«Սովորաբար ժամանակակից արվեստը չեն ընդունում մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, բայց դա ևս ունի իր դրական կողմը: Մարդիկ սկսում են խոսել այդ մասին, ու դա նույնպես ձեռքբերում է»:
Չարլզ Լոնսդեյլ
Մեծ Բրիտանիայի դեսպան Հայաստանում
Սեպտեմբերի 10-ին «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» խորագրի ներքո հայավարի` ամեն ինչին հակառակ, մեկնարկեց ու ընթանում է Գյումրու 7-րդ միջազգային Բիենալեն:
Մասնակիցներն ու կազմակերպիչները միայն էնտուզիազմի շնորհիվ հասան այդ օրվան: Մշակույթի նախարարությունը, որ 12 տարի շարունակ աջակցել էր Բիենալեին, այս տարի երևի անհեռանկարային ու անպետք համարեց «Բիենալե» երևույթը Հայաստանում: Համենայն դեպս կարող էին ձևականորեն պետական հովանավորման երանգ տալ միջոցառմանը, քաղաքային իշխանությունները կարող էին գոնե ներկա լինել բացման արարողությանը: Ես` որպես ժամանակակից արվեստի ու բիենալեի համակրող ու մասնակից, ցավ զգացի Բիենալեի` պետության կողմից «բրախված» լինելը տեսնելով: Ես կարող էի ներկայացնել կազմակերպիչներին, մասնակիցներին, ցուցադրությունները ամպագոռգոռ-կեղծ պաթետիկ ոգով, ստեղծել տոնի պատրանք, բայց… Կներեք, չեմ կարող:
Այսօր արվեստագետը անպաշտպան է ու անտեր: Ոչ ոքի պե՞տք չէ արվեստը: Թե՞ միայն «պտիչկայի» համար պետք է կազմակերպել ու ֆինանսավորել «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի նման պրոյեկտներ, որտեղ փոքրաթիվ բացառությամբ ներկայացված են բոլորին հոգնեցրած «սիրված ու հայտնի» երգիչ-երգչուհիներ, դախացած նկարիչներ, վերջին 10-20 տարիների ընթացքում ոչ մի նոր բան չասած գրող-բանաստեղծներ, մոնոտոն-պաթետիկ ասմունքողներ, դասական երաժշտություն, որը հարկ է լսել համապատասխան դահլիճներում…
Մշակույթի նախարարությունում պատճառաբանում են, որ իրենց ուշ են դիմել ֆինանսավորման համար. ասես 12 տարվա մեջ չգիտեին, թե երբ է լինում Բիենալեն, որը նրանք միշտ ֆինանսավորել են: Առաջարկված պետական աջակցությունը կազմում էր Բիենալեի բյուջեի ընդամենը 7 տոկոսը, հիշեցնեմ՝ Իջևանինը 1.5 տոկոս էր:
Ինչպես Իջևանի Համայնքային արվեստի փառատոնը, այնպես էլ Բիենալեն պետության կողմից չեն խրախուսվում, նշանակում է՝ պետությունը չի աջակցում ժամանակակից արվեստին… Ասել է թե՝ առաջընթացին: Բա ինչի՞ համար է էդ դեպքում Մշակույթի նախարարությունը: Այդ կառույցին դիմած առնվազն երեք արժանի առաջարկ գիտեմ, որոնք մերժվել են զանազան պատճառաբանություններով: Երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի նախաձեռնությունը` մասնակցությունը Զեմֆիրայի համերգին, որը պետք է վերածվեր ռեալիթի-շոուի ֆորմատի ֆիլմի, մերժվեց, Իջևանը մերժվեց, Բիենալեն մերժվեց, այլ պրոյեկտներ ևս մերժվեցին, որոնց մասին ես գուցե տեղյակ չեմ այնքանով, որ կարողանամ հավաստի տվյալներ բերել, բայց հաստատ կան այդպիսիք…
Հարցնում եմ քանդակագործ Սահակ Պողոսյանին.
— Իսկ որո՞նք են չմերժելու չափանիշները, ինչո՞վ է չափվում արվեստն այսօր:
— Նախարարությունում արվեստից բան հասկացող որևէ մեկը կա՞. եթե կա, հրավիրում եմ նրան հանրային բանավեճի: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր պետական մշակութային կառույցներում կերպարվեստից գոնե մեկ հասկացող չկա: Սա առանձին, մեծ խոսակցության թեմա է, բայց էս ասածս գրիր, ես պատասխան եմ տալիս ասածներիս համար:
Սահակը սեփական տրանսպորտով էր, իսկ մասնակիցների ու հյուրերի մեծ մասը իր հաշվին եկավ, մնաց ու գնաց: Ես կմնայի ավելի երկար, բայց սեփական միջոցներով չէի ձգի երկու օրից ավելի: Մասնակիցներից շատերն իրենց աշխատանքների ցուցադրությունը սեփական միջոցներով էին արել. կազմակերպիչները գումար չունեին…
Ինչևէ, «ինչ ունենք, ունենք, պետք է «յոլա» գնանք,- ասացին ինձ էսօր բիենալիստները,-եթե փողին սպասեինք, վերջին 20-30 տարում ոչ մի արվեստ չէր լինի»: Պատմեմ:
Գյումրու 7-րդ Բիենալեի կարճ համայնապատկեր
Այս տարի Գյումրու երիտասարդ արվեստագետներից շատերն էին ներկայացված, ընթացքում ծագեցին որոշ միասնական պրոյեկտների գաղափարներ, ու դա լավ էր, որովհետև Գյումրիում Բիենալե անցկացնելու նպատակներից մեկը համայնքային արվեստի զարգացումն է, տեղի արվեստագետներին ոգևորելն ու մասնակից դարձնելը։
Արիստիդիս Անտոնասի, Ալեքսիս Դալլասի և Ֆիլիպոս Օրիապուլոսի «Անզոր հուշարձաններ» նախագիծը ներկայացվեց Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում: Սալոնիկ քաղաքում դարեր ի վեր հանելուկային սպանությունների շարք է տեղի ունեցել, որոնք հետք են թողել մարդկության պատմության հետագա ընթացքի վրա:
Այս նախագիծը ինձ համար ուշագրավ ու հետաքրքրական էր նրանով, որ ներկայացնում էր ուղիղ կապ քաղաքային ճարտարապետության, ենթակառույցների, հանրային կյանքի ու աղմկահարույց սպանությունների միջև: Նրանք ասում էին, որ քաղաքի ճարտարապետությունն ասես ինքն է նախագծել ու կանխորոշել ինչ-ինչ վայրեր հատուկ սպանությունների համար: Նաև ներկայացված էին գրքեր՝ այդ արձանագրությունների մատյանները, որոնցից մեկը նվիրեցին գյումրեցիներին:
Մոսկվացի նկարիչները ներկայացրել էին «Ներքին բնապատկեր» վերնագիրը կրող նախագիծը: Համադրողն էր Անաստասիա Դուկաչովան:
Գեղարվեստի ակադեմիայի լսարաններում ու միջանցքներում էր ցուցադրվում նաև Կարեն Ալեքյանի համադրած «Բիենալեն` առաջադիմական» պրոյեկտը: Մասնակիցները «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» կոնցեպտին տարբեր մոտեցումներ էին ցուցաբերել՝ կամուրջներ անցկացնելով անցյալից ներկա, ներկայից ապագա, որտեղ ապագան ավանդապաշտ հայ ժողովուրդը չի կերտում, այլ ինքը՝ հասուն բանականությամբ վառ անհատը, որը «գործում և մտածում է գլոբալ», ու նաև այդ անհատների կոլեկտիվ արտադրանքն էր բիենալեն:
«Սթիլ» պատկերասրահում Բրիտանական խորհրդի հավաքածուից Բիենալեին Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ներկայացրեց 31 լիտոգրաֆիական և մետաքսային տպագրության աշխատանքներ: Մասնակիցներին էին ներկայացված բրիտանացի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների գործերը:
«Տեսնել գույնով» նախագծում ներկայացված էին նաև Անգուսթ Ֆեյրհարսթի, Փաթրիք Քաուլֆիլդի, սըր Հովարդ Հոթքինի և «Թեյթ» պատկերասրահի ամենամյա «Թյորներ» մրցանակի մյուս բրիտանացի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Այս նույն պատկերասրահում «Ուտոպիանա» կազմակերպությունը ներկայացրել էր «Նման մի բան. երիտասարդ այլընտրանքային նկարիչներ» ցուցահանդեսը, որն այս Բիենալեի իմ ֆավորիտն էր: Ցուցահանդեսի համադրողներն էին Արման Գրիգորյանը և Վահագն Ղուկասյանը:
Ցուցահանդեսը «Սթիլ»-ում բաց է մինչև սեպտեմբերի 15-ը:
«Գալերի 25» ցուցասրահում ներկայացված էին գեղանկարիչ Հակոբ Հովհաննիսյանի «Ձիթհանք» և Զավեն Խաչիկյանի «Պատերազմի խորհուրդ» նախագծերը:
Ասլամազյան քույրերի թանգարանում «Ինֆորմացիա» ցուցահանդեսն էր, որի համադրողն էր Կարեն Բարսեղյանը: Պատկերասրահներում երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններն էին ներկայացված. նրանք ինֆորմացիան օգտագործել էին որպես արվեստագետի աշխատանքային հումք, այնուհետև արխիվացրել Գյումրու Բիենալեի շրջանակներում:
Գյումրու Գեղագիտական ազգային կենտրոնում Կարինե Գուսարենկոյի համադրած «Ժամանակակից արվեստ = Բիենալե» պրոյեկտում ներկայացվել էին դեռ ուսանող արվեստագետների աշխատանքներ. սա վկայում է կրթական համակարգի զարգացման գործընթացի կարևորումը:
Տեղի ունեցան նաև քննարկումներ բոլոր 7 բիենալեների թեմայով` ի՞նչ է արվել, ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ բացահայտումներ են եղել և այլն: Ես ուզում եմ, որ մենք էլի ունենանք բիենալեներ, ունենանք հարուստ բիենալեներ, որ ես գնամ Բիենալեի ու մնամ ողջ ընթացքում ու չմտածեմ, որ փող չկա, ու տպեմ իմ ֆոտոները ինչ չափսի որ կուզեի, այլ ոչ թե փողս ինչքանի կհերիքի… Իսկ դրա համար պետք է Մշակույթի նախարարությունը փոխվի կամ վերանա, որ արվեստագետն իմանա` որբ է իրոք: Չնայած կարծիքներ կան, որ պետական աջակցություն ստացած պրոյեկտներն արդեն իսկ ապականված են այդ հովանավորչությամբ:
Ի՜նչ ամոթ է….
Լուսինե Վայաչյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.