Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների»,- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենց՝ հանրապետականների համար, որ կանգնած են եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր են ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:
«Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:
Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:
Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:
— Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:
Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:
— Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է:
Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:
Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:
— Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:
— Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:
— Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:
— Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում:
Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով:
Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:
Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:
Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով»,- ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:«Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը։ Սա հասկանալու համար մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի պատերազմով։ Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում։ Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն էր»,-ասաց Սերժ Սարգսյանը։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.