«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան Ծառատունկ Ծրագիրը) իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգնվել են ավելի քան 5,5 միլիոն ծառեր, և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:
Տնկարաններ՝ էկոլոգիական չարիքի դեմ
1990-ականների էներգետիկ ճգնաժամը իր հետ բերում էր էկոլոգիական ճգնաժամ: Այս սպառնալիքը զգաց նաև բոստոնահայ ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարը, որը Հայաստան էր այցելել 1990-ականների սկզբին, տեսել վառելափայտ դառնալու դատապարտված հատվող ծառերը: Հայաստանի անապատացումը կանխելու համար նա 1994 թ. Հայաստանում հիմնեց «Էյ Թի Փի» բնապահպանական բարեգործական հիմնադրամը: Կազմակերպությունը սկսեց ծառատունկեր անել նախ Գյումրիում և Երևանում, որտեղ էներգետիկ ճգնաժամի արդյունքում կանաչ տարածքները ամենաշատն էին տուժել: «Էյ Թի Փի»-ն սկզբում տնկիները գնում էր ԽՄ տարիներից մնացած տնկարաններից: Որակյալ տնկիներ ունենալու և ավելի լայնամասշտաբ ծառատունկեր իրականացնելու համար հիմնադրամը սկսեց հիմնել սեփական տնկարանները: Առաջին տնկարանը ստեղծվեց 1996 թ. Արագածոտնի Սասունիկ գյուղի Կարին վարչական շրջանում: Գյուղի ընտրությունը պատահական չէր, այստեղ բնակություն էին հաստատել մեծ թվով փախստական հայեր Ադրբեջանից, և տնկարանը պիտի դառնար նրանցից շատերի հիմնական աշխատավայրը և ապրուստի միջոցը: Դրանից հետո ստեղծվեցին ևս երեք տնկարաններ՝ Լոռու Մարգահովիտ, Արարատի Խաչփար, Վայոց Ձորի Չիվա գյուղերում: Տնկարաններում աճեցնում են դեկորատիվ, մշտադալար, պտղատու մինչև հիսուն ծառատեսակ, ընդհանուր առմամբ՝ մինչև 200 հազար տնկի, որոնց մեջ կան նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ: Իր հիմնադրման օրվանից առայսօր «Էյ Թի Փի»-ն ծառատունկ է իրականացրել Հայաստանի 1150 հանրային վայրերում՝ դպրոցների, մանկապարտեզների, գիշերօթիկների, զորամասերի, հիվանդանոցների, հայտնի տուրիստական վայրերի ու եկեղեցիների շրջակայքում: Ծառատունկից հետո կազմակերպությունը զբաղվում է ծառերի խնամքով: «Էյ Թի Փի»-ն ծառատնկումներ է իրականացնում նաև Արցախում: Առ այսօր Հայաստանի ու Արցախի տարածքում «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 5,5 միլիոն ծառ: Ծառատունկերին կամավոր ներգրավվողները հիմնականում հենց համայնքի անդամներն են: Սակայն համայնքային ծառատունկերին մասնակցում են նաև բազմաթիվ կամավորներ տարբեր կազմակերպություններից: «Էյ Թի Փի»-ի հետ «Սինոփսիսի» կամավորները ծառատունկեր են իրականացնում արդեն տասը տարի: Ոչ միայն ծառատունկերին մասնակցելու, այլև «Էյ Թի Փի»-ի ուսումնական, կազմակերպչական աշխատանքներում ընդգրկվելու համար գալիս են նաև օտարերկրացի կամավորականներ՝ ուղղորդված «Դեպի Հայք» միության կողմից:
Ընդլայնվում են անտառները, բարելավվում է ապրելու միջավայրը
Անտառներն ու ծառերը մարդուն պարգևում են թթվածին, կլանում թունավոր գազերը, կեղտն ու աղմուկը: Անտառները պահպանում են հողը էրոզիայից, և սպունգի նման հավաքում ստորգետնյա ջրերն ու դրանք ուղղում դեպի գետեր: Պատահական չէ, որ կլիմայի գլոբալ փոփոխման դեմ պայքարի առաջին զենքերից մեկը համարվում է ծառ տնկելը: «Էյ Թի Փի» ընկերությունը համայնքային ծառատունկերից զատ իրականացնում է նաև անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ ընդլայնելով Հայաստան աշխարհի անտառածածկ մակերեսը: Իր տնկարաններում աճեցրած տնկիներով վերջին տասը տարիների ընթացքում «Էյ Թի Փին» հիմնել է քսանյոթ ակտիվ անտառներ՝ տնկելով չորս միլիոն ծառ մոտ 1000 հեկտարի վրա: Մարգահովտում հիմնված անտառը նվիրվել է Հրանտ Դինքի հիշատակին: Անտառային տնկումների ժամանակ ժամանակավոր աշխատանքի են ընդունում մինչև հարյուր և ավելի գյուղացիներ հարակից գյուղական համայնքներից: Գյուղամերձ այն տարածքները, որոնք «Էյ Թի Փի»-ն վերածում է անտառի, քսանհինգ տարի անց վերադարձվելու են համայնքին որպես կայացած անտառներ: Եվ այդ կարգավիճակը պարտադրելու է համայնքին, որ նա շարունակի պահպանել տարածքը որպես անտառ, չկտրի և արոտավայր կամ ցանքատարածք չդարձնի:
Անտառների ընդլայնման ու պահպանման գործն ավելի արդյունավետ ու լայնամասշտաբ դարձնելու համար կազմակերպության գերակա նպատակներից մեկն է «Հայանտառի» և Բնապահպանության նախարարության հետ համագործակցության խորացումը: «Հայանտառի» հետ կազմակերպությունը Հրազդանի տարածաշրջանի Քաղսի գյուղում իրականացրել է կոճղաշիվային ծրագիր, որի շրջանակում կատարվել է անտառներում հատված ծառերի կոճղերի շուրջն աճող շիվերի մաքրում՝ մեկ-երկու ամենաուժեղ և ուղիղ շիվերի պահպանմամբ: Այդ կտրված ճյուղերը՝ որպես վառելափայտ, «Հայանտառը» անհատույց տրամադրել է հարակից գյուղերի բնակիչներին: Մինչ այդ «Էյ Թի Փի»-ն իր նախաձեռնությամբ նմանատիպ աշխատանքներ կատարել է Շիրակի մարզի ճանապարհամերձ տարածքներում:
Բնապահպան սերնդի կրթություն
Եթե մարդիկ շարունակեն իրենց գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ բնության վրա՝ հատել անտառներ, աղտոտել օդն ու ջուրը, ոչ մի բարելավում Հայաստանի էկոլոգիական միջավայրում չի լինի, չի օգնի ոչ մի նոր տնկված ծառ: Միայն էկոլոգիական խնդիրներին տեղյակ ու գիտակից սերնդի դաստիարակությամբ հնարավոր կլինի պահպանել «Էյ ԹԻ Փի»-ի գործունեության արդյունքները և ապագայում ունենալ ավելի կանաչ ու մաքուր Հայաստան: 12 տարի է՝ Կարինում ու Մարգահովտում բոստոնահայ Մայքլ և Վիրջինիա Օհանյանների հովանավորությամբ հիմնվել և գործում են «Էյ Թի Փի»-ի ուսումնական երկու կենտրոնները: Ամեն տարի՝ մարտի ամսից մինչև հուլիս, ՀՀ տարբեր մարզերի գյուղերից, քաղաքներից հիմնադրամի տրամադրած տրանսպորտային միջոցներով այս կենտրոններ են հաճախում մոտ 4000 աշակերտներ և մասնակցում բնապահպանական տարբեր թեմաներով անցկացվող դասընթացներին: Ամեն դասարանի ու տարիքային խմբի համար մշակվել են առանձին թեմաներ: Իսկ հուլիս և օգոստոս ամիսներին Մարգահովտի ուսումնական կենտրոնում կազմակերպվում են 4-6 օրյա էկոճամբարներ ավելի ակտիվ մասնակից դպրոցների մինչև տասնհինգ հոգանոց խմբերի համար:
«Էյ Թի Փի»-ն Կրթության ազգային ինստիտուտի հետ մշակել է տարրական դասարաններից մինչև ավագ դպրոց բնապահպանական խնդիրների դասավանդմանը նվիրված «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ուսուցչի ձեռնարկը: Հիմնադրամի վերապատրաստողները այցելում են հանրակրթական դպրոցներ, ուսուցիչների հետ դասընթացներ անցկացնում: Նման դասընթացներ անցկացվել են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Արցախում, կլինեն նաև Շիրակում: Ծրագրի նպատակն է երեխաներին իրենց համայնքներում դարձնել ակտիվ բնապահպաններ, ովքեր ոչ միայն տեղյակ են բնապահպանական խնդիրներին, այլ ծանոթ են դրանք մեղմելու միջոցներին: «Էյ Թի Փի»-ն նաև փորձում է կամուրջներ ստեղծել հայաստանաբնակ ու ամերիկահայ երեխաների միջև՝ արդեն տասը տարի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայկական դպրոցների մի դասարան ու Հայաստանից մի դասարան կապելով իրար հետ: Ամերիկահայ երեխաները ամռանը այցելում են Հայաստան, իրենց հասակակիցների հետ անցնում բնապահպանական դասընթացներ, այցելում «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկերի մասնակցում, ընկերանում: Աշտարակ քաղաքում «Էյ Թի Փի»-ն ունի երկուսուկես հեկտար քաղաքային ենթակայության հանրային տարածք, որը ապագայում պետք է քաղաքային զբոսայգի դառնա: Այստեղ էլ վերջին երկու տարում աշակերտները ծառատունկ են անում:
Զարգացած գյուղ՝ բնապահպան համայնք
Ծառատնկումները «Էյ Թի Փի»-ն փորձում է նաև օգտագործել որպես գյուղացիական համայնքների սոցիալական աջակցության միջոց: Հիմնադրամը սահմանամերձ գյուղական տնտեսություններին պարբերաբար տրամադրում է մինչև տասը պտղատու ծառերի տնկիներ՝ փոքր այգիներ հիմնելու և սոցիալական որոշ խնդիրներ լուծելու համար:
Իր 4 տնկարաններից բացի «Էյ Թի Փի»-ն ծառերի տնկիներ է բազմացնում նաև Փոքր-ձեռնարկություններիի ծրագրի՝ տնամերձ տնկարանների միջոցով: Այս ծրագրի շահառուները հեռավոր գյուղերի բնակիչներն են: Արդեն ընդգրկված են 30 տնտեսություններ Քեթի (Շիրակ), Մարգահովիտ (Լոռի) եւ Աղվանավանք (Տավուշ) գյուղերից: «Էյ Թի Փի»-ի տնամերձ տնկարանների ծրագիրը Բրյուսելում ճանաչվեց որպես կայուն զարգացման մոդել, և 2008 թվականին արժանացավ հեղինակավոր Energy Globe Award մրցանակին:
«Էյ ԹԻ Փի»-ն ծրագրում է նաև հայկական խաղողագործության մաս կազմել, աճեցնել խաղողի որակյալ տնկիներ և տրամադրել գյուղացիներին:
Հիմնադրամը քայլեր է ձեռնարկում նաև Հայաստանում ինտենսիվ այգեգործությունը զարգացնելու ուղղությամբ: Կարինի տնկարանում այդ նպատակով աճեցվում են, իսկ Չիվայի տնկարանում նախատեսվում է աճեցնել գաճաճ պտղատու ծառերի տնկիներ: Դրանք կլոնավորված սելեկցիայի արդյունքում ստացված, ԳՄՕ չպարունակող ցածր ծառեր են, ինչը թույլ է տալիս մեկ հեկտարի վրա ավելի շատ ծառ տնկել, ավելի շատ բերք ստանալ, կիրառել հակակարկտային ցանցեր: Հիմնադրամը տնկիներ կտրամադրի միայն կոոպերատիվ հայտերի դեպքում՝ այդպես շահագրգռելով գյուղացիներին կոոպերատիվներ հիմնել, միացնել իրենց այգիները, ինչի արդյունքում ավելի արդյունավետ կլինի այգիների մշակումը և արտադրանքի իրացումը: Ընդհանուր առմամբ հիմնադրամն ունի 18 հա տնկարանների տարածք, որտեղ հնարավոր է ինտենսիվ այգեգործության համար անհրաժեշտ քանակությամբ տնկիներ աճեցնել:
Ծառը, այսպիսով, «Էյ Թի Փի»-ի ջանքերով Հայաստանում դառնում է ոչ միայն էկոլոգիական ճգնաժամի դեմ պայքարի, այլև բարեկեցիկ կյանք ու առողջ միջավայր ստեղծելու միջոց:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.