Երբ կիրթ է հասարակությունը, ծաղկում է երկիրը: Հայաստանը և մտավորականությունը պիտի հոմանիշներ դառնան, ասում է .- «Ուսուցիչների Ստեղծագործական Վարպետանոցներ» կրթահամալիրի տնօրեն Իրինա Քրիշչյանը։
— Մտավորականի Ձեր բնորոշումը:
— Երկար տարիներ սխալ պատկերացում ենք ունեցել, կարծելով թե մտավորականները դիպլոմավոր մասնագետներն են: Սակայն մտավորական լինել չի նշանակում լավ կրթություն ունենալ, այլ` լինել կիրթ մարդ` բարձր ինտելեկտով, գրագետ, բայց նախ և առաջ ` մարդկային բոլոր առաքինություններով օժտված: Եվ մենք այդպիսի մտավորականներ շատ ունենք:
— Իսկ մտավորականությու՞ն:
— Վերջերս մի տխուր արարողության էի ներկա և շփվեցի մի մեծ խումբ մտավորականների հետ: Թեև հանդիպումը տխուր միջավայրում էր, ես մեծ հաճույք ստացա նրանց հետ հաղորդակցվելուց: Տեսա մտավորականների միասնություն։ Ստալինյան ժամանակներից սկսած փորձել են ոչնչացնել այն, բայց համոզված կարող եմ ասել, որ այսօր ունենք մտավորականություն, որովհետև մարդկությունը ունի հոգևոր արժեքներ, որոնք հնարավոր չէ ոչնչացնել: Ցավով պիտի ասեմ, որ այսօրվա մտավորականին մի տեսակ կորսված եմ տեսնում: Թեև շատերը և աշխատանք ունեն, և բավարար վարձատրվում են, սակայն իրենց հոգևոր արժեքների, գաղափարների ռեալիզացման խնդիր ունեն: Ինքս էլ, դպրոց եմ բացել, բայց Տեր իմ Աստված, որքան դժվար է առաջ տանել այն կրթահամակարգը, որը պիտի վաղվա մտավորականին ձևավորի: Մենք բոլորս մի տեսակ մասնատված ենք: Թեև պատրաստ ենք ուժներիս ներածին չափով ծառայել մեր երկրին:
— Իսկ ին՞չը կարող է միավորել մտավորականությանը:
— Երևի պետության ուշադրությունը: Եթե մեր ազգային պետական խորհրդին կից ներգրավված լինեին ավելի մեծ թվով մտավորականներ, հասարակական շատ-շատ հարցեր իրենց լուծումը կգտներ: Մենք էլ կիմանայինք,թե ին՞չ ասել, ինչ±ով օգնել, իսկ դրան մենք միշտ պատրաստ ենք:
-Ի՞նչն է տարանջատում մտավորականներին:
— Կենցաղային, սոցիալական պրոբլեմները: Բերեմ իմ օրինակը` ես սերվում եմ մանկավարժների գերդաստանից,1971թվից դասավանդում եմ, 14 տարի է ղեկավարում եմ «ՈւՍՎ» կրթահամալիրը և 14 տարի է փորձում եմ հովանավոր գտնել: Ամեն մեկս մեր խնդիրների մեջ թաղված ենք: Այնուհանդերձ մենք ունենք հրաշալի դպրոց, ունենք ուսուցչական վարպետանոցներ։ Ոմանք դա բիզնես են համարում, բայց դա այդպես չէ, դա առաքելություն է։
— Ինչո՞վ է Ձեր դպրոցը տարբերվում մյուս դպրոցներից:
— Նախ մեր դպրոցն ունի մեկ ուրիշ , ոչ պաշտոնական անվանում` «Ուրախության դպրոց»: Այս տերմինը մեծ մանկավարժ Սուխոմլինսկին է առաջադրել, որը հիմնված է ուսուցչի և աշակերտի համագործակցության սկզբունքի վրա: Սա հրաշալի մանկավարժական առաջարկ է: Այն ապահովում է հոգեկան ներդաշնակությունը, որից աշակերտները հաճույք են ստանում: Մեր գերխնդիրն է, որ երեխան ժպիտը դեմքին գա դպրոց և այն պահպանվի ամբողջ օրվա ընթացքում:
— Ի՞նչ յուրահատուկ մեթոդներ եք կիրառում վաղը մտավորական դաստիրակելու համար:
— Սկսած առաջին քայլերից երեխային մատուցում ենք ոչ միայն մեր ազգային մշակույթը, այլ նաև ծանոթացնում ենք համաշխարհային մտքին: Հեքիաթները հրաշալի հիմք են ծառայում հետագա կրթության համար: Ընդհանրապես հեքիաթը մեծ ձեռքբերում է մարդկության համար, որովհետև բարի հոգի է դաստիարակում և զարգացնում ինտելեկտը: Այնուհետև 5-րդ դասարանից դասավանդվում է համաշխարհային կուլտուրա, գրականություն, պատմություն: Այն կզարգացնի աշակերտի ինտելեկտը, մտահորիզոնը, որովհետև չի կարող ձևավորվել մտավորական մարդ, որն անտեղյակ է համաշխարհային կուլտուրայից: Ունենք մանկական թատրոն, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ Սարոյանի « Իմ սիրտը լեռներում է» պիեսն ենք բեմադրե,լ որտեղ կուշտ երեխաները խաղում են սոված մանուկների դերեր: Երեխաները այնքան էին հուզվել, որ ներկայացման վերջում Ջոնիի դերակատարը իրեն վատ էր զգում և ասում, — <<Բայց մենք բոլոր մարդկանց երջանկության խնդիրը չկարողացանք լուծել»: -Սոցիալական ո՞ր խավի երեխաներն են սովորում Ձեր դպրոցում: - Մեր դպրոցում սովորում են ոչ թե հարուստների, այլ հիմնականում ինտիլիգենտ, մտավորական խավի երեխաներ: Դրանք նորմալ վարձատրվող մարդիկ են, և գիտակցելով կրթության անհրաժեշտությունը, իրենց զավակներին բերում են մեր դպրոց: Եղել են երեխաներ, որոնց ծնողների համար կարևոր արժեքը եղել է փողը: Սովորելու ընթացքում տեսնելով, որ այդօրինակ երեխաները շատ անկառավարելի են և ընտանիքից բերած արժեքները մեզ չեն բավարարել, ստիպված ենք եղել հրաժեշտ տալ: Մեր սաները հագնվում են պարզ, որակյալ ֆիլմեր և ներկայացումներ են դիտում, որը նաև ընտանիքի ճիշտ դիրքորոշումն է: - Ի՞նչ վերաբերմունք ունեք օտարալեզու դպրոցներ բացելու ծրագրին: - Այդ մտավախությունը, որ կա, անհիմն է: Օտարալեզու կրթությունը չի կարող վտանգել Հայոց Լեզուն։ Ի վերջո օտարալեզու դպրոցները կապահովեն այն, որ արտերկրում մենք ի վերջո կներկայանաք լեզվի բարձր մակարդակով հաղորդակցվելու հնարավորությամբ։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել հավասար իմացության մակարդակները: Մեր գերխնդիրը թող լինի երեխաների կրթվածությունը: - Ի՞նչ առաքելություն, ի՞նչ պարտավորություն ունի այսօրվա մտավորականը: - Նախ և առաջ չհուսահատվել: Չսպասել, որ որևե մեկը քեզ օգնի, այլ անել այն, ինչը ուղղակի պարտավոր ես անել: Ժամանակին ես երազում էի մանկական սրճարան ունենալ, որը կլիներ ավելի եկամտաբեր։ Բայց հասկանում էի, որ պետք է ինձ համար ամենակարևոր առաքելությունը իրականացնեմ, եթե ես մտավորական եմ, պիտի մտավորականներ աճեցնեմ: Հեշտ է նստել ու քննադատել բոլորին, բայց չէ որ լավ բաներն էլ քիչ չեն մեր շուրջը: Պետք է տեսնել այդ բարի սերմերը: Ես լավատես եմ: - Ո՞ր երևույթն է, որը հակադաստիարակչական բնույթ է կրում: - Հայերեն լեզուն մեր հեռուստատեսությունում, ռաբիզ երաժշտությունը, որն ամեն րոպե ականջ է ծակում: Զայրանում եմ, երբ ասում են, թե մենք առաջին առևտրական ազգն ենք: Ի սեր Աստծո, մենք առաջին կրթված ազգն ենք, մենք Գլաձոր ունեինք, երբ ուրիշները չունեին, մենք Գեղարդում կոնսերվատորիայի տիպի երաժշտանոց ունեինք: Մեր արժեհամակարգը շատ ցածր վիճակում է: Մի շրջան կար, երբ կրթությունը հետին պլանում էր , և ահա այսօր քաղում ենք այդ չարչիության շրջանի պտուղները: Բայց միևնույն է, ես լավատես եմ: - Կա՞ մի բան, որ չասել չեք կարող: - Այո, շատ բաներ կան , որոնց համար նույնիսկ իմ ընտանիքը ինձ նախատում է: Ես կարող եմ զանգել հեռուստատեսություն և հանդիմանել որևէ ցածր մակարդակի հաղորդման համար, կարող եմ փողոցում որևէ մեկին կանգնեցնել և խրատել: Զայրանում եմ, երբ խախտվում են մարդկային բարոյական նորմերը: Հատկապես, երբ մտավորականին փորձում են արհամարհանքով խեղդել, ես չեմ կարող լռել: - Ձեր խոսքը` ուղղված մտավորականներին: - Թող մտավորականը փորձի ճանապարհ գտնել իր գաղափարները իրականացնելու, նույնիսկ եթե կյանքը բարդ է: Հայաստանը և մտավորականությունը պիտի հոմանիշներ դառնան: Երբ դպրոցը բացում էի, գրպանումս 10 դրամ էր, բայց կար գաղափար և այն արժանապատիվ էր: - Ձեր խրատը երիտասարդին և հայ ծնողին: - Առաջնային խնդիրը պիտի համարվի կրթությունը` թե ինտելեկտուալ , թե հոգևոր, իսկ այն ամենը, ինչը արագ փող ստեղծելու համար է, պիտի լինի երկրորդական: Երբ կիրթ է հասարակությունը, կծաղկի երկիրը: Ամբողջ աշխարհում լավ կրթությունը թանկ է գնահատվում, և ես հորդորում եմ ծնողներին մտածել այդ ուղղությամբ ամենայն ողջախոհությամբ: Իսկ դպրոցը կոչված է ոչ միայն լավ կրթություն տալու, այլ նաև մտավորական մարդ կերտելու: Երբեմն հուսահատվում եմ, երբ մտավորական մարդու կերպարը այդպես աղավաղված ու արհամարված են ներկայացնում մեր մշակույթի որոշ գործիչներ, ավելին` այսպես ասած «լավ տղերքը» այսօրվա հերոս են ներկայացվում: Սա սոսկալի է: Այստեղ համատեղ ջանքեր են պետք բարձրացնելու ռեժիսորների, սցենարիստների գեղարվեստական ճաշակը: Սա գլոբալ խնդիր է, բայց այսօր իրականում մեր մտավորականությունը ուղղակի պաշտպանության, փրկվելու կարիք ունի: - Ի՞նչ եք երազում մեր ժողովրդի համար: - Ուզում եմ ունենանք զարգացած տնտեսություն, այնպիսի պետություն, որը ոչ թե խոսքով, այլ գործով համընկնի եվրոպական չափանիշներին: Այն ինչ ծրագրում է մեր կառավարությունը, ուզում եմ իրականություն դառնա, որ մեր արվեստի մարդիկ, ողջ կրթական համակարգը լինի պետական, թե մասնավոր, ունենա պետական հոգածություն: Իսկ հոգևորը մեր ազգի արյան մեջ է, այն երբեք չի սպառվի: Երազում եմ բոլորի դեմքին ժպիտ տեսնել: - Ի՞նչ եք երազում Ձեզ համար, դպրոցի համար: - Երազում եմ ավարտին հասցնել ռուսերեն լեզվի իմ ունիվերսալ գիրքը: Երազում եմ հրատարակել մեր ուսուցիչների ստեղծած ուրախ մաթեմատիկան, հետաքրքրաշարժ հայերենի այբենարանը, որտեղ տառերի մասին հեքիաթներ են: Դպրոցի համար այնպիսի շենք եմ երազում, որտեղ կաբինետային համակարգ լինի, կամերային երաժշտության դահլիճ, թատերական դահլիճ, ունենալ կանաչ դասարան և մայրերի լսարան: Այս տարվանից ծրագրում եմ իրականացնել հոգևոր կրթության կաբինետի ստեղծումը, որտեղ երեխանեը մեր եկեղեցիների մակետները կպատրաստեն, կուսումնասիրեն հայ եկեղեցու պատմությունը և Սուրբ Գիրքը: Այս նախագիծը ուզում եմ ներկայացնել Վեհափառին: Ես անուղղելի երազող եմ. զերոյից եմ սկսել, իսկ այսօր շատ բաներ արդեն իրականություն են դարձել: Կարինե Ջանջուղազյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.