Պալատական սոցիոլոգի տիտղոսակիր Ահարոն Ադիբեկյանն այսօր իր հերթական յուրօրինակ հարցումներն է հրամցրել հայ հանրությանը:
«Սոցիոմետր» կոչվող սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը չի ժխտում, որ աշխատում է միայն պատվիրատուի առկայությամբ, որին չգոհացնելու դեպքում է, որ ըստ պայմանավորվածության` չեն հրապարակվում հարցման արդյունքները:
Ադիբեկյանի հարցումներն ըստ այդմ հետաքրքիր են այնքանով, որքանով հնարավոր է դրանց ենթատեքստում որսալ, թե որտեղից է փչում քամին այս անգամ, և ինչ մեսիջներ են փորձ արվում ուղարկել:
Ադիբեկյանի այս անգամվա հարցման առանցքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. հավանաբար պատվիրատուն պարոն Ծառուկյանն է: Հարցումներն անցկացվել են մայիս-հունիս ամիսներին, որոնց ժամանակ տրված հարցը վերաբերել է արտահերթ ընտրությունների դեպքում ցանկալի նախագահացուին և վարչապետացուին:
Եվ զարմանալիորեն երկուսում էլ հաղթող է ճանաչվել Գագիկ Ծառուկյանը: Այդպես, Ադիբեկյանի հարցումներից ստացվում է, թե հայ ժողովուրդը ներկա պահին երազում է միայն այն մասին, որ Ծառուկյանը նստի կա´մ նախագահի աթոռին, կա´մ վարչապետի:
Նախագահի պաշտոնի համար ընտրյալները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան: Իսկ վարչապետի պաշտոնին հարցվածները ցանկացել են տեսնել, համապատասխանաբար, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին և վերջում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ այսպես, ադիբեկյանական հարցման արդյունքում Ծառուկյանն այսօր դարձել է Հայաստանի ամենացանկալի քաղաքական դեմքը, ում երազում են տեսնել կա´մ նախագահի, կա´մ վարչապետի պաշտոնում` հուսալով, թե դրանով կարելի է փրկել դեպի կործանում գնացող պետությունը:
Վերցնելով քաղաքական պատվերի արտաքին շերտում տեղադրված ինֆորմացիան` փորձենք հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել դրա հետևում:
Եվ այսպես, վարկած առաջին` ամենապրիմիտիվը. Ահարոն Ադիբեկյանին վճարողը Գագիկ Ծառուկյանն է: Ծառուկյանը` անկախ ժամանակի ընթացքում հնարավորությունների ու կարողությունների ընդլայնումից, շարունակում է մնալ հասարակ գյուղացի տղա, առանձնակի խորամանկություն չունեցող, ուստի որոշել է իր վարկանիշը բարձրացնել` վճարելով Հայաստանի ամենաօրիգինալ սոցիոլոգիական հարցումներ կազմակերպողին և նրան հրահանգելով իրեն ներկայացնել որպես հանրության երազանքի հավաքական ասպետ: Ադիբեկյանն էլ` որպես նման մարդկանց հոգեբանությունը հասկացող, միանգամից գլխի է ընկել, որ առյուծների տիրակալը կարող է միայն և միայն բավարարված զգալ իրեն, եթե հայտնվի առաջին հորիզոնականում, դրա համար էլ կայացրել է լավագույն որոշումը` մեջտեղից հանել է գործող նախագահին ու վարչապետին, և մնացած բոլորին` ստորադասել Ծառուկյանին:
Վարկած երկրորդ. աշնանը և դրան հաջորդող ժամանակահատվածում սպասվում են բավական հետաքրքիր զարգացումներ քաղաքական դաշտում: Խոսվում է Ռոբերտ Քոչարյանի մշակած հատուկ պլանով ԲՀԿ-ի գրոհի անցնելու մասին. հնարավոր է, որ այս հարցումը այդ պլանի նախերգանքի մի մասն է` հարկավոր է նախապատրաստել ժողովրդին սպասվող փոփոխություններին: Այս վարկածի համատեքստում է նաև թեկնածուների մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի անունը:
Վարկած երրորդ. Ադիբեկյանի բացատրությունների առանցքում «վաղաժամկետ իշխանափոխություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտություններն են տեղ գտել: Հնարավոր է, որ Ծառուկյանն անգամ կապ էլ չունենա այս հարցումների հետ: Պատվիրատուն եղել է իշխանական դաշտից, նպատակը` ՀԱԿ—ին հասկացնել, թե` ձեռք քաշեք արտահերթ ընտրություններ պահանջելուց, դրանից ձեզ ավելի վատ հեռանկար է սպասվում:
Վարկած չորրորդ. սա կարող է հստակ հաշվարկված քայլ լինել` ուղղված հենց իր` ԲՀԿ առաջնորդի դեմ. հայտնի է, որ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե ինքը պաշտոնի ձգտող չէ, պաշտոնի համար չի մտել քաղաքականություն և այլն: Աշնանը Ծառուկյանը փորձեց հավակնություններ դրսևորել` հայտարարելով գալիք խորհրդարանական ընտրություններին «50+1» տոկոս ձայներ հավաքելու մասին, երբ այդ նույն ժամանակ ԲՀԿ-ին պատրաստվում էին, այսպես ասած, «թուլափայ» տալ` 8 տոկոս: Դրան հետևեց ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վարկանիշի տևական անկումը, որ իր գագաթնակետին հասավ փետրվարյան` կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման-չստորագրման տվայտանքների ժամանակ: Կամ ինչ-որ մեկն է դարձյալ փորձել Ծառուկյանին հավակնություններ վերագրել` դրանով հող նախապատրաստելով նրա վրա կազմակերպվելիք հերթական արշավի համար, կամ` չի բացառվում նաև, որ հենց Ադիբեկյանն է ամեն ինչ սարքել. հնարավոր է, սոցիոլոգը դիմել է Ծառուկյանին` հարցումներ անցկացնելու խնդրանքով, ԲՀԿ առաջնորդը մերժել է, որից հետո Ադիբեկյանը «սեփական հայեցողությամբ» է կազմակերպել հարցումը:
Վարկած հինգերորդ. սոցիոլոգը հայտարարել է, թե միտումնավոր է ցուցակից դուրս թողել Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին` ցանկանալով չափել նրանց «մաքուր քաշը»: Այդ մաքուր քաշը հաշվվել է 68 տոկոս. սա հարցվողների այն հատվածն է, ովքեր հրաժարվել են պատասխանել: Սոցիոլոգն ասել է, թե «պատճառը ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքերի բացակայությունը եղած կլինի»:
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել նաև Ադիբեկյանի` «ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքեր» արտահայտությանը. սա ևս քաղաքական պատվերի շրջանակներում է` սրանով Ադիբեկյանը, փաստորեն, Տիգրան Սարգսյանին դրել է Սերժ Սարգսյանի հետ նույն նժարի վրա և նրան ներկայացրել որպես ՀՀԿ-ի կարևոր դեմք, այն դեպքում, երբ ՀՀԿ վերնախավը Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած, տանել չի կարողանում և ուղղակի հանդուրժում է, քանի որ նախագահը այլ ճար չունի, ու դրսից են թելադրում, ինքն էլ ստիպված իր նշանակած վարչապետին հրում է առաջ և, ՀՀԿ անդամատոմսեր բաժանել տալով, ստիպում ընկալվել որպես հանրապետական կուսակցության անդամ:
Իսկ թե վարկածներից որն է ավելի իրական, կերևա առաջիկայում:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.