«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պատերազմի ժամանակ կոչ անում՝ ֆիդայական ջոկատներ կազմել, կասկաները դնել ու գնալ հաղթել պատերազմը, այնպես էլ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է երեկ ասֆալտի ֆիդայինի ինքնավստահությամբ Եվրոպայի եւ համայն հայությանը կոչ արել՝ «կազմել կամավորական ջոկատներ» ու հայկական ապրանք գնել։ Բանն այն է, որ Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ է հայկական գյուղատնտեսական բեռների համար, Ռուսաստանի իշխանություններն այդպես Հայաստանի նկատմամբ հերթական չհայտարարված պատժամիջոցն են կիրառում՝ Փաշինյանի իշխանության հակառուսական պահվածքի համար։ Փաստորեն, վերջիններիս անհավասարակշիռ հայտարարությունների համար այս անգամ էլ հայկական արտադրողն է տուժում։
Ամեն ինչի մասնագետ Արայիկ Հարությունյանն էլ, իր արեւին, հարցին լուծում է տվել։ «Հիմա չափազանց կարեւոր է, որ հայերը՝ Հայաստանում եւ Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին եւ հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որեւէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին: Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է մասնագիտությամբ արեւելագետ Արայիկ Հարությունյանը, ով տնտեսությունից ճիշտ այնքան է հասկանում, ինչքան Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքականությունից։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանին ուղղակի սարսափեցրել է Հարությունյանի այս հայտարարությունը։ «Ինձ սարսափեցնում է այն փաստը, որ մարդիկ, գաղափար չունենալով ու չիմանալով, որ գաղափար չունեն, չեն պատկերացնում, թե ինչպիսի վտանգավոր ու սարսափելի արտահայտություններ են անում։ Քանի՞ գործարարի տարիներով ու քրտինքով ստեղծած բիզնեսն են տանում կործանման վտանգի տակ։ Ես ժամանակին հաճար եմ արտահանել ու Հարությունյան Արայիկի ասած այն եզակի մարդկանցից եմ եղել, որ Եվրոպա եմ արտահանել, վերջին տարիներին Իրանից եմ արտահանում դեպի Ռուսաստան, նմանատիպ արտահանման գործընթացներ եմ կազմակերպում եւ այլն: Մի խոսքով՝ ես այդ ոլորտը լավ եմ պատկերացնում եւ նման անպատասխանատու, անհեթեթ հայտարարություն լսելուց հետո շոկի մեջ եմ»,- պատասխանեց Մնացականյանը՝ հավելելով, որ իշխանությունները բացարձակ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը․ «Իրենք բացարձակ չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Մասշտաբային պատկերացում ունեցող մարդը չէր կարող նման հայտարարություն անել։ Եվրոպա հայկական գյուղմթերքը գրեթե անհնար է մտցնել։ Մտնում է շատ չնչին ծավալներով, որն արտահանման մեջ 1 տոկոս անգամ չի կազմում։ Ֆրանսիայում ու Բելգիայում են մտնում խանութներ, այն էլ՝ հայկականության անվան տակ, էմոցիոնալ հողի վրա մարդիկ գնում են։ Հայաստանի պտուղ-բանջարեղենը, գյուղմթերքը եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում, նույնիսկ մեր սննդի տեսչությունը երբեք չի փորձել համագործակցել, որեւէ ուղղորդում տալ, Եվրոպայում հայկական գյուղմթերքն ո՞ւմ պիտի վաճառեն։ Կամ որ ասում են՝ հայերն առնեն․ հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց»։
Լարսի անցակետից հետ վերադարձված բեռների զգալի մասը ձկնամթերքով բեռնված մեքենաներն են եղել։ Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանին հարցրինք՝ արտահանվող ձկնամթերքի ծավալը Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայերը կարո՞ղ են սպառել։ «Չէ, իհարկե չեն կարող»,- պատասխանեց Աթոյանը։ Բա Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է նման հայտարարություն անում։ «Դե, անմտածված խոսում է, ի՞նչ անենք»,- ասաց Աթոյանը՝ համաձայնելով, որ մարդկանց բիզնեսները կարող են լուրջ տուժել։ Նա նաեւ ասաց, որ միությունը դեռեւս չի որոշել, թե ինչ պետք է անեն։
Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը, լսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, սկսեց ծիծաղել, ապա նախ հումորով պատասխանեց հարցին․ «Ես խորհուրդ կտամ՝ թող ինքը գնի, ինձ թվում է՝ այդքան հնարավորություն արդեն կունենա։ Ախր ծիծաղելի է, ի՞նչ մեկնաբանեմ։ Եթե մարդը կոմպետենտ չէ` ոչ մի բանում կոմպետենտ չէ»։ Շարունակելով հումորը՝ Մարգարյանին հարցրինք, թե աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի հայությունն օրը քանի՞ ձուկ պետք է ուտի, որ արտահանման ծավալները սպառի։ «Մարդն էնքան պետք է ձուկ ուտի, որքան թույլ են տալիս կենսաբանորեն հիմնավորված նորմաները։ Չի կարելի շատ ձուկ ուտել, դա ֆոսֆոր է, օրգանիզմի համար վտանգավոր է, Արայիկ Հարությունյանը դա չգիտի՞»,- կատակեց Մարգարյանը, ապա փորձեց Արայիկ Հարությունյանի հնչեցրած «դարակազմիկ» միտքը լրջորեն մեկնաբանել․ «Ընդհանրապես, նման հայտարարություն անողն անմիջապես պետք է հրաժարական տա ու հեռանա, կամ էլ վարչապետը նրան անմիջապես պաշտոնից հեռացնի։ Դա ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ, տրամաբանութունից, խելքից, քաղաքական որեւէ նպատակահարմարությունից զուրկ հայտարարություն է, տնտեսական իրողությունների հետ անգամ աղերս չունի։ Որեւէ երկրի արտահանման խողովակներն ընդհանրապես պետք է բաց լինեն բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով փակել է, կամ բնակլիմայական վատ պայմանների պատճառով փակված է Լարսի անցակետը, ապա դա նշանակում է, որ պետք է նման խորհուրդնե՞ր տալ։ Ինքը լավ կանի՝ խորհուրդ տա իր կառավարությանը, որպեսզի ողջամտության տիրույթում գործեն։ Իսկ տնտեսական նպատակահարմարության, առեւտրային հոսքերի առումով դա շատ մեծ հարված է մեր տնտեսությանը, մեր ագրարային սեկտորն աշխատում է հատկապես Ռուսաստանի ուղղությամբ, որովհետեւ առայժմ կարողանում է այդ ստանդարտներով աշխատել, դա է խնդիրը, դու պետք է կարողանաս առաջին արգելապատնեշը հաղթահարել, որպեսզի կարողանաս ցատկել 2-րդ, 3-րդ արգելապատնեշների վրայով եւ հասնես եզրափակչին։ Դրանք տարրական բաներ են, եւ նման ռանգի պաշտոնյաները պետք է հասկանան ու չպետք է նման հայտարարություններ անեն։ Ընդհակառակը՝ պետք է քայլեր անեն բաց եւ փակ դիվանագիտության ռեժիմներով, փորձել շտկել իրավիճակը, բայց այն, ինչ ասվում ու արվում է ամենաբարձր մակարդակով, ռեակցիաներ է առաջացնում, եւ մի գեղեցիկ օր տեսնելու ենք, որ բոլոր շուկաները փակ են մեզ համար»։
ՀԳ․ Երեկ կառավարությունից հաղորդագրություն ստացանք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստանում է, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Մենք սարսափով մտածեցինք, թե ինչ դարակազմիկ մտքեր կարող է հնչեցրած լինել սույն անձնավորությունը, ասենք` հանդիմանել Վրաստանի վարչապետին, թե ինչու են իրենց արտադրած գինին ու մանդարինն արտահանում Ռուսաստան, չէ՞ որ դրանով նվազեցնում են իրենց երկրի «Անկախությունն ու Սուվերենությունը»»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.