Ադրբեջանում խոր հիասթափության մեջ են Եվրամիությունից և Բրյուսելի հետ բանակցվող նոր փաստաթղթի՝ Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ենթադրյալ բովանդակությունից: Պատճառը բնականաբար կապված է Բաքվի ամենասիրած երգի՝ «տարածքային ամբողջականության», իսկ ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:
Ադրբեջանական քարոզչամեքենայի ամենահայտնի կայքերից մեկում՝ haqqin.az-ում, հրապարակվել է հոդված հետյալ վերտառությամբ՝ «Եվրամիությունը ընտրում է Ադրբեջանը առանց Ղարաբաղի»: Հոդվածում հեղինակը խիստ անկանոն և փնթի դատողություններ է անում` շատ հաճախ խեղաթյուրելով Եվրամիության պաշտոնյաների, ԵԱՀԿ Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի նախագահի արտահայտած դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին: Այնուամենայնիվ, հստակ արձանագրվել է մի փաստ, որ եվրոպական կողմը հրաժարվել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ու Եվրամիության կողմից բանակցված Ասոցացման համաձայնագրի տեքստում ներառել կետ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին: Եվ քանի որ նույնը ամենայն հավանականությամբ լինելու է նաև Ռազմավարական գործընկերության համաձայնագրի պարագայում, ադրբեջանցի վերլուծաբանը գալիս է այն եզրակացությանը, որ «դժվար թե նոր համաձայնագիրը Եվրամիության հետ լինի ռազմավարական. Ադրբեջանը չի կարող քաղաքական-տնտեսական համագործակցության մեջ լինել մի գործընկերոջ հետ, որն անվերապահորեն ու աներկմտաբար չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:
Քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ներկայացրել է ուշագրավ փաստեր Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների մասին՝ բացատրելով, թե ինչու է Եվրամիությունը 2006 թ. ի վեր հրաժարվում երկկողմ փաստաթղթերում որևէ կետ ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
– Պարոն Թերզյան, ի՞նչ առնչություն են ունեցել Ադրբեջանի ու Եվրամիության միջև վերջին տարիներին բանակցված համաձայնագրերը Ղարաբաղի հարցին:
– Թեև Եվրամիությունը, առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության զարգացման տրամաբանությամբ, հարավկովկասյան երեք երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ներառել է իր ծրագրերում, մասնավորապես՝ Եվրոպական հարևանության քաղաքականություն և Արևելյան գործընկերություն ծրագրերում, սակայն պետք է նկատենք, որ Ադրբեջանը երբեք պատրաստակամություն չի ցուցաբերել մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Պատճառը շատ պարզ է՝ դա պիտի ենթադրի Ադրբեջանի իրավական, քաղաքական, տնտեսական օրենսդրության համապատասխանեցում եվրոպական չափորոշիչներին: Այստեղ պիտի կանգ առնենք հատկապես երկու ասպեկտի վրա: Առաջինը, տնտեսական համապատասխանեցումը կենթադրեր երկրում մենաշնորհների դիրքերի զգալի թուլացում: Երկրորդը, ԵՄ-ի առջև ստանձնած քաղաքական պարտավորությունների կատարումը պիտի ենթադրեր Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ առարկայական առաջընթացի ապահովում: Եվ հաշվի առնելով այս երկու հանգամանքները՝ Ադրբեջանը միշտ շատ զուսպ մոտեցում է ցույց տվել՝ ասելով, թե իրենք շահագրգռված են ԵՄ-ի հետ գործակցության ընդլայնմամբ, բայց փորձը ցույց տվեց, որ այդ գործակցությունը նախ և առաջ կապված է էներգետիկ ոլորտի հետ: Ադրբեջանը դիտում է Եվրամիությունը առաջին հերթին որպես նավթի ու գազի սեփական պաշարներն իրացնելու առատ շուկա: Եվրամիությունը նույնպես ժամանակի ընթացքում շեշտը դրեց Ադրբեջանի հետ գործակցության էներգետիկ բաղադրիչի վրա: Մասնավորապես, 2006-ին, երբ մտահոգություններ առաջացան Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով եկող գազի պաշարների հուսալիության վերաբերյալ, Եվրամիությունը փորձեց կասպյան պաշարների օգնությամբ դիվերսիֆիկացնել իր էներգետիկ քաղաքականությունը, նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, և Ադրբեջանը ձեռք բերեց կարևոր նշանակություն: Հենց նույն 2006 թ. Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվեց էներգետիկ ոլորտում ռազմավարական գործակցության փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրի ներածության մեջ կար մի կետ, որտեղ նշվում էր, թե Եվրամիությունը ճանաչում է Ադբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջականությունը: Նախ և առաջ, դա կապվում էր էներգետիկ ենթակառուցվածքների ֆիզիկական անվտանգության և ռիսկերի նվազեցման հետ: Դա առիթ տվեց ադրբեջանցի փորձագետներին պնդել, որ այս համաձայնագրով Ադրբեջանը ԵՄ-ի հետ գործակցության մեջ ձեռք բերեց առավելություն Հայաստանի նկատմամբ, քանի որ չկա որևէ պայմանագիր, որտեղ Եվրամիությունը հստակ ցույց է տալիս ինքնորոշման իրավունքի նկատմամբ իր վերաբերմունքը: Ավելին, հետագայում, երբ Ադրբեջանը սկսեց չկատարել իր ստանձնած պարտավորությունները Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ու Եվրամիությունը մատնացույց էր անում մարդու իրավունքների, ժողովրդավարության անմխիթար վիճակն այդ երկրում, Ադրբեջանը փորձում էր դրան հակադարձել՝ ասելով, թե ԵՄ-ն այդ հուշագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ ոչինչ չի անում այդ հարցի կարգավորման ուղղությամբ, քանի որ նույն Ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակը սպառնալիքներ է ստեղծում էներգետիկ ենթակառուցվածքների համար: Ադրբեջանը պարբերաբար շահարկում է այս հարցը Հարավային գազային միջանցք ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով նախատեսվում է գազ հասցնել Եվրամիության շուկա TANAP և TAP գազամուղների միջոցով: Իսկ ծրագրի մատակարարն այսօր Ադրբեջանն է:
– Ներկայումս իրավական ի՞նչ բազա է գործում ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում:
– Բնականաբար հիմքը 1999 թ. Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որի իրավական բազայի վրա հիմնվեցին Եվրոպական հարևանության քաղաքականությունը և Արևելյան գործընկերությունը: Այս համատեքստում Ադրբեջանն իրավական առումով փորձում էր շահարկել նաև այն հանգամանքը, որ Եվրոպական հարևանության քաղաքականության Ադրբեջան-ԵՄ գործողությունների ծրագրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նշված էր որպես առաջին առաջնահերթ ոլորտ, իսկ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրում այս խնդիրը յոթերորդ առաջնահերթությունն էր: Ադրբեջանցիները փորձում էին սրանից եզրակացնել, որ հիմնախնդրի ադրբեջանակենտրոն կարգավորումը տարածաշրջանային կայունության և համագործակցության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է, և Եվրամիությունը ընդունում է դա:
Իսկ իրականում Եվրամիությունը միշտ շատ զուսպ մոտեցում է արտահայտվել, երբևիցէ կողմնակալ մոտեցում չի ցուցաբերել, այլ մշտապես հայտարարել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին: Ընդ որում՝ ԵՄ-ը միշտ նշել է, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում իր դերն անուղղակի է, այսինքն՝ երկու երկրների հասարակությունների միջև վստահության ձևավորում, երկրներին ԵՄ-ի հետ մերձեցնելով՝ միմյանց մերձեցնելու որոշակի նախադրյալների ստեղծում, և հատկապես շեշտը դրվում էր հետկոնֆլիկտային կարգավորման վրա: Թեզը հետևյալն էր՝ երբ կողմերը վերջնական համաձայնության գան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, ԵՄ-ն այդ ժամանակ կներգրավվի հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացում: Դա կարող է առնչվել վերաբնակեցման խնդիրներին, դիտորդական առաքելության իրականացմանը և այլն: Բայց մենք չենք կարող նշել որևիցէ փաստաթուղթ, որևէ պաշտոնյայի հայտարարություն, որում նրանք ուղղակիորեն նշեն հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի անմիջական ներգրավվածության, առավել ևս Ադրբեջանի օգտին ներգրավվածության մասին:
– Haqqin.az-ի վերոնշյալ հոդվածում հեղինակը գրում է, թե ԵՄ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հստակ չէ: Ճի՞շտ է արդյոք նման եզրակացությունը:
– Ադրբեջանը հավանաբար պատրանքներ ուներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը և չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ու քանի որ իրականություն է դառնում Հարավային գազային միջանցք ծրագիրը, որով էապես սերտանում են ԵՄ-Ադրբեջան կապերը էներգետիկ ոլորտում, Ադրբեջանը կկարողանա այս հանգամանքը սահուն կերպով կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության ադրբեջանակենտրոն կերպափոխման հետ: Սակայն հիմա Ադրբեջանը խոր հիասթափություն է ապրում՝ տեսնելով, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշմանը՝ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին անուղղակի ներգրավվելու մասին: Եվրամիություն-Ադրբեջան նոր գործակցության շրջանակում չի նախատեսվում որևէ կողմնակալ դրույթ, որն արտոնյալ կարգավիճակ կտար Հայաստանի նկատմամբ:
– Էներգետիկ համագործակցությունից և առևտրա-տնտեսական հարաբերություններից զատ, քաղաքական ի՞նչ նշանակություն ունի Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Ադրբեջանի համար: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը պարզապես փորձում է հետ չմնալ Հայաստանից, որը ևս պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ:
– Ես չեմ հավատում, որ Ադրբեջանն ընդհանրապես ինչ-որ հետաքրքրություն ունի Եվրամիության հետ քաղաքական գործակցության, հետևաբար նաև երկրում բարեփոխումներ իրականացնելու նկատմամբ: Քաղաքական գործակցություն ասելով՝ ադրբեջանցիները նախ և առաջ հասկանում են հենց ղարաբաղյան հարցը, հիմնախնդրի կարգավորման մեջ ԵՄ-ին ներքաշելը և պարբերաբար այս հարցը շահարկելը: Մյուս կողմից փորձում են ցույց տալ, որ Ադրբեջանն ուժային բոլոր կենտրոնների հետ ունի ռազմավարական հարաբերություններ: Բայց եթե դուրս գանք էներգետիկ ոլորտի շրջանակներից, ապա ռազմավարական գործակցությունը Եվրամիության հետ միայն հռչակագրային հայտարարություն է: Այստեղ որևէ նախադրյալ չկա ռազմավարական գործակցության համար, որովհետև ԵՄ-ն նշում է, որ իր համար բոլոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքն առաջընթացն է այդ երկրներում՝ քաղաքական բարեփոխումների և մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Եթե դա չկա, ապա ԵՄ-ն չի դիտարկում այդ երկրների հետ խոր և համապարփակ գործակցություն հաստատելու հնարավորություն: Ադրբեջանի միակ առավելությունը էներգետիկ ոլորտն է, որը ստիպում է ԵՄ-ին որոշ քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու համագործակցությունը Ադրբեջանի հետ: Եվրամիությունն իրոք որոշակիորեն ունի Ադրբեջանի էներգետիկ պաշարների կարիքը: Դրանից ոգեշնչվելով՝ ադրբեջանցի տարբեր փորձագետներ և պաշտոնյաներ խոսում են ինչ-որ քաղաքակրթական ընդհանրության, ռազմավարական գործընկերության մասին, բայց իմ խորին համոզմամբ՝ այնտեղ որևէ այլ ասպեկտ չի մնա, եթե հանենք էներգետիկ ոլորտը: Այդ դեպքում ԵՄ-ի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ միանշանակորեն շատ ավելի կոշտ կլիներ: ԵՄ-ն Ադրբեջանին կդասեր Թուրքմենստանի և Ուզբեկստանի նման երկրների շարքին, եթե հետաքրքրություն չունենար ադրբեջանական էներգապաշարների նկատմամբ:
– Այսպիսով, Դուք համոզված եք, որ ԵՄ-ն թույլ չի տա Ադրբեջանին շահարկել ԼՂ հարցը նոր համաձայնագրի համատեքստում:
– Ադրբեջանին ինչ-որ բան թույլ տալը կամ արգելելը Եվրամիության լիազորություններից դուրս է: Ադրբեջանի արտգործնախարարը պարբերաբար մեղադրում է ԵՄ-ին, որ «խոսում եք մեր պարտավորությունների չկատարումից ժողովրդավարության ուղղությամբ, սակայն ինքներդ չեք կատարում քայլեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման ուղղությամբ»: Ադրբեջանը շարունակելու է շահարկել, շարունակելու է իր քարոզչական պատերազմը, շարունակելու է ինչ-որ ինտրիգներ փնտրել տարբեր հայտարարությունների և ձևակերպումների մեջ, բայց իրականությունը կախված չէ այն հանգամանքից, թե Ադրբեջանն ինչպես է այն մեկնաբանում: Իրականությունն այն է, որ Եվրամիությունը որևէ հեղափոխական մոտեցում չի ցուցաբերելու կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եվրամիությունը ղարաբաղյան հարցում ընդունում է Մինսկի խմբի ձևաչափը՝ իր ամենաազդեցիկ անդամ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի մասնակցությամբ: Իսկ Ֆրանսիայի դիրքորոշումը և քաղաքականությունը մեզ համար պարզ է: Պարզ է նաև այն, որ Եվրամիությունն էական շեղում չի արձանագրի իր սկզբունքներից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.