Լինում է չի լինում մի հայ կին է լինում: Կինն իր ընկերուհիների հետ որոշում ու գնում է նշելու ծնունդը մի ոչ հետընկած` նույնիսկ «պրեստիժնի» ռեստորանում…
«Նստած էինք մեզ համար, կողքն էլ կնունքի սեղան էր՝ կնունքավորների միջին տարիքը 30-ին մոտ, իրենց կանանցով: Սկզբում նորմալ էին՝ ուտում-խմում, պարում-ուրախանում էին: Մեկ էլ էս կնունքավորները հարբեցին, թե էլի ինչ, չգիտեմ… տարօրինակ էր, նրանք բոլորը միանգամից ու շատ շուտ հարբեցին ու սկսեցին մեր սեղանին ուշադրության նշաններ ցույց տալ: Քիչ ուշ մեզ միացավ երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ, ու ուշադրության նշաններն է´լ ավելի ակտիվացան: Մենք հայտնեցինք մենեջերին անցանկալի ուշադրության դրսևորումների ու ռեպլիկների մասին, նա էլ զգուշացրեց կնունքավորներին…
Հետո սկսվեց կեղծ ներողությունների ցուցադրական շռայլումը, որը դրսևորվում էր ամեն անգամ քիփ մեր սեղանի կողքով անցնելիս` ռեպլիկներով ու «կներեք մեզ, եթե ինչ որ բան էն չի»` ասելով: Քիչ անց եկավ ընկերուհիներիցս մեկի որդին՝ մեզ հետ մի քիչ նստելու ու մեզ հետո տուն տանելու համար: Կնունքավորները շարունակում էին հերթով մոտենալ, երիտասարդը չդիմացավ ու կնունքավորներին ասաց. «Ապեր, պետք չի էլ գալ ներողություն ասել, հասկացանք», ինչով, չգիտես ինչու, ագրեսիա ծնեց նրանց մեջ, ու նրանցից մեկը միանգամից հարձակվեց ու սկսեց հարվածել երիտասարդին:
Կանայքս միջամտեցինք, մոտեցան իրենց կողմի մարդիկ, որ կանխեն ընդհարումը: Կարծես ամեն ինչ խախանդվել էր, ես էլ կողքի էի կանգնել, ու հավաքվում էինք դուրս գալու, մեկ էլ դրսից մեկը թափով եկավ ու որքան ուժ ուներ ոտքով հարվածեց կրծքավանդակիս… Հետո բոլորը խառնվեցին ու արդեն էդ տղային ու իրենք իրար սկսեցին քաշքշել:
Իսկ սևազգեստ զենքերով անվտանգության աշխատակիցները, որոնք էդ ամբողջ ընթացքում հենց այնտեղ էլ եղել էին՝ դրսում, ու դժվար թե այդ ամենը նկատած չլինեին հենց սկզբում, նույնիսկ ներս էլ չմտան: Նրանցից մի քանիսին կանչել էին, երբ բանը բանից անցել էր արդեն:
Հետո մոտեցան, բա թե` մորքուր ջան, կներես էլի, խմած էր: Հետո, երբ ասացի` ոստիկանություն եմ զանգելու, նրանցից մեկը, ցուցադրաբար ու լկտիորեն, թե` ես ոստիկան եմ, բան ունես ասելու, ասա… Նրան էլ կողքինները արագ լիկվիդացրեցին: Բայց էդպես էլ տնօրինությունից ոչ մի պաշտոնյա մեզ չմոտեցավ: Չէ՞ որ մենք էդ ռեստորանին էինք վստահել մեր երեկոն:
Հիմա հարցն այն է` դիմել, թե չդիմել իրավապահներին: Վիրավորանքը շատ խորն է. ինչ որ մի լպստած լակոտ, առանց պատճառի ու միայն այն պատճառով, որ ինքը պիտի լակի իր քեֆն ուզածի չափ, կարող է հարվածել քեզ ու մնալ անպատիժ: Իրենք էլ էին տեսել էդ ամեն ինչը, բայց ոչ մի ընթացք չեղավ, տնօրինությունը ոչինչ չձեռնարկեց, քանի որ ես չբողոքեցի: Բժշկի էլ չեմ գնացել, արդեն 20 օր է ցավերի մեջ եմ, չգիտեմ` ինչ է վնասվել»:
Կինը զանգահարել է «օբեկտի» տերերին, նրանք էլ բավարարվել են մենեջերին գործից ազատելով: Ես նրան հորդորեցի անպայման հայտնել ոստիկանություն, գործ հարուցել, բայց նա ասաց. «Չեմ ուզում նմանին նմանով պատասխանել, չկա համարժեք պատիժ , փակելը ելք չի, թող ապրի ազատ, թող էդ էլ իմ փայ զոհաբերությունը լինի»…
Մտածում էի, որ կինը սխալ է վարվում, որ չի կարելի անպատիժ թողնել այդպիսի բաները, բայց մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ «Վճարիր առաջ»:
Դա պատմություն է մեր մասին, մեր աշխարհի մասին ու մի 11 տարեկան երեխայի՝ Տրևորի մասին, որը դասարանում հասարակագիտությունից առաջադրանք է ստանում. «Ինչպե՞ս կարող ես փոխել աշխարհը»: Ի տարբերություն մյուսների` նա լուրջ ու յուրովի է մոտենում դրան, մտածելով մի համակարգ, որի արդյունքում աշխարհը կփոխվի: Նա լավություն է անում երեք հոգու, իսկ այդ երեքին հորդորում է լավություն անել մեկ այլ երեք հոգու ու ոչ մի դեպքում՝ իրեն: Ու այդպես` շղթան տարածվում է, Լաս Վեգասից հասնում է Կալիֆորնիա, Նյու Յորք, հասնում է մի լրագրողի, ու այդ շղթայի մեջ մեկը ավտոմեքենա է նվիրում` ասելով` վճարիր առաջ: Լրագրողը քանդում է տրամաբանական շարքը ու գալիս հասնում է Տրևորին: Նկարահանում են նրան, նա խոսում է` ասելով բիբլիական հայտնի ճշմարտություններ, իսկ մի քանի րոպե անց նրան սպանում են իր իսկ հասակակիցները, երբ նա փորձում է պաշտպանել խուլիգանների հարձակման զոհ դարձած իր թույլ ընկերոջը:
«Հասկանու՞մ եք, մարդիկ վախենում են ընդունել, որ աշխարհը կարող է փրկվել: Մարդիկ` որոնք սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի ինչպես միշտ: Նրանք չեն ուզում ոչինչ փոխել, նրանք բարձրացնում են ձեռքերը, և այդ ժամանակ պարտվում են… Դա շատ բարդ է՝ պետք է ուշադիր նայել մարդկանց, պաշտպանել նրանց, որովհետև… մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է իրենց պետք: Դա նման է նրան, երբ ուզում ես ինչ-որ փչացած բարդ բան սարքել, ոնց-որ մարդ նորոգես»,- ասում էր Տրևորը:
Խուլիգանին դատի տալու կամ պատժելու հորդորս դադարեցրի… Ես հիմա մտածում եմ` գուցե՞ այդ պատանյակը, որ հրեշտակի նման կինոյի միջոցով հայտնվեց, այն էլ` 11 տարի առաջ, բոլորը տեսել էլ են, գիտեն էլ, ու հենց այս օրերին հասավ ինձ, երբ պետք էր, տվեց աշխարհը փոխելու բանաձև, ճի՞շտ է:
Գուցե հենց իմ իրական հեքիաթի կինն էլ պետք է սկսի այդ շղթան… Մի քիչ այլ ձևով՝ գուցե հայավարի, քրիստոնեական մոտեցումով՝ չանել ուրիշին այն, ինչը չես ուզի, որ քեզ անեն: Ի վերջո, Տրևորը նոր ոչինչ չէր հորինել, որ լիներ, նա միայն հիշեցրել էր՝ լավություն անելով պարտադրել վստահություն ու նոր լավություն՝ առաջ, ու էդ ամենը հիմնված էր միմիայն վստահության վրա՝ երբ դու լավություն ես անում մեկին, չգիտես չէ՞, նա քեզ կպատասխանի, թե ոչ: Իսկ այստեղ ավելի խորը պետք է լինի վստահությունը, քան «դու ինձ, ես քեզ»-ի դեպքում, երբ դու ինքդ կիմանաս, այս դեպքում դու չես էլ իմանա, բայց դա արդեն քո պրոբլեմը չի, այլ նրանը, ով ընդհատել է «Վճարիր առաջ» շղթան:
Չգիտեմ, դուք ասեք: Ի՞նչն է կարևորը. նստեցնել տալ կնոջ վրա ոտք բարձրացրած «հաբռգած» երիտասարդին, որտեղ նա հաստատ կծանոթանա քրեական աշխարհի կեղտերին, ու չի բացառվում, որ վերջնականապես դառնա կե՞ղտ, թե՞ թողնել ազատ, ներել՝ դրանով իսկ նրան ներառելով «Վճարիր առաջ» շղթայի մեջ, որտեղ նա ունի փոխվելու հնարավորություն ու իր հերթին` մեկ ուրիշի, այս դեպքում իրեն ցավ պատճառողին ներելու… քրիստոնեաբա՞ր, թե՞ մարդկայինով, թե՞ ապուշի նման, թե՞ մեծահոգաբար…
Ո՞նց, ո՞րն է ճիշտը, նույնիսկ ըստ ֆիլմի` շղթան սխալ է դուրս գալիս, չէ՞ որ Տրևորին, որն ամենաբարի մղումներով մի բարի հրեշտակ էր՝ սպանեցին… Չէ՞ որ «լավություն անողի գլուխը ծակ է»…
Ես համոզված եմ, որ անշահախնդիր լավությունը կփրկի աշխարհը, անշահախնդիր բարեգործությունը միմիայն կարող է բարիք բերել, անշահախնդիր, նույնիսկ ի վնաս քեզ արված լավությունը, ասում են, բումերանգի պես է, միշտ հետ է գալիս, բայց ես ուզում եմ, որ քեզ հետ չգա, գնա ուրիշին, ու աշխարհը դառնա ավելի բարի…
Անո՞ւմ ես անհատույց լավություն ուրիշին, պատրա՞ստ ես վճարել առաջ: Դե´ ուրեմն՝ միացիր:
Հ.Գ. Գուցե քացի տվող երիտասարդը կարդա՞ ու հասկանա, որ ինքը հիմա շղթայի մեջ է, ու իրենից է կախված աշխարհը փոխելու իր բաժինը…
“Վճարիր առաջ” ֆիլմը օնլայն
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.