Կորոնավիրուսից բուժվող երիտասարդի հարազատներին համոզել են, որ վիճակը վիճակը ծայրահեղ ծանր է, բուժման համար անհրաժեշտ է 700.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ակտեմրա» դեղամիջոց, որը միջնորդը ձեռք է բերել «փողոցից», պատահական անհայտ անձից։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, որը ներկայացնում է գործով տուժողի շահերը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ բժիշկների՝ դեղամիջոցը ներարկելու արդյունքում պետք է ջերմությունը բարձրանար, ապա՝ կտրուկ իջներ, սակայն դեղամիջոցի ընդունումից հետո երիտասարդի մոտ որևէ ազդեցություն, փոփոխություն չի եղել, կորոնավիրուսի բուժման բնականոն ընթացքը շարունակվել է։ Ավելին, պարզվում է, որ տղան ընդհանրապես տեղյակ չի եղել, որ իրեն ներարկել են նշված դեղամիջոցը և միայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո է իմացել, որ իրեն ինչ-որ «բարդ» դեղամիջոց են ներարկել, ինչի արդյունքում ինքն ապաքինվել է։
«Շատ զարմացել է։ Հիվանդանոցում ինքը եղել է գիտակից վիճակում, ինչը փաստում է նաև բուժանձնակազմը և որևէ մեկն իրեն չի ասել, որ իրեն նշանակված բուժումից դուրս այլ դեղամիջոց են ներարկում, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ »,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ դեղամիջոցը բարդ է, ոչ բոլոր դեպքերում են կիրառում, իսկ կիրառելու դեպքում ուշադիր են լինում ընթացքին, իսկ երիտասարդի պարագայում որևէ փոփոխություն չի եղել, ինչից էլ կասկած է առաջացել, որ իրեն այդ դեղն առհասարակ չեն ներարկել, ի սկզբանե կասկած է եղել, որ դեղն ուղղակի մուտք չի եղել հիվանդանոց։
Փաստաբանի փոխանցմամբ՝ անձը, որն առաջարկել է «Ակտեմրա» դեղամիջոցը և միջնորդ է հանդիսացել հիվանդի հարազատների և բժիշկների միջև, հանդիսանում է դեղագործական ընկերության տնօրեն։
«Տվյալ անձը հիվանդի հարազատներին ներկայացրել է, որ իրենց տղան գտնվում է ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում և եթե այդ դեղամիջոցը չներարկեն, տղան ուղղակի կմահանա, ընդ որում, դա այն պարագայում, երբ տղայի հայրը մեկ օր առաջ էր մահացել կորոնավիրուսից։
Հարազատները բնականաբար ամեն ինչ անում են, գումարը հայթայթում ու տալիս, որ դեղը ձեռք բերեն, բայց հիվանդը երբեք ծայրահեղ ծանր վիճակում չի եղել։ Թեև հոսպիտալացված է եղել, բայց նորմալ վիճակում, գիտակցությունը՝ տեղը՝ ի հակառակ տվյալ անձի պնդումների, թե երիտասարդն անգիտակից վիճակում է, պետք չէ զանգել, խոսել իր հետ, վիճակն ավելի կվատթարանա, մինչդեռ, առկա են հեռախոսազանգերի վերծանումները, համաձայն որի, երիտասարդը չի խոսել ընտանիքի անդամների հետ, բայց խոսել է ընկերների, բարեկամների հետ։ Չէր կարող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդն այդքան խոսել, հեռախոսը զբաղեցնել»,- պատմում է փաստաբանը։
Խարդախության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում հարցաքննվել է նաև միջնորդ հանդիսացող անձը, որը նշել է, որ չի կարող ՀԴՄ կտրոն ներկայացնել, քանի որ դեղամիջոցը դեղատնից չի ձեռք բերել և չի մատնանշել, թե ումից է ձեռք բերել։
Վիրաբյանը տեղեկացրեց, որ առերես հարցաքննության ընթացքում միջնորդ հանդիսացող անձը նշել է, թե հեռախոսով խոսել է, ինչ-որ մեկը լսել է, որ ինքը նման դեղ է փնտրում և ասել, որ ունի չօգտագործված դեղամիջոց, որը գնել էր հարազատի համար, մինչդեռ, նշված դեղամիջոցը հատուկ պայմաններում է պահվում և, եթե նույնիսկ դեղամիջոցը պետք է ներարկվի 10 րոպեի ընթացքում, դա պահվում է սառույցի մեջ։
«Ոչ ոք 700.000 դրամ չէր վճարի՝ ավելորդ դեղ գնելու, դա «Ասկոֆեն» չէ, որ մեկ կոճակը գրպանում շրջեն։ Հատուկ պայմաններում պահպանվող, նման արժեքի դեղը հնարավոր չէ ավելորդ գնել, հետո տալ ինչ-որ մեկին՝ առանց կտրոնի, առանց դեղատոմսի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առերեսման ընթացքում հետաքրքրվել է միջնորդից՝ արդյո՞ք պարզել է, թե սառույց եղել է, թե ոչ, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե թեթև, սովորական դեղ է։
Բացի այդ՝ Վիրաբյանը նշեց, որ այդ օրն ընդամենը երեք անձ էր բուժվում այդ դեղամիջոցով, ուստի, անհրաժեշտ էր պարզել շրջանակը, թե արդյո՞ք այդ երեք անձանցից որևէ մեկը տվել է նշված դեղամիջոցը՝ տվյալ հիվանդին, սակայն քրեական գործով չի ապացուցվել, որ ինչ-որ մեկը հիվանդանոցից է փոխանցել դեղամիջոցը։
«Բացի դրանից՝ հիվանդները եղել են վերակենդանացման բաժանմունքում և ոչ մի հարազատ հնարավորություն չունի իր հիվանդի համար արդեն իսկ վերակենդանացման բաժանմունք մուտքագրված դեղը հետ պահանջել սառնարանից և փոխանցի ուրիշին, ինչը գոնե ինչ-որ մատյանով պետք է երևա »,- նշեց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ հիվանդի էպիկրիզում կան բոլոր դեղամիջոցները, բոլոր հակաբիոտիկներն ու վիտամինները՝ բացի այդ դեղից, «Ակտեմրա» դեղամիջոցի վերաբերյալ նշում չկա նաև տվյալ բաժանմունքի դեղերի ծախսի ցուցակում, միայն հետագայում, քրեական գործի ընթացքում մատյաններից մեկում՝ այլ, ակնհայտ տարբերվող գրիչով և ձեռագրով նշվել է «Ակտեմրա» դեղամիջոցի անունը։
Հարցին՝ արդյո՞ք դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվել է, փաստաբանը նշեց, որ փորձաքննություն չի նշանակվել, որովհետև քննիչին ձեռնտու չէր։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստանում, որ հիվանդներին ներարկել են, ինչից հետո եղել են մահացության դեպքեր, ընդ որում, ներարկել են մահամերձ հիվանդներին։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ տվյալ դեղամիջոցը չունի այն օգուտը, ինչը նկարագրում են բժիշկները և, տեսնելով, որ հիվանդն արդեն մահամերձ է, հիվանդի փրկությունը չի լինելու, ավելորդ անգամ հիվանդի հարազատին ֆինանսական բեռ են պատճառում՝ տվյալ դեղը ձեռք բերելու համար։ Փաստաբանի նման մտահոգությունները կապված են այս օրերին ստացված ահազանգերի վիճակագրությամբ։
Քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, որի արդյունքում չի հայտնաբերվել այն անձը, ումից ձեռք է բերվել այդ դեղամիջոցը, թեև, ըստ փաստաբանի, նույնիսկ հեռախոսի վերծանումներով կարելի էր գտնել այդ անձին, եթե այդպիսին եղել է։ Քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, որը ստանալուց հետո փաստաբանը կվիճարկի այն։
«Ինչ աստիճանի աբսուրդ որոշում պետք է լինի, որ, այն պայմաններում, երբ քննությունը թերի է ընթացել, երբ կան բարձրացված հարցեր, որոնց լուծում չի տրվել, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ընթացքում են, մինչև հոկտեմբերի 12-ը նախաքննության ժամկետը երկարացվել է, բայց քննիչը սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին »,- նշեց փաստաբանը։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.