«Իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում աստիճանաբար սրվում է վերջին օրերին՝ ի հեճուկս Ժնեւում հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական գագաթնաժողովից հետո հնչեցված հայտարարությունների, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «համաձայնել են հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով», եւ որ Ադրբեջանի նախագահը եւս «խորապես շահագրգռված է» դրանում: Հետեւաբար, ինչպե՞ս պիտի գնահատենք Ժնեւի հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով այս զարգացումները: Ի վերջո ի՞նչ պայմանավորվածության էին հասել կողմերը բանակցությունների միջոցով, ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այժմ խախտում այդ ենթադրյալ պայմանավորվածությունները, եւ ինչպե՞ս պիտի վարվի հայկական կողմը նման իրավիճակում:
Տարօրինակ հանդիպում
«Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով հարցերի շուրջ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Ժնեւի հանդիպումն իրոք տարօրինակ էր: «Հանդիպումը շատ տարօրինակ էր: Ըստ ամենայնի, այն չէր կազմակերպվել բառի դասական իմաստով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ բարձր մակարդակի բանակցությունները սովորաբար ուղեկցվում են տեղեկատվության անխուսափելի արտահոսքով: Բայց այս դեպքում նման արտահոսք չեղավ: Միակ կոպիտ սխալը, որ թույլ տվեցին կողմերը, այն էր, որ Նալբանդյանը Երեւանում հայտարարեց, թե իբր խոսքը ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին է՝ ինչ-որ բանի դիմաց, հետո նա հերքեց՝ ասելով, որ նկատի ուներ Մադրիդյան սկզբունքների ամբողջ համալիրը: Հետո Ալիեւը հայտարարեց, թե հայերը հրաժարվել են իրենց նախապայմաններից, ինչ-որ զիջումներ են արել, բայց թե ի՞նչ զիջումներ՝ չմատնանշեց:
Ժնեւի հանդիպումն ամփոփող համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները պատրաստ են միջոցներ ձեռնարկել՝ ռազմական բախումները շփման գծում կանխելու նպատակով: Որեւէ հիշատակում չեղավ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Հայաստանի նախագահը, Ժնեւում ելույթ ունենալով հայ համայնքի առջեւ, ասաց, թե մենք չենք քննարկել որեւէ տարբերակ, բայց պարզ է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմի մեջ: Անմիջապես հարց է ծագում՝ իսկ ո՞ր երկրի կազմի մեջ պիտի լինի կամ ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա Ղարաբաղը: Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դա միջանկյալ կարգավիճակ է: Եթե խոսքը մյուս տարբերակի մասին է, ապա Ղարաբաղը միանում է Հայաստանին, հանձնում են բոլոր շրջանները: Կա մեկ այլ տարբերակ՝ անկախ Լեռնային Ղարաբաղ: Պաշտոնական այս ամբողջ նյութը միայն խճճում է եւ որեւէ կերպ չի օգնում հասկանալ ստեղծված իրավիճակը: Չկա տրամաբանություն, հայտարարությունները հակասում են իրար: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ շատ ծանր բանակցություններ են ընթանում, կողմերը վարում են հետկուլիսյան բանակցություններ, որոնց բովանդակությունը չի հրապարակվում, բայց հրապարակայնորեն նրան հայտարարում են ինչ-որ դիրքորոշումների մասին»:
Գաղտնի պայմանավորվածություններ
Ժնեւի հանդիպումից հետո կրկին որեւէ կոնկրետ հիշատակում չեղավ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից, եւ եթե իսկապես համաձայնել է զիջման գնալ այդ հարցում, ապա ի՞նչ է դրա դիմաց խոստացել ադրբեջանական կողմը:
Անդրադառնալով այս հարցին՝ Տարասովն ասաց, որ Ադրբեջանն իրականում չի ստորագրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների տակ, հետեւաբար, գուցե հայկական կողմը համաձայնել է սկսել բանակցությունները «մաքուր թղթից»:
«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն Ադրբեջանին ձեռնտու չեն: Նրանք հասկանում են, որ հայտնվելու են վերահսկման տեխնիկական միջոցներ, այնտեղ պիտի լինեն միջազգային դիտորդներ: Ադրբեջանն ամեն դեպքում պարտվում է: Նրանք նարդի են խաղում, բայց ընկեր Ալիեւը ոչ մի կերպ չի կարողանում անհրաժեշտ պահին «բռնել» իրեն ցանկալի թիվը»:
Երկու քաղաքականություններ
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը թեմայի առնչությամբ նշեց, որ ինքը մինչ հանդիպումն էր խորհուրդ տվել Հայաստանի ղեկավարությանը չգնալ Ալիեւի հետ հանդիպմանը, եւ ամենեւին անսպասելի չէր, որ ադրբեջանական կողմը խախտեց պայմանավորվածությունը:
«Ես մինչեւ հանդիպումն էի ասել, որ ադրբեջանցիները խփել են, խփում են ու պիտի խփեն, ուրեմն այդ հանդիպումը ոչինչ չի փոխելու, եւ պատրանքները քաղաքականության մեջ շատ վտանգավոր են: Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունեցել խորքային իմաստով: Ադրբեջանը, ինչպես ժամանակին Թուրքիան, ունի երկու քաղաքականություն: Առաջինը հայության հանդեպ սպանդի, ոչնչացման, կողոպուտի եւ Հայաստանի նվաճման քաղաքականությունն է, եւ այստեղ ոչ մի զիջում չկա: Բայց երկրորդն այն է, որ պալատներում միշտ ուրիշ բան են խոսում: Ասենք, սուլթանը Այվազովսկուն կարող էր շքանշան պարգեւել, Էրդողանը կարող է ասել, թե «եղբորս կնոջ հարազատները հայեր են», եւ նման բաներ: Հիմա իրենք առաջին քաղաքականությունն իրականացնում են հայության դեմ, եւ հետեւանքները տեսնում ենք, իսկ երկրորդ մասն անում են աշխարհի համար, որպեսզի թուրքական զեղծարարությամբ ու ֆաշիզմով արդյունքի հասնեն»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:
Պոռնիկին՝ կույսի տեսքով
Շիրինյանը չգիտի, թե Հայաստանի արտգործնախարարությունն ի՞նչ սցենար էր տրամադրել նախագահին հանդիպման համար, բայց արդյունքը եղավ այն, որ «Ալիեւը լեգիտիմացրեց իր այլանդակ կերպարը», եւ այդ հարցում, կարելի է ասել, նրան օգնեց հայկական կողմը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի նախագահը եւս շահագրգռված է, որպեսզի թուլացվի լարվածությունը շփման գծում:
«Բացի Ռուսաստանը եւ իր թյուրք ազգակիցները՝ Ադրբեջանի հետ այսօր ոչ ոք չի ուզում հարաբերվել: Դրա համար գնացինք Ժնեւ եւ ներկայացրինք պոռնիկին կույսի տեսքով: Սա շատ տարակուսելի է, մանավանդ այն պարագայում, որ Հայաստանն ուներ պահանջներ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք միայն Հայաստանի պահանջները չէին: Ուրեմն ոչ միայն լեգիտիմացվեց Ալիեւն իր կերպարով, այլ նաեւ «ջրվեցին» բոլոր պայմանավորվածությունները»:
Պատրաստվել պատերազմի
Մեր զրուցակիցը երկու ենթադրություն ունի, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել նշված պայմանավորվածություններն ի կատար ածելու իր պահանջից: Առաջինը, Շիրինյանի խոսքերով՝ «հայկական հին հիվանդությունն է՝ խաղաղապաշտությունը»:
«Խաղաղապաշտությունը հայկական հին հիվանդություն է, խաղաղություն ամեն գնով՝ հրեշին աղջիկ էլ տանք, մենակ թե ամբողջովին չոչնչանանք, այսինքն՝ չեն պատրաստվում պայքարել: Բայց խաղաղությունը, ինչքան էլ ցավալի է, ամենեւին էլ բարձրագույն արժեքը չի: Մեր գիտակցության մեջ փոփոխություն պետք է լինի: Մենք չենք կարող այս լավան կանգնեցնել, եթե չենք մաքրում մեր գիտակցության սեւ խոռոչները»:
Երկրորդ՝ ավելի հավանական տարբերակն այն է, որ Ալիեւը խնդրել է ռուսներին վերականգնել իր միջազգային դիրքերը՝ պարտադրելով հայկական կողմին գալ Ժնեւի հանդիպմանը, մինչդեռ Հայաստանը պիտի պնդեր իր պահանջների կատարման վրա եւ ստանար զիջումներ: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի պետական շահերը որեւէ պարագայում չպիտի ստորադասվեն, մինչդեռ տվյալ պարագայում «սկզբունքային քաղաքականության նույնիսկ հոտ չի գալիս»:
Իսկ եթե Ադրբեջանը խոստում է տալիս, բայց շատ շուտով խախտում է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում, Լեւոն Շիրինյանի կարծիքով, միայն մի տարբերակ կա՝ հզորացնել երկիրը եւ պատրաստվել պատերազմի՝ վերականգնելով արդյունաբերությունը, հաստատելով խստագույն կարգապահություն երկրում, պայքարելով կոռուպցիայի դեմ եւ հովանավորելով մշակույթը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.