«Վիվասել-ՄՏՍ» ընկերության պաշտոնական կայքից հասանելի հեռախոսահամարին զանգահարելն արդեն իսկ մեծ փորձություն է, ստիպված ես լսել հեռախոսային ավտոմատ օպերատորի բոլոր հրահանգները, սեղմել աստղանիշերն ու մյուս կոճակները, դիմանալ այդ ամենին մի քանի րոպե, որից հետո մեկ էլ անջատվում է, հետո էլի ես փորձում, էլի … ու մեկ էլ…
— Բարև Ձեզ, ներեցեք, կարո՞ղ եք օգնել, ինձ հարկավոր է կապվել Ձեր ղեկավարի հետ, տվեք խնդրում եմ կա´մ իր ընդունարանի, կա´մ ձեր լրատվական ծառայության համարը:
— Ես ձեզ ո՞նց կարող եմ հեռախոս տալ: Գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեզ ընդեղ կօգնեն:
Ու վերջ… Այս մեկը չափից դուրս անսպասելի էր ու չափից դուրս արտառոց` անգամ հայաստանյան ընկերությունների աշխատակիցների սպասարկման կուլտուրայի ոչ պատշաճ դեպքերին քաջածանոթների համար:
Հետաքրքիր է` տեղյա՞կ է հեռուստաէկրաններից ամենաշարքային փիառի ու գովազդի միջոցով իր համար բարեգործի համբավ ապահովող այս ընկերության ղեկավարը, թե իր աշխատակիցները բաժանորդների, քաղաքացիների, լրագրողների հետ շփվելու ինչպիսի յուրահատուկ կարգուկանոն են մշակել:
Ի դեպ, տարօրինակն այն էր, որ ես ներկայացա որպես լրագրող, որին ընդամենը հեռախոսահամար էր պետք. այնպես չէր, որ աշխատողը, որն ասաց, թե ինժեներ է, անունն էլ` Կարեն, մտածած լիներ, որ քաղաքացի է զանգահարել, օգնություն կամ մատաղի փող է խնդրում:
Ռալֆ Յիրիկյանը հայտնվել է Հայաստանի ամենաանհասանելի մարդկանց առաջին հորիզոնականում, ստացվում է, որ նրա հետ կապվելը հնարավոր է միայն եկեղեցի գնալու և Բարձրյալի օրհնությունը ստանալուց հետո:
«Վիվասել-ՄՏՍ»-ի ղեկավարի կամ գոնե նրա լրատվականի հետ կապվելը պայմանավորված էր դարձյալ ընկերության կողմից թույլ տրված կամայականության պարզաբանման մտադրությամբ: Ժամանակին «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ հասարակության նեգատիվ վերաբերմունքը հասել էր գագաթնակետին հատկապես այն պատճառով, որ ֆիքսված հեռախոսակապի բազմաթիվ բաժանորդների պարտավորեցնում էին վճարել Մոզամբիկի կամ մեկ այլ պետության հետ երբևէ չկայացած խոսակցության դիմաց գոյացած պարտքերը: Հիմա նույնը «Վիվասել»-ում է. բազմաթիվ անգամներ ֆիքսել էի, որ լիցքավորված գումարները զարմանալիորեն արագ սպառվում են: Բայց վերջինն ուղղակի ռեկորդային էր և չափազանց զարմանալի: Հաստատ ինչ-որ բան այն չէր, ու այս անգամ որոշեցի պարզել, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
Վիվասելի` Ամիրյան փողոցի վրա գտնվող սպասարկման կետում աշխատակիցը ստուգում է և սկսում թվարկել` ըհը, 10 դրամ, ասենք` 5 դրամ, եսիմ ինչ, ու մեկ էլ թե` ռոումինգային խոսակցություն է եղել: Իրականում նման բան չի եղել, բայց, փաստորեն, քանի որ Վիվասելը որոշել է գնալ ԱրմենՏելի ճանապարհով, որևէ բան ապացուցել չես կարողանում: Չի ապացուցում անգամ հեռախոսի մեջ ֆիքսվածը, որտեղ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան պահպանված են բոլոր խոսակցությունները: Բախտի բերմամբ, թե ինչպես, այդ երեք օրվա մեջ առանձնապես շատ զանգեր չէին եղել: Բացատրությունն ինչ-որ կերպ գտնվում է: Հուլիսի 10-ին գնացել էի Արմավիրի մարզ, սահմանամերձ գյուղերից մեկը, և ասում են` ռոումինգը միացել է: Բայց ինչպե՞ս, գոնե կարո՞ղ էր ծանուցել` ուզու՞մ եմ, թե՞ ոչ: Ոչ մի բացատրություն: Դե, միացել է: Լավ, միացել է, բայց ես որևէ մեկի հետ չեմ խոսել, ինչու՞ եք նման գումարներ գրանցել: Ոչ մի պատասխան: Խնդրում եմ ինձ տրամադրել իրենց մոտ գրանցված իմ զանգերի տվյալները: Մերժում են: Խնդրում են անցնել բողոքների բաժին: Անցնում եմ: Այնտեղ նույն պատմությունը: Իրենք որևէ բան անել չեն կարող, իրենք էլ տեսնում են, որ իմ հեռախոսի մեջ գրանցված է ամեն ինչ, և դա չի համապատասխանում իրենց ներկայացրածին, բայց, միևնույն է, եղածը եղած է: Խնդրում եմ դարձյալ տրամադրել իրենց ցուցակը: Դարձյալ` մերժում: Չեն կարող: Հետո պարզում եմ, որ նման իրավունք այս աշխատակիցները չունեին, և փաստորեն, որպես բաժանորդ, իրավունքներս խախտվել են:
Խախտվել են նաև սովորական մարդկային իրավունքներս, ինձնից գողություն է կատարվել, և որ ամենակարևորն է` այդ գողությունը որևէ մեկը չի էլ պատրաստվում վերադարձնել կամ ընդունել սեփական սխալը:
Այսինքն` պատմությունը կրկնվում է: Հետո արդեն, երբ փորձում ես պարզել` դա ընկերությունում ընդունված կա՞րգ է, թե՞ ամեն դեպքում աշխատակիցներն են չարաշահել իրենց իրավունքները, քեզ ուղարկում են «եկեղեցի մոմ վառելու», քանի որ, երևի թե, Ռալֆ Յիրիկյանն արդեն կիսաստվածի կարգավիճակ է ստացել, ուղղակի շարքային մահկանացու անտեղյակները չգիտեն դրա մասին, և ուրեմն` Հայաստանի չթագադրված արքայի «դրանիկներն էլ» արքայի շուքի տակ անձեռնմխելիների շարքն են անցել և կարող են ուր ասես ուղարկել բաժանորդներին, առավել ևս հարցեր պարզել ձգտող լրագրողներին:
Ճիշտ է, «մոզամբիկների» պատճառով ֆինանսապես տուժածներին այդպես էլ չհաջողվեց որևէ բան ապացուցել, նրանք ուզած-չուզած ստիպված եղան վճարել չեղած խոսակցությունների համար, քանի որ հեռախոսներն անջատվում էին պարտքերի պատճառով, սակայն դրանից հետո ԱրմենՏելի բաժանորդների թիվը կտրուկ նվազեց, և ընդհանրապես այս ընկերության անունը Հայաստանում մինչ օրս էլ ընկալվում է բացառապես տհաճությամբ, եթե ավելի խիստ չարտահայտվենք: Նեգատիվ վերաբերմունքից այդ ժամանակ շահողը նոր բջջային օպերատոր դարձած Վիվասելն էր, որ, փաստորեն, արդեն հասնելով ու անցնելով ԱրմենՏելին, որոշել է գնալ նրա ուղիով:
Միանգամից գնում եմ «Օրանժ» և փոխում բջջային օպերատորիս, նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլոր ծանոթներիս` այլևս չօգտվել մի ընկերությունից, որտեղ, ըստ էության, մարդուն ռեկետ են անում և չեն բարեհաճում անգամ բացատրություն տալ կամ եթե վրիպում ու սխալ է եղել` ուղղել, այլ` ուղարկում են եկեղեցի:
Կարծում եմ, այսքանից հետո չարժե կապվել այդ ընկերության` ամպերից վեր գործող տնօրենի հետ: Օդից միլիոններ աշխատող այս ընկերությունում լկտիությունն ուղղակի ընդունված կարգ է դարձել, ու նման աշխատակիցներ պահող ղեկավարի պահվածքն ընդամենը շինծու ներկայացում է:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.