«Ինձ համար տարօրինակ է, երբ ասում են, որ ուսանողությունը ոտքի է կանգնել: Ուսանողությունը ոտքի չի կանգնել: Կանգնել են պետական համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ցույցերը՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նա նշեց, որ նախկինում, երբ ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությամբ հանդես եկան, այդ օրենքում ասվում էր, որ 18 տարին լրացած ցանկացած տղա պետք է զորակոչվի. «Այսօր «Հանուն գիտության զարգացման» անունն օգտագործելով՝ մեծ հաջողություններ դժվար կլինի գրանցել, որովհետեւ օրենքի հնարավորություններն ու բովանդակությունը ամբողջությամբ փոխված են: Այսօր ուսանողը շատ ավելի լայն հնարավորություն ունի լուծելու թե՛ իր կրթական խնդիրները եւ թե՛ իր զորակոչման հետ կապված հարցերը»:
Մեր դիտարկմանը՝ ուսանողներն ասում են՝ այն, ինչ ձեզ թույլատրված է եղել ժամանակին, դուք մեզ հիմա թույլ չեք տալիս, այստեղ չկա՞ անարդարություն, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է թույլատրված եղել: Եթե թույլատրված է եղել մինչեւ ասպիրանտուրա հասնել, այսօր էլ թույլատրված է այդ ուսանողներին կրթություն ստանալ ու ստանալուց հետո զորակոչվել որպես սպա: Ի՞նչ հնարավորությունների մասին են խոսում: Այսօր հնարավորություն կա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում թե՛ մինչեւ զորակոչը, թե՛ զորակոչից հետո: Նայած թե ինչը ինչի հետ ենք համեմատում:
Այսօրվա հնարավորությունները իրականում շատ ավելի մեծ են, եւ այսօրվա ուսանողին իրականում ընտրելու իրավունք է տրված, որը շատ կարեւոր է»: ՀՀԿ-ականները համարում են, որ ուսանողների շարժումն ուղղորդվում է: Կարեն Ավագյանն այս առնչությամբ ասաց, որ «իրենց տարածած հայտարարությունից պարզ է, թե ովքեր են ուղղորդողները:
Այն մարդիկ են, որոնք ժամանակին զբաղվել են «Հանուն գիտության զարգացման» շարժման կազմակերպչական աշխատանքներով: Այնտեղ կարող եք գտնել նաեւ Արարատ Միրզոյանի անունը»:
Այն, որ Վիգեն Սարգսյանի հրավերը բողոքող ուսանողները չեն ընդունել ու չեն մասնակցել, ըստ Կարեն Ավագյանի, ապացուցում է, որ շատ կարեւոր բան չկա ասելու. «Հիմնավորումները այդքան ուժեղ չեն, որ պաշտպանության նախարարի մոտ հիմնավորեն, թե իրենք ինչու չեն ուզում այս օրենքի նախագիծն անցնի հաջորդ փուլ»:
Հարցին՝ լուրեր կան, որ ԵՊՀ ռեկտորը նախատել է այն դեկաններին, որոնք համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, տեղյա՞կ եք դրանից, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ նման դրսեւորումներ կլինեն: Դուք ավելի եք լրջացնում հարցը, քան իրականությունն է: Չեն արձագանքել այլ բուհերի ուսանողներ: Սա բացառապես պետհամալսարանի պատերի մեջ եղած դրսեւորումներ են եւ շատ մարդկանց անձնապես վերաբերող: Անձնական հարց է դիտարկվում շատ դեպքերում, որովհետեւ կազմակերպիչների մեջ կան մարդիկ, ում վերաբերում է այս օրենքը»:
Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս ուսանողական ակցիաները կվերածվեն քաղաքական շարժման, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Հիմնավորում եւ պատճառ պետք է լինի: Եթե պատճառ չկա, հիմնավորումները թույլ են, չեմ կարծում, որ մի խումբ մարդկանց անձնական հարցեր պետք է գան որոշակի քաղաքական դաշտ: Եթե մեր քաղաքական դաշտն այդքան լրացուցիչ ներքաղաքական հարցերի խնդիր ունի, նոր հարցերի պահանջ ունի՝ միգուցե: Բայց ես չեմ կարծում, որ սա այդ հարցն է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ պարզ է, որ այս բողոքի ակցիաները ձեռնտու չեն իշխանություններին, իշխանությունները քայլեր ձեռնարկելո՞ւ են զսպելու ուսանողներին, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Զսպելու որեւէ խնդիր չկա, որովհետեւ եթե իրենք դասերին չեն մասնակցում, ամեն ֆակուլտետ, ամեն բուհ իր կարգավորման մեխանիզմներն ունի: Չեմ կարծում, որ դա այնպիսի հարց է, որ լրացուցիչ միջամտության կարիք ունի»:
Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին ակնկալելի էր ՀՀԿ ներկայացուցիչների կողմից նման պիտակավորումը եւ այսպիսի լույսի ներքո իրադարձությունները ներկայացնելը, որովհետեւ դա իրենց զինանոցի հիմնական գործիքներից է: Ինչ լինում է, ասում են՝ մի՛ քաղաքականացրեք, ինչ լինում է, ասում են՝ սրա հետեւում ինչ-որ քաղաքական ուժ է կանգնած: Այդ մարդիկ չեն հասկանում կամ հասկանում են ու չեն հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքացիները կարող են բնականորեն ընդվզել, եւ տարբեր քաղաքական ուժեր այս կամ այն հարցում կարող են աջակցություն հայտնել:
«Ելքը» իր դիրքորոշումը այդ մասին հստակ հայտնեց, երբ այդ դասադուլային շարժումը չկար: Վիգեն Սարգսյանն ասում է՝ ես եմ հրահրում, ո՛չ, ես չեմ հրահրում: Ես կոնտակտ ունե՞մ իրենց հետ, այո, ունեմ»: Ինչ վերաբերում է ուղղորդելուն՝ Միրզոյանն ասաց.
«Այդ մարդիկ այնքան հասուն են… հասկանո՞ւմ եք, այդ բառը նույնիսկ իրենց մտածելակերպից է: Իրենք չեն հասկանում, որ կարող է առանց ուղղորդումների լինել: Ուսանողները ոչ արժեքների հետ խնդիր ունեն, ոչ վճռականության հետ խնդիր ունեն, ոչ ստեղծարար մտածողության, ոչ մի ուղղորդելու հարկ չկա, իրենք գիտեն, իրենց իրավունքների համար ոնց ուզում՝ պայքարում են»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բողոքող ուսանողներին, բողոքի ակցիայի կազմակերպիչներին հրավիրել էր ՊՆ՝ քննարկման: Նրանք չեն գնացել: Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Այդ ֆորմատն իրենց դուր չէր եկել, որովհետեւ իսկապես, էլի, ի՞նչ է նշանակում՝ նախ կանչում ես քո մոտ, կանչում ես ուսխորհուրդների հետ: Ուսխորհուրդներում լավ մարդիկ կան, անշուշտ, բայց հիմնականում գիտեք, չէ՞, պալատական բաների բուծարաններ են, իրենց հետագա կարիերիստների, կանչում ես նրանց հետ, կանչում ես ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ինչ-որ ճնշեն, փորձեն ուրիշ հարթություն տանել, որ՝ չե՞ք ամաչում, հայրենասիրություն, բան… այդ ֆորմատով գնան այնտեղ ի՞նչ անեն: Հետո մի բան հարցնեմ՝ Վիգեն Սարգսյանը կանչել էր ուսանողներին խոսելո՞ւ, այսինքն՝ ասելու եւ լսելո՞ւ, թե՞ կանչել էր ճնշելու եւ լսացնելու, իր ասածն անցկացնելու: Սրանք շատ տարբեր են: Հետո գիտեք, ուսանողները որոշակի արտոնյալ խավ են, իրենց հետ պետք է գնալ խոսել, ոչ թե կանչել:
Եվ իրենք կարող են ընդունել, կարող են մերժել: Ես կարծում եմ՝ ճիշտ են արել, որ մերժել են»:
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.