ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել :
«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:
Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:
Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:
Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները…
Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը
Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:
Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն։
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:
Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:
Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:
Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:
Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:
Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:
Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է հայտարարությունում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.