Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ռոման Ահարոնյանը:
— Երբ դատարանում վկայի ցուցմունքը տարբերվում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքից, կամ հրաժարվում է նախորդ ցուցմունքից, ո՞ր դեպքում կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել, և վկան պատասխանատվության ենթարկվել։
Վ. Ղազարյան
Հարցը դիտարկենք երկու տեսանկյունից. ցուցմունք տալուց հրաժարվել և սուտ ցուցմունք տալ: Նախ վկան, իր դատավարական կարգավիճակով պայմանավորված, արդեն պարտավորվում է ցուցմունք տալ, և ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում վկայի և տուժողի համար ցուցմունք տալուց հրաժարվելու համար:
Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել, եթե անձը հրաժարվել է ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ: Սա խրախուսող նորմ է, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալու, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու համար… Սուտ ցուցմունք տալը, որպեսզի առաջացնի քրեական պատասխանատվություն, պետք է նշանակություն ունենա գործի լուծման համար, քանի որ 338-րդ հոդվածի 3-րդ մասում կրկին սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի, անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար:
Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության նաև այն դեպքում, երբ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին:
Վերոնշյալ հոդվածներով քրեական պատասխանատվությունն առաջանում է ցուցմունք տալուց առաջ 16 տարին լրացած անձանց նկատմամբ:
— Բարեգործություն իրականացնող հասարակական կազմակերպություններն արդյոք պարտավո՞ր են պայմանագիր կնքելու այն քաղաքացիների հետ, ովքեր նվիրատվություն են կատարում։ Ինչպե՞ս համոզվել, որ այդ բարեգործությունն իր նպատակին ծառայում է։
Կ. Հովեյան
Հարցին կարելի է պատասխանել այո` ելնելով նվիրատվություն գործարքի տեսակից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բոլոր տեսակի՝ անշարժ և շարժական, գույքերի վերաբերյալ նվիրատվության պայմանագրերը կնքվում են գրավոր:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, որպիսի պայմանագրով սեփականության իրավունքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման (596- րդ հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ 3-րդ մասը սահմանում է, որ գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նշված դեպքերում:
Այս մասով առկա է որոշ բացառություն, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում: Համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1, 211, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Նշված դրույթով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես համոզվել, որ նվեր տված գույքը ծառայում է իր նպատակին` հայտնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-604-րդ հոդվածներով որևէ պարտադիր պահանջ նվեր տված գույքի նպատակային օգտագործման վերաբերյալ սահմանված չէ, հետևաբար անձը, ով ցանկանում է իր կողմից նվեր տրվող գույքը նպատակային ծառայի, ապա, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով, կարող է սահմանել պայմաններ կամ կարող է ոչ թե գույքը նվիրել, այլ` նվիրաբերել:
Այս պարագայում, ինչպես սահմանված է քաղաքացիական օրենսգրի 605-րդ հոդվածի 3-րդ կետում` նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:
Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է 605-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում: (605-րդ հոդվածի 6-րդ մաս): Վկայակոչված հոդվածները ՀՀ քաղաքացիական օրենսգրքից են:
Միևնույն ժամանակ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ բարեգործական կազմակերպությունը իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ոչ միայն իր գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, այլև` պարտավոր է իր ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, տեղեկատվություն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է Բարեգործական կազմակերպության գույքի օգտագործման առանձնահատկությունները, ըստ որի բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որևէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:
Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:
Դրամական նվիրաբերությունների և նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները և նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:
Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչև վեց ամիս ժամկետով:
Բնամթերային նվիրաբերությունների և նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:
Նշված ժամկետներում դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.