Նոյեմբերի 15-ին, գրեթե միաժամանակ, Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել համանման հայտարարություններով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»։ Վերջինս մտահոգություն է հայտնել, թե որոշ ուժեր ապատեղեկատվություն են տարածում Հայաստանում հաստատված արցախցիների շրջանում՝ խոչընդոտելով նրանց հնարավոր վերադարձը Արցախ։ Երկրորդ կարևոր հայտարարությունը, որ արել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, վերաբերվում է Հայաստանի իշխանությունների և Արևմուտքի համագործակցությանը։ Ռուսական կողմը նշում է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու համար։ Զախարովայից առաջ նման հայտարարություն է արել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ չի գնալու։
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ից հետո Վաշինգտոնի հարաբերություններն Ադրբեջանի հետ փոխվել են։ Նա մասնավորապես նշել է, որ Արցախի հայերը պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, տեր կանգնեն հոգևոր և մշակութային ժառանգությանը։ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ամերիկյան կողմն ուսումնասիրում է Արցախի մեր հայրենակիցների խնդիրները, որպեսզի աջակցության համապատասխան ծրագրեր իրականացնեն։
Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ մեկուկես տարի անց, երբ լրանա ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, նրանք պետք է հեռանան Արցախից։ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Արցախում ռուսներին փոխարինելու ծրագրեր են մշակում։ Օ՛Բրայենի հաջորդ կարևոր հայտարարությունը վերաբերվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխությանը։ Նա գովասանքի խոսքեր շռայլեց Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի հասցեին՝ նման «համարձակ որոշում կայացնելու» համար և ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու համար։ Պետքարտուղարությունը համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զարգանան Ռուսաստան-Իրան ուղեծրից դուրս՝ ինտեգրվելով արևմտյան համակարգերին։
Ռուսաստանի և ԱՄՆ երկու պաշտոնյաների նշված հայտարարությունները կարող են միանգամայն նոր իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում։ Առաջին հանգամանքը, որն ուշադրություն է պահանջում, այն է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն խոսում են հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին։ Կողմերից յուրաքանչյուրն այս հարցում, իհարկե, սեփական նպատակներն է հետապնդում։ Երկուսն էլ հայաբնակ Արցախը դիտարկում են որպես տարածաշրջանում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու գործոն։ Ընդ որում, խոսելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու իրենց պատրաստակամության մասին՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անտեսում են Ադրբեջանի համաձայն լինել/չլինելու հանգամանքը։ Միացյալ Նահանգները շատ հստակ են դա անում, Ռուսաստանը՝ որոշակի զգուշավորությամբ։
Երկրորդ կարևոր շեշտադրումը, որի հետ պետք է հաշվի նստել, այն է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելու իրենց մտադրության մասին։ Նրանք մի կողմ են դրել դիվանագիտական նրբանկատությունը և փաստացի «աշխարհաքաղաքական պատերազմ» հայտարարել միմյանց մեր տարածաշրջանում։ Թե որքանով կողմերը հաստատուն կգտնվեն իրենց այս ընթացքում, ցույց կտա ժամանակը։ Բայց Հայաստանն արդեն հիմա է կանգնել լուրջ ընտրության առջև։ Նույնը, ի դեպ, վերաբերվում է նաև Ադրբեջանին։
Խոսելով հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանն ու Արևմուտքը սիրաշահում են մեր ժողովրդին։ Արևմուտքը նաև այլ խոստումներ է տալիս Փաշինյանի կառավարությանը։ Վերջինս էլ, կարծես, արդեն կայացրել է արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու որոշումը։ Համենայն դեպս, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են՝ ՀՀ սահմաններում եվրոպական դիտորդներ են բերվել, Ֆրանսիայից ռազմական տեխնիկա է ձեռք բերվում, զգալիորեն սրվել են հարաբերությունները Ռուսաստանի հետ և այլն, և այլն։ Բայց նույնիսկ եթե պաշտոնական Երևանն իսկապես դեպի Արևմուտք գնալու որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ Հայաստանի այդ ընթացքն անխոչընդոտ ու հարթ է լինելու։ Ամենևին։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի նման որոշումը բազում նոր վտանգներ և սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար, իսկ դրանց հաղթահարման մեխանիզմները դեռևս չեն էլ ուրվագծվում։ Խնդիրն այն է, որ Արևմուտքը Հայաստանին միայն տնտեսական բարեկեցություն է խոստանում։ Անվտանգության հարցերում ոչ մի հստակություն չկա և չի էլ կարող լինել։
Մինչդեռ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական պատերազմով, Հարավային Կովկասում շարունակում է ամեն կերպ սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին՝ հուսով, որ նախ վերջիններս չեն խոչընդոտի իր գործողություններին Ուկրաինայում և երկրորդ, որ ամեն պահ ուժի ու ճնշումների միջոցով կարող է շտկել իրավիճակը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանի նման մոտեցումը, իհարկե, չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։ Սակայն խնդիրը նրանում է, որ իր անհեռատես ու ընդգծված հակառուսական քաղաքականությամբ Փաշինյանի կառավարությունն ինքն է նպաստում մեր տարածաշրջանում Ռուսաստանի՝ էլ ավելի պրոթուրքական լինելուն։ Իսկ այն հանգամանքը, որ Փաշինյանի նման վարքագիծը թելադրվում է Արևմուտքի կողմից, պատճառ է դառնում, որպեսզի Ռուսաստանը շատ ավելի մեծ անտարբերությամբ հետևի Հարավային Կովկասում իր փաստացի միակ դաշնակցի՝ Հայաստանի կործանմանը։
Հայաստանի հաջորդ մեծ խնդիրն այն է, որ պարտվելով 44-օրյա պատերազմում և կորցնելով Արցախը, երկիրը փաստացի կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Մինչդեռ Ադրբեջանը, որը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է, ոչ միայն կարողանում է հանդես գալ հաղթողի դիրքերից, այլև վայելում է տարածաշրջանի ուժեղագույն երկրներից մեկի՝ Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական մրցապայքարում Հայաստանի շահերը ոչ միայն պաշտպանված, այլ նույնիսկ ներկայացված չեն։ Հետևաբար չկա նաև Հայաստանի համար որևէ դրական զարգացման ակնկալիք։ Ցավոք, մեր երկիրը վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության գոտու։ ՌԴ ու ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հիշատակված հայտարարությունները դրա հերթական վկայություններից են։ Իսկ այն վտանգը, որ այդ մրցակցությունը կարող է նաև շատ խիստ տեսք ունենալ՝ ընդհուպ մինչև ռեգիոնալ լայնածավալ պատերազմ, կարծես, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Բոլորը պատրաստվում են հնարավոր այդ պատերազմին։ Բոլորը՝ բացի ՀՀ իշխանություններից…
Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հայ ժողովրդի վարքագիծը։ Թե՛ Ռուսաստանում և թե՛ ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ տարածաշրջանում իրենց ծրագրերը կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել կամ նույնիսկ չեղարկվել, եթե հանկարծ Հայաստանի բնակիչները որոշեն, օրինակ, հեռացնել դավաճան իշխանություններին։ Այդ է պատճառը, որ Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են սիրաշահել ժողովրդին։ Դրան են ուղղված հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին նրանց հայտարարությունները։ Որքան էլ հայկական պետությունը թույլ լինի, հայ ժողովուրդն է այն գործոնը, որի հետ մեր տարածաշրջանում հակամարտող տերությունները չեն կարող հաշվի չնստել։ Սակայն ուժեղ այս գործոնն այսօր փաստացի անգործության է մատնված և այդ իրողությունից ակտիվ օգտվում են Արևմուտքը, թուրք-ադրբեջանական դաշինքն ու ՀՀ իշխանությունները։
Թե ինչ հանգուցալուծման կգան Հայաստանն ու տարածաշրջանը իրերի այսպիսի դասավորվածությամբ, կարծում եմ, դժվար չէ գուշակել։ Մյուս կողմից էլ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Չկա պայքար, չի լինելու նաև հաղթանակ։ Բոլոր այն երկրները, որոնք ուզում են ապագա ունենալ Հարավային Կովկասում, ստիպված են լինելու պայքարել այդ ապագայի համար։ Նման պայքար այսօր միայն Արևմուտքն ու թուրք-ադրբեջանական դաշինքն են տանում։ Իսկ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է կառուցում… Ահա այսպիսի իրականություն։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.