Առկա փաստերը թույլ են տալիս պնդել, որ Թուրքիայի տարածքում բնակվող և ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի ու նրանց սերունդների համար արմատներին վերադառնալու հարցում կարող են խթան դառնալ տարատեսակ հանգամանքներ: Այս առումով, վերջին տարիներին նկատվող հայ-թուրքական տարբեր շփումները, հայ զբոսաշրջիկների այցերը Արևմտյան Հայաստան, Թուրքիայում հայկական թեմատիկայով տպագրվող գրքերը և այլ հանգամանքներ նպաստում են իսլամացված հայերի իրական ինքնության կարևորման գործընթացին: Հետաքրքիր այս երեւույթը դիտարկենք վերջին ժամանակներս հայ հասարակական-քաղաքական օրակարգը մեծապես զբաղեցրած Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի և դրան ուղեկցած ու հաջորդած որոշակի դեպքերի համատեքստում:
Այսօր արդեն ակնհայտ իրողություն է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի թույլտվությունը թուրքական քարոզչական մեքենան փորձեց օգտագործել իր նպատակների համար, սակայն մեծ մասամբ ձախողվեց: Թուրքական կազմակերպված շոուի բացասական դրսևորումների կողքին սկսվեց մեզ համար ուշագրավ մի գործընթաց. Սուրբ Խաչի պատարագը դարձավ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում բնակվող իսլամացված, ծպտյալ հայերի ու նրանց սերունդների շրջանում իրական ինքնության բացահայտման կարևոր խթան:
Այստեղ հարկ ենք համարում որոշակի պարզաբանում անել. հայտնի փաստ է, որ Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո Թուրքիայում սկսվեց մշակութային եղեռն, որին զոհ գնացին ավելի քան երկու հազար հայկական եկեղեցիներ, վանքեր, սրբատեղիներ: Եկեղեցիների ու վանքերի փլուզումն անմիջականորեն ազդել է բռնի իսլամացված հայության ինքնության վրա, քանի որ հայոց լեզվի, հայոց մշակույթի փաստացի չգոյության պայմաններում, թեկուզ եւ չգործող, եկեղեցիները նրանց ինքնությունը վառ պահող կռվաններ կարող էին լինել և լուռ վկան հայկական նախկին ներկայության: Այսինքն` այդ պայմաններում եկեղեցին զուտ ճարտարապետական կառույցից վերածվում է հայկական ինքնության բաղադրիչի, իսկ որոշ դեպքերում` միակ բաղադրիչի:
Այս առումով, հարկ է նշել, որ իսլամացվա և ծպտյալ հայերը մինչև օրս էլ կազմակերպում են գաղտնի ուխտագնացություններ դեպի հայկական եկեղեցիների ավերակներ: Նմանատիպ օրինակներից է Սասունի Մարութա սարի վրա գտնվող Սուրբ Աստվածածին վանք ամեն տարի հուլիսին կազմակերպվող ուխտը, որը վերջին մեկ-երկու տարում դարձավ նաև թուրքական մամուլի ուշադրության առարկա և փաստորեն «բացահայտվեցե: Բացի սրանից, կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնց մասին մենք անձամբ ենք տեղեկացել Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հայության սերունդների հետ շփումների արդյունքում: Օրինակ` տարվա որոշակի օրերին գաղտնի ուխտագնացություն է կատարվում Մշո Առաքելոց վանքի, Դերսիմի մի քանի եկեղեցիների ավերակներ: Այն, որ հայկական, թեկուզ և կիսաքանդ, եկեղեցիները կարեւոր նշանակություն ունեն իսլամացված եւ ծպտյալ հայերի սերունդների համար, կարող է փաստել մեկ այլ օրինակ, որի մասին տեղեկացել ենք 2008թ. Մուշում: Այսպես, Մուշ քաղաքի հայկական եկեղեցիներից մեկը 1980-ականներին պետության կողմից քանդվում է, և նույն տեղում կառուցվում է դպրոց: Շինարարության ժամանակ օգտագործվում են նաև եկեղեցու քարերը և, ինչպես մեզ փոխանցեց հայկական արմատներով մի մշեցի, Մուշում բնակվող ծպտյալ հայերը ներքին պայմանավորվածության են գալիս, և նրանցից ոչ մեկն իր երեխային չի ուղարկում այդ դպրոց:
Անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչի հանգամանքին` նշենք, որ այն մեծ աղմուկը, որը թուրքական իշխանությունները բարձրացրին եկեղեցու շուրջ, իսլամացված հայերի համար ունեցավ բոլորովին այլ էֆեկտ. փաստորեն թուրքական պետությունն իր միջոցներով վերականգնեց հայկական եկեղեցին, արվեց պաշտոնական բացում, թույլ տրվեց տարին մեկ անգամ անցկացնել պատարագ, կոչ արվեց զբոսաշրջիկներին այցելել Աղթամար և այլն: Այսինքն` Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ, կարելի է ասել, ձեւավորվեց պետական վերաբերմունք, և սա հատկապես առանձնահատուկ է նրանով, որ Թուրքիայի արևելյան շրջաններում Սուրբ Խաչը միակն է, որի հայկական պատկանելությունը թուրքական պետությունը, թեկուզ անուղղակի, ճանաչում է: Վերոնշյալ հանգամանքը փոքր-ինչ վստահություն է ներշնչում իսլամացված հայերի սերունդներին, որոնք արդեն կարող են ոչ թե գաղտնի այցելել հայկական խոնարհված սրբավայրեր, այլ բացահայտ գնալ ուխտի թեկուզ և եկեղեցու կարգավիճակ չունեցող ու թանգարան համարվող Սուրբ Խաչ եկեղեցի:
Այս երևույթը ցայտուն կերպով ի հայտ եկավ արդեն պատարագի օրը, ինչի մասին սկսեցին տեղեկություններ տարածվել: Հուրախություն մեզ, այդ ամենը չի վրիպել պատարագի ժամանակ Վանում գտնվող հայաստանցի լրագրողների ուշադրությունից, և նրանք փոխանցում են բավական հետաքրքիր մանրամասներ: Օրինակ` news.am լրատվական կայքէջի թղթակից Անդրանիկ Իսպիրյանն իր հոդվածում նշում է. «Վանից, Մուշից, Սասունից, Դերսիմից, Համշենից և Թուրքիայի այլ վայրերից Աղթամար եկած ծպտյալ հայերի ուրախությունը և արտասուքը խոսում էր այդ մարդկանց համբերատարության և համարձակության մասին: Մուշից 20 միկրոավտոբուսներով և մարդատար մեքենաներով պատարագին մասնակցելու եկածները մոմ էին վառում, համբուրում չտեղադրված խաչը և արտասվում: Իրենց շուրջը հայեր տեսնելով` շատերը փորձում էին պատմել, արտահայտել իրենց տարիների թաքցրածըե: Ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նաև «Առավոտե թերթի լրագրող Գոհար Հակոբյանը. իսլամացված հայի թոռ` 38-ամյա Սինան Դեմիրբաշը հայ լրագրողին պատմել է, որ հինգ տարի առաջ մահացած իր Ջաֆեր պապը մահից առաջ ընտանիքին հայտնել է, որ իրենք իրականում հայ են և անգամ ցույց է տվել իր տոհմական լուսանկարները, որոնք տասնամյակներով խնամքով թաքցրել է: Ըստ Սինանի, միայն Վանում իսլամացված հայերի և նրանց սերունդների թիվը հասնում է հազարի:
Պատարագից հետո կղզում գտնվող իսլամացված հայերից ոմանք փորձել են գտնել իրենց հարազատներին Հայաստանում, հայտնել են իրենց նախկին հայկական ազգանունները, ծնողների, պապերի, տատերի հայկական անունները և խնդրել հայաստանցիներին օգնել:
Այդ նույն օրերին թուրքական մամուլում լայն տարածում գտավ նաև իսլամացված հայերի կրոնադարձման (քրիստոնեություն վերընդունելու) թեման, և փորձ արվեց դա ևս կապել Սուրբ Խաչի պատարագի հետ: Քրիստոնեություն վերընդունելու խնդիրը ներկայացվեց Ստամբուլի Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զարմիկների օրինակով. այսպես, Դիարբեքիրում ապրող Արամ Սրբազանի քույրն ու փեսան 1950-ական թվականներին ստիպված կրոնափոխ են եղել և ընդունել իսլամ: Մի քանի անգամ մամուլում խոսվել էր, որ հայ բարձրաստիճան հոգեւորականն ունի մուսուլման ազգականներ, ինչը չէր ժխտել նաև ինքը` Արամ Սրբազանը: Եվ ահա վերջերս տեղեկություն տարածվեց, որ 2010թ. մայիս ամսին Արամ արքեպիսկոպոսի Դիարբեքիրում բնակվող երկու զարմիկները` 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքինսիզը, կրոնադարձ են եղել` վերադառնալով քրիստոնեության: Նրանք իրենց անձնագրերում փոխել են նաև ազգային պատկանելությունը` գրվելով հայ և ընդունել են հայկական անձնանուններ. Մեսուրեն դարձել է Սիրուն, իսկ Ջիհանը` Պարետ: Կրոնադարձվելուց հետո նրանք պատմել են, որ տասնամյակներով իրենց ընտանիքը վարել է ծպտյալ հայի կենսակերպ. տանը և հայկական միջավայրում եղել են հայեր, իսկ դրսում, աշխատանքի վայրում իրենց պահել են որպես մուսուլման, և անգամ իրենց մերձավոր շրջապատը չի իմացել, որ իրենք ոչ թե քուրդ են, այլ` հայ:
Դիարբեքիրի ծպտյալ հայերի շրջանում բավական տարածված են նաև ներքին ամուսնությունները. օրինակ, Մեսուրե-Սիրունի ամուսինը` Քուդբեթթին Քափլանը, ծպտյալ հայ է և նույնպես դիմել է կրոնադարձության` ընդունելով քրիստոնեություն: Հայկականության վերադարձածները նաև նշել են, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումից հետո պատրաստվում են մկրտվել հենց այնտեղ: Պարետը և Սիրունը փոխանցել են նաև, որ Դիարբեքիրում բազմաթիվ ծպտյալ հայեր կան, որոնք չեն համարձակվում բացահայտել իրենց իրական ինքնությունը և վերադառնալ հայկականության, սակայն անգամ նրանց մոտ վերջերս սկսվել է արմատների կարևորման գործընթաց, որը հետզհետե վերածվում է զարթոնքի:
Ծպտյալ հայերի շրջանում սկսված կրոնադարձության և արմատների որոնումների գործընթացին է անդրադարձել նաև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը` նշելով. «Անատոլիայում բազմաթիվ հայեր չեն համարձակվում ասել, որ հայ են: Ինչքան մեր երկիրը ժողովրդավար դառնա, այնքան շատ մարդիկ կվերադառնան իրենց կրոնին: Նույնիսկ այսօր Թուրքիայի չորս կողմերից` Թունջելիից, Տրապիզոնից, Կաստամոնուից երիտասարդներն իրենց ընտանիքների արմատները գտնելու համար դիմում են մեզե:
Ավելորդ չէ նշել, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը և բռնի իսլամացված հայերի կրոնադարձության մասին տեղեկությունները ևս մեկ առիթ դարձան, որպեսզի Թուրքիայում ազգայնամոլական մամուլը և գործիչները բացասական երանգներով անդրադառնան իսլամացված հայերի թեմային` կրկնելով իրենց նախկին անտրամաբանական թեզերը: Խնդրին կրկին անդրադարձավ պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն` նշելով, որ Թուրքիայում ամենաքիչը հինգ հարյուր հազար ծպտյալ հայեր կան:
Ամփոփելով` նշենք, որ վերոհիշյալ գործընթացները ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիայում էթնիկ ինքնության հիմնախնդիրները ծավալվում և նորանոր դրսևորումներ են ունենում:
Ռուբեն Մելքոնյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.