«Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ է առաջ վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում», -ասում է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հավատալով, որ մեր հերոսը դեռ պետք է գա :
— Ո՞րտեղ են հայ մտավորականության ակունքները: Ո՞վ իսկապես կարող է համարվել մտավորական մարդ:
— Միտքը մարդու մեջ դրված մի հզոր դատավոր է, որը ստիպում է մարդուն քննելով ընտրել չարն ու բարին: Մտավորականը անպայման բարին ընտրողն է, որովհետև իր միտքը ուղղում է էնպիսի երևույթների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը և ինքն էլ դառնում է այդ ժողովրդի, այդ ազգի խիղճը: Դարեր շարունակ մեր մտավորականը եղել է քահանան, վարդապետը: Խրիմյան հայրիկը իր ժամանակի խղճի արտահայտողն էր նաև Ներսես Աշտարակեցին, Նարեկացին: Այսօր մենք ունենք աշխարհիկ մտավորականներ, որոնք , ցավոք, իրենց կերպարը ուղղել են ոչ թէ հոգևորի ծաղկմանը, մտքի ու հոգու աշխատանքին, այլ իրենց ես -ին, անհատի մատուցմանը: Արդյո՞ք դա պետք է մեր ազգին, սա է խնդիրը: Ու դրա համար մեր սերունդները մեզ կօրհնե՞ն , թե՞ կանիծեն: Օրինակ` ին՞չ արեց Խորհրդային միությունը մեր մտավորականության հետ` փչացրեց: Որովհետև, երբ դու չէիր գովերգում Լենին կամ ՍՄԿԿ , չէիր կարող որևէ արտոնություն ունենալ: Իսկ ով փորձում էր ողնաշարը ուղղել, նրան արտաքսում էին: Ցավոք, այդ մտածումը և այդպիսի մտավորականներ դեռ ունենք: Այսինքն` կերպը չի փոխվել: Այսօրվա մտավորականը չի բռնում ազգի զարկերակը, նստել ու սպասում է, որ ժողովուրդը բարեհաճի մոտենալ իրեն: Այսպիսին է իմ տպավորությունը: Թեև կարծում եմ, որ բոլորը չէ, որ էդպես են մտածում: Հավատում եմ, որ կան անհատներ, որոնք հավանական է` ճառագում են, բայց այսօր չենք տեսնում, և կան հոգիներ, որ դեռ խմորվում են ու վաղը պիտի գան::
— Կարո՞ղ է մարդը լինի հոգևոր և չլինի մտավորական:
-Եթե բացենք Ագաթանգեղոսի ՙՊատմություն Հայոց՚-ը, այնտեղ մի հրաշալի պատմություն կա. Գրիգոր Լուսավորիչը առաջին կրոնավորներին ձեռնադրում է հենց քրմերի զավակներից: Նա ընտրում էր կիրթ մարդուն, որովհետև հենց կիրթ մարդը պիտի լիներ մտավորական մարդը, առաջնորդը:
-Գուցե դա աստվածատուր կոչու՞մ է: Մտավորականը տարիքային սահմանափակում ունի՞:
-Եթե սահմանափակում լիներ, Ներսես Շնորհալուց երբեք Շնորհալի չէր ծնվի, որովհետև նա մանուկ հասակից արդեն ճառագում էր և բոլորը հրճվալից տեսնում էին, թե ինչպես է աճում: Շատ երիտասարդ տարիքում նա կաթողիկոս դարձավ: Դա յուրահատուկ պարգև է, որովհետև մտավոր մարդը խորհելու, ընտրելու, կռվելու առիթ ունի իր ներսում, ցավ ունի, որն ուղղում է դեպի այն հավիտենական արժեքները, որին ինքը ձգտում է հասնել, և դա անպայման ունի իր Գողգոթան, իր Փշեպսակը, իր Գեղարդը: Նա պիտի անցնի այդ ճանապարհով:
— Իսկ այժմյան պատկերն ինչպիսի՞ն է
— Մենք ունենք հրաշալի ձայներ, հայ երգիչ, երգչուհիներ, որոնք արտասահմանում են: Մեր երաժշտանոցն ավարտած մարդիկ գնում և աստղեր են դառնում Եվրոպայում: Ունենք գույնի հրաշալի զգացողություն ունեցող նկարիչներ, որոնք գնում, փայլուն դեմքեր են դառնում դրսում, ունենք սպորտսմեններ, որոնք օտար դրոշների տակ են հաղթանակներ ունենում, իսկ Հայաստանում տեղ չունեն:
— Ինչու՞ է այդպես
— Ինչուն քաղաքական է, սոցիալական է, գու՞ցե Խորհրդային շրջանի, պարսկական 400 տարվա լծի, Օսմանայան կայսրության տիրապետության հետևանքն է: Չգիտեմ ինչի՞ հետևանքն է, բայց մենք չենք կարողանում այդ բեռը շպրտել մեր ուսերից, ազատ ապրել, շնչել, պարզ շփվել մեկս մյուսի հետ:
— Ին՞չը կարող է մեր մտավորականներին միավորել
— Միայն հավատքը. մի կոնցեպցիա, որը հազարամյակների ընթացքում մշակել են մեր հոգևոր հայրերը: Ուղղակի վերադառնալ ակունքներին, ինչպես ձուկը, որ ծնվում է, գնում է դեպի օվկիանոս, հետո երբ պետք է ձվադրի, գալիս , վերադառնում է նույն տեղը: Ես հրավիրում եմ մտավորականներին.ՙ Եկեք Ձեր փարախը՚:
— Իսկ ին՞չն է տարանջատում
— Եսականությունը, հպարտությունը, նախանձը, ագահությունը, այսինքն` յոթ մահացու մեղքերը:
— Այսօր հասարակական ին՞չ պահանջ է դրված մտավորականի առջև:
— Ես պիտի խնդրեմ, որ մտավորականը գոնե չծախվի։ Հայերիս համար մեծ ինստիտուտ է ընտանիքը, որն առաջին սնման աղբյուրն է` կրթության առումով: Ճիշտ է, մեր տատիկ-պապիկները սովետական տատիկներ պապիկներ են, որոնք շատ լավ հատկություններ կորցրել են, բայց իրենք ավանդաբար բերում են բարոյական որոշ կատեգորիաներ, որոնք համընկնում են արդեն իրենց տատիկ-պապիկների ավանդական մտածողությանը: Հավանական է, որ սրանից հետո դժվար պիտի լինի, եթե մենք չվերադառնանք այն արժեքներին, որի պահանջն այսօր կա: Մի զուգահեռ անցկացնենք Ռումինիայի կամ Ռուսաստանի հետ, որտեղ մարդիկ վերադարձան իրենց հավատքին, խմբվեցին իրենց տաճարի շուրջը, զորացավ եկեղեցին և երկիրը գնալով սկսեց ծաղկել: Մենք պիտի մտածենք այդ մասին, որպեսզի Աստծո քաղցր սիրտը մեր հանդեպ փափկանա, դառնա աղբյուր, որ մենք սկսենք սնվել: Մենք ինքներս պիտի քայլ անենք դեպի Աստծված: ՙԹակեք դուռը և կբացվի՚: Այդ թակողների կարիքը մենք շատ ունենք:
— Ինչպե՞ս կվերաբերվեր Մաշտոցը այսօրվա կրթական համակարգին
— Մաշտոցի գերխնդիրն այն էր, որ Սուրբ Գիրքը դառնար հայերեն և լիներ մատչելի իր ժողովրդին: Արդյո՞ք այսօր մեր կրթական համակարգում Սուրբ Գիրքը դասավանդվում է: Ոչ: Լավ կլինի արժեհամակարգը վերանայվի:
— Տեր Շահե, ովքե՞ր են ստեղծել մեր ավանդույթները, արդյո՞ք դրանք համահունչ են մեր ժամանակին և որքանո՞վ են այսօր արժեքավոր
— Պատասխանը գտնվում է Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում.ՙԱմուր պահեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզանից, թե’ խոսքով, թե’ թղթով՚: Երկու տեսակի ավանդույթ է եղել` բանավոր և գրավոր: Գրավորը ամբողջ մարդկությունը ունի, դա Սուրբ Գիրքն է, իսկ բանավոր ավանդույթը` եկեղեցին : Աստվածաշունչը առանց եկեղեցու կիսատ է, եկեղեցին առանց Աստվածաշնչի եկեղեցի չէ: Երկնքի ու երկրի միջև կապը տեղի է ունենում, երբ այդ երկու ավանդույթները միանում են: Փառք Աստծո, մենք գոնե այն ազգն ենք, որ 30000 ձեռագիր է արտաշնչել: Ոչ մի ազգ միջնադարում այդքան ձեռագիր չի արտաշնչել` ոչ լատինը, ոչ հույնը, ոչ ասորին և ոչ էլ որևե մեկը: Էլ չեմ ասում, թե Մոնղոլական արշավանքների ժամանակ ինչքան գերևարության տարվեց, կոմունիստական շրջանում մեր վանքերի ինչքան ձեռագրեր այրվեցին: Փառք Աստծո, որ այսքան էլ մնացել ենք:
— Իսկ չե՞ք կարծում, որ մեր ժամանակաշրջանը նոր ավանդույթների կարիք ունի
— Որպեսզի նորը գա, կարիք կա, որ նախ հինը լավ ներշնչենք: Ավանդույթը ներսում մերը չի դառնա , եթե մենք նախ արտաքին պատկերների, նշանների խորհրդաբանությունը չհասկանանք: Օրինակ` խաչի պատկերը, որ կրում են կրոնավորները, իր բովանդակությամբ քրիստոնյայի պարծանքն է, իր խորհրդաբանությամբ կենաց ծառի խաչանման պատկերն է դրախտում, սակայն այն կրում են նաև կիսամերկ երգչուհիները: Նախ գիտակցական ընկալումը պիտի լինի, որ հետո այն ծլարձակի մեր սրտում ու պտղաբեր լինի: Մեր մտավորականները պիտի Նարեկացու,Օձնեցու, Մաշտոցի շարականները մեզ հետ ժամերգությամբ արտաշնչեն: Ինչպես Մարկեսը հին ավանդույթները կուտակեց-կուտակեց ու արտաշնչեց իր ՙՀարյուր տարվա մենությունը՚: Մենք այսօր գործ ունենք անելու:
— Տեր Շահե, մենք իրոք հրաշալի ժառանգություն ունենք, բայց կարծում եմ մատուցման խնդիր ունենք, ինչպես հարկն է չենք մատուցում մեր ժողովրդին: Համաձայն չե՞ք ինձ հետ
— Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ առաջ է վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում: Փառք Աստծո, հիմա հրաշալի հոգևոր գրականություն է տպվում: Թեև արդեն ընթերցողը քիչ է, այնուամենայնիվ մեր կաթողիկոսը չի նայում ընթերցող կա՞, թե՞ չկա, տպագրվում է և մատուցվում: Մեր ժողովրդին ոչ թե սերիալներ, այլ հոգևոր զրույց է պետք: Պետք է մեր հերոսը արթնանա: Բայց հերոսի համար միջավայր է պետք ստեղծել, որ մանուկ հասակից սնվի այդ արժեքներով, և վերջում գա արդյունքը:
— Եկեղեցու ծեսերն ու ավանդույթները ի զորու՞ են փոխելու մեր ժողովրդի արժեհամակարգը
— Նայենք մի քանի կայսրությունների ծեսերին: Նույնիսկ ֆաշիզմը ուներ իր ծիսական կարգը, Խորհրդային միությունը ուներ իր ծիսակարգը, որն ազդում էր հասարակության վրա: Ծեսն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց կա Աստվածային երկխոսության տեսակ, որը կոչվում է արարողություն կամ ծիսակատարություն եկեղեցում: Այդ խորհուրդը ինքը` Քրիստոսն է: Մկրտության պահին մարդը զգեստավորվում է ի Քրիստոս և ճաշակում նրա մարմինն ու արյունը: Թեև պահի գիտակցումը շատ խորն է և անբացատրելի, բայց մարդու ներքինը փոխվում է: Այն ծեսերի մեջ, որտեղ չկա փրկության խնդիր, ժամանակավրեպ են, սակայն կան հավիտենական արժեքներ, որոնք կմնան կայուն, մինջև Տիրոջ գալուստը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում օտար դավանանքներին
— Մենք երբեք թույլ չենք տվել ձեռնոց նետել որևէ այլ ազգի կամ կրոնի, ընդհակառակը, մենք ընդամենը պաշտպանվել ենք, ինչպես Ավետարանն է ասում. ՙՀավը իր ձագերին հավաքում է թևերի տակ….՚ այդպես էլ մեր եկեղեցին հավաքել, պահպանել է, որ գոնե մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատը չկորչի: — Այսօր կարելի՞ է մեր ժողովրդին է քրիստոնյա անվանել
— Գիտես, եթե նույնիսկ չմկրտված հայ մարդուն ասես.ՙ դու քրիստոնյա չես՚, կարող է կռիվ անել: Բայց ինքը իրականում հեթանոս է: Սա մտածելու լուրջ առիթ է, որովհետև այն մարդը, որը լրջորեն Քրիստոսին իր սրտի մեջ չի ընդունել, չի ապրում այդ արժեքներով, նույնիսկ ՙ Հայր մեր՚-ը չգիտի, ինչպե՞ս կարող է քրիստոնյա համարվել: Շատերն են այսօր Աստվածաշունչը թևերի տակ գալիս, իբր Քրիստոս են բերում մեր ազգին, բայց իրականում գալիս են իրենց թագավորությունը հիմնելու, տոտալիտար ձևերով խեղելու մեր ժողովրդին: Ես ցավում եմ այս երևույթների համար:
— Կա՞ մի բան, որ դուք չասել չեք կարող
— Ես շատ եմ սիրում իմ պետականությունը, իմ եկեղեցին և բացերի մասին չեմ կարող լռել: Եթե իմ երեխային սիրում եմ, նրա բացերի վրա չեմ կարող աչք փակել, պիտի դաստիարակեմ : Չեմ կարող չասել, որ կարիք ունենք կրթվելու, հոգևոր խորհուրդները ուսումնասիրելու, չինովնիկների տեսակը փոխելու, կաշառակերությունը վերացնելու և, վերջապես, սերը հաստատելու մեր մեջ:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականին
— Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Միշտ քաղցն ու ծարավն ունենաք ավելի մեծ արժեքների: Այսօր շատ կան ալյա-ֆրանկա մտածող գրողներ, որոնք փորձում են իրենց պոեզիան նմանեցնել հաջողակ ֆրանսիացի գրողներին: Ես չեմ հասկանում այդ արվեստը: Կուզեյի, որ մեր մտավորականները իրենց խարիսխները դնեին հենց ազգային հիմքի վրա, իրենց խոյակները զարդարեին մեր մանրանկարների խորանների նման և իրենց գույները որդան կարմիր դառնար:
— Ձեր խոսքը այսօրվա մտածող երիտասարդին
— Ընթերցիր, ով երիտասարդ: Դա արժեք է, որովհետև այն ինչ կատարվում է դպրոցում կամ համալսարաններում ողբերգություն է: Մարդիկ չեն ընթերցում: Աստծո խոսքը իր մարգարեների, ավետարանիչների միջոցով, գրավոր ձևով Աստված ավանդել է մեզ: Այն մի հրաշալի միջոց է, որ մարդը ճանաչի ինքն իրեն, ճանաչի Աստծուն, տիեզերքը: Եթե երիտասարդը ընթեցող է, ես իր կողքին եմ, իր համար աղոթող եմ, Աստծո օրհնությունը պիտի գա իր վրա և պտղաբեր դարձնի: Անգրագիտությունը թշնամի է հասարակությանը: Հիսուսը եկավ` վերականգնելու մարդուն, խոսեց Աստծո խոսքը, որն այժմ ամփոփված է Սուրբ Գրքում:
— Ին՞չ եք երազում մեր ժողովրդի համար:
— Վերադարձել եմ Կիլիկյան Հայաստանից, եղա ողջ Մեծ Հայքում, Կապադովկիայում, Անտիոքում: Այն արժեքները, որ մենք թողել ենք, միայն հողային տարածքներ չեն, դա նաև սուրբ վայրեր են, 3 հազար վանքեր, որոնք լքյալ են: Էլ չեմ ասում ինչքան խաչքարեր, եկեղեցիներ, ձեռագրեր են կորսվել, գնացել Վենետիկ, Ֆրանսիա, Լոնդոնի ազգային գրադարաններ, Երուսաղեմ և այլն: Հորդորում եմ մեր երիտաարդին, որ նա ամպայման անրադառնա այդ արժեքներին, բայց դա միայն ընթերցելու շնորհիվ է լինում: Ընթեցանությունը արթնացնում է մարդու ներքին զգայարանները և կապում ավելի մնայուն արժեքների հետ, եթե այն վերաբերվում է նաև հոգևոր գրականությանը:
-Դուք անձնական երազանքներ ունե՞ք
— Ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն: Պետք է գործել, արարել, Աստծո խոսքը մատուցել, ժամերգություններին զանգակները քաշել, աղոթել հիվանդների համար: Ամենառեալը դա է: Միթե՞ Հիսուսը երազանք ուներ: Աստված մարմնացել էր և ճշմարտություններ էր հաղորդում: Եթե մենք գոնե մի փոքր դառնանք Հիսուսի լեզուն, խոսքը փոխանցողը, կիմանանք, որ մեր երազանքները կատարվել են: Մեզ համար գերխնդիրը թող Քրիստոսը մնա:
— Հավատու՞մ եք մեր ժողովրդի ապագային
— Ապագան մեր ձեռքում է: Այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր հայրերը, ապագայում շատ է փայլատակելու: Մենք դեռ շատ պիտի հպարտանանք մեր հայրերով, բայց նաև հին արժեքների հիման վրա նոր արժեքներ է պետք ստեղծել: Հարկավոր է գոնե հավասարվել մեր պապերի արժեքներին, որ կարողանանք արտաշնչել նորը:
Կարինե Ջանջուղազյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.