինելը թվաբանորեն փաստելու համար։ Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի՝ խախտումներն «արժեզրկեցին ամբողջ ընտրական գործընթացը» գնահատականը կեղծված ձայների շատ ավելի մեծ քանակ է ենթադրում, եւ անհեթեթ կլիներ, եթե դրա տակ ձայների ընդամենը 2,5% կեղծիք ենթադրվեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկ պահանջող դիմումներից մեկը բավարարվեց 9-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում։ Վերահաշվարկով պարզվեց, որ Ս. Սարգսյանի օգտին առանձնացված 709 քվեաթերթիկներից միայն 376-ն են նրա օգտին քվեարկված, 333-ը նրա տրցակի մեջ դրվել էր տարբեր թեկնածուների, մեծագույն մասը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Վերահաշվարկի այս ճշգրտված տվյալներով պաշտոնական արձանագրությունը հրապարակվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Վերահաշվարկի երկրորդ փորձը կատարվեց Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում, որտեղ սակայն վերահաշվարկը դեռ չսկսված, նրանց առջեւից սեղանի վրայից հափշտակվեց եւ առեւանգվեց փաստաթղթերի պարկը։ Այլեւս որեւէ տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վերահաշվարկի հնարավորություն չտրվեց։ Մյուս թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված ստուգումները կրել են ձեւական բնույթ։
9. Ընտրակեղծիքների մասին փաստագրումները տեղ են գտել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 2008 Հայաստանին վերաբերող զեկույցներում։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների 2008թ. զեկույցում արձանագրված է.
«2008թ. նախագահական ընտրությունները նշանակալիորեն կեղծված էին։ Խնդիրները ներառում էին իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը, լցոնումների դեպքերը, փողով ձայների գնումը, բազմակի քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց նկատմամբ բռնությունը եւ քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվը»։ Իսկ ընտրությունները գնահատվում են ոչ այլ կերպ, քան «նշանակալիորեն արատավոր» (significantly flawed)։
Այս դեպքում եւս՝ նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընդամենը անհրաժեշտ ձայներից 2.5% ավելի, ապա «նշանակալիորեն կեղծված», «նշանակալիորեն արատավոր» կոշտ որակումները եւ արտահայտած տարակուսանքը «քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թվի» վերաբերյալ ամենեւին համարժեք չեն ընդամենը 2,5% խախտումների։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն այդպես էլ շնորհավորական ուղերձ չհղեց Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, անշուշտ, նրա, ըստ էության, ընտրված չլինելու հանգամանքը։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի 2010թ. զեկույց. «Ս. Սարգսյանն ստանձնեց նախագահի պաշտոնը նշանակալիորեն կեղծված ընտրություններից հետո։ Քաղաքացիների իրավունքը՝ փոխել իշխանություններին խաղաղ ընտրություններով, սահմանափակված է շարունակական, նշանակալի ընտրակեղծիքներով ուղեկցվող ընտրություններով, ներառյալ՝ հունվարին տեղի ունեցած վերընտրությունները խորհրդարանական թափուր տեղի համար»։
10. Ընտրությունների կեծված լինելը հիմնավորվում է նաեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների գիտական վերլուծությամբ։ Policy Forum Armenia կազմակերպության հրապարակած զեկույցը ուշադրություն է հրավիրում 2008թ. ընտրությունների պաշտոնական արդյունքների չորս աղաղակող վիճակագրական անոմալիաների վրա։[3]
— Ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության վիճակագրական ստանդարտ ակնկալիքն ունենում է մաթեմատիկայում հայտնի, այսպես կոչված, «գաուսյան բաշխման» տեսք։ 2008թ. նախագահական ընտրությունների պարագայում գաուսյան կորի համապատասխան հատվածում անձանագրվել է անբնական շեղում վիճակագրական նորմայից՝ ցույց տալով ընտրողների շատ բարձր մասնակցությամբ ընտրատեղամասերի անհավանականորեն բարձր թիվ, ինչը կարող է բացատրվել միայն լայնածավալ, նպատակաուղղված արհեստական միջամտությամբ, այսինքն՝ կեղծարարությամբ։ Մասնավորապես, անհավանան է այն հանգամանքը, որ 129 տեղամասերում ընտրողների քանակը գերազանցել է 90%-ը, իսկ 6 տեղամասերում գրանցվել է 100% մասնակցություն։
— Գաուսյան բաշխման տեսք պետք է ունենա նաեւ թեկնածուների ստացած ձայների բաշխումը, այնինչ 2008թ. ընտրություններում չափազանց մեծ թվով ընտրատեղամասերում Ս. Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եղել է խիստ բարձր եւ գաուսյան բաշխումից տարբեր։ Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղել են չափազանց մեծ թվով ընտրատեղամասեր, որտեղ նա ստացել է շատ փոքր թվով ձայներ (իսկ 45 ընտրատեղամասում նա ստացել է 0 ձայն), ինչը նույնպես չափազանց տարբեր է վիճակագրական ակնկալիքից։ Այստեղ հետաքրքիր է նշել, որ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ստացած ձայների բաշխումը ունի գաուսյան բաշխման տեսք առանց նմանօրինակ որեւէ շեղման, ինչը ցույց է տալիս, որ այլ թեկնածուների քվեներից ՝ գլխավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեների հաշվին են կատարվել կեղծիքները հօգուտ Ս. Սարգսյանի։
— Ըստ վիճակագրական ստանդարտ ակնկալիքի՝ թեկնածուների ստացած ձայների տոկոսը որեւէ կախվածություն չպետք է ունենա տվյալ տեղամասում ընտրողների մասնակցության թվից. 2008թ. ընտրությունների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր մասնակցության ընտրատեղամասերում մեծանում է Սերժ Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եւ փոքրանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայների տոկոսը։ Այս դեպքում եւս Ա. Բաղդասարյանի եւ Վ. Հովհաննիսյանի ստացած ձայների տոկոսը ընտրողների մասնակցության թվից որեւէ կախվածություն չունի եւ բավարարում է գիտական այս մեթոդաբանության պահանջներին։
— Որեւէ վիճակագրական փոխկապվածություն (կոռելյացիա) չպետք է լինի նաեւ անվավեր ընտրաթերթիկների քանակի եւ թեկնածուների ստացած ձայների տոկոսների միջեւ։ Վիճակագրական վերլուծությունը, սակայն, բացահատում է, որ այն տեղամասերում, որտեղ շատ քիչ են եղել անվավեր թերթիկներ, շատ բարձր է եղել Ս. Սարգսյանի օգտին քվեարկածների տոկոսը, ինչը նույնպես ապացուցում է արհեստական, ապօրինի միջամտությունները հօգուտ Սերժ Սարգսյանի։
Այսպիսով, արձանագրված փաստերը և վերլուծությունները միանշանակ կերպով վկայում են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ` համաձայն Սահմանադրության և օրինական ընթացակարգերի, ուստի Հայաստանում այս պահին գոյություն չունի ընտրված և լեգիտիմ նախագահական իշխանություն:
ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՍՊԱՆԴ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿՈՒՄ
Որևէ իշխանություն դադարում է լեգիտիմ լինել, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: Արյան, ոճրագործության, բռնության վրա հիմնված իշխանությունը անմիջապես օտարվում է սեփական ժողովրդից: Մարտիմեկյան սպանդը այս ամենի դասական օրինակ է: Այսպես.
1. 2008 թ. փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել ամենօրյա ցույցեր նախագահական ընտրություններում աղաղակող կեղծիքներով արձանագրված արդյունքների բողոքարկման նպատակով: Տասնօրյա ցույցերը եւ երթերը, որոնց մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ, աչքի ընկան բարձր կազմակերպվածությամբ եւ բացառապես խաղաղ բնույթով: Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերի եւ երթերի ընթացքում չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որեւէ դեպք: Այդ մասին համապատասխան գնահատականներով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերդտ Արենսը («Մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ», «Ազատություն» ռադիոկայան, 29.02.2008) եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը («Հավաքների ազատության խաղաղ դրսեւորումը, գումարած՝ բազմության արդյունավետ եւ ոչ բռնի կառավարումը, նշանակալի ձեռքբերում են եւ ժողովրդավարության առաջընթացի նշան», 2008թ. փետրվարի 29): Պատահական չէ, որ հետագայում ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք: Չնայած ցույցերի բացառապես օրինական եւ խաղաղ բնույթին, Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ քաղաքական երկխոսությամբ եւ խաղաղ բանակցություններով կարգավորելուց եւ որոշում ընդունեցին ժողովրդի օրինական բողոքը բռնի ուժով ճնշելու մասին: Ուժային մեթոդների ապօրինի գործադրման հիմնական պատճառը ընտրության արդյունքներն իրավական ճանապարհով հիմնավորելու եւ վավերացնելու հարցում՝ իշխանություն մտավախությունն էր ։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց նախազգուշացման, Ազատության հրապարակում բողոքի խաղաղ նստացույցը ենթարկվեց ոստիկանական ուժերի գրոհի եւ ջարդի։ Նույն օրը երեկոյան այլ տեղում հավաքված խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեց հրազեն, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 10 մարդ։
2. Իշխանությունները, մինչ ոստիկանական գործողություններ ծավալելը, ոչ մի քայլ չեն արել ընդդիմության հետ շփման մեջ մտնելու եւ լուրջ քաղաքական բանակցություններ սկսելու համար: Իսկ երբ ավելի ուշ, Մարտի 1-ին, ժամը 14:00-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նման բանակցությունների առաջարկ արվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին, այն անմիջապես մերժվեց: Հետագայում, օրվա ընթացքում, երբ բազմության քանակն արագորեն աճում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ եւ մի շարք արեւմտյան դիվանագետների միջնորդությամբ վերջապես տեղի ունեցան նման բանակցություններ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ՝ իրենց անվտանգության ծառայությունների պետերի միջոցով: Այնուամենայնիվ, ժամը 21:00-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, կառավարական անվտանգության ուժերը, առանց որեւէ զգուշացման, կրկին հարձակվեցին ցուցարարների վրա: Դա վկայում է, որ, բանակցություն վարելով, կառավարությունը ժամանակ էր շահում վերախմբավորելու, նախապատրաստելու իր անվտանգության ուժերը եւ ոստիկանությանը կցված հրոսակների խմբերը՝ նոր հարձակումների համար:
3. Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման եւ սպանությունների մեղավորներին պատժելու նպատակով Հայ ազգային կոնգրեսը իր հիմնադիր հռչակագրում, որպես ամենակարեւոր նպատակներից մեկը հայտարարեց «Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ Մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ քննության իրականացումը»: Կոնգրեսը այժմ էլ վստահ է, որ իրապես անկախ, անկողմնակալ եւ թափանցիկ քննություն կարող է կատարել միայն իշխանության եւ ընդդիմության հավասար ներկայացվածությամբ, ինչպես նաեւ` միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ կազմված իրավասու մի մարմին:
4. Հայ ազգային կոնգրեսը եւ Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը համաձայնեցին մասնակցել 2008թ. հոկտեմբերի 23-ի նախագահական որոշմամբ ստեղծված Փաստահավաք խմբի (այսուհետեւ՝ ՓՀԽ) աշխատանքներին: ՓՀԽ-ն ստեղծվեց իշխող կոալիցիայի եւ ընդդիմության հավասար ներկայացվածության սկզբունքի հիման վրա, թեեւ այդ որոշումը չէր ապահովում ո՛չ ՓՀԽ-ի աշխատանքների թափանցիկությունը, ո՛չ էլ միջազգային փորձագետների ներկայությունը:
5. ՓՀԽ-ն բավականին արդյունավետ գործեց 2008թ. նոյեմբերից մինչեւ 2009թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում ՓՀԽ կողմից շուրջ 160 գրավոր հարցում է ուղարկվել տարբեր պետական կառույցների, որոնք առնչվում էին Մարտի 1-ի դեպքերին: Հարցաքննվել են ոստիկանության եւ բանակի 70 սպաներ: ՓՀԽ-ի կողմից ներկայացված քննության նյութերը բաղկացած են հարցաքննությունների 80-ժամյա տեսանյութերից, վկաներից հավաքված, դեպքերին առնչվող ավելի քան 100 տեսաձայնագրություններց, 2600 էջանոց փաստաթղթերից, ներառյալ` հարցումները եւ պաշտոնական պատասխանները:
6. Իշխանություններն, այնուամենայնիվ, տարբեր ձեւերով խոչընդոտեցին ՓՀԽ-ի աշխատանքները, մասնավորապես, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվեցին ՓՀԽ-ին վկայություններ տալուց (ամենակարեւորը` Պետական ապահովության ծառայության ներկայիս պետ Հայկ Հարությունյանը, ով ՀՀ ոստիկանապետն էր Մարտի 1-ի դեպքերի ժամանակ), թույլ չտրվեց ստուգում անցկացնել ռազմական պահեստներում, թեեւ հիմնավոր կասկածներ կային, որ 2008թ. մարտի 1-ին այդ պահեստներից համազգեստ է բաժանվել ապօրինի խմբավորումներին: Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել այն հարցումներին, որոնք վերաբերում էին բանակային ստորաբաժանումների մասնակցությանը մարտիմեկյան դեպքերին, Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվեց ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող, Մարտի 1-ին վերաբերող տեսանյութերը, հրաժարվեց նաեւ տրամադրել փետրվարի 28-29-ին վերաբերող այն օպերատիվ տեղեկատվությունը, որն, ըստ ոստիկանության պնդումների, Մարտի 1-ի ոստիկանության գործողությունների ծավալման հիմք էր հանդիսացել: ՓՀԽ-ին թույլ չտրվեց հետազոտել այն փաստական ապացույցները, որ ոստիկանությունը ձեռք էր բերել 2008թ. մարտի 1-ին, ՓՀԽ-ին հրաժարվեցին տրամադրել Մարտի 1-ին ոստիկանության կողմից օգտագործված հրաձգային (բալիստիկ) զենքի քննության հաշվետվությունը: Սկսած 2009 թ. ապրիլի 22-ից՝ բոլոր պետական մարմինները հրաժարվեցին գրավոր պատասխան տալ կատարվող հարցումներին, իսկ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 18-ը թույլ չտրվեց ՓՀԽ-ի ընդդիմադիր անդամների մուտքը իրենց աշխատավայր:
7. Տարբեր պատճառաբանություններով ընդհատվեցին ՓՀԽ-ի աշխատանքներն անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս 2009թ. ապրիլի 22-ին հրապարակեց իր առաջին զեկույցը, իսկ Խումբը վերջնականապես լուծարվեց 2009թ. հունիսի 6-ի նախագահական որոշումով: Զեկույցը հետաքննել էր 2008թ. մարտի 1-ին ոստիկանության կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները: Հայտնաբերվել էր, որ մահվան հանգամանքների լուրջ իրավական եւ գործընթացային խախտումներով վարած պաշտոնական հետաքննության նպատակն է եղել պաշտպանել մահվան հանգամանքների պաշտոնապես ներկայացված տարբերակը, համաձայն որի՝ կապիտանը, իբր, մահացել էր ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունի հետեւանքով:
8. Խմբի աշխատանքներն արդյունավետ են եղել մինչեւ այն պահը, քանի դեռ չէր հրապարակվել վերը նշված առաջին զեկույցը, որով կասկածի տակ էր դրվում դեպքերի պաշտոնական վարկածը: Այդ պահից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ով ընդդիմության ներկայացուցիչ անդամների հետ միասին ստորագրել էր այդ զեկույցը, դարձավ իշխանությունների կողմից ճնշումների առարկա, ինչի հետեւանքով նա վերջնականապես հրաժարվեց մասնակցել ՓՀԽ աշխատանքներին: Չնայած այն բանին, որ դրան հաջորդեցին նաեւ իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականները, ընդդիմության երկու ներկայացուցիչները շարունակեցին իրենց աշխատանքները եւ 2009թ. հունիսի 4-ին, նախագահական որոշմամբ Խմբի լուծարումից ճիշտ երկու օր առաջ, հրապարակեցին մեկ այլ զեկույց՝ հիմնված ՓՀԽ-ի ձեռք բերած փաստերի վրա:
9. Երկրորդ զեկույցն ամփոփում էր Ոստիկանության Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պաշտոնական քննության նյութերի հետազոտությունը: Այն ընդգրկում է անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Տիգրան Աբգարյանին սկզբում ենթարկել են դաժան ծեծի եւ հետո սպանել ընդհուպ կրակոցներով: Ձեռք բերած փաստերը եւ դրանց մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը միտումնավոր կեղծել է փաստական ապացույցները եւ թաքցրել ճշմարտությունը, որպեսզի դրանք հարմարեցնի պաշտոնական վարկածին, համաձայն որի՝ 2008թ. մարտի 1-ին ցուցարարներն օգտագործել են հրազեն, եւ որ հեռու տարածությունից արված այդպիսի մի կրակոցից էլ զոհվել է Ներքին զորքերի զինծառայողը: Մամուլում հրապարակված այն մեղադրանքները, թե Տիգրան Աբգարյանը, հավանաբար, մահապատժի է ենթարկվել իր իսկ հրամանատարների կողմից, հաստատվում է այն փաստով, որ նա բռնության է ենթարկվել եւ ապա ընդհուպ կրակոցով սպանվել այն վայրում, որտեղ շրջապատված էր եղել իր ծառայակից ջոկատայիններով։ Չնայած ՓՀԽ-ի կողմից ձեռք բերված նյութերն ուղարկվել էին Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փաստերի այդ հսկայական քանակը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել, վերլուծվել եւ համադրվել:
10. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը /այսուհետեւ` Հանձնաժողով/ ցուցադրել է կողմնակալ եւ աչառու վերաբերմունք՝ փորձելով ամեն գնով պաշտպանել 2008թ. մարտի 1-ի դեպքերին առնչվող պաշտոնական վարկածը, անտեսել է փաստացի վկայությունները, խուսափել է իշխանություններին քննադատելուց՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով քննության վստահելիությունը:
11. Հանձնաժողովի զեկույցի՝ «2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ» գլխում ոստիկանության գործողությունները ներկայացված են որպես «տեղանքի զննում», որոնք հետագայում, իբր, բախվելով ցուցարարների դիմադրությանը վերածվել են «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման»: Հանձնաժողովը չի անդրադարձել այն հակասություններին եւ անհամապատասխանություններին, որ գոյություն ունեին պետական պատկան մարմինների պաշտոնական փաստաթղթերում եւ ոստիկանական պաշտոնյաների վկայություններում: Թեեւ սկզբնական շրջանի որոշ պաշտոնական փաստաթղթերում ոստիկանական գործողությունները ներկայացված են որպես «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցում», սկզբնական շրջանի այլ փաստաթղթերում դրանք նկարագրվում են որպես «օպերատիվ գործողություն՝ ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու համար»: Քանի որ այս երկու տարբերակներն էլ բացահայտորեն հակասում էին օրենքին, ավելի ուշ իշխանությունները ներկայացրեցին ոստիկանության առաջին գործողությունը որպես «տեղանքի զննություն»: Այս տարբերակը, նույնպես որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ այսպիսի գործողությունները նախատեսում են գաղտնի դիտարկում ոստիկանության մասնագիտացված սպաների կողմից, բայց ոչ երբեք համազգեստավոր ոստիկանների կամ հատուկ ջոկատայինների ներկայությամբ: Բացի դրանից, չկար ժամանակային տարբերություն «տեղանքի զննության» եւ «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման» միջեւ, որն ապացուցում է, որ ուժի օգտագործմամբ ցուցարարների ցրումը նախօրոք պլանավորած էր: Խախտելով օրենքը՝ ոստիկանությունն առանց զգուշացման հարձակվել է ցուցարարների վրա առավոտյան ժամը 6:20-ին, երբ դեռ լույսը չէր բացվել: Հեռուստալրագրողների եւ ականատեսների կողմից արված բազմաթիվ տեսաձայնագրություններ առգրավվել եւ ոչնչացվել են ոստիկանության կողմից: Չնայած ՓՀԽ-ը Հանձնաժողովին էր ուղարկել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության տեսագրված նյութեր, ինչպես նաեւ ոստիկանությանը եւ այլ պետական պատկան մարմիններին ուղղված գրավոր հարցումները եւ նրանցից ստացված պատասխանները, այդ նյութերից որեւէ մեկը չի ուսումնասիրվել, չի վերլուծվել կամ համադրվել Հանձնաժողովի զեկույցում:
12. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության եւ անվտանգության կառույցների գործողությունները, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելը, ընդդիմության մի քանի հայտնի առաջնորդների ձերբակալությունները եւ բազմության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ աուդիոսարքավորումների ոչնչացումն ապացուցում են, որ իշխանությունների գործողությունների նպատակն էր ոչնչացնել բազմությունը անհրաժեշտ հսկողության տակ պահելու՝ ընդդիմության կարողությունը, եւ որ իշխանությունները հետապնդել են խաղաղ ու կազմակերպված հանրահավաքները քաոսի եւ զանգվածային անկարգությունների վերածելու նպատակ: Ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու՝ իշխանությունների վերը նշված անպատրաստակամության հետ մեկտեղ՝ այս ամենը պարզորեն ցույց է տալիս, որ ճգնաժամի հենց սկզբից երկրի քաղաքական ղեկավարները ցանկացել են ստեղծված ճգնաժամը լուծել ոչ թե բանակցությունների, այլ ուժով այն ճնշելու միջոցով:
13. Ոչ մի դատավարություն չի բացահայտել որեւէ կապ ընդդիմության եւ խանութները թալանողների միջեւ: Երեք կողոպտիչներ իրենց դատավարության ժամանակ վկայել են, որ իրենք եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Հանձնաժողովը մեքենաները հրկիզելու եւ խանութները թալանելու մեղքը գցել էր ընդդիմության վրա՝ առանց որեւէ փաստական ապացույցի: Մինչդեռ ոչ ոք չի մեղադրվել կամ դատապարտվել մեքենաներ հրկիզելու համար: ՓՀԽ-ը ներկայացրել էր տեսագրված նյութեր թե՛ մեքենաներ հրկիզելու եւ թե՛ կողոպուտի վերաբերյալ՝ բացահայտելով, որ այդ գործողությունները կատարվել են ոստիկանության աչքի առջեւ, որոնք հանգիստ կանգնած են եղել եւ չեն միջամտել: Տեսանյութերում որոշ կողոպտիչներ կրում են համազգեստներ: Հանձնաժողովը չի ուսումնասիրել այդ ապացույցները եւ որեւէ կերպ չի անդրադարձել դրանց:
14. ՓՀԽ-ն ուսումնասիրել է նաեւ Պաշտպանության նախարարության տեխնիկական սպասարկման ռազմական պահեստից գաղտնազերծված մի փաստաթուղթ, ըստ որի՝ մարտի 1-ին 950 համազգեստ եւ 140 ռազմական գլխարկ է տրամադրվել հինգ բարձրաստիճան պաշտոնյաների (Վարչապետի անվտանգության ծառայության պետին, փոխվարչապետին, Սյունիքի մարզպետին, Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետին, Երեւանի Էրեբունու թաղապետին) եւ իշխանություններին մոտ կանգնած չորս մեծահարուստ պատգամավորների: Ընդդիմությունը հաստատում է, որ այդ համազգեստները եւ գլխարկներն օգտագործվել են անօրինական զինված խմբավորումները հանդերձավորելու համար, որոնց նպատակն է եղել աջակցելու կառավարության անվտանգության ուժերին՝ բողոքի ցույցերն ուժով ճնշելու գործում: ՓՀԽ-ն փորձել է ձեռնարկել պահեստի ստուգում, սակայն նրանց արգելել են մուտք գործել պահեստ՝ խախտելով ՓՀԽ-ի ձեւավորման նախագահական որոշման դրույթները: Այնուհետեւ ՓՀԽ-ի երկու ընդդիմադիր ներկայացուցիչները Հանձնաժողովին են ուղարկել հատուկ զեկույց՝ վերը նշված փաստաթղթի հետազոտման կապակցությամբ: Հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ՓՀԽ-ի երկու անդամների այդ հատուկ զեկույցը իր հաշվետվություն մեջ:
15. Ընդդիմության կողմից կազմակերպված հզոր եւ խաղաղ հանրահավաքներին բախվելով՝ իշխանությունները որոշել էին ճնշել այդ բողոքի ցույցերը ուժի գործադրմամբ եւ այդ նպատակով կատարել էին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Ուժային գործողություններով իշխանությունները ցանկացել են քաոսի եւ անկարգության վերածել բողոքի ցույցերը եւ անգամ բեմականացրել են մեքենաների հրկիզում եւ խանութների թալան` արտակարգ դրության հայտարարման եւ ոչ համարժեք ուժի գործադրման համար իրավական եւ բարոյական հիմքեր ստեղծելու նպատակով:
16. 2008թ. մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել միայն մի քանի ամիս անց: Սպանվածները ճանաչվել են տուժող, իսկ նրանց հարազատները` որպես տուժողի իրավահաջորդ, միայն դեպքերից 5 ամիս անց եւ միայն հանրային ճնշումների արդյունքում: Մինչ օրս ոչ՛ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ո՛չ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ո՛չ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ չնայած այն փաստին, որ սպանություններին ականատես են եղել հարյուրավոր քաղաքացիներ եւ ոստիկաններ, եւ չնայած այ փաստին, որ դեպքերի մեծ մասում առկա է տեսագրությունը: 9 զոհերի հարազատները դիմել են գլխավոր դատախազի գրասենյակ՝ բողոքարկելու Հատուկ քննչական վարչության անգործությունը եւ պահանջել են վարել պատշաճ քննություն: Տեխնիկական պատճառներ առաջ քաշելով` դատախազի գրասենյակը ուշացրել է վերաքննության դիմումի գրանցումը, որից հետո չի նախաձեռնել որեւէ քննություն: ՓՀԽ-ի կողմից երկու ոստիկանների եւ երեք քաղաքացիների սպանության գործերի քննությունը բացահայտեց քննչական մարմինների բազմաթիվ ընթացակարգային եւ օրենքի դիտավորյալ խախտումներ, որոնք իրականությունը թաքցնելու ակնհայտ և հանցավոր նպատակ են ունեցել:
17. Սպանությունների չբացահայտման խնդիրը լրջագույն հարված է հասցրել իշխանությունների լեգիտիմությանը նաեւ միջազգային ասպարեզում: Վերջերս ԵԽ եւ այլ կառույցների փաստաթղթերում դրանց բացահայտման պահանջը դարձել է առանցքային։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի ս.թ. ապրիլի 14-ի զեկույցից. «2008թ. մարտի իրադարձություններում իրենց դերակատարման համար որոշ անձանց շարունակվող ազատազրկումը, ինչպես նաեւ այդ իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած 10 մահվան դեպքերի պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»։ Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մայիսի 9-ի զեկույցում համարում է, որ մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ մահվան 10 դեպքերի հետաքննությունը՝ անարդյունավետ. «Պատասխանատուներից ոչ մեկն առ այսօր չի բացահայտվել։ Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հրամանների համար պատասխանատվությունը, թվում է, որ երբեք չի դիտարկվել լրջորեն։ Հայաստանի իշխանությունները պետք է վճռականորեն շարունակեն այդ հետաքննությունները եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին։ Տասը զոհերի ընտանիքները պետք է ստանան համապատասխան փոխհատուցում իրենց հարազատների կորստյան համար եւ պետք է լիարժեք կերպով ներգրավվեն եւ տեղեկացվեն հետաքննության ընթացքին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2009թ. «Մարդու իրավունքների զեկույց. «Նշանակալիորեն կեղծված 2008թ. նախագահական ընտրությունները եւ բողոքողների բռնի ցրումը, որի ընթացքում տեղի ունեցավ 10 մահ, շարունակում են նպաստել տարվա ընթացքում չկարգավորված եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով արտահայտվող քաղաքական ճգնաժամին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2010թ. զեկույց. «2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկող բողոքի ելած մարդկանց եւ ոստիկանության բախման հետեւանքով ութ քաղաքացիական անձանց եւ երկու ոստիկանի սպանությունների հարցով անցկացվող քննությունում որեւէ զարգացում չկա։ Երկրորդ տարին է, ինչ իրականացվում է քննությունը եւ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»։
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Գործող նախագահական և խորհրդարանական իշխանության ոչ լեգիտիմության հաջորդ ապացույցը զինված ուժերի ներգրավումն է ներքաղաքական գործընթացներին:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնական անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ և սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու: Դրանք են.
ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ
բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում
գ) պատերազմ հայտարարվելու դեպքում
Սահմանադրության նույն հոդվածը այս բոլոր դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման ևս` ռազմական դրության հայտարարումը: Այսինքն`նույնիսկ ՀՀ Սահամանդրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն:
Վերը շարադրված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը, բացառությամբ վերը նշվածի, իրավասու չեն և նրանց ուղղակի արգելվում է մասնակցել և միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ թվում` քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության եւ այլ):
Սակայն.
1. 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը (Հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում: Դրա ի հայտ գալու կապակցությամբ 2010թ. մայիսի 4-ին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման): Նախարարի 0038 հրամանով ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի, Երևանում ձևավորվել է զինվորական կառավարման նոր` ապօրինի մարմին, այն դեպքում, երբ
— փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել
— չի արձանագրվել զինված հարձակման անմիջական վտանգ
— որևէ պետություն Հայաստանին պատերազմ չի հայտարարել
2. 2008թ. փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին խմբեր ու ստորաբաժանումներ, տեղափոխվել ու տեղակայվել Երևանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս և այլն): Արդեն մարտի 1-ին, նույնիսկ մինչև արտակարգ դրության հայտարարումը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները փաստացիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներին` տեղակայվելով Երևան քաղաքի տարբեր մասերում (Հանրապետության հրապարակում, Մելիք-Ադամյան, Տիգրան Մեծի փողոցի վրա և այլն)՝ կրելով մարտական սպառազինություն: Առկա են այս փաստերն ապացուցող ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսաժապավեններ:
3. Մարտի 1-ին փորձ է արվել հետին թվով օրինականացնել բանակի ներգրավումը, հայատարարելով արտակարգ դրություն: 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Հրամանագրի ընդունումը հիմնավորել-պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով։ Հրամանագիրը ստորագրելիս նախագահը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով և 117-րդ հոդվածի 6-րդ կետով։
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ ամենի մասին ուղերձով դիմում է ժողովրդին։
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»։
ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում արտակարգ դրություն հայտարարել մինչ այդ օրենքի ընդունումը։
ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր ու կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում»։ Ի դեպ, «Արտակարգ դրության» իրավական ռեժիմը մինչ օրս օրենսդրությամբ սահմանված չէ, չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում-թելադրում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով։
Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ի «Երևան քաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով` ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, հարկ է վկայակոչել 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը։ «Զինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմա-ուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը»։
Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը։ Իսկ «զինված ուժեր» ասվածը բանակն է։
Վերը վկայակոչված Սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետևում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը և 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում։
ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ` պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ` ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ)։
Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։
Հետևաբար, նախագահ Ռ. Քոչարյանը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես` «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների` առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը։
Այսպիսով, կոպտորեն խախտելով ՀՀ Սահամանադրության և օրենքների բազմաթիվ դրույթներ՝ գործող իշխանությունը օգտագործել է ՀՀ Զինված ուժերը ՀՀ Նախագահի 2008թ. ընտրությունների ընթացքում` (հիշեցնենք, որ ընտրական գործընթացն սկսվում է թեկնածուների առաջադրումից և ավարտվում ՍԴ վճռի հրապարակմամբ, եթե առկա է բողոքարկում) ներքաղաքական գործընթացներն իր համար ցանկալի հունով տանելու և կեղծված ընտրությունների արդյունքների դեմ ծառացած հասարակական բողոքի ալիքը բռնի ուժով ճնշելու համար, ըստ էության՝ իրականացնելով ռազմական հեղաշրջում:
Գործող նախագահի և Ազգային ժողովի ոչ լեգիտիմության վկայություն է նաև այն հանգամանքը, որ ո՛չ գործող նախագահը, ո՛չ էլ խորհրդարանը իրենց լիազորությունների շրջանակներում չեն արել ոչինչ` այս հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Ավելին`մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, գերակշռորեն կազմված իշխող կոալիցիայի ներկայացուցիչներից, լիովին անտեսել է 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից զինված ուժերի ներգրավման հարցը: Անհետևանք են մնացել նաև հանցագործության մասին ՀՀ դատախազությանն ուղղված հաղորդումները:
2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում զինված ուժերի ներգրավման վերաբերյալ սպառիչ մանրամասները շարադրված են Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին» 14.05.2010 թվակիր զեկույցում:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ
Գործող իշխանության ոչ լեգիտիմությունը առավել խորացավ ընդդիմության դեմ ձեռնարկված աննախադեպ քաղաքական հալածանքների եւ տոտալ հետապնդումների շնորհիվ։ Բացի 150 ձերբակալվածներից, ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստ ստիպված էր անցնել ընդհատակ կամ լքել երկրի սահմանները։ Իրավապահ մարմինների կողմից բռնության եւ տարատեսակ ահաբեկումների ենթարկվեցին մի քանի հազար մարդ։ Աշխատանքից ազատվելու, ուսումնական հաստատություններից հեռացվելու ձեւով պատժվեցին ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկած պարզ համակիրներ։ Քաղաքական հալածանքների ծավալի մասին անհեքելի ու ամբողջական պատկերացում է տալիս 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որոնց հանձնարարվում էր «պարզել հանրահավաքներին մասնակցած նոր անձանց», «հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հարեւաններին», «պարզել հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերն ինչ գույք ունեն», «պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերի պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան»։ Այս փաստաթուղթն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ այն արժանացավ թե՛ Եւրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգի առանձնահատուկ ուշադրությանը։
Ընդդիմության հալածանքների ամենացայտուն արտահայտությունը ավելի քան երեք տարի քաղբանտարկյալների գոյության փաստն է։Նրանք քաղբանտարկյալներ են համարվել երկրի ներսում՝ հասարակության մեջ լայնորեն տարածված պատկերացումներում։ Առաջին իսկ օրից այդպիսին են եղել նաեւ միջազգային հանրության գնահատականները՝ ընդհուպ մինչեւ վերջին քաղբանտարկյալների ազատ արձակումը 2011թ. մայիսի վերջին։ Այսպես՝ Եւրոմիության նախագահության երեք (4.03.2008, 12.03.2008, 10.03.2010) հայտարարություններում նրանք կոչված են «քաղաքական գործունեության առնչությամբ կալանավորվածներ» (detained in connection with their political activities), ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում՝ «արհեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ» (detained on artificial and politically motivated charges)։ ԵԽԽՎ 1609 բանաձեւը Հայաստանի իշխանությունների սանձազերծած հալածանքները բնութագրել է ոչ այլ կերպ, քան «ընդդիմության փաստացի ջախջախում» (a de-facto crackdown on the opposition by the authorities), Եւրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը դա կոչել է «քաղաքական հաշվեհարդար» (political vendetta. «Ժամանակ» օրաթերթ 26.11.2008)։ Եւրոպայի Լիբերալ-Դեմոկրատական եւ Բարեփոխումների կուսակցությունը իր վերջին համագումարում (15.10.2010) արձանագրեց, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում»։ Նույն պահանջով հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Միջազգային նման հետեւողական պահանջ, հասկանալի է, կարող էր լինել միայն քաղաքական բանտարկյալների դեպքում, ոչ թե քրեական հանցագործների, ինչպես համառորեն ներկայացնում են ՀՀ իշխանությունները։
ԱՆԿԱԽ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սահմանադրության Հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
ՀՀ Սահմանդրության 91 եւ 94 հոդվածները համապատասխանաբար սահմանում են. «Հայաստանի հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան», «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով»։ Այսպիսով, նախագահական իշխանությունը, որը չի ապահովում դատարանների բնականոն գործունեությունը՝ որպես անկախ դատական իշխանություն, չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ իշխանություն:
Հայաստանում դատական իշխանությունն իսպառ զրկված է անկախությունից, կոռումպացված է եւ չի կատարում իր սահմանադրական գործառույթը։ Դատավորները գործում են բացառապես վերեւից իջած հրահանգներով կամ կամայականորեն՝ առաջնորդվելով կողմերի վարչական եւ ֆինանսական հնարավորությունների հարաբերակցության հանգամանքով։ Չնչին տոկոս են կազմում արդարացման դատավճիռները: Վերադաս դատական ատյանները չեն համարձակվում փոփոխել կամ վերանայել ստորադաս դատական ատյաններին թելադրված դատական ակտերն ու որոշումները։ Սովորական քաղաքացին, ըստ էության, զրկված է Սահմանադրությամբ արձանագրված՝ դատական պաշտպանության իրավունքից։
Դատարանները վերածվել են քաղաքական պատվեր կատարող գործիքի։ Դրա վկայությունն են, մասնավորապես, դատարանների 100-ից ավելի վճիռները, որոնց շնորհիվ մարդիկ անազատության դատապարտվեցին կեղծ քրեական մեղադրանքներով, իսկ իրականում՝ իրենց քաղաքական հայացքների համար։ Նույն գնահատականն ինքնաբերաբար տարածվում է նաեւ դատախազության եւ քննչական մարմինների վրա, որոնք հարուցել եւ պաշտպանել են տվյալ գործերը։
ՀՀ դատական համակարգի ճգնաժամային վիճակը արձանագրվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներում։ Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Դատավարությունների դիտարկում» հայաստանյան ծրագրի 2010թ. «Վերջնական զեկույցում» ասված է.
1. «Ձերբակալման ու կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարել է միջազգային չափանիշներին եւ ներպետական օրենսդրության պահանջներին» (ինչով խախտվել է քաղաքացիների ազատության իրավունքը)
2. Մի շարք դատավորներ կատարել են անբարենպաստ մեկնաբանություններ՝ ակնարկելով ամբաստանյալների մեղավորությունը (ինչով խախտվել է քաղաքացիների անմեղության կանխավարկածը)։
3. «Դատավորները հակված են եղել դրսեւորել անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ բարյացակամ վերաբերմունք մեղադրող կողմի եւ ակնհայտ թշնամական վերաբերմունք պաշտպանական կողմի նկատմամբ (ինչով խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը)։
4. «ԺՀՄԻԳ-ի ուշադրությանն են արժանացել ոստիկանական խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունները։ Բացառությամբ շատ քիչ թվով գործերի, թե՛ դատախազները, թե՛ դատավորները անգործություն են դրսեւորել այդպիսի հանգամանքներում, երբ ներպետական օրենսդրությունը եւ միջազգային իրավունքը պահանջում են որոշակի գործողությունների կատարում» (այսինքն՝ խախտվել է քաղաքացիների՝ ցուցմունք տալուց ազատ լինելու իրավունքը եւ չի կատարվել ապօրինի ձեռք բերված ապացույցը չօգտագործելու պարտականությունը)։
5. «Որոշ դեպքերում պաշտպանության կողմի փաստաբանները զրկվել են իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Ի նշան բողոքի՝ մի քանի պաշտպաններ դիմել են դատական նիստերի դահլիճը լքելու միջոցին» (այսինքն՝ խախտվել է դատական պաշտպանության իրավունքը)։
6. «Մեղադրանքի կողմի նկատմամբ հակվածության դրսեւորումներն ու պաշտպանության կողմին ուղղված անվայելուչ հայտարարությունները կարող են վնասել դատարանի՝ որպես անկողմնակալ ու արժանավայել հաստատության նկատմամբ հանրային ընկալումը։ Դատավորների կողմից դատավարության անցկացման կարգը կասկածի տակ է դրել վերջիններիս անկողմնակալությունը» (այսինքն՝ դատավորները խախտել են անկողմնակալ լինելու իրենց պարտականությունը եւ դրսեւորել իրենց մասնագիտական կոչմանն անհարիր վարքագիծ)։
ԱՄՆ Պետքարտուղարության 2009թ. եւ 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ասված է.
1. «… դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին … կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու գրեթե բոլորին, ում մեղադրանք է առաջադրված»։
2. «… դատավորներն իրենց հարկադրված են զգում դատախազների հետ հասնել դատապարտման», «… շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման դատավճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։
3. «… դատարանները լայնորեն ընկալվում են որպես կոռումպացված կառույց, եւ քաղաքացիական գործերով հնարավոր հայցվորները հաճախ հայց հարուցելուց առաջ քննության են առնում այն հանգամանքը, թե ով ունի ավելի շատ ռեսուրսներ դատավորների վրա ներազդելու համար՝ իրենք, թե՞ պատասխանողը»։
4. «Իշխանությունները շարունակում են կամայականորեն կալանավորել անհատների՝ ընդդիմադիր քաղաքական կապերի կամ քաղաքական գործունեության համար»։
5. «Տարվա ընթացքում իշխանությունները քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ում կառավարությունը համարել է քաղաքական ընդդիմադիր, կիրառել են կամայական ձերբակալություններ, կալանավորումներ եւ ազատազրկում՝ նրանց քաղաքական գործունեության համար։ Խնդրահարույց է մնում երկարատեւ նախնական կալանքը»։
6. «Թեեւ օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, այնուամենայնիվ դատարանները շարունակում են կանոնավոր կերպով ենթարկվել գործադիր իշխանության քաղաքական ճնշումներին, իսկ դատական կոռուպցիան լուրջ խնդիր է»։
Դատարանների անկախության բացակայությունն արձանագրված է նույնիսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» 2009թ. արտահերթ զեկույցում. «Իրավակիրառական պրակտիկայում արդար դատաքննության իրավունքի խախտումները հաճախ պայմանավորված են նրանով, որ ՀՀ-ում դատարանները դեռեւս լիովին ձերբազատված չեն քրեական հետապնդման մարմնին հարելու՝ նախկին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրենց կարգավիճակից»։
Զրկվելով միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով արդարադատություն իրականացնելու իր գործառութային հատկանիշից՝ դատական իշխանությունը ինքը դարձել է ոչ լեգիտիմ՝ խորացնելով իշխանության ընդհանուր ոչ լեգիտիմությունը։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՆԵՐ
Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները եւ մարդու իրավունքների խախտումները ցանկացած ոչ լեգիտիմ իշխանության անբաժանելի մասն են կազմում եւ աստիճանաբար ավելի են խորացնում ռեժիմի ոչ լեգիտիմության ընկալումը, ավելի ու ավելի օտարելով նրան ժողովրդից: 2008-2010 թվականներին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները եւ մարդու իրավունքների խախտումները կրել են համակարգային և համատարած բնույթ: Քանի որ «Աննախադեպ քաղաքական հալածանքներ» եւ «Անկախ դատական իշխանության բացակայություն» բաժիններում արդեն անդրադարձել ենք մարդու մի շարք իրավունքների խախտմանը, պատկերը լրացնելու համար, այս բաժնում կանդրադառնանք միայն խոսքի եւ մամուլի ազատության, հավաքների ազատության, ինչպես նաեւ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների կատարած խոշտանգումներին եւ բռնություններին, սեփականության իրավունքի ոտնահարումներին:
1. Հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սիստեմատիկ կերպով խախտվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, իշխանությունները միայն Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցություններին 206 անգամ (2008թ.` 94 անգամ, 2009թ.` 21, 2010-2011թթ` 91 անգամ) արգելել են հանրահավաքներ անցկացումը: Քանի որ արգելման որոշումները չեն հիմնավորվել օրենքի պահանջներով, 43 դեպքում նրանք անգամ բողոքարկվել են դատարաններում, բոլորը` ապարդյուն: Իշխանությունների ճնշումների պատճառով արգելվել են անկախ ՀԿ-ների եւ ընդդիմության ավելի քան երեք տասնյակ փակ դահլիճային միջոցառումներ: Իշխանությունների ճնշման ներքո պետական եւ մասնավոր սեփականություն հանդիսացող կոնֆերանս դահլիճները, հյուրանոցային համալիրներն ու ուսումնական հաստատությունները հրաժարվել են տրամադրել իրենց հարմարությունները ժողովների համար, բացառությամբ կուսակցական համագումարների պարագայում: Մինչեւ 2011թ. ապրիլի 28-ը առանց որեւէ օրինական հիմքի արգելվել են հանրահավաքները Ազատության հրապարակում: Իշխանությունները մինչ օրս շարունակում են ահաբեկել եւ բռնություններ գործադրել հանրահավաքի մասին իրազեկող Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ, ինչպես նաեւ խոչընդոտներ ստեղծել հանրահավաքների օրերին տրանսպորտի անխափան աշխատանքի համար: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսը, բազում իրավապաշտպան կազմակերպություններ տարածել են բազմաթիվ հաղորդագրություններ, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացվել ՀՀ Դատախազություն, փաստերի մասին նշվում է ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերում եւ հայտարարություններում, ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատարի վերջին զեկույցում:
2. Հեռուստատեսությունը շարունակում է մնալ նախագահական աշխատակազմի խիստ վերահսկողության տակ: Հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ բոլոր հեռուստատեսությունները սահմանափակել են Հայ Ազգային Կոնգրեսի հնարավորությունները ներկայացնելու իր տեսակետները հանրությանը, շարունակում է գործել Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող տեսահոլովակների հեռարձակման արգելքը: Ինչպես նշված ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների 2010թ. զեկույցում. «Հեռուստակայանների մեծ մասի սեփականատերերն են կառավարամետ քաղաքական գործիչները կամ լավ կապեր ունեցող գործարարները, մի գործոն, որ հուշում է այս ընկերություններում աշխատող լրագրողներին դիմել ինքնագրաքննության: Խոշոր հեռարձակող լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ներկայացրել են կառավարամետ դիրքորոշումներ և խուսափել են խմբագրական մեկնաբանություններ ու կառավարությանը քննադատող նյութեր ներկայացնելուց»: Թվայնացման հետ կապված օրենքի ընդունման արդյուքում հեռուստահաճախականությունների քանակը ավելանալու փոխարեն կրճատվեց, հակառակ իշխանությունների խոստումների: Այդ օրենքի ընդունումը խստորեն քննադատվեց ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության գրասենյակի, միջազգային եւ տեղական մասնագիտական կազմակերպությունների կողմից: Խոսքի ազատության խորհրդանիշ հանդիսացող Ա1+ հեռուստաընկերության իրավունքների շարունակական ոտնահարմանը անդրադարձ կա նաեւ ԵԽԽՎ բանաձեւերում, ԱՄՆ պատքարտուղարության Մարդու իրավունքներին նվիրված զեկույցում: Թեեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել էր «Ա1+» հեռուստաընկերության ազատ արտահայտվելու իրավունքի խախտում, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները շարունակում են խոչընդոտել «Ա1+»-ի հեռարձակումը: Դեկտեմբերին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 13-րդ անգամ մերժեց 2002թ. եթերից դուրս մղված «Ա1+» անկախ հեռուստաընկերության հաճախականություն ստանալու հայտը, ցուցադրելով ակնհայտ խտրականություն: Շարունակվել են գրանցվել բռնության և ահաբեկման դեպքեր լրագրողների դեմ, որոնք մնում են անպատիժ, ինչի մասին բազմաթիվ հաղորդագրություններ կան միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներում:
3. Իրավապաշտպան կազմակերպությունների, ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցի համաձայն, անվտանգության ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կանոնավոր կերպով կիրառվել են խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Դա սաստկացել է հատկապես «Մարտի 1-ի» գործերի առնչությամբ: 2008թ. հետընտրական բողոքներից երկու շաբաթ անց Երևան ժամանած Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների քրեակատարողական հիմնարկներ կատարած այցի մասին 2010թ. մարտի 19-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ հանձնաժողովի ներկայացուցիչները զրույց են ունեցել հետընտրական դեպքերի հետ կապված մեղադրանքներով կալանքի տակ գտնվող շուրջ 70 հոգու հետ: Գրեթե բոլորը նշում էին, որ ձերբակալելիս իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, թեպետ իրենք որևէ դիմադրություն ցույց չեն տվել: Հնչեցված բռնությունները ներառել են հրելը, մահակով հարվածելը, ոտքով և բռունցքով մարմնին և գլխին հասցված հարվածները, քարշ տալով ոստիկանական մեքենա հասցնելը: Երբեմն, այս վատ վերաբերմունքը շարունակվել է ոստիկանական բաժանմունք հասնելու ճանապարհին ու ոստիկանական բաժանմունքներում:
4. Իշխանությունը չի բավարարվել ընդդիմության ներկայացուցիչներին բանտերը լցնելով եւ տարբեր բնույթի ահաբեկումներով։ Տնտեսական ծանր հարված ստացան ընդդիմադիր թեկնածուին պաշտպանած գործարարները։ Ամենաբնորոշ օրինակներից է Սուքիասյանների ընտանիքի մասնավոր սեփականությունը հանդիսացող «Բջնի» հանքային ջրերի գործարանի, ինչպես նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը ապօրինի խլումը և յուրացումը։ Դրանք անցել են իշխանամերձ օլիգարխներից մեկի վերահսկողության տակ։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Ներկա Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը խախտում է Սահմանադրության վերը նշված հրամայական դրույթը` զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Ստորև շարադրված են ՀՀ ԱԺ այն պատգամավորների անունները, ովքեր իրենց պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Տվյալները վերցված են 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրվելու և գրանցվելու համար անհրաժեշտ եկամուտները և սեփականությունը հայտարարագրող փաստաթղթերից, ինչպես նաև տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք կամ հաստատվել են տվյալ պատգամավորի/ների կողմից կամ չեն հերքվել:
1. Աբրահամյան Գագիկ — ՀՀԿ, «Դի Սի Էյ» Հայաստանի ադամանդի ընկերություն, «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն
2. Աբրահամյան Հովիկ, ՀՀԿ, Գյուղատնտեսական նշանակության հողեր – 1600 հա, Ավազի հանքեր, «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Արտֆուդ» ընկերություն, «Վինկոն» ընկերություն, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկա, Արտաշատի մեխանիկական գործարան, «Արտաշատ» գաստրոնոմ, «Գյուղշին» N 5 տրեստի ավտոպարկ, «Արտաշատ» հյուրանոցային համալիր, Մխչյանի մեխանիկական գործարան, Բետոնի գործարան, Գազալցակայաններ և բենզալցակայաններ
3. Ալեքսանյան Լեռնիկ — ՀՀԿ, «Սնսյում» ՍՊԸ
4. Աղաբաբյան Աշոտ, ՀՀԿ, «Հրազդան մ/տ համալիր» ՓԲԸ, Հրազդան մարզադաշտի տոնավաճառ, «Մենք ենք» ՓԲԸ, «Դար-21 Հ/Ը» ՓԲԸ, «Շիրակ» սուպերմարկետ, «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբ
5., Այվազյան Վարդան, ՀՀԿ — «Գործիքաշինական» ԲԲԸ, Քարի և մետաղների արդյունահանում
6. Ավետիսյան Սուքիաս, ՀՀԿ «Դավիթ-Ա» ՍՊԸ, «ՅՈՒՄՍ» ՍՊԸ
7. Արզաքանցյան Տիգրան, ՀՀԿ — «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ, «Գրեյթ Արարատ» ՍՊԸ, «Գրեյթ Սակրա» ՍՊԸ, «Նիկելի սար» ՍՊԸ, «Լեռնային հարստություն» ՍՊԸ, «Գոլդեն վելլի» ՍՊԸ, «Գոլդեն դիսթրիբյուշն» ՍՊԸ, «Գրան-Մաքս» ՍՊԸ, «Գրեյթ վելլի» ՀՁ-ՍՊԸ
8. Արսենյան Աշոտ, ՀՀԿ — «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ, Գյուղատնտեսական նշանակության հողեր – 16 հա
9. Բաբլոյան Արա ՀՀԿ — «Արաբկիր բժշկական կենտրոն» ՍՊԸ, «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ, Գյուղատնտեսական նշանակության հողեր, հատուկ պահպանվող տարածք Արդանիշ գյուղում
10. Բադալյան Վոլոդյա ՀՀԿ — «Քիմռեակտիվ» ԲԲԸ «Կատլին» ՍՊԸ «Ռեակտոր սինթեզ» ՍՊԸ «Ինտերգրո Քիմռեակտիվ» ՍՊԸ «Օլիմպիա» հյուրանոց- ռեստորան
11. Բադեյան Մանվել ՀՀԿ — «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ, «Լույս Կոմ» ՍՊԸ
12. Գևորգյան Նահապետ ՀՀԿ — Քարի արդյունահանում
13. Գրիգորյան Հրանտ ՀՀԿ — «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ՓԲԸ, Գյուղատնտեսական նշանակության հողեր – 60 հա, Էջմիածին-Երևան ավտոբուսային երթուղի
14. Գրիգորյան Ռաֆիկ ՀՀԿ Հիդրոէլեկտրակայան
15. Դավթյան Արտակ ՀՀԿ «Էյ Սի — ՖինՌոյալ» ՍՊԸ «Մարգարիտա և Աննա» ՍՊԸ
16. Հակոբյան Հակոբ ՀՀԿ «Արփա-Սևան» ՓԲԸ «Բազալտ» ՓԲԸ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ
17. Հակոբյան Վահե ՀՀԿ «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ «Լամաքս գրուպ» ՍՊԸ «ՆԻԱՇ» ՍՊԸ «VH STONE» ՍՊԸ
18. Համբարձումյան Արկադի ՀՀԿ «Դերժավա գրուփ» «Լաքոստ» ֆիրմային խանութ «Աուդի» ընկերության ֆիրմային խանութ/ներկայացուցչություն
19. Հայրապետյան Ռուբեն ՀՀԿ Զարգացման Հայկական Բանկ «Զեյթուն» ՓԲԸ «ՌՌՌ» ՍՊԸ «RRR» ՍՊԸ «Հոլանի» ՓԲԸ «Հումըլ Ա» ՍՊԸ «Գյումրի ՄՖ» ՓԲԸ «Գրանդ Ակումբ» ՓԲԸ «Հառուռ» ՍՊԸ «Բջնի» հանքային ջրերի գործարան «Հարսնաքար» հյուրանոցային և ռեստորանային համալիր
20. Ղազարյան Մանվել ՀՀԿ «Վեդու-գիգ» ԲԲԸ «Վեդի Ալկո» ՍՊԸ
21. Ղուկասյան Արեգ ՀՀԿ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ Գյուղատնտեսական նշանակության հողեր – 40հա
22. Ճշմարիտյան Կարեն ՀՀԿ «ՄԱԿ Ա.Մ» ՍՊԸ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
23. Մանուկյան Խաչիկ ՀՀԿ Գյուղատնտեսական նշանակության հողեր – 200հա «Մաքս կոնցեռն» ՍՊԸ «ԼՏԹՖ» ՍՊԸ «Մաքս Ռեկլամ» ՍՊԸ «Լուսակերտ» ՍՊԸ «Սիսարտ» ՍՊԸ «Արքայահատիկ» ՀԿՏ ՍՊԸ
24. Մարգարյան Գրիգորի ՀՀԿ «Դեֆի» ՍՊԸ «Բելաջիո» ռեստորանային համալիր
25. Մելիքյան Գագիկ ՀՀԿ Ֆերմերային տնտեսություն
26. Մելիքյան Սպարտակ ՀՀԿ «Զորավանի անասնահամալիր» ՓԲԸ Անշարժ գույքի շինարարություն և վաճառք
27. Մխիթարյան Արմեն ՀՀԿ «Խնուս» ՍՊԸ «Այգեձոր-Ուտիք» ՍՊԸ «Աֆինս գոլդ» ՀՁ «Եվրո կահույք» ՍՊԸ Նախկին Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարան
28. Մովսիսյան Առաքել ՀՀԿ Ֆերմերային տնտեսություն, ռեստորաններ
29. Նաղդալյան Հերմինե ՀՀԿ «Սիսիան Շիկ» ՍՊԸ «Բեգմիք» ՍՊԸ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ «Նազենիկ» ՍՊԸ «Ալնարս» ՍՊԸ Քարի արդյունահանում Հիդրոէլեկտրակայաններ
30. Նիկոյան Սամվել ՀՀԿ «ՆԱՐ» ՍՊԸ
31. Պետրոսյան Ալեքսան ՀՀԿ Գյուղատնտեսական նշանակության հողեր – 150հա «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարան
32. Պողոսյան Սուրիկ ՀՀԿ «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ «Տաշիրի կարի ֆաբրիկա» ԲԲԸ
33. Պուրտոյան Արմեն ՀՀԿ «2X2» բենզալցակայան և ռեստորան «Կոնտինենտալ» ռեստորան
34. Սադոյան Ռուբեն ՀՀԿ «Պոդո-առաջին» ՍՊԸ «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ
35. Սահակյան Գալուստ ՀՀԿ Ներքաղաքային տրանսպորտի երթուղիներ
36. Սարգսյան Ալեքսանդր ՀՀԿ «HAHN» ՍՊԸ Շինարարական գործունեություն ԱՄՆ-ում Փայաբաժիններ տարբեր ընկերություններում
37. Սարգսյան Լևոն ՀՀԿ «Ընտանեկան» ՍՊԸ «Գեվհով» ՍՊԸ «Աղթամար» ՓԲԸ «Գրանդ վիլլա» ՍՊԸ «Տոնահաց» ՓԲԸ «Հացի 3-րդ գործարան» ՍՊԸ «Շեղբ» ՀՁ ՍՊԸ
38. Սարգսյան Սամվել ՀՀԿ Գյուղատնտեսական նշանակության հողեր – 20հա
39. Սարիբեկյան Կարեն ՀՀԿ «Ոսկևան» ռեստորան, հարսանյաց սրահ
40. Սարոյան Սեդրակ ՀՀԿ Էջմիածնի գինու գործարան 2-րդ կլինիկական հիվանդանոց «Դուդուկ» ռեստորանների ցանց – ՌԴ, Ուկրաինա
41. Ստեփանյան Միշա ՀՀԿ «ԱրմենԿարպետ» ՓԲԸ
42. Փամբուկյան Հարություն ՀՀԿ «Տայգեր» ՍՊԸ «Հերմես» ՓԲԸ «Բուռ Գրուփ» ՍՊԸ «Օրանժ» ֆիտնես ակումբ
43. Աբրահամյան Արմեն ԲՀԿ «Մագաս-ինվեստ» ՓԲԸ «Մագաս-մոթորս» ՍՊԸ «Ազգ օրաթերթ» ՍՊԸ «Արմամենտ» ՓԲԸ «Երևան Ար» ՍՊԸ
44. Ախոյան Արագած ԲՀԿ «Հայկարշին» ՍՊԸ
45.Ավագյան Արսեն ԲՀԿ «Աստաֆյան» ՓԲԸ «Կլեոպատրա» ՍՊԸ «Քինգ Մարոն Բիչ» ՓԲԸ
46. Գևորգյան Ռուբեն ԲՀԿ Ավտոտեխսպասարկման կենտրոններ
47. Գուլոյան Մուրադ ԲՀԿ «Սիփան» միավորում Սուպերմարկետների ցանց Աբովյան քաղաքում Շոկոլադի ներկրում
48. Ենոքյան Գոհար ԲՀԿ «Գարուն» ԲԲԸ «Բեքսա ֆիշ» ՍՊԸ
49. Զաքարյան Ռոբերտ ԲՀԿ «Արշալույս» ԲԲԸ
50. Թովմասյան Ռոբերտ ԲՀԿ «Հայձուլ» ՓԲԸ
51. Խուրշուդյան Վաչագան ԲՀԿ «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ «Ճառագայթտրանսշին» ՓԲԸ
52. Ծառուկյան Գագիկ ԲՀԿ «Մուլտի գրուփ» կոնցեռն «Մուլտի գրուփ սթոուն» ՓԲԸ «Արգեյմ» ՍՊԸ «Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատ» ԲԲԸ «Երևանի քիմիադեղագործական ֆաբրիկա» ԲԲԸ «Բաղրամյանի հացամթերքներ» ԲԲԸ «Կլեոպատրա» ՍՊԸ «Մուլտի գոլդ» ՍՊԸ «Քվանատոնոր Օմեգա» ՍՊԸ – ՌԴ «Արարատցեմենտ» ՓԲԸ «Արնամենտ» ՓԲԸ «Ջի էմ մաղարո» ՓԲԸ «Յունիմետխիմ» ՍՊԸ «Քինգ մարոն բիչ» ՓԲԸ
53. Կարապետյան Կարո ԲՀԿ Շահումյանի գինու-կոնյակի գործարան
54. Հակոբյան Վերսանդ ԲՀԿ «Երևանի Շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ «Նոյեմբերյանի գինու գործարան» ՓԲԸ «Գրիգ տուր» ՍՊԸ «Ալ պասսո Տուրզ էնդ Շիփփինգ կոմպանի» ՍՊԸ «Կապիտալ Թրավել» ՍՊԸ «Էլեկտրասարք» ԲԲԸ
55. Հարությունյան Մխիթար ԲՀԿ Անշարժ գույքի շինարարություն և վաճառք — «Մորի Պլազա»
56. Ղարագյոզյան Հարություն ԲՀԿ Ներքաղաքային տրանսպորտի երթուղիներ
57. Մադաթյան Հրանտ ԲՀԿ «Սևան-մոթել» ՓԲԸ
58. Մախսուդյան Վահագն ԲՀԿ «Մարտունու ավտոտրանսպորտային ընկերություն» ՍՊԸ
59. Մանուկյան Մելիք ԲՀԿ «Սարանիստ» ՍՊԸ «Արմ-գլասս» ՍՊԸ Սարանիստի ապակու գործարան
60. Մելիքյան Արմեն ԲՀԿ «Էնդ վիրաբուժական կենտրոն Ռաֆայել» ՍՊԸ «Էնդոմեդ-Ս» ՍՊԸ
61. Մխիթարյան Արշակ ԲՀԿ «Աղավնի դայմոնդ թրեյդինգ» ՍՊԸ «Կաբշ» ՍՊԸ «Նաիրա» ՍՊԸ «Դայմոնդ հաուզ» ՓԲԸ «Լի-Անի դայմոնդս» ՍՊԸ
62. Տոնոյան Աշոտ ԲՀԿ «Տոնուս» ՍՊԸ – շինարարական կազմակերպություն «Սենկար» ՍՊԸ
63. Հովհաննիսյան Վահան ՀՅԴ Գյուղատնտեսական նշանակության հողեր – 50հա
64. Աղաբեկյան Արթուր ՀՅԴ Ժամանցային համալիր (Ջրաշխարհ) ԼՂՀ` ՏՈՂ և Թաղլար գյուղերի մոտակայքում
65. Ափոյան Աշոտ ՀՅԴ «Աշտարակ կաթ» ընկերություն
66. Գրիգորյան Արայիկ ՀՅԴ «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ
67. Վարդանյան Կարեն ՀՅԴ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ
68. Աբրահամյան Սերյոժա ՕԵԿ «Դիագնոստիկ պրեվենտիկ» ՓԲԸ «Ոսկե հասկ» ՍՊԸ
69. Մարգարյան Հովհաննես ՕԵԿ «Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ
70. Ալեքսանյան Սամվել Երեւան-Սիթի» խանութների ցանց Ախուրյանի շաքարի գործարան «Ֆլիտֆուդ» ընկերություն լայն սպառման պարենային ապրանքների մենաշնորհային ներկրում «Նատալի Ֆարմ» դեղատների ցանց «Փարվանա» ռեստորան «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ֆերմերային տնտեսություն սրճարաններ բենզալցակայաններ
71. Բալասանյան Սամվել Գյումրիի գարեջրի գործարան
72. Գրիգորյան Մարտուն «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ Երևան-Գյումրի միջքաղաքային ավտոբուսային երթուղի, միջհամայնքային երթուղիներ
73. Խաչատրյան Լյովա Եռաֆազ հաշվիչների արտադրություն Արմավիրում, սրճարաններ
74. Հակոբյան Հակոբ — «Երևանի գարեջուր» ՓԲԸ «Դիայոմիտ ԳՄ» ՓԲԸ «Կոննեկտ» ԲԲԸ «Դիլիջանի բեռնատար ավտոմեքենաներ» ՓԲԸ «Արմամասթ» ՍՊԸ «Սելևկիա» ՍՊԸ «Կիլիկիա» ՍՊԸ «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ «Տիգրան ՀՀԳ» ՍՊԸ «Բալուտ» ՍՊԸ «Անուշ և Գոռ» ՍՊԸ
75. Վարագյան Մխիթար Քարի արդյունահանում Արթիկում Շինարարություն Ավտոմեքենաների ներկրում
76 Վարդանյան Միքայել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ
* բանակցային էթիկայի կաննոներից ելնելով` չեն ուսումնասիրվել իշխանության պատվիրակ պատգամավորների մասին տվյալները
Քաղաքական գործունեության և ձեռնարկատիրության ակնհայտ և ընդգրկուն սերտաճման հետևանքով Ազգային ժողովը՝
1. վերածվել է անհատ օրիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կառույցի, չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը,
2. հաշվի առնելով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից՝ զրկվել է իր բացառապես քաղաքական և օրենսդիր բովանդակությունից և գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դարձել է կառավարության կցորդ եւ նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչ,
3. հանդես է գալիս գործող իշխանության` մարդու իրավունքների, խոսքի և խղճի ազատության սահմանափակման, սեփականության անձեռնմխելիության ոտնահարմանն ուղղված օրենքները դակողի դերում,
4. դարձել է քաղաքական կոռուպցիայի առանցքային կենտրոն։
5. 2008թ. մարտի 1-ին հաստատել է արտակարգ դրություն մտցնելու մասին ակնհայտ հակասահմանադրական հրամանագիրը, որում նախատեսվում էր բանակի ներգրավումը ներքաղաքական հարցերի լուծման նպատակով։
6. հետագայում ձևավորել է «Մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման» ժամանակավոր հանձնաժողով և արել առավելագույնը, գործը պարտակելու, գործող իշխանության, արդեն իսկ հերքված սցենարը հաստատելու ուղղությամբ:
Ազգային ժողովը թվարկված հիմքերով կորցրել է իր լեգիտիմությունը եւ չի կարող իրականացնել օրենսդիր իշխանության՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները։
Խորհրդարանի ոչ լեգիտիմությունն, ըստ էության, արձանագրված է նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում. «Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է՝ իրենց գործառույթները կատարելիս լիովին ապավինելու ժողովրդավարական չափանիշներին, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է՝ ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար։ Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը։ Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում»։
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ
Իշխանության ոչ լեգիտիմության հիմքում ընկած կարևորագույն պատճառներից է նաև կոռուպցիան: Այն Հայաստանում կրում է կազմակերպված և մինչև վերջին երանգը համակարգված բնույթ: Կոռուպցիոն շղթան ձգվում է պետական և տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչև իշխանության բարձրագույն մարմինները և ախտահարել է պետական, հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Երկրի քաղաքական իշխանությունն ըստ էության երկրի պետական մարմինները հանցավոր կերպով ներգրավել է ապօրինի մի համակարգի մեջ, հարստահարում է քաղաքացիներին, յուրացնում և վատնում է պետական միջոցներն ու ազգային հարստությունը: Այս ամենը բերում է պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երևույթների, ինչպիսիք են պետական իշխանության և բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացումը, արտագաղթի աճող տեմպերը, ընտրությունների կեղծումն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարումը, օրենքների բռնաբարումը, ժողովրդավարության սահմանափակումը, դատարանների անկախության բացակայությունը, Մարտի 1-ի սպանդի կազմակերպումը եւ պարտակումը։
Կոռումպացված իշխանավորների համար լեգիտիմ իշխանության ձեւավորումը հափշտակած հսկայական հարստության կորուստի, դրա ծագման մասին բացատրություն տալու, դրանից զրկվելու, ընդհուպ պատասխանատվության ենթարկվելու ամենաիրական վտանգ է պարունակում։ Ուստիեւ ներկա իշխանությունը իր կոռուպցիոն բնույթով ի վիճակի չէ որեւէ ոլորտում որեւէ բարեփոխման, քանզի ամեն ինչ արդեն լիակատար հարմարեցված է հենց այդ՝ կոռուպցիոն համակարգի պահպանմանը։
Այս գնահատականները կիսում են ոչ միայն հայաստանյան հասարակությունն ու քաղաքական ուժերը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոպական Միությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ «Թրանսփարենսի ինտերնեյշնել» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2008 թվականից հետո սկսել է վատանալ՝ 3.1-ից իջնելով 2.6-ի (10 բալլանոց այս համակարգում որքան ցածր է համաթիվը, այնքան բարձր է համարվում կոռուպցիայի մակարդակը)։ Հայաստանը կիսում է 123-126 տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների վերջին տարիների զեկույցներում ավելի ու ավելի խիստ է խոսվում այդ մասին։ 2009-ի զեկույցում ասված է. «Չնայած օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում կոռուպցիայի համար, իշխանությունը արդյունավետ եւ հավասարապես կերպով չի կիրառում օրենքը, եւ կոռումպացված պաշտոնյաները հաճախ անպատիժ շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը։ Իշխանությունները չեն գործադրում նշանակալի միջոցներ՝ պայքարելու համակարգված բնույթ ունեցող կոռուպցիայի դեմ, միեւնույն ժամանակ միջին եւ ցածր պաշտոնյաները տարվա ընթացքում պատժվել են փոքր կոռուպցիայի, հաճախ՝ ծառայությունների դիմաց կաշառք վերցնելու համար։ Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ինդիկատորները (ցուցիչները) նույնպես նշում են, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել։ Համաշխարհային բանկի տնօրենը հոկտեմբերին կայացած այցի ընթացքում հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց իշխանական ատյաններում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության առնչությամբ»։ Պետդեպի 2010թ զեկույցը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ տարվա տրված գնահատականը եւ եզրակացնում որ «Իշխանության հակակոռուպցիոն ծրագրեը շարունակում են անարդյունավետ մնալ»։
1. Պետական միջոցների յուրացում եւ վատնում
2008-09-10թթ. ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված շուրջ 120 հաշվետվության համաձայն՝ արձանագրվել են ավելի քան 20 մլրդ դրամի խախտումներ, յուրացումներ և անարդյունավետ ծախսեր: Եթե ընդունենք, որ սա կազմում է ՀՀ բյուջետային հատկացումների շատ չնչին մասը միայն, անառարկելի է, որ տեղի է ունենում պետական միջոցների մաշստաբային յուրացում, մսխում և վատնում: Մասնավորապես, միայն 2008թ. պատահական ընտրանքով ստուգվել է ՀՀ բյուջետային ծախսերի ընդամենը 4%-ը, և հայտնաբերվել են 8 մլրդ դրամի խախտումներ և յուրացումներ: Թվերի էքստրապոլյացիայի պարագայում ձևավորվում է ավելի սահմռկեցուցիչ պատկեր: Ստացվում է, որ բյուջետային ծախսերի 100 տոկոսի ստուգման պարագայում պետական բյուջեի յուրացումներն ու վատնումները կկազմեին միջինը 200 միլիարդ դրամ կամ ավելի քան 500 միլիոն դոլար!
Սոցիալական ապահովության ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 58.921 մահացած թոշակառու, որոնց անունով դուրս են գրվել եւ յուրացվել թոշակային վճարումներ: Միայն 2011թ. հունվար ամսին այս զտումների արդյունքում տնտեսվել է 1մլրդ 365մլն դրամ: Այս թիվը միջինացված (հաշվի առնելով կենսաթոշակների բարձրացումը) տարածելով վերջին երեք տարիների (36 ամիս) վրա՝ ստացվում է, որ պետական միջոցներից գոյություն չունեցող թոշակառուներին վճարվել, իսկ իրականում յուրացվել է շուրջ 40-45մլրդ դրամ:
Նույն Վերահսկիչ պալատի հաշվետվություններից կարելի է եզրակացնել, որ այս երևույթը կրում է համատարած բնույթ և չունի ոլորտային սահմանափակում: Այն ընդգրկում է վարկային ռեսուրսների օգտագործման, գնագոյացման, վարկավորման, մանկական խնամակալության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:
Խոսքը վերաբերում է կառավարության կողմից 2008-2011 թվականներին մի քանի հարյուր միլիոն դոլարի վատնման եւ յուրացման պաշտոնապես բացահայտված փաստերի մասին: Բայց ամենաապշեցուցիչն այն է, որ այս խայտառակ եւ աղաղակող ապօրինությունների համար մինչեւ օրս ոչ մի պաշտոնատար անձ չի պատժվել կամ կրել քրեական պատասխանատվություն: Սա ապացուցում է, որ բացահայտումները չեն ծառայել կոռուպցիայի վերացմանը, այլ միայն կատարվել են կոռուպցիոն համակարգում «կոմպրոմատների» միջոցով կառավարելիության ապահովման նպատակով:
2. Պետական իշխանության և բիզնեսի սերտաճում
Ձևավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի` նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում և դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող և նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում:
Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն բարձրացրել է այս հարցը, բազմիցս կոնկրետ մատնանշել պետական պաշտոնյաների, նրանց` ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների, ինչպես նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու օրինակներ: Այս հարցին լայնորեն անդրադարձել են նաև տեղական և արտերկրի լրատվամիջոցները: Դրա լավագույն արտացոլումը ռուսաստանյան մամուլի («Վերսիա» եւ «Վեկ» պարբերականներ) հրապարակումներն էին 2010 թվականին՝ ամենակոռումպացված պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին։[4] Ընդ որում՝ նրանց մեծագույն մասը պաշտոնի բերումով իրավունք չի ունեցել զբաղվել գործարարությամբ, բայց իրենց պաշտոնավարման տարիներին դարձել է միլիոնավոր, իսկ որոշ դեպքերում միլիարդավոր հարստությունների տեր: Նրանց թվում` Ռոբերտ Քոչարյան – ՀՀ նախկին նախագահ, Սերժ Սարգսյան — Հայաստանի նախկին վարչապետ, գործող նախագահ, նրա եբայրը՝ Ալեքսանդր Սարգսյան — ԱԺ պատգամավոր, Տիգրան Սարգսյան — վարչապետ, Հովիկ Աբրահամյան — ԱԺ խոսնակ, Արթուր Բաղդասարյան — Անվտանգության խորհրդի քարտուղար, Արմեն Գեւորգյան — փոխվարչապետ, Վարդան Այվազյան — ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Գագիկ Խաչատրյան — պետեկամուտների կոմիտեի նախագահ, Արթուր Ջավադյան — Կենտրոնական բանկի նախագահ, Անդրանիկ Մանուկյան — կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ներկայումս դեսպան, Երվանդ Զախարյան — Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀ ԿԱ Անշարժ գույքի և կադաստրի վարչության պետ, Կարեն Կարապետյան – Երեւանի քաղաքապետ, Գագիկ Բեգլարյան — Երեւանի նախկին քաղաքապետ: Հատկանշական է, որ ըստ այդ ցուցակների՝ կարողության հիերարխիան հիմնականում համապատասխանում է տվյալ մարդկանց պաշտոնների հիերարխիային՝ սկսած Ռ. Քոչարյանից։ Միայն վերջինիս՝ իր պաշտոնավարման շրջանի համար արձանագրված 4 միլիարդ դոլարի կարողության կուտակումը, մի կողմից՝ ցուցադրում է կատարված պետական ռեկետի մասշտաբը, մյուս կողմից՝ հասկանալի դարձնում, թե ինչ մեխանիզմով է ազգային հարստության կեսը կարճ ժամանակում հայտնվել ընդամենը չորս տասնյակ ընտանիքի ձեռքում։ Սույն ցուցակների հավաստիությունը ապացուցվում է նաև այն փաստով, որ այս երկու տասնյակ պաշտոնյաներից ոչ մեկը դատի չտվեց այդ պարբերականներին:
1. Մենաշնորհներ
Հաստատված ապօրինի մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Ամբողջական մենաշնորհներ են հաստատված մասնավորապես ներկրվող ապրանքների բնագավառում։ Լայն սպառման այնպիսի արտադրատեսակներ, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաեւ դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային և շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը և այլ ապրանքներ գտնվում են այս կամ այն օլիգարխի կամ կլանի մենաշնորհային վերահսկողության ներքո։ Մենաշնորհացված է գազի լիցքավորման բնագավառը։ Մենաշնորհների տերերն օգտվում են իշխանությունների կողմից շնորհված ապօրինի արտոնություններից, մասնավորաբար՝ ցույց են տալիս ներմուծվող ապրանքների շատ ավելի քիչ քանակ կամ ցածր գին, կամ այլ` ավելի էժան ապրանք՝ դրանով խուսափելով հարկերից ու մաքսերից, ստանում ահռելի գերշահույթ` մի մասը վճարելով իրենց հովանավորյալներին։ Մենաշնորհները ոչնչացնում են ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում են գնաճին, ոչնչացման տանում մանր ու միջին բիզնեսը։ Ապօրինի մենաշնորհների վերացման հարցում իշխանությունը կա՛մ անկարող է, կա՛մ իրական ցանկություն չունի։ Երկու դեպքում էլ դա, որպես սահմանադրորեն իր վրա դրված գործառույթների չկատարում, խորացնում է նրա ոչ լեգիտիմությունը։
Նույնիսկ հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունն ու տեղեկատվությունը, ակնառու է, որ տարեցտարի խորանում են տնտեսության մենաշնորհացման միտումները: Այսպես ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսության մրցակցային իրավիճակը, մասնավորապես` ապրանքային շուկայի համակենտրոնացման աստիճանը, մասնակիցների թիվը, գերիշխող դիրքի առկայությունը գնահատում է ապրանքային շուկաների ուսումնասիրությամբ և նախորդ տարիներին ուսումնասիրված շուկաների դիտանցմամբ։ Ըստ պետական հանձնաժողովի օգտագործած սահմանումների, Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, եթե 70%<CR-3<100%, միջին աստիճան` եթե 45%<CR-3<70%, ցածր աստիճան`եթե CR-3<45%: /CR-3-ը տվյալ շուկայի իրացման ընդհանուր ծավալում առավել խոշոր երեք տնտեսվարող սուբյեկտների բաժինների գումարն է/:
Համաձայն այդ ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր և միջին կենտրոնացված են։ 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ 5 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 80.6-99.9 տոկոս), 4-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 62.3-67.6 տոկոս)։ Ցածր կենտրոնացված ապրանքային շուկա չկա։
Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա նկատվում է այդ թվի նվազում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը՝ 10 տնտեսվարող սուբյեկտով։ Եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 207 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով` կազմել է 179 տնտեսվարող սուբյեկտ։
Պարենային ապրանքների շուկայում կա մի յուրատեսակ ապրանք, որն իր կենտրոնացվածության աստիճանով գերազանցում է բոլորին — խոսքը վերաբերում է շաքարավազին: 2009թ. այդ ապրանքատեսակ ներկրող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ունեցել է ` առաջատար դիրք շուկայում`բաժինը -99,9%, չնայած ապրանքային շուկայում վեց մասնակիցների առակայության: Ընդ որում նախորդ ուսումնասիրության ժամանակ շուկայում մասնակիցների թիվը եղել է 21:
Նմանատիպ է պատկերը `
ա/ «Ցորենի ալյուրի» դեպքում — երկու ընկերությունների `«Ալեքս Գրիգ» ՍՊԸ և «Մանանա Գրեյ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 87,6%, 51 մասնակիցների առկայության դեպքում :
բ/ «Բրնձի» դեպքում- մեկ ընկերության` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 62.8%, 27 մասնակիցների առկայության դեպքում:
գ/ «Ձիթապտղի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության `«Վեգեքոմ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 88,0%, 14 մասնակիցների առկայության դեպքում:
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև ոչ պարենային ապրանքների 7 ապրանքային շուկաներ, որոնցից երկուսը ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են` կենտրոնացվածության աստիճանը կազմում է 93.9-ից մինչև 95.1 տոկոս, իսկ մասնակիցների թիվը` 5-ից («Բենզին» ապրանքային շուկա) մինչև 7 տնտեսվարող սուբյեկտներ («Դիզելային վառելիք» ապրանքային շուկա)։ Համեմատության համար՝ 2001թ. վերը նշված ապրանքները ապրանքային շուկայում դեռևս գերիշխող դիրք չունեին, իսկ այդ ապրանքատեսակների ներկրումը իրականացվում էր 14 -ական սուբյեկտների կողմից։
Էականորեն փոխվել է դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը։ Այսպես, 2001թ. ուսումնասիրված ապրանքային շուկաներից միայն մեկում (դեղորայքի) չկային գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Դեղորայքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի ցածր մակարդակը (առաջին երկու և առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինները կազմում էին, համապատասխանաբար, մոտ 23 տոկոս և 29 տոկոս) վկայում էր շուկայի մրցակցային լինելու փաստի մասին։ Ավելին, 2001թ. դեղերի շուկայում գործունեություն էր ծավալում 72 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2009թ.` ընդամենը 13 ընկերություն:
2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով 8 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 71.49-ից 100.0 տոկոս), 12-ը` միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 52.5-ից 66.25 տոկոս) և ընդամենը 2 ապրանքային շուկա` ցածր կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը` 41.0-ից 42.98 տոկոս)։ Ապրանքային շուկաներից 13-ում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 9 ապրանքային շուկաներում` մեկ տնտեսվարող սուբյեկտ (ընդ որում՝ 3 ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ տնտեսվարող սուբյեկտ է համարվել անձանց խումբ), երկու ապրանքային շուկաներում առկա են երկու գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ` յուրաքանչյուրն առանձին, իսկ մյուս երկու ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտները համարվել են համատեղ գերիշխող դիրք ունեցող։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա դրա նվազում է նկատվում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը 10 տնտեսվարող սուբյեկտով։ Ընդ որում՝ եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 467 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով այն կազմել է 358 տնտեսվարող սուբյեկտ (մասնակիցների թիվը նվազել է 23.3 տոկոսով)։
Նույն պատկերն է նաև «Կենդանական յուղ» և «Բուսական յուղ» ապրանքային շուկաներում, որտեղ 2001թ. գերիշխող դիրք և շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել, իսկ 2010թ. արդեն շուկայում առկա էին և՛ գերիշխող դիրք ունեցող, և՛ շուկայական իշխանություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց թիվը տարեցտարի պակասում է։ Այսպես,
ա/ «Արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության `«Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 63,8%, 36 մասնակիցների առկայության դեպքում
բ/ «Կարագ»-ի դեպքում մեկ ընկերության «Ալեքս Գրիգ» ՍՊԸ բաժինը շուկայում կազմել է 67,6%, 28 մասնակիցների առկայության դեպքում:
Այս փաստերը արձանագրում են խայտառակ մի իրողություն, որը լիովին բացատրում է հատկապես պարենային ապրանքների շուկայում գների աննախադեպ եւ անվերհսկելի աճը: Շուկայում նման բացահայտ եւ բացարձակ մենաշնորհի պարագայում պետության անգործությունը նշանակում է, որ երկրի բարձրագույն իշխանությունները հովանավորում են ներմուծող օլիգարխների շահերը եւ նրանց ստացած գերշահույթները: Այսպիսով ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձեւավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր եւ միջին գործարարությունը, աճում սոցիալական բեվեռացումը եւ աղքատությունը:
1. Դրամի արհեստական արժևորում
Մենաշնորհային տնտեսության հետ փոխկապակցվում է տնտեսական ևս մեկ կործանարար երևույթ՝ դրամի արհեստական արժեւորումը: Սկսած 2003 թվականից՝ ՀՀ դրամա-վարկային քաղաքականությունը կառուցվեց հիմնականում ներկրող օլիգարխիայի շահերը սպասարկելու, ինչպես նաև արտերկրից մեր հայրենակիցների ուղարկած դրամական միջոցներն ըստ էության հարկելու շուրջ: Այն շարունակվում է՝ ի հեճուկս տնտեսագիտական տարրական օրենքների ու կանոնների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների պահանջների, գործող նախագահի՝ դրամի սահուն արժեզրկման մասին հրապարակայնաորեն տված հրահանգի եւ ԿԲ-ի նախագահի նույնօրինակ հրապարակային խոստման։ Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով՝
— ծանր հարված է հասցվում ներքին արտադրողին, աճում է գործազրկության մակարդակը
— աճում է երկրից կապիտալի արտահանումը,
— արդեն սկսվել է նաեւ ձեռնարկատիրության փախուստը հարեւան երկրներ։
Դրամի արհեստական արժեւորումը չափազանց շահութաբեր իրավիճակ է ստեղծում մենաշնորհների տիրացած ներկրող օլիգարխների համար։ Դրամը գերարժեւորված պահելու, այս կերպ օլիգարխիայի շահերն սպասարկելու վրա վերջին երեք տարում Հայաստանի արտաքին պահուստներից վատնվել է 1.2 միլիարդ դոլար։ Իշխանությունների հիմնական խնդիրը եղել եւ մնում է ոչ թե պետական շահը, ժողովրդի կարիքները, այլ առաջին հերթին օլիգարխիայի սպասարկումը, դրանով իսկ՝ սեփական հարստացումը։
5. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ (BAD GOVERNANCE)
1. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ
Շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը։
1. Գործող իշխանությունը ծրագրել էր 5 տարվա ընթացքում կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։ Անցած երեք տարիների արդյունքում Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի 4,7% անկում, իսկ եթե այս տարվա բյուջեն կատարվի, կարձանագրվի եւս 2 %-ի անկում։ Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը 2008թ. եղել է 114-րդ տեղում, 2009թ.՝ 124-րդ, 2010թ.՝ 139-րդ։ Եթե կատարվի 2011թ. պետական բյուջեն, ապա Հայաստանը կհայտնվի 141-րդ տեղում, քանզի 2011թ. Հայաստանը նախատեսում է 4% աճ, իսկ աշխարհը՝ 4,4%։
2. Արտաքին պարտքը մոտենում է սահմանային ցուցանիշի։ Ըստ ԱԺ Վերահսկիչ պալատի՝ արտաքին պարտքը 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,795 միլիարդ դոլար (2007թ. վերջում այն կազմում էր 1,6 միլիարդ դոլար։ Թեեւ արտաքին պետական պարտքի բեռը (արտաքին պարտք/ՀՆԱ) չի գերազանցում 50%-ը, սակայն առաջիկա 3 տարիների ընթացքում արտաքին վարկերի մարման եւ սպասարկման ծախսերը մեծանում են մի քանի անգամ. եթե 2010թ. այն կազմել է 91միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2013թ. կկազմի 433,6 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ այստեղ ներառված չեն 2011թ. վարկերը։ Ըստ Վերահսկիչ պալատի եզրակացության (2011, մայիսի 10)՝ «Եթե տնտեսական աճը եւ հարկային եկամուտների հավաքման ծավալները մնան 2010թ. մակարդակին, ապա վտանգ կա, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ նախկինում վերցրած պարտավորությունների մարման եւ դրանց սպասարկման իրականացման գործում։ Այսինքն՝ կառաջանա պարտքային ճգնաժամ»։
3. Շարունակում է վատթարանալ սոցիալական իրավիճակը։ Ըստ ՀՀ ԱՎԾ, 17.12.2010թ տվյալների՝ 2009թ. ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է. աղքատության մակարդակը 2009թ. կազմել է 34,1 %՝ 2008թ. 27,6%-ի դիմաց։ Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009թ. կազմել է 20,1%՝ 2008թ. 12,6%-ի դիմաց, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2009թ. կազմել է 3,6%՝ 2008թ. 1,6%-ի դիմաց։ Աղքատության խորությունը 2009թ գնահատվել է 7,8%՝ 2008-ի 1,5-ի դիմաց, աղքատության սրությունը 2009թ. գնահատվել է 2,4%՝ 2008թ. 1,4%-ի համեմատ։ Եթե նկատի ունենանք , որ 2010թ. գների աճը կազմել է 2009թ. համեմատ 9,6%, իսկ 2011թ. 2010թ. համեմատ՝ արդեն 8,5%, իսկ միջին աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճը շատ ավելի փոքր է, ապա այժմ աղքատության ե՛ւ մակարդակի, ե՛ւ խորության, ե՛ւ սրության ցուցանիշները, բնականաբար, զգալիորեն աճել են։
Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011թ. զեկույցի՝ ընդհանուր մրցակցության ինդեքսով Հայաստանը 98-րդ տեղում է՝ զիջելով Ադրբեջանին եւ Վրաստանին եւ գրանցելով նահանջ անցած երկու տարիների համեմատ։ Արդյունավետության բարձրացման ինդեքսով, որը ներառում է տվյալներ բարձրագույն կրթության, ապրանքների, աշխատանքային եւ ֆինանսական շուկաների, տեխնոլոգիական պատրաստվածության, շուկայի չափի վերաբերյալ, Հայաստանը զբաղեցնում է 106-րդ տեղը՝ զգալի զիջելով Վրաստանին եւ Ադրբեջանին։
Կառավարման անկարողության ու դրա հետեւանքով սոցիալական իրավիճակի սրման դրսեւորումներ են «գերակա պետական շահ» ճանաչելու հետ կապված հազարավոր մարդկանց անհամարժեք փոխհատուցմամբ սեփականազրկումը, տաքսու վարորդների իրավունքների սահմանափակման, փողոցային առեւտրի արգելման, մանր առեւտրականների կողմից ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսատուրքերի բարձրացման, վրացական համարանիշերով մեքենաների խնդրի, Երեւանի «Վերնիսաժի» խնդրի, հարսանյաց եւ ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման եւ միջին խավ հանդիսացող սոցիալական այլ շերտերին առնչվող չմտածված որոշումները։ Կառավարման անկարողության արդյունք է նաեւ գյուղատնտեսության բնագավառում ստեղծված ծանր իրավիճակը, ինչի հետեւանքով գյուղացու համար հողի մշակումը դարձել է անարդյունավետ, տասնյակ հազարավոր հեկտար հողեր մնում են անմշակ։
Տնտեսական կտրուկ անկումը լուրջ վնաս է հասցնում ցանկացած իշխանության դիրքերին երկրի ներսում եւ որպես առանձին վերցրած գործոն՝ ինքնին դառնում է իշխանության լեգիտիմության կորստի բաղադրիչ: Հայաստանից շատ ավելի լավ վիճակում գտնվող երկրներում, որտեղ որեւէ կասկած չկա իշխանությունների օրինական ընտրության մասին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված անկումը դարձել է կառավարության նկատմամբ վստահության կորստի պատճառ, որի հետեւանքով տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ: Միայն Եվրոպայում 2008թ. ի վեր արդեն 12 երկրներում անցկացվել են արտահերթ ընտրություններ. Ավստրիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2008թ. սեպտեմբերի 28-ին, Իսլանդիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ. ապրիլի 25-ին, Մոլդովայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ. հուլիսի 29-ին եւ 2010թ. նոյեմբերի 28-ին, Հունաստանում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2009թ հոկտեմբերի 4-ին, Չեխիայի Հանրապետությունում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. մայիսի 28-ին, Նիդեռլանդներում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. հունիսի 9-ին, Բելգիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2010թ. հունիսի 13-ին, Իռլանդիայում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2011թ. փետրվարի 26-ին, Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2011թ. հունիսի 5-ին: Արտահերթ ընտրություններ են նշանակված նաեւ Լատվիայում` սեպտեմբերի 17-ին եւ Իսպանիայում` նոյեմբերի 20-ին:
Արտահերթ ընտրությունների անցկացման հիմնական պատճառը նշված օրինակների մեծամասնությունում եղել է տնտեսության կտրուկ անկումը եւ աճող սոցիալական դժգոհությունը: Ստորեւ բերված աղյուսակը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշները էապես գերազանցում են /բացառությամբ Լատվիայի/ այն երկրների ցուցանիշները, որտեղ տնտեսական անկումը բավարար հիմք դարձավ կառավարության նկատմամբ վստահության կորուստի համար:
ՀՆԱ աճ / տոկոսային փոփոխություն, մշտական գներով/
Source: International Monetary Fund, World Economic Outlook Database, April 2011
2. «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ծրագրի ձախողում
Վատ կառավարման հետեւանքով Հայաստանը զրկվել է միջազգային օգնության այնպիսի կարեւոր ծրագրից, ինչպիսին Հազարամյակների մարտահրավերների ծրագիրն էր: Այդ ծրագրով, որն իրականացնելու նպատակով Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան 2006 թ. պայմանագիր կնքեց Հայաստանի հետ, նախատեսվում էր Հայաստանին հատկացնել 235, 650 միլիոն ամերիկյան դոլար: Այդ ընդհանուր թվից Հայաստանին հատկացվել էր ընդամենը 32 միլիոն դոլար, երբ 2009 թ. Կորպորացիան դադարեցրեց Հայաստանի ֆինանսավորումը՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ Կորպորացիայի սահմանած 17 չափանիշներից 8-ի դեպքում Հայաստանի միավորները ցածր էին միջին կետից: Մասնավորապես, Հայաստանի իշխանություններն անբավարար գնահատականներ էին ստացել քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության ապահովման, հանրությանը հաշվետու լինելու, առողջապահությանը հատկացվող ծախսերի, կրթությանը հատկացվող ծախսերի եւ դրամավարկային քաղաքականության բնագավառներում: Հատկապես աղաղակող է Հայաստանի իշխանությունների ստացած միավորը կոռուպցիայի դեմ պայքարի կամ ավելի ճիշտ` դրա բացակայության, համար: Նույնիսկ այդ որոշումից երկու տարի անց Հայաստանի միավորները մնում են անմխիթարական:[1]
Այս ծրագիրի հիմնական նպատակը գյուղական ենթակառուցվածքների` ոռոգման համակարգերի եւ ճանապարհների նորոգմանն ու կառուցմանն էր ուղղված, ինչը հնարավորություն կտար չքավորության դուռը հասած տասնյակ հազարավոր գյուղական ընտանիքներին մի փոքր բարելավել իրենց տնտեսական վիճակը եւ խուսափել արտագաղթելու պարտադրանքից:
ԱՐՏԱԳԱՂԹ
Արտագաղթն այլևս դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Ըստ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալների՝ 2007թ. մեկնողներից Հայաստան չեն վերադարձել 3.223 մարդ, 2008թ.՝ 23.059 մարդ, 2009թ. 24.978 մարդ, 2010թ.՝ 29.860 մարդ։ Միայն այս տարվա առաջին կեսում, համաձայն ՀՀ Միգրացիոն ծառայության «Ընթացիկ միգրացիոն իրավիճակի» տվյալների, արտաքին միգրացիայի բացասական սալդոն կազմել է -67.272 մարդ։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի՝ ուղևորների հաշվառման տվյալների` 2011թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15.0 հազարով, կամ 28.6%-ով և կազմել է -67,3 հազար մարդ, միևնույն ժամանակ նշելով, որՀՀ քաղաքացիների մասով բացասական սալդոն կազմել է -89.3 հազար մարդ։
Եթե նկատի ունենանք 2008-2010թթ. արձանագրված սեզոնային միգրացիոն օրինաչափությունները, ապա անգամ աշնանը արտագնա աշխատանքի մեկնածների «վերադարձի սեզոնից» հետո չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է կազմել 40- 45.000 մարդ։
Արտագաղթի պաշտոնական տվյալներն ու դրանց ցուցադրած միտումը, ինքնին խիստ մտահոգիչ են, սակայն դրանք էականորեն նվազեցված են, իսկ իրականությունն ավելի մռայլ է։ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով` 1998 -2010թթ. հանրապետությունից մեկնողների եւ վերադարձողների հաշվեկշիռը կազմել է. 1998թ.՝ -24.400 (միայն օդային տրանսպորտով), -1999թ.՝ -7000 (միայն օդային տրանսպորտով), 2000թ.՝-57.500, 2001թ.՝ — 60.400, 2002թ.` -2.700, 2003թ.՝ -10.200, 2004թ.` +2.060, 2005թ.` +12.500, 2006թ.՝ +21.800, 2007թ.՝ -3.223, 2008թ.՝ -23.059, 2009թ.՝ -24.978, 2010թ.՝ -29.860 Այսինքն՝ 1998-2010թ. արտագաղթողների թիվը ներկայացվում է 182.560՝ բնակչության թվաքանակի (մոտ 3.200.000) 5.7%-ը։ Սակայն նույնպես պաշտոնական այլ տվյալներ միջնորդավորված ցուցադրում են արտագաղթի իրական ծավալի շատ ավելի սահմռկեցուցիչ պատկեր։ Մասնավորապես.
— Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների` 1998թ. Հայաստանում հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակը կազմել է 602.500 մարդ:[2] Միևնույն ժամանակ, ԱՎԾ կողմից հրապարակված «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2010» փաստաթղթի տվյալներով վերջին 10 տարիներին հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակի բացասական փոփոխության դինամիկան ունի հետևյալ տեսքը.[3]
Թվական
Բացարձակ արժեք
Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
2010
370892.0 [4]
94.4
2009
392946.0
94.7
2008
414781.0
96.2
2007
431280.0
92.7
2006
465403.0
97.4
2005
477857.0
97.9
2004
488124.0
97.3
2003
501886.0
95.9
2002
523079.0
97.1
2001
538436.0
95
2000
566590.0
97.1
Ընդ որում` 2010-11թթ. հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակն առաջին անգամ ներառում է նաև 11-րդ դասարանցի 39018 աշակերտների: 11-րդ դասարանցիների թիվը չհաշվարկելու պարագայում, աշակերտների թիվը կազմում է 331874 մարդ: Այսինքն՝ 1998թ. համեմատությամբ դպրոցականների թիվն իրականում կրճատվել է 45%-ով, ինչը ոչ մի կերպ չի կարող բացատրվել բնակչության 5.7%-անոց արտագաղթով, եթե անգամ նկատի ունենանք նաեւ դպրոցականների թվի կրճատման հնարավոր որևէ այլ պատճառ։
— Հայտնի է, որ Հայաստանում 6-18 տարեկանների (դպրոցական տարիք) թվաքանակը մշտապես տատանվել է բնակչության ընդհանուր թվի 17-22 տոկոսի սահմաններում: Ստացվում է, որ, ըստ այդմ՝ այսօր ՀՀ բնակչության իրական թիվը կարելի է հաշվել շուրջ 2.000.000։ Եթե անգամ շռայլորեն նկատի ունենանք «նրբությունները» (ինչպես օրինակ՝ որ արտագաղթել են հիմնականում երիտասարդ ընտանիքները, իջել է ծնելիությունը, դպրոցահասակների մի մասը սոցիալապես հնարավորություն չունի դպրոց հաճախել եւ այլն), այս թիվը կարող է բարձրանալ առավելագույնը 2.3-2.5 միլիոնի։ Ինչը նշանակում է, թե 1998-2010թթ. արտագաղթի պաշտոնական թվերի գումար 136.764-ը պետք է առնվազն հնգապատկել։ Ասել է թե՝ վերջին երեք տարվա արտագաղթողների թիվը կլինի ոչ թե 77.897 (2008թ.՝ -23.059, 2009թ.՝ -24.978, 2010թ.՝ -29.860), այլ մի քանի անգամ ավելի՝ չհաշված 2011թ. համար արդեն ակնհայտ 40-45.000-ը։
Եւս մի ցուցանիշ. վերջին 10 տարում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության թիվն աճել է 1%-ով, այնինչ վիճակագրական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ խաղաղ պայմաններում երկրի բնակչությունը պետք է աճեր 10-15%-ով։
Արտագաղթի այս մռայլ ֆոնին պակաս մտահոգիչ չեն Հայաստանի ժողովրդագրական պատկերի ակնհայտ բացասական միտումները, որոնք ներկայացված են աղյուսակում: Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի, շուրջ 20%-ով կրճատվել է բնակչության բնական հավելաճը և շուրջ 6%-ով աճել է մանկական մահացությունների թիվը:
Ժողովրդագրություն[5]
Հունիս 2011
Հունիս 2011/ Հունիս 2010
Մշտական բնակչության միջին թվաքանակը, հազ. մարդ
3264.5
100.4
Ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով (‰)
12.4
95.4
Մահացության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով (‰)
9.1
102.2
Բնական հավելաճի գործակիցը, 1000 բնակչի հաշվով (‰)
3.3
80.5
Ամուսնության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով (‰)
5.8
107.4
Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով (‰)
1.0
111.1
Պտղաբերության գործակիցը, 1 կնոջ հաշվով, երեխա
1.6
100.3
Կյանքի սպասվող տևողությունը ծննդից, ընդամենը, տարի
73.1
98.9
Մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով (‰)
13.0
105.7
Արտագաղթի վերաբերյալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակները առաջ են քաշում այն խթանող հետևյալ պատճառները.
— սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը
— իրավազրկությունը, իրավական անպաշտպանվածությունը և անկախ դատարանների բացակայությունը
— քաղաքական հետապնդումների առկայությունը
— կուռուպցիայի բարձր մակարդակը
— ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը
Ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող իշխանությունն անգամ այն իսպառ պիտի կորցներ՝ խաղաղ պայմաններում նման ցուցանիշներ գրանցելու համար։
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։
Սույն փաստաթղթում բերված փաստերը վկայում են, որ գործող նախագահը չի հետեւում Սահմանադրության պահպանմանը Մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման տեսակետից, չի կարողանում ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ինչի հետեւանքով ջախջախվել է իշխանությունների հակակշռման սահմանադրական մեխանիզմը, գործնականում այլակերպվել են նրանց սահմանադրական գործառույթները։ Առաջացել է իշխանության քաղաքական հիմքով համընդհանուր ոչ լեգիտիմություն՝ ի հավելումն նախագահական իշխանության իրավական ոչ լեգիտիմության՝ ծագած 2008թ. նախագահական ընտրություններում։ Դրա հետեւանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ակնհայտորեն հայտնվել է ներքին եւ արտաքին ամենածանր մարտահրավերների, ընդհուպ՝ պետականության քայքայման, կորստի վտանգի առջեւ։
Սույն փաստաթղթում բերված տասնյակ փաստերն առանձին վերցրած բավարար հիմք են արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության ճանաչման համար։ Եւ հենց այդպես են վարվում աշխարհի ժողովրդավար երկրները՝ ունենալով տասնյակ այս հիմքերից թեկուզ մեկը։ Բոլոր խնդիրների համադարմանը երկրում օր առաջ սահմանադրական կարգի վերականգնումն է՝ արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Հակառակ դեպքում՝ մինչ այժմ արդեն իսկ գրանցված ահռելի վնասները կվերածվեն արհավիրքի ։ Հայ ժողովուրդը 21-րդ դարում դա թույլ չի տա, բայց ընդդիմացման մեթոդները կարող են դառնալ անվերահսկելի եւ անկառավարելի, ինչը, անդառնալի կորուստներ բերելով հանդերձ, երկիրը եւ ապագա լեգիտիմ իշխանությանը կդնի ելակետային շատ վատ պայմաններում։ Խնդրի քաղաքական լուծման՝ Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկած ճանապարհը ապահովագրում է ազգային մասշտաբով լրացուցիչ որեւէ նոր կորստից, ինչպես նաեւ երաշխավորում խաղաղ անցում դեպի ժողովրդավարություն եւ արդյունավետ կառավարում ։
Ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից՝ Հայստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է իշխող Կոալիցիային համաձայնություն տալ Հայաստանում ժողովրդավարության անցման հետեւյալ ճանապարհային քարտեզին.
1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.
1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
3. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
4. Ստորագրված ցուցակները փակցնել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
5. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
6. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:
7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
8. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
9. Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։
[1] Տես` http://www.mcc.gov/documents/scorecards/score-fy11-armenia.pdf
[2] Տես` «Տարեգիրք 1997-98թթ», 2001թ, ԱՎԾ, վեբկայք — http://www.armstat.am/file/doc/99452283.pdf
[3] Տես` ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2010», վեբկայք — http://www.armstat.am/am/?nid=126&id=19132&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC
[4] Տես` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թվականի հունվար-մարտին, վեբկայք — http://www.armstat.am/file/article/sv_03_11a_5180.pdf
[5] ԱՎԾ 2011թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական պատկերի ընդհանուր տվյալները http://www.armstat.am/am/?nid=126&thid=demo&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.