«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը:
ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
– Պարոն Հերբսթ, եկեք սկսենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած ճգնաժամից: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ նկատի ունենալով վերջին շրջանի իրադարձությունները՝ սկսած ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրություններից և Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունից, հաշվի առնելով նախագահ Թրամփի հայացքների և մոտեցումների որոշ փոխակերպումները արտաքին քաղաքականության և մասնավորապես Ռուսաստանի հետ կապված հարցերում և, իհարկե, Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը դիտվում է որպես ամերիկյան հզորությանը, ազդեցությանն ու շահերին մարտահրավեր նետող «մրցակից ուժ»:
– ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները շատ բարդ շրջան են ապրում՝ հիմնականում Ուկրաինայում՝ Ղրիմում, Ռուսաստանի ագրեսիայի պատճառով: Բայց խնդիրը միայն Ղրիմը չէ: Ռուսաստանը նաև ռազմական միջամտություն է իրականացրել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում և միջամտել ամերիկյան ընտրություններին: Թրամփը անհասկանալի և անբացատրելի դրական վերաբերմունք ունի Կրեմլի և նախագահ Պուտինի նկատմամբ, բայց իր բոլոր ավագ խորհրդականները դիտում են Ռուսաստանը որպես ագրեսիվ և վտանգավոր խաղացող: Ես խոսում եմ Մաքմասթերի, Քելիի, Մեթիսի, Թիլերսոնի մասին: Եվ, իհարկե, Դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Կրեմլը պատասխանատու է վերջին նախագահական ընտրություններում միջամտության համար: Ուստի չնայած մեր նախագահի անձնական համակրանքին Կրեմլի հանդեպ՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ դարձել է շատ ավելի ուժեղ և խիստ: Նախ՝ Կոնգրեսը նախորդ տարվա ամռանը ընդունեց հավելյալ պատժամիջոցներ, և հետո նախագահն իր ձեռքով հավանություն տվեց զենքի մատակարարումներին Ուկրաինա, ինչը չէր հաստատում Օբաման: Բայց մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատելու Ռուսաստանի հետ այն հարցերում, որտեղ մենք ունենք ընդհանուր շահեր: Եվ, իհարկե, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայից և դադարեցնի իր ագրեսիան այնտեղ, հարաբերությունները էապես կբարելավվեն:
ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ Է
– Ուզում եք ասել, որ ԱՄՆ նախագահը չի՞ կարող լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա:
– Անշուշտ, նախագահը շատ հզոր և ազդեցիկ գործիչ է, բայց պարզվեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը չափազանց բարդ է իր համար, և հենց քաղաքականության առաջացրած հետևանքների պատճառով նա իր ձեռքով առաջատար պաշտոններում նշանակեց մարդկանց, որից հետո իր քաղաքականությունը դարձավ նկատելիորեն ավելի կոշտ և ավելի իմաստուն, քան Օբամայի քաղաքականությունն էր:
– Այս քաղաքականությունը Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարական շարունակությո՞ւնն է, թե՞ ավելի շատ պայմանավորված է առանձին իրադարձություններով և միջադեպերով (նախագահական ընտրությունները, ռուսական միջամտությունը և այլն), որոնք զայրացրել են ամերիկյան իսթեբլիշմենթին:
– Անշուշտ, շատ ազդեցիկ ամերիկացիներ առանձնապես երջանիկ չեն Կրեմլի միջամտության կապակցությամբ: Բայց նաև ճիշտ է այն, որ եթե նայեք ամերիկյան քաղաքական համակարգին վերջին երկու-երեք տարիներին, կտեսնեք, որ մեր վերնախավն առաջընթաց է ապրել՝ այն առումով, որ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Կրեմլի ագրեսիային: Այս խնդիրը կար, երբ Օբաման էր նախագահը: Ըստ իս՝ Օբամայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ շատ թույլ էր, այնպես որ, խնդիրը միայն միջամտությունը չէ նախագահական ընտրություններին:
ԻՄՓԻՉՄԵՆԹ ՉԻ ԼԻՆԻ
– Ի՞նչ նորություններ կան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունից: Ինչո՞ւ չկա առաջընթաց ռուսական միջամտության և Թրամփ-Ռուսաստան կապերի բացահայտման հարցում: Շատերն արդեն կասկածում են, որ Ռուսաստանն իսկապես միջամտել է Միացյալ Նահանգների ներքին գործերին:
– Կարծում եմ, որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են Ռուսաստանի միջամտությունը, բայց չկա հստակ ապացույց այն մասին, որ Թրամփը և իր ավագ խորհրդականները Կրեմլի հետ այնպիսի համաձայնության են հասել, որը կարելի էր համարել գաղտնի դավադրություն: Այստեղ են, որ չկան հստակ փաստեր:
– Բայց կարծում եք, որ Թրամփի նախընտրական թիմն իսկապե՞ս ունեցել է իրական կապեր Ռուսաստանի հետ:
– Ինձ համար ավելի անվտանգ ու ապահով պատասխանը կլինի ասել, որ ես ոչինչ չգիտեմ, բայց կավելացնեմ, որ այնքան շատ մարդիկ են ներգրավված այս հետաքննության մեջ, և այնքան լուրջ մարդիկ են հետաքննում Թրամփի հնարավոր կապերը Ռուսաստանի հետ, ընդ որում՝ բավական երկար ժամանակ, որ եթե փաստեր լինեն, մենք կիմանանք դրա մասին:
– Այսպիսով, չնայած որոշ ակնկալիքներին, որ այս պատմությունը կարող է հանգեցնել նախագահի իմփիչմենթին, այլևս չարժե նման զարգացումներ սպասել:
– Կարծում եմ՝ դա խիստ անհավանական է:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
– Հակառուսական պատժամիջոցները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների վրա՝ ներառյալ Հայաստանը:
– Մենք սահմանել ենք բավական լուրջ պատժամիջոցներ Կրեմլի նկատմամբ՝ Ուկրաինայում նրա ագրեսիայի համար, բայց մենք փորձում ենք խելացի օգտագործել այդ պատժամիջոցները՝ սահմանափակելով դրանց ազդեցությունը, որպեսզի դրանք չվնասեն այլ երկրների:
– «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Դուք խոսել եք այն հարցի շուրջ, թե Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ինչպես կազդեն այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության վրա: Կարծում եք՝ այդ պատժամիջոցներն իսկապե՞ս կարող են սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները Կրեմլի գործընկերներին, մասնավորապես՝ Հայաստանին, Ադրբեջանին:
– Կասկածում եմ, որ ամերիկյան պատժամիջոցները կազդեն Հայաստանին ռուսական զենք մատակարարելու վրա: Կարծում եմ, որ դրանք չեն ազդի նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների վրա:
ԿՐԵՄԼԻ ՑԻՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
– Բայց կարծում եք, որ այս խնդիրը՝ սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները և ռեգիոնի երկրների միլիտարիզացումը՝ հակամարտությանը վերջ տալու և խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվացնելու նպատակով, ռազմավարական իմաստով քննարկվո՞ւմ է Վաշինգտոնում: Նկատի ունեմ, որ սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետև Մոսկվան օգտագործում է զենքի վաճառքը որպես իր հիմնական ազդեցության լծակներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
– Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության էությունն է Ռուսաստանը դարձնել կենսական և անփոխարինելի երկիր թե՛ Երևանի և թե՛ Բաքվի համար: Նա իրեն դարձնում է կենսական երկիր Հայաստանի համար՝ մատակարարելով զենք և հանդես գալով որպես անվտանգության երաշխավոր, օրինակ՝ Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում: Ռուսաստանը փորձում է իրեն կենսական դարձնել նաև Ադրբեջանի համար՝ թույլ տալով Հայաստանին խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղում և միաժամանակ զենք վաճառելով Ադրբեջանին: Կարծում եմ, որ Կրեմլի քաղաքականությունը շատ ցինիկ է: Նա շահագրգռված չէ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատվի: Նրանք շահագործում են լարվածությունը հակամարտության գոտում (ոչ թե պատերազմը, այլ լարվածությունը)՝ իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում առավելագույնի հասցնելու նպատակով:
Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
– Բայց չէ՞ որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին Մինսկի խմբի շրջանակներում: Ինչո՞վ եք բացատրում նման մոտեցումը:
– Կարծում եմ՝ պարզապես Միացյալ Նահանգները երբեք բավարար ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, և եթե ակտիվ ջանքեր չի գործադրելու հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, ապա զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն ընդունում է Ռուսաստանի ավելի լայն դերակատարությունն այս հարցում, որովհետև Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ազդեցություն ունի հակամարտող կողմերի նկատմամբ: Իսկ Կրեմլը իր հերթին ուզում է կառավարել իրավիճակը: Ռուսաստանը թույլ է տալիս, որ լինի լարվածություն, բայց չի ցանկանում, որպեսզի լինի պատերազմ:
– Իսկ ինչպե՞ս կարելի է կանխել հնարավոր նոր պատերազմը և հասնել առաջընթացի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
– Ինձ թվում է, որ Մոսկվան նախընտրում է, որպեսզի խնդիրը չլուծվի, բայց չլինի նաև պատերազմ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
– Պե՞տք է արդյոք սպասենք ակտիվ քայլերի Թրամփի վարչակազմի կողմից այս հարցում:
– Ոչ, չեմ կարծում, քանի որ նա չի կարող հաջողության հասնել այս հարցում: Երբ ես 20 տարի առաջ աշխատում էի Պետքարտուղարությունում նման հարցերի վրա, Հայաստանի նախագահը շատ լուրջ պետական գործիչ էր՝ Տեր-Պետրոսյանը, և կարծում եմ, որ նա իսկապես ուզում էր հասնել խաղաղ համաձայնության, բայց արմատական ուժերը Երևանում և նաև հայկական սփյուռքի արմատական ուժերը թույլ չտվեցին նրան գործարք կնքել Ադրբեջանի հետ և ստիպեցին հեռանալ նախագահի պաշտոնից: Կարծում եմ՝ դա շատ տխուր փաստ է:
Ես գիտեմ, որ հայերը շատ շնորհալի և տաղանդավոր ժողովուրդ են: Հայաստանը ամենաաշխույժ և բարեկեցիկ երկրներից էր Խորհրդային Միությունում: Հայերը շատ հաջողակ են նաև Ամերիկայում, բայց Ղարաբաղի հարցում այս արմատական դիրքորոշման պատճառով նրանք սահմանափակել են իրենց շատ տհաճ ներկայով և ապագայով:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
– Իսկ Ամերիկայի հայ համայնքը, լոբբիստական կազմակերպությունները որքանո՞վ կարող են ազդել Սպիտակ տան քաղաքականության կամ թեկուզ Կոնգրեսի որոշումների վրա, աջակցել Հայաստանին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում:
– Կարծում եմ՝ նրանք ունեն որոշակի ազդեցություն, բայց իմ կարծիքով՝ հայկական սփյուռքը (ես խոսում եմ ոչ թե բոլորի, այլ սփյուռքի ակտիվ տարրերի մասին) չափից ավելի շատ ժամանակ է ծախսել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները դատապարտելու, միջազգային ճանաչման հասնելու և հայերի իրավունքները պաշտպանելու հարցերի վրա, թեև, իհարկե, ես նրանց հասկանում եմ, բայց բավարար ժամանակ և ռեսուրսներ չեն ծախսել՝ հասկանալու, թե ինչպես կարող է Հայաստանը զարգանալ և բարգավաճել որպես պետություն՝ դառնալով միջազգային հանրության լիարժեք անդամ, ոչ թե պարզապես Մոսկվայի արբանյակը: Սա շատ տխուր է: Ամերիկահայերը լավ են ապրում, որովհետև շատ տաղանդավոր են, և նրանք հասել են բարգավաճման Միացյալ Նահանգներում: Պարզապես հրաշալի կլիներ, եթե նրանք գործադրեին հայկական բարգավաճման իրենց մեծ ներուժը Հայաստանում:
Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.