ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում:
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոտիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի եւ Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաեւ խորհրդային արտադրության՝ նաեւ կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երեւանի մի քանի եւ Էջմիածնի դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով եւ արկղերով սննդամթերք, բժշկական եւ հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:
Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից եւ արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր եւ «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր եւ հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Մանվել Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ:
Հունիսի 16-ին Մ. Գրիգորյանը ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, ապահովվել են նրա բոլոր դատավարական իրավունքները: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաեւ զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:
Բացի նշվածից, ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մանվել Գրիգորյանի փաստացի տիրապետման տակ գտնվող ԲԲԸ-ի տարածքում ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ. հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը խուզարկություն է կատարվել նշված ընկերությանը պատկանող շինությունում, որի ընթացքում ատրճանակից եւ դանակից զատ հայտնաբերվել է 36.884.370 ՀՀ դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք եւ դրա տարբեր պարագաներ, արկղերով եւ պարկելով սննդամթերք: Նշված արկղերի եւ պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:
2018թ. հունիսի 17-ին նշված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել է Մանվել Գրիգորյանի եւ մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի եւ ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ԵԿՄ ղեկավար անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի կողմից, կազմակերպության կարիքների համար ՀՀ ՊՆ, ինչպես նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առանձին քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային եւ այլ ապրանքների յուրացման հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2018թ. հունիսի 17-ին որոշում է կայացվել յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ: Նույն օրը նշված քրեական գործը եւս միացվել է Մանվել Գրիգորյանի եւ մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի եւ ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը նախաքննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի իրեն պատկանող առանձնատներում եւս ապօրինի կերպով պահել է ռազմամթերք եւ հրազեն, նռնականետ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկություններով:
Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստանալով հավաքագրված եւ իր՝ որպես ԵԿՄ նախագահի վստահությանը հանձնված՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ եւ հանդերձանք, որը ըստ նշանակության հասցեատերերին տալու փոխարեն, քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ հանցակցությամբ յուրացրել է: Մասնավորապես, դրանք պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող իրեն պատկանող շինություններում, Էջմիածին քաղաքի առեւտրային գործունեություն ծավալող իր հետ փոխկապակցված «Արա եւ Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, օգտագործել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար, այդ թվում՝ սննդամթերքը որպես կեր ծառայեցրել է նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների համար: Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի եւ խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւեւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ձեռք բերված փաստական տվյալները, հաստատելով Մանվել Գրիգորյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, շրջանառվող ռազմամթերքի քանակը, ինչպես նաեւ զինվորների համար նախատեսված պետական միջոցներով, քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից որպես օգնություն տրամադրված գույքի հափշտակությունը, որին առերեւույթ կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:
Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու եւ կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Առավելեւս, որ նման փաստ արձանագրվել է արդեն իսկ:
Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերեւույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ կանխատեսման համար:
Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.