Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում թերեւս վերջնագծին են հասել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջոցով տեւական ժամանակ է՝ հետեւողականորեն հակառուսական գիծ է առաջ տարվում, ԱԽՔ-ն պարբերաբար սկանդալային հայտարարություններ է անում՝ հաճախ չհաստատված, անհիմն, որոնք, սակայն, իրենց հետքն են թողնում հայ-ռուսական դարավոր հարաբերությունների վրա՝ դրանից բխող հետեւանքներով, կամ էլ այդ հայտարարություններով ինչ-որ բան են հասկացնում Ռուսաստանին։
Դիցուք՝ ԱԽՔ-ի շուրթերով հնչեց այն միտքը, թե Ռուսաստանը ստիպում է Հայաստանին՝ միջանցք տրամադրել, կամ՝ «Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել եւ ինչի համար վճարել է Ռուսաստանին»։ Նաեւ` Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է, Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը եւ այլն, եւ այլն։ Իսկ նախօրեին Հ1-ի եթերում Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող տրանսպորտային հաղորդակցության ուղիների նկատմամբ ռուսական վերահսկողությունից, գուցե նաեւ՝ Արցախի կապի ապահովումը:
«Ապաշրջափակման հարցում կարեւոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը, այդ հարցում կարեւորը քաղաքական համաձայնությունների գալն է»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով. «Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում այսպիսին է` սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո: Սահմանային ամբողջ ծառայություններն իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաեւ մյուս բոլոր գործընկերները»։
Մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ինչպես նաեւ՝ ֆիսքել են, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Եթե այս հայտարարությունը դիտարկենք իշխանության վերջին շրջանի պահվածքի շրջանակներում, երբ Փաշինյանը չի վարանում խոստովանել, որ մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը՝ կարեւորելով թուրքական գործոնը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանը մտադիր է հրաժարվել ՌԴ անվտանգային միջավայրից, բայց թե որն է դրա այլընտրանքը, այդ մասին չի հաղորդվում։
Երեկ Արմեն Գրիգորյանի տեսակետը կրկնեց նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով ԱԺ էր եկել ԱԳՆ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու։ Եվ քանի որ Արարատ Միրզոյանն իշխանության արտոնյալների դասին է պատկանում եւ, որպես կանոն, խուսափում լրագրողների հետ շփումից՝ դահլիճ է մտնում գաղտնի մուտքից, երեկ ընդդիմադիր Արթուր Խաչատրյանին խնդրեցինք հնչեցնել մեր հարցադրումը, որ փորձենք հասկանալ այս քայլի հետեւանքները։
Իհարկե, ոչ ոք չի ասում, թե լավ է, որ քո սահմանները պաշտպանում են օտար երկրի սահմանապահ զորքերը, եւ լավ կլիներ, որ մենք այնքան հզոր լինեինք, որ կարողանայինք ինքնուրույնաբար պաշտպանել մեր սահմանները, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չի արվել զորքի, զինուժի հզորացման ուղղությամբ, իսկ Բաքվի ախորժակն էլ ավելի է մեծացել, ու կարելի է չկասկածել, թե ապաշրջափակված ճանապարհներով երթեւեկելիս ինչ սադրանքների են ազերիները դիմելու։
Արարատ Միրզոյանը չխորացավ մանրամասների մեջ, բայց կրկնեց Արմեն Գրիգորյանի տեսակետը՝ փոքր-ինչ դիվանագիտական լեզվով․ «Ապաշրջափակում, այո, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն կամ վերագործարկվեն, եթե նորերն անհրաժեշտ լինի` նորերը կառուցվեն, ապա այս ենթակառուցվածքները պետք է գործեն հայելային սկզբունքով՝ համապատասխան երկրների սուվերենությամբ, իրենց իրավազորության ներքո, փոխադարձության եւ հավասարության հիման վրա, մնացած դետալները դեռ բանակցվում են, ավելին չեմ կարող ասել»։ Մենք փորձեցինք ավելի կոնկրետացնել՝ Միրզոյանին հիշեցրինք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սակայն նա ասաց, որ ինքը պատասխանել է հարցին, սահմանապահների հեռացումը չի վերաբերում միջպետական պայմանագրերով հաստատված պայմանավորվածություններին, այլ՝ ապաշրջափակվող ճանապարհներին։
Արդյոք սա նշանակո՞ւմ է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից հրաժարում, եւ հաշվարկե՞լ են արդյոք ռիսկերը՝ փորձեցինք Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանից ստանալ հարցի պատասխանը, սակայն ՔՊ-ականն անսպասելի հիստերիայի մեջ ընկավ եւ որոշեց, որ ես չպետք է այդ հարցը տամ։ «Ինչի՞, էլի, ինչի՞ դուք, «Սպուտնիկ Արմենիան» տար, կհասկանայի, բայց դուք ինչի՞ եք տալիս, ո՞րն է ձեր մոտիվացիան»,- անադեկվատ արձագանքեց մեր հարցին պատգամավորը:
Նրան հորդորեցինք՝ չգրաքննել մեր հարցերը, իսկ եթե նկատի ունի, որ մենք ռուսական շրջանակներին ենք սպասարկում, ապա իրենց իշխանությունների հայտարարություններն ու քայլերն են ադրբեջանական շահը պաշտպանում, իսկ ռուսների հեռացումը մեր տարածաշրջանից չի կարող ցանկացած նորմալ հայ մարդու մոտ հարցեր չառաջացնել։ Եղոյանը, այնուամենայնիվ, չպատասխանեց այդ հարցին:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան քաղաքական եւ պետական գործիչներ, որոնք ղեկավարվում են մի սկզբունքով՝ «կորչի Հայաստանը, միայն թե ռուսներին վատություն անենք»։ Նա հիշեցրեց, որ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան այդ գործիչները, որոնց չէր մտահոգում Հայաստանի պարտությունը, նրանք ոգեւորված գրառումներ էին անում, որ Ռուսաստանի դիրքերը Կովկասում թուլանում են։ Հիշեցնենք, որ նման գրառում անողներից մեկը Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էր։ Ինչ վերաբերում է սուվերենությանը, ապա, ըստ քաղաքագետի, դա ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ցուցաբերել․ «Սեւ լճում, Վարդենիսում, Սոթքում, Աղավնոյի պատմությունը մինչեւ հիմա չհասկացանք՝ ինչպես եղավ։ Այսինքն, բազմաթիվ դեպքեր կային, երբ պետք է գործով ցուցաբերեին սուվերենությունը, ինչպես, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհն առանց կրակոցի զիջեցին՝ չմտածելով սուվերենության մասին, եւ հիմա սուվերեն տարածքից են խոսում, որն ինձ համար անհասկանալի է։ Բնական է, որ այս բոլոր հայտարարությունները հենց այնպես չեն արվում, համաձայնեցված են լինում, բայց պետք է պատասխանել՝ ինչպե՞ս են սուվերենությունը պահպանելու իրական երաշխիքներով»։
Հարցրինք՝ հնարավո՞ր է,որ գործընթացը հասնի նրան, որ Հայաստանը հրաժարվի ռուսական անվտանգային երաշխիքներից, օրինակ, դուրս բերեն 102-րդ ռազմաբազան։ «Եթե կա ծրագիր՝ Հայաստանը վերածել Սիրիայի, որի տարածքներում այսօր թուրքական վարչակազմն է իշխում, ապա ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հեռանան ռուսական սահմանապահները, թուրքական տարբեր օպերացիաների համար լայն դաշտ կստեղծվի։ Հիմա եթե նրանք Սիրիայում պատրվակ են ներկայացնում, թե քրդական ապստամբների են հետապնդում, նույն պատրվակով կարող են գործել Դիլիջանում կամ Երեւանում»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.