«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
– Պարոն Ֆելգենհաուեր, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ռազմաքաղաքական իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ լարվածությունը հակամարտության գոտում վերջին ամիսներին էապես նվազել է:
– Դա առաջին հերթին կողմերի որոշումն է, բայց կարծում եմ, որ պատճառներից մեկը նաև արտաքին ուժերի՝ թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների ազդեցությունն է: Ոչ ոքի, հավանաբար, նույնիսկ Թուրքիային այսօր պետք չէ Ղարաբաղյան հակամարտության սրացումը: Երբ լարվածությունը գնալով աճում էր, ակնհայտ էր, որ հետագա էսկալացիան շարունակվելու է, բայց ըստ երևույթին, արտաքին ուժերը ճնշում են գործադրել կողմերի նկատմամբ:
– Այս տարվա մայիսին «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետները հրապարակել էին զեկույց ղարաբաղյան հակամարտության մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին, և երբ մենք այս առիթով զրուցեցինք, Դուք ասացիք, որ «Ղարաբաղը շուտով կպայթի»: Ինչո՞ւ հանկարծ իրավիճակը փոխվեց: Ժևնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ասաց, թե Ադրբեջանի նախագահը նույնպես շահագրգռված է թուլացնելու լարվածությունը շփման գծում: Բայց չէ՞ որ ռազմական սադրանքներ իրականացնելն ու լարվածության որոշակի մակարդակ շփման գծում պահպանելը Ադրբեջանի քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ռազմական ակտիվության նվազեցումը:
– Հակամարտության լարվածությունը թուլացնելու կամ ավելացնելու որոշումը կայացնում են առաջին հերթին հենց իրենք՝ կոնֆլիկտի մասնակիցները: Պատերազմները հենց այնպես չեն սկսվում: Պատահականություններ գրեթե չեն լինում: Ինչ-որ մեկը պետք է որոշում կայացնի, որ այժմ ցանկալի է կամ շահավետ՝ սկսել պատերազմ: Ըստ երևույթին, այժմ նման որոշում չկա ոչ այս, ոչ էլ մյուս կողմից: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի՝ արտաքին ուժերը լուրջ ճնշում գործադրեցին կողմերի վրա՝ երբ իրավիճակը կտրուկ սրվեց: Այսօր ոչ ոքի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ որևէ այլ պետության պետք չէ ղարաբաղյան հակամարտության սրացում: Նրանք իրենց խնդիրներն ունեն: Ղարաբաղի մասին անմիջապես մոռացան այն բանից հետո, երբ իրադրությունը փոքր-ինչ հանդարտվեց առաջնագծում, որովհետև բոլորն էլ ունեն իրենց շատ լուրջ խնդիրները:
Նախորդ շաբաթ ես Վաշինգտոնում էի, ելույթ էի ունենում մի համաժողովի ժամանակ: Նույն համաժողովին ելույթ էր ունենում նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Մաքմասթերը և պատմում էր երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին: Նա խոսեց մեծ թվով կոնֆլիկտների մասին, բայց Ղարաբաղի մասին մի բառ անգամ չասաց: Ընդհանրապես ոչ մի բառ: Նա խոսեց և՛ Իրանի, և՛ Աֆղանստանի, և՛, իհարկե, Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի մասին: Բոլորի խնդիրներն էլ բավարար են: Ղարաբաղը ռադարների էկրաններին է հայտնվում միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ եթե մի քիչ էլ սրվի, այնտեղ ևս մի պատերազմ կսկսվի, և այդ ժամանակ բոլորը շտապում են ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները: Ղարաբաղյան հարցի լուծմամբ էլ ոչ ոք լրջորեն չի զբաղվելու, որովհետև կրկին դրա ժամանակը չկա: Կան լուրջ թվացող հսկայական թվով խնդիրներ: Երբ դուք այստեղ հանգիստ նստած եք, աշխարհը ձեր մասին մոռանում է: Երբ իրավիճակը թեժանում է, սկսում են հետաքրքրվել, այնպես որ ես չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ հեռանկար: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, պարզապես ժամանակավոր անդորր է՝ ոչ ավելի, ոչ պակաս: Բայց երբ երկու կողմերը կամ ավելի շուտ՝ կողմերից մեկը որոշի, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, դա կրկին մեծ անակնկալ կլինի արտաքին աշխարհի համար: Բայց ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարներ չեն նկատվում և ամենագլխավորը՝ դա, կարծես, ոչ ոքի էլ չի հետաքրքրում:
– ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ինչ-որ կերպ կազդի՞ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամերիկյան տեսլականի, մասնավորապես՝ Թրամփի վարչակազմի մոտեցումների վրա:
– Ոչ մի կերպ էլ չի ազդի: Նրանց հնարավորություններն են քիչ, որովհետև Պետդեպարտամենտում մինչ օրս նշանակված չեն մեծ թվով պաշտոնյաներ: Նրանք այնքան խնդիրներ ունեն: Իսկ գեներալ Մաքսմասթերն, այնուամենայնիվ, զինվորական է և նա հասկանում է, որ հարկավոր է ակտիվ քաղաքականություն վարել: Հնարավոր չէ հաղթել պասիվ քաղաքականությամբ: Ամերիկայի հնարավորությունները շատ մեծ են, բայց սահմանափակ են: Այդ նույն փաստաթղթում նշված կոնֆլիկտներն ու խնդիրներն այնքան շատ են, որ դրանք թվարկելը կես ժամ կպահանջի, ուստի նրանք ընտրում են առաջնահերթությունները: Առաջնահերթություններից են ահաբեկչությունը՝ այն իմաստով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկին հայտնվի «Իսլամական պետության» պես մի նոր խմբավորում: Չի կարելի թույլ տալ, որ նմանատիպ խմբավորումները գրավեն և վերահսկեն որոշակի տարածքներ և բնակչություն: Պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Եվ հետո, իհարկե, գալիս է Կորեայի խնդիրը: Մաքմասթերն ասաց, որ դա սպառնալիք է ողջ մարդկությանը և առաջնահերթ խնդիր է, և այնտեղ գործը, կարծես թե, գնում է դեպի պատերազմ: Այսպիսով, աշխարհում կա պատերազմի երեք օջախ, մեկը՝ Հեռավոր Արևելքում, մյուսը՝ Մերձավոր Արևելքում, երրորդը՝ Եվրոպայի տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում: Հեռավոր Արևելքում ուղղակի ռազմական գործողություններ չկան, բայց իրավիճակը դրա սահմանագծին է: Եվ կտրուկ սրացման հավանականություն կա թե՛ Ուկրաինայում և ընդհանրապես Եվրոպայի տարածքում, թե՛ Մերձավոր Արևելքում: Աճում է Իրանի և սուննիների պատերազմի հավանականությունը: Այդ վտանգն առաջին հերթին կապված է Եմենի հետ և դա կարող է հանգեցնել կտրուկ սրացման Պարսից ծոցում և ամբողջ տարածաշրջանում: Այդ կոնֆլիկտին ինչ-որ չափով, գոնե միջնորդավորված կերպով կարող է ներքաշվել նաև Ադրբեջանը: Իրադրությունը տարածաշրջանում շատ լուրջ է: Ղարաբաղն այսօր ոչ ոքի չի հետաքրքրում՝ բացառությամբ այն հանգամանքի, որ այնտեղ նոր սրացումներ չլինեն, որովհետև «մեծ տղաները» լուրջ հարցերով են զբաղված: Բայց միևնույն ժամանակ, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտին լուրջ ուշադրություն չեն դարձնում, մինչև որ այնտեղ չսկսեն կրակել, իրավիճակի նոր սրացումը շատ հնարավոր է: Այն կարող է կապված լինել ներքաղաքական դրության հետ Հայաստանում և առաջին հերթին՝ Ադրբեջանում, որտեղ շատ լուրջ ներքին խնդիրներ կան: Այդ խնդիրները նրանք կարող են փորձել լուծել ռազմաճակատում հերթական լարվածության հրահրման միջոցով՝ համախմբելով ժողովրդին հայրենասիրական տրամադրությունների շուրջ: Սա շատ լուրջ վտանգ է, և երբ կողմերը որոշեն, որ հիմա կարելի է ինչ-որ քայլերի գնալ… Թե երբ կլինի դա, չեմ կարող ասել, որովհետև հնարավոր չէ կանխատեսել: Բայց նման վտանգ կա: Իսկ հիմնախնդրի լուծման հնարավորություններ այսօր չկան և միջնորդներից ոչ ոք այսօր առանձնակի ցանկություն չունի դրա վրա ժամանակ և ջանքեր ծախսելու: Տարածաշրջանում էլ ոչ Բաքուն, ոչ էլ Երևանը ցանկություն և հնարավորություն չունեն եռանդագին փնտրելու հակամարտության կարգավորման փոխզիջումներ, թեև այդ փոխզիջումներն էլ չեն երևում. կողմերի դիրքորոշումները, ըստ էության, անհամատեղելի են: Ամերիկյան ճանապարհային քարտեզը նույնպես անընդունելի է, օրինակ, Հայաստանի համար: Իսկ ամերիկյան կողմը խոսեց դրա մասին, հետո, կարծես, մոռացավ: Երկու կողմերն էլ շարունակում են զինվել: Սպառազինությունը մատակարարվում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ուստի, երբ և եթե հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով: Չգիտեմ՝ երբ, բայց շատ հնարավոր է, որ դա լինի հենց հաջորդ տարի:
– Ինչպե՞ս կգնահատեք հակամարտող կողմերի ռազմական հնարավորություններն այսօրվա դրությամբ, մասնավորապես՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պաշտպանությունը: Հայաստանի նախագահն իր վերջին հարցազրույցի փաստել է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների հնարավորությունը հասցվել է նվազագույնի, և տեսանելի ապագայում կբացառվեն նաև այլ գործողություններ: Որքանո՞վ է ամրապնդվել հայկական կողմի պաշտպանությունը Ապրիլյան պատերազմից հետո:
– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայկական զորքերի լուրջ բացթողումները սպառազինության և մարտական պատրաստության մեջ: Եթե Ադրբեջանը կանգ չառներ, հայտնի չէ, թե ինչպես կզարգանային հետագա իրադարձությունները: Բնական է, որ փորձել են դասեր քաղել, հասկանալ թերությունները, այնպես որ, ամենայն հավանականությամբ, արել են ամենը, ինչ հնարավոր է: Բայց կան շատ ավելի խորը խնդիրներ: Դա հայկական զինված ուժերի հետամնացությունն է: Դա, ինչպես ասում են, ձեր մեղքը չէ: Դա ձեր դժբախտությունն է: Պետք են ռազմական գործողությունների իրականացման ժամանակակից միջոցներ, որոնցից որոշները կան Ադրբեջանում: Ադրբեջանում կան, օրինակ, հարվածային անօդաչուներ, որոնք խփում էին հայկական զրահատեխնիկան և տեխնիկան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նման անօդաչուներ Երևանում չկան: Նույնիսկ Ռուսաստանը դրանցից չունի: Ադրբեջանն այսօր որոշ առումներով ավելի զարգացած է, քան Ռուսաստանը, որովհետև իսրայելցիները Ադրբեջանին մատակարարում են այդ տեխնիկան, իսկ Ռուսաստանին՝ ոչ, քանի որ ամերիկացիներն են արգելում: Իսկ մեր ուժերով առայժմ չենք կարողանում այդպիսի անօդաչուներ արտադրել:
Ասում են՝ «համարյա սարքել ենք», բայց «համարյա»-ն և «սարքել ենք»-ը տարբեր բաներ են: Ռուսաստանն ունի հետախուզական անօդաչուներ, բայց դրանք էլ, ըստ էության, իսրայելական են: Իսկ հարվածային անօդաչուներ ստանալու ուղղությամբ առայժմ աշխատում են: Երևանում դրանցից ընդհանրապես չկա: Սա շատ լուրջ գործոն է՝ առավել ևս դիրքային պատերազմի պայմաններում: Հայաստանը հետ է մնում նաև զրահատեխնիկայի որակով: Հայաստանինը սովետական է, իսկ Ադրբեջանինը Իսրայելի կողմից մոդեռնիզացված զրահատեխնիկա է: Պատերազմի դեպքում այս գործոնները կխաղան իրենց դերը: Ադրբեջանի որոշ ռազմատեխնիկական գերազանցությունը ինչպես կար, այնպես էլ մնում է: Այսպիսին է իրավիճակը, ուստի հայ զինվորականներն անկասկած պատրաստվել են, բայց միայն իրենց ունեցած հնարավորությունների շրջանակներում: Կան որոշ թերություններ, որոնք առայժմ չի հաջողվում շտկել: Իսկ թե որքանով Ադրբեջանի ռազմատեխնիկական որոշ առավելությունը կազդի այն դեպքում, եթե ավելի լայնածավալ պատերազմ սկսի, դժվար է ասել: Եթե երկու ֆուտբոլային թիմերից մեկը գնել է բրազիլացի խաղացող, իսկ մյուսը՝ ոչ, նրանցից ո՞րը կհաղթի: Այն թիմը, որտեղ կա բրազիլացի խաղացող, հավանաբար կստանա առավելություն: Բայց կկարողանա՞ այդ թիմը հաղթել՝ դա արդեն այլ հարց է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.