«Աստծուց միշտ պիտի երեք բան ուզես. Կարողություն, որ փոխես այն, ինչ կարող ես փոխել, համբերություն, որ դիմանաս այն ամենին, ինչը չես կարող փոխել, և իմաստություն`որպեսզի այդ երկուսը իրարից տարբերես», — ինձ հետ զրույցում ասում է դերասան, ռեժիսոր, Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը։
Կարինե – Ինչպիսի՞ն է մտավորականի Ձեր բնորոշումը:
Դավիթ – Նախ` ինչ ենք հասկանում մտավորական ասելով: Եթե ելնենք բառի պարզ վերլուծությունից` մտքով շարժվող, մտածող, մեկ այլ հարթության վրա ապրող մարդ, որը սովորական չէ, հաճախ հանդիպող տեսակ չէ, որը օրվա հացի չէ: Իմ ղեկավարն ասում էր, որ մտավորական մարդը պետք է դարդ ունենա, իսկ պապս`«Անդարդ մարդու հերն եմ անիծել»։ Մտավորական մարդը նախ և առաջ ստեղծող, արարող մարդ է, որը նման չէ բոլորին: Ես միշտ իմ ուսանողներին հիշեցնում եմ, որ նրանք ընտրել են մի ճանապարհ, որտեղ սովորական լինել չես կարող: Մտավորականը պետք է, որ ինչ-ինչ բաներից վեր լինի, և եթե վեր է, ուրեմն արդեն ինչ որ բանի կրող է, ու հասարակության մեջ ունի խնդիր, տեղ և կարևորություն:
Կարինե — Այսօր հայ իրականության մեջ կան մտավորականներ, իսկ մտավորականություն կա՞:
Դավիթ — Փորձեմ համեմատություն անել մեր մասնագիտությունից ելնելով: Դու համաձա՞յն ես, որ Հայաստանում կան շատ շնորհալի դերասաններ, ռեժիսորներ, նոր դրամատուրգիայի վերելք:
Կարինե – Անշուշտ։
Դավիթ — Բայց որքան էլ զարմանալի է, չկա թատերական մթնոլորտ: Ինչու՞ : Որովհետև, ըստ իս, այդ «ություն» դառնալու համար պիտի լինի ինչ-որ կոմպլեքս, մեկ ընդհանուր խնդիր, մեկ ընդհանուր տարածք, մտածողություն: Ես համոզված եմ, որ մեր պետության կայացման հետ մեկտեղ կունենանք լավ թատրոն, որովհետև , եթե ձևավորված չէ պետությունը, չի կարող ձևավորվել որեւէ կարգին բան` առանց լուրջ պետականություն:
Կարինե – Ի՞նչն է միավորում կամ տարանջատում մտավորականներին:
Դավիթ — Եթե դիտարկենք մեր` արվեստագետներիս խնդրով, մի քիչ պարադոքսի առաջ եմ կանգնում: Ի՞նչը կարող է մեզ միավորել. օրինակ` դերասանների միություն կամ ռեժիսորների միություն: Զարմանալի է, բայց այն երկրներում, որտեղ կա որոշակի բռնատիրական կարգ, այդ միությունները ծաղկում են: Օրինակ`Ամերիկայում չի կարող ծաղկել թատերական գործիչների միություն: Այնտեղ կարող է ծաղկել դերասանների գիլդիա, շուկա: Սրանից չենք կարող եզրակացնել, որ ամերիկյան դերասանները կամ մտավորականները մեզանից պակաս են: Ուրեմն ֆորմացիան ինքն է որոշում, թէ ինչի շուրջն է միավորվում մտավորականությունը: Ինքը` արվեստագետը, անհատ ստեղծագործող մարդ է. նա չի կարող լինել ինչ որ «ությունի» կրող: Նա իրենի կրողն է, բայց սա չի վերաբերում այն գերխնդրին, որի շուրջը մտավորականները կարող են համախմբվել: Օրինակ` ի՞նչն այսօր կարող է մեզ համար գերխնդիր լինել: Գերխնդիր է մեր սոցիալական բևեռացումը, անարդարությունը, դարերից եկող, մեր հոգու մեջ նստած ստրուկի հոգեբանությունը: Մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդուն ազատենք իրենից: Իսկ ազատ մարդկանց համախմբվածությունը արդեն դառնում է կատարյալ համախմբվածություն։
Կարինե — Իսկ ին՞չն է տարանջատում:
Դավիթ — Ցավոք վերջին տարիներին մեր մտավորականությունը ճնշվեց ոչ թե ուղեղի, այլ ստամոքսի ճնշվածությունից: Դրա համար էլ մեր մտքերից երբեմն մի քիչ տհաճ հոտ է գալիս, որովհետև փորն է սեղմված: Երբ ուղեղն է սեղմված, մտքեր են ծնվում, իսկ փորը սեղմելուց միշտ էլ տհաճ հոտ է գալիս: Ցավոք մեր մտավորականների մեծ մասը վատ է ապրում, իսկ վատ ապրող մտավորական մարդը չի կարող միավորվել գաղափարի շուրջ: Նամանավանդ մեր այսօրվա քաղաքականացված հասարակության մեջ, երբ մեկ էլ պարզվում է, որ երկու համախոհ արվեստագետ հայտնվել են հակառակ դաշտերում: Այն էլ սոցիալական, ոչ թէ իդեոլոգիական պատճառով։
Կարինե -Հասարակական պահանջն է ծնում առաջնորդին, նորարարին, մտավորականին: Այսօրվա մտավորականի առջև հասարակական ի՞նչ պահանջ է դրված, և դրվա՞ծ է արդյոք:
Դավիթ — Հին հույները ասում էին. «Զրկեք ստրուկին օրապահիկից, ու նրա մեջ կծնվի մարդը»: Ես համոզված եմ, որ այսօր ստրուկի հոգեբանությունը նստած է շատ շատերիս մեջ: Հասարակական լուրջ պահանջ է հենց այդ ստրկամտության, այդ անազատության խնդրի դեմ կռվելը, իսկ դրա համար լուրջ առաջնորդ է պետք: Զարմանալի բան է կատարվում. շատ խելացի ձևով օրապահիկից չեն զրկում: Մեզ մոտ սովամահության դեպքեր չկան, բայց սոված են, «յոլա» են գնում: Հենց այդ «յոլան» էլ ինքը` ստրուկն է: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կա «Սպարտակ» ներկայացումը: Մեր հերոսը, երևի թէ այսօր Սպարտակը պետք է լինի, և ոչ մեկ ուրիշը: Ինձ սխալ մի հասկացեք: Ես կարծում եմ եկել է մի դարաշրջան, որ մենք կոնկրետ անհատի ազատության մասին պիտի մտածենք, ոչ թե ազգի: Այդ դարաշրջանը անցավ` ճառն ասել հանուն ազգի, գործն անել հանուն ազգի: Այժմ աշխարհը բոլորիս աչքի առաջ է և էդ աշխարհը տեսնող մարդը ապրում է նախ և առաջ համեմատության մեջ: Այլ հոգեբանություն ուներ 19-րդ դարի սկզբում ազգային ազատագրությանը նվիրված զինվորը, բոլորովին այլ հոգեբանություն ունի այսօրվա հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը: Եթե 19-րդ դարի զինվորը տեսել էր ընդհամենը իր սարերը, իր մոր գոգնոցը, լավագույն դեպքում իր ձորը, իր գետը և դրանից այն կողմ ոչինչ, ու երբ ինչ որ մեկը փորձում էր խլել դա իրենից…Նրա հոգեբանությունն ուրիշ էր, բայց այսօրվա զինվորը ամեն ինչ է տեսնում: Նրան այլևս նույն ճառերով ազատության չես մղի: Թող ինձ սխալ չհասկանան, ես ընդհամենը անում եմ իմ դատողությունները: Այսօր չես կարող երիտասարդին ասել. «Մահ կամ ազատություն»։ Այսօրվա երիտասարդին պետք է ասել`ապրել, ազատ ապրել և հանուն ինչի ապրել։ 19-րդ դարում մեզ համար օրինաչափ էր, որ ֆիդային պիտի ինքնազոհաբերվի, ընտանիք չունենա, կին չունենա, քանի որ իր հայրենիքն ազատ չէ, դա էր այդ դարաշրջանի խնդիրը: Այսօր, եթե զինվորը ընտանիք չունի, տուն չունի, իր ծառը չունի, իր երեխան չունի, ինչի՞ համար պիտի զոհվի: Այսօր բոլորովին այլ մտածելակերպ է, այլ պահանջ, չէ՞ որ մարդը համեմատության մեջ է զարգանում: Փարիզի, Լոնդոնի, Շվեյցարիայի կենսակերպը տեսնողին ինչպե՞ս կբավարարես ընդհամենը կապրոնե խողովակով տան պատի տակ հասցրած ջրի ծորակով: Չի կարելի: Մենք նորից տանում ենք դեպի «յոլան», դեպի ստրկություն:
Կարինե – Ո՞րն է մտավորականի տեղը` բարիկադ, հաշտարար դատարան, թե՞ 7-րդ երկինք:
Դավիթ — Աշխարհում ամենաբարդ բանը մարդկային ֆակտորն է: Եթե ես որոշել եմ ինչ-որ բան փոխել, ամպայման դեմ եմ առնում մարդկային ֆակտորի: Որովհետև իմ ինչ-որ բան փոխելը միշտ կախված է ինչ-որ մարդկանց հեռացնելուց: Եթե մարդը մի բան վատ է անում, պարզապես հարկավոր է նրան այդտեղից հեռացնել: Բայց երբ փորձում ես, հենց այդ մարդիկ միավորվում են կեղծ գաղափարների, կեղծ արժեքների շուրջ և հասարակությանը հանում փոխողի դեմ: Ի վերջո որևե բան փոխողը դառնում է ոչ ավել, ոչ պակաս`ազգի դավաճան: Շատերն այսպես կոչված ազգի դավաճաններից հեռացել են, նրանք քարկոծվել, վտարվել են երկրից, գնացել ծաղկեցրել են ուրիշ երկրներ, ուրիշի այգին: Որովհետև արարող մարդը չի կարող չծաղկեցնել: Եթե սպանես կվերջանա, բայց բանտել, արգելել չես կարող: Հիմա ի՞նչ պիտի անի մտավորականը: Ես օրինակ փոխում եմ այն, ինչը կարող եմ փոխել, ինչը չեմ կարող, համբերատար դիմանում եմ, բայց անդադար ուզում եմ հասկանալ, թէ ինչը կարող եմ փոխել, ինչը չէ: Աստծուց միշտ պիտի երեք բան խնդրես. կարողություն, որ փոխես այն, ինչ կարող ես, համբերություն, որ դիմանաս այն ամենին, ինչը չես կարող փոխել, և իմաստություն խնդրիր Աստծուց , որպեսզի այդ երկուսն իրարից տարբերես:
Կարինե — Վերջապես ո՞րն է մեր տեղը:
Դավիթ — Մենք յոթերորդ երկնքում չենք, հաստատ, բայց անդադար շարժման մեջ ենք: Այդ շարժումը մեզ մեկ բարիկադի վրա է բարձրացնում, մեկ դատարան է տանում, իսկ երբ մենակ ենք մնում` յոթերորդ երկինք:
Կարինե — Դուք և Ձեզ շրջապատող համախոհ մտավորականներդ ինչի՞ եք ընդունակ, ինչ՞ որակի փոփոխություններ կարող եք առաջարկել հասարակությանը:
Դավիթ — Ես էս աշխարհը փոխողը չեմ, ոչ էլ հասարակությունը: Կարող եմ լավագույն դեպքում իմ գործը լավ անել ու դրանով իսկ ինչ-որ բան փոխել աշխարհում: Թէ չէ ես ո՞վ եմ, որ հասարակությանը սովորեցնեմ ինչպես ապրել, բայց այնտեղ, ուր իմ տարածքն է` թատրոնը, ես փորձում եմ լինել առավելագույնս ճշմարիտ: Ունեմ աշակերտներ, որոնց փորձում եմ փոխանցել, իմ փորձառությունը: Ես նկատել եմ, որ մենք կորցրել ենք մարդկանց հետ շփվելու, ազնիվ լինելու ձևը: Հասարակությունը իր առաջնորդի դերում չպետք է հանդուրժի կիսատ-պռատներին, բոլոր ասպարեզներում` նախագահից մինչև ամենափոքր բաժնի վարիչ: Եթե ես հանդուրժող եմ, արդեն ձևը կորցնում եմ: Ամեն ինչ գալիս է ստրկամտությունից:
Կարինե – Ուր՞ է դա մեզ տանում:
Դավիթ — Ունենք այն, ինչ ունենք: Հասարակ բան. շատերը ժամանակին մտածեցին Հայաստանում կրթական համակարգում ռեֆորմներ անել: Որոշ գործիչներ հասան նրան, որ մեր կրթական համակարգը նմանվի եվրոպականին, որպեսզի հայ պատանին իրավունք ունենա կրթվել աշխարհի ցանկացած երկրում`հավասար իրավունքներով: Ինչ ասես ասում էին էդ նորարարներին `էլ ազգի դավաճան , էլ մեր կրթությունը ոտնահարողներ, իհարկե հիշելով ու հիշեցնելով Մաշտոցին: Մաշտոցը սովորեցնում էր 5-րդ դարում, երբ խնդիրներն ու պահանջներն ուրիշ էին: Այսօր, եթե Մաշտոցը լիներ, կստեղծեր եվրոպական որակի մի հզոր դպրոց, իսկ դուք չեք ուզում, նորից ուզում եք 5-րդ դարի դպրո՞ցը: Պատահական չէ, որ ուր գնում ես պատերին ոչ մի ժամանակակից նկարչի գործ կախված չի. գերեզմանոցներ են մեր հիմնարկները: Գիտնականների մոտ մտնում ես, մեռելների նկարներ են, թատրոններ մտնում ես, մեռելների նկարներ են: Էսպես գերեզմանոցներով կարելի՞ է ապրել: Երբ գնում եմ արտասահման փառատոնների կամ արվեստագետների հետ հանդիպումների, ոչ ոք չի ասում, թե Վահրամ Փափազյանը ինչ լավ էր խաղում, հարցնում են ինչ՞ եք անում, ո՞վ եք դուք այսօր, Ձեր արածն ին՞չ է այսօր:
Կարինե — Եւ ո՞վ ենք մենք այսօր:
Դավիթ – Գիտե՞ս ես սկսել եմ շատ քիչ խաղալ, որովհետև վախենում եմ անհետաքրքիր լինելուց: Վախենում եմ, որովհետև եկել է մի նոր ֆորմացիա, որը մենք չենք ընկալում: Ցավոք, նաև մեզ գերադասում ենք այսօրվա երիտասարդից, պատճառաբանելով, թե այսօրվա երիտասարդը չի կարդում: Չենք ուզում հասկանալ, որ մեզ էլ նույն կերպ հանդիմանում էին մեր հայրերը, չնայած մենք դեռ մեր հայրերի ֆորմացիայի ծնունդ ենք, բայց մեր աշակերտները մեր ֆորմացիայի ծնունդ այլևս չեն լինի, որովհետև նրանք այլ մթնոլորտի ծնունդ են` կոճակային արագության մթնոլորտի: Նրանք ինչ որ բան ճշտելու համար էլ երկար-բարակ չեն մտածում, չեն խորհում, որովհետև ինտերնետում կա դրա կայքը, և ուղեղի ծալքերը այլևս չեն աշխատում: Մենք չենք ուզում հասկանալ, որ սա նոր ֆորմացիա է, նոր մտածելակերպ և նոր ձևեր է պահանջում: Իմ վերջին ներկայացումներն արդեն անում եմ առանց դեկորի, փորձելով գտնել նոր ձևեր: Դերասան և հանդիսատես, ուրիշ ոչինչ ինձ հետաքրքիր չէ: Տեխնոլոգիայի այս դարում, երբ համակարգչային «3D» -ով ինչ ասես անում են, ես ին՞չ դնեմ բեմում, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի: Ին՞չ դեկոր: Նոր ձևեր են պետք: Հիմա ինձ հետաքրքիր է նետրալ ֆոնը`լույս և արանքում պայծառ դերասան:
Կարինե — Դավիթ կա՞ մի բան, որ չասել չես կարող:
Դավիթ — Մի բան ամպայման ուզում եմ ասել: Մարդը թուլություններ ունի: Վերջին հաշվով կարելի է և ոգևորվել ինչ-որ շահով, ունենալ ինչ-ինչ պատճառներ կեղծիքի գնալու, ստելու: Բայց, եթե մարդն արդեն գնացել է այդ բանին, իրեն չպետք է թույլ տա ազնվության մասին ճառեր ասել: Ես, համենայնդեպս, փորձում եմ ազնվության մասին ճառեր չասել, այլ ամեն երեկո ասում եմ. «Ներիր, Տեր Աստված, Դավիթ Հակոբյանի բոլոր մեղքերը»։ Մարդուն ներելի են թուլությունները. բայց ազնվականի դեմքով կեղծ ճառեր ասել չի կարելի: Այստեղ է հենց երևում Տարտյուֆի կեղտոտ հոգեբանությունը, իսկ այսօր մեր երկիրն իրոք լցված է Տարտյուֆներով: Շատ եմ ցավում դրա համար: Այ հիմա մեծ հաճույքով կբեմադրեի «Տարտյուֆը»: Այժմ բեմադրում եմ «Ազնվամոլ քաղքենին», մարդ` որն իր տեղում չէ, իսկ երբ մարդն իր տեղում չէ, նախ շատ ծիծաղելի վիճակում է հայտնվում, իսկ արածը կեղծիք է:
Կարինե — Կուզեի լսել ձեր խրատը երիտասարդ, մտածող սերնդին, մեր վաղվա մտավորականությանը:
Դավիթ — Խոնարհվեք բոլոր մեծերի առաջ, հարգեք մեծերի տաղանդը, բայց երբեք նրանցից ոչ մեկին, որպես բացարձակ ճշմարտություն, մի ընդունեք:
Կարինե Ջանջուղազյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.