Սևանում շաբաթ և կիրակի օրերին շարժվելու տեղ չկար, մարդկանց հոսքը չէր դադարում, ինչպես միշտ` ամենախիտը թերակղզու հատվածն էր: Ջրի բարձրացման հետևանքով առանց դրա էլ թերակղզում տիրող մշտական ժխորը կրկնապատկվել էր:
Մնամ երթուղայինին սպասող
Նախորդ օրվա փոթորիկի պատճառով երեկ ալիքները հասնում էին մինչև ճանապարհ: Ջուրը գրավել էր ափերը, և մարդիկ այս ու այն կողմ էին նետվում հարմար տեղ գտնելու հույսով: Հարմար տեղ էին փնտրում նաև ավտոմեքենաներով ժամանածները: Տարօրինակորեն շատ էին երթուղային տաքսիները, որոնց վարորդները նույնիսկ նեղություն չէին քաշել երթուղու համարները հանել: Մինչ Երևանի քաղաքապետը խոսում է քաղաքային տրանսպորտի ու սպասարկման որակի բարձրացման մասին, «մարշրուտկաները» գծատիրոջը մուծում են օրվա պլանն ու մարդկանց հասցնում Սևան. հավանաբար սա ավելի ձեռնտու է թե՛ վարորդին, թե՛ գծատիրոջը: Թքած, թե մայրաքաղաքում մարդիկ շոգուկրակին ժամերով կսպասեն իրենց անհրաժեշտ երթուղայինին:
ԱԺ պատգամավորի յուրօրինակ բիզնեսը
Թերակղզում միշտ գործը լավ է եղել, տարածքներն էլ հիմնականում բարձրաստիճան տերեր ունեն, որոնք, օգտվելով մի երկու ամիս փող աշխատելու հնարավորությունից, գործում են ըստ իրենց երևակայության սահմանների: «Ֆլամինգոյից» այս կողմ, որը երեկ ողողված էր ջրով, պատկանում է նախկին կարևորագույն գործերով քննիչ Վարդան Խալաֆյանին`նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի կնոջ եղբորը: Դրանից դեպի եկեղեցի` նախկին դիսկոտեկի մոտ ԱԺ պատգամավոր Վերսանդ Հակոբյանի տարածքն է: Ի դեպ, տարածքի զուգարանների բիզնեսն էլ է պատկանում նրան. ավելի ճիշտ` թերակղզու միակ վճարովի զուգարանը, որը իր լիքը աղբամաններով ու սարսափելի վիճակով սպասարկում է հանգստացողներին` նրանցից գանձելով 50-ական դրամ: Նույնիսկ տարրական պայմաններ չկան, մի տակառ ջուրն ինչ է` չեն բերում լճից, որ դնեն մուտքի մոտ, ու մարդիկ դուրս գալուց լվացվեն:
Դրա փոխարեն` մի արգելաձող է կտրում ճանապարհդ, որը հայտնի չէ ինչ սկզբունքով է իջնում-բարձրանում: Հարցին, թե զուգարանի տարածք մտնելն է՞լ է վճարովի, աշխատակիցն ասաց. «Չէ, պարզապես գիշերը խմած մարդիկ են գալիս, դրա համար ենք դրել»: Իսկ հարցին, թե ինչի են ցերեկը փակում, կամ` մարդկանց մուտքը ոնց են մեքենայի համար նախատեսված ձողով արգելում, տղան ուսերը վեր քաշեց` փոխարենը պարծենալով, որ մի քանի օրից նոր զուգարանները պատրաստ կլինեն վերևի հատվածում. «Ջրով-բանով, մենակ տենաք, քեֆներդ կգա»:
Դե ինչ, ԱԺ պատգամավորի համար վատ բիզնես չէ. անվճար լողափում պետությունը մեկ միլիոն դրամ արժեցող զուգարաններ կառուցեց, իսկ վճարովիներում 50 դրամով միլիոն կաշխատի մասնավորը:
Դրանից քիչ այն կողմ իրենց բիզնեսն են այլ տեսքի բերել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը: Նրանց համատեղ բիզնեսը վատ չէր, սակայն նախկինում ողջ տարածքի ամենահարգի հանգստի գոտին այլևս չկա: Տերերն այդ տարածքում քարե տնակներ են կառուցել ու յուրաքանչյուրը 60-70 հազար դոլարով վաճառում են: Արդեն իսկ տեղավորվածներ կան` մոսկվաբնակ գործարարներ, «Բարի Սամարացին» և այլն: Պարզվում է` համարյա բոլորը վաճառված են:
Կրկին մահեր
Սևանը դաժան է. գրեթե ամեն շաբաթ էստեղ պատահարներ են լինում թե՛ ջրում, թե՛ ցամաքում: Նախ, որովհետև մեր հայրենակիցները հանգստանալ չգիտեն, ու անընդմեջ կրկնվող դեպքերը դաս չեն լինում: Կանայք գալիս են ոսկեղենով զարդարված ու երեկոյան շպարով, հագուստով նստում լողափին, տղամարդիկ էլ հարբում են ու մտնում ջուրը կամ ճոճվելով նստում մեքենայի ղեկին:
ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 15-ին, ժամը 12.25-ին հաղորդագրություն է ստացվել, թե ժամը 11.53-ին ջրափրկարարը Սևանա լճի «Ֆլամինգո» լողափում` ափից մոտ 20 մ հեռավորության վրա, լողանշանի կողքից ջրից դուրս է բերել անձը չպարզված տղամարդու` առանց կյանքի նշանների: Քաղաքացին տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց:
Պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Հրանտ Խաչատրյանն է: Ըստ Սևան քաղաքի հիվանդանոցի տրամադրած նախնական տվյալների, Հ. Խաչատրյանի մահվան պատճառը սրտի տանպոնադա հիվանդությունն է: Այսինքն` սրտի կանգ է գրանցվել, քանի որ երիտասարդը ջուրն է մտել խմած վիճակում:
Ականատեսները պատմում են, որ երբ դուրս են բերել տղային, նա դեռ ողջ է եղել: Եթե անվճար լողափի առաջին բուժօգնություն ցուցաբերողներն ավելի պրոֆեսիոնալ լինեին, հնարավոր է` տղայի կյանքը փրկվեր: Նրան հիվանդանոց են հասցրել մահացած վիճակում: «Սևանի հիվանդանոցում շաբաթ օրը երկու մահ է գրանցվել: Մյուս դեպքերը հնարավոր է այլ հիվանդանոցներ են տարվել» ,- տեղեկացրեց Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը:
Կարևոր մայրուղին` օբյեկտների լույսի հույսին
Ավելի ուշ ծանոթներիցս մեկն ասաց, որ ընկերն է զոհվել ճանապարհային պատահարից: Չնայած դեպքերի առատությանը, Երևան-Սևան մայրուղու նման վտանգավոր ճանապարհը, չգիտես ինչու, լուսավորություն չունի, մնացել է օբյեկտների դիմաց մեկումեջ վառվող լույսերի հույսին: Երեկ ուշ երեկոյան տեղ-տեղ ահավոր մթության քարշակների ու ոստիկանական մեքենաների պտտվող լույսերն այնքան շատ էին, որ ակամայից տագնապ էիր ապրում, մի՞թե դա չի անդրադառնում վարորդների հոգեկան վիճակի վրա: Ինձ թվում է` մարդկանց վրա բացասական են ազդում նաև ճանապարհով մեկ շարված սգո ծաղկեպսակները:
Ի դեպ, լուսավորություն չկա նաև Սևան քաղաքում, եղած մի քանի լույսերը չափազանց խնայողաբար են օգտագործում:
Կամ` քար, կամ` ոչինչ
Մի հետաքրքիր դրվագ ևս. չնայած լավատեղյակ մարդիկ ասում են, որ Սևանում այլևս սիգ չկա, ճանապարհին ձկան վաճառք ազդարարող բացված թևերով մարդկանց պակաս չկար: Ավելին, նրանց «օբյեկտները», չգիտես ինչ տրամաբանությամբ, սկսել են քարից կառուցել: Ճանապարհամերձ կրպակները, որոնք քարից չեն, վերացնելու հրաման կա: Ովքեր չեն կարողանում ժամանակավորը փոխարինել քարե շինությամբ, զրկվում են, իսկ մյուսները կտեղավորվեն ավելի հիմնավոր: Թե որն է դրա նպատակը, այդպես էլ չկարողացանք հասկանալ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.