Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն է տարածել ապրիլի 27-ին սպասվող եռակողմ հանդիպման մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների մասնակցությամբ: Ադրբեջանական գործակալությունը հղում է արել իր դիվանագիտական աղբյուրին: Տեղեկությունը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, մասնավորապես Երեւանում: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս մամուլի ասուլիսի ընթացքում հավանական էր համարել մոտ ապագայում այդպիսի հանդիպումը:
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների ձեւաչափով հանդիպման մասին խոսակցությունը սկսվել է դեռեւս հունվարից, երբ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա կատարած այցելությունից հետո հայտարարել էր, թե Ռուսաստանն ունի այդպիսի հանդիպում կազմակերպելու ցանկություն եւ ինքը համաձայն է դրան: Միաժամանակ, Մամեդյարովը նաեւ դժգոհել էր Մոսկվայում հանդիպման արդյունքից:
Երեւանի արձագանքը մերժողական էր, թեեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը բավարարվեց հայտարարությամբ, թե իրեն այդ հանդիպման մասին հայտնի չէ ոչինչ եւ Երեւանը գիտե միայն Մյունխենում ծրագրվող ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո հանդիպման մասին:
ՌԴ ատգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան դեմ չէ կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց որեւէ մեկին չի կարող պարտադրել այդպիսի նախաձեռնություն:
Դրանից մի քանի շաբաթ անց Մյունխենում տեղի ունեցավ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ, իսկ դրանից մի քանի օր անց էլ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա: Շաբաթներ անց ադրբեջանական կողմը կրկին առաջ բերեց եռակողմ հանդիպման թեման, սակայն Երեւանը կրկին «դիվանագիտորեն» մերժեց այն: Մամեդյարովը մարտին եւս այցելեց Մոսկվա:
Այդ ընթացքում տեղի ունեցավ փետրվարի 25-ի վճռորոշ միջադեպը արցախ-ադրբեջանական սահմանին, որտեղ հայկական ուժերը կանխարգելիչ հուժկու հարված էին հասցրել գրոհի պատրաստվող եւ փորձ ձեռնարկած ադրբեջանական զինուժին: Ադրբեջանցիները չեզոք գոտում թողել էին հինգ դիակ: Միջադեպը հրադադարի խախտումների երկար շարքում առերեւույթ հերթականն էր, բայց իր քաղաքական նշանակությամբ մեծ հաշվով ուներ առանցքային բնույթ:
Հայկական զինուժը ոչ միայն կանխարգելիչ հարված էր հասցրել Բաքվին, այլ նաեւ այսպես ասած տեսանկարահանել այդ հարվածն ու իբրեւ իրեղեն ապացույց ներկայացրել միջազգային հանրությանը: Դրանից բացի, պարզվեց, որ հայկական զինուժը առաջնագիծը համալրել է դիտարկման ժամանակակից սարքավորումներով, որոնք խոշոր հաշվով անակնկալ էին Ադրբեջանի համար: Այդպիսով, Բաքուն արձանագրեց, որ Իսկանդերի ռազմավարական զսպման մեխանիզմից բացի, հայկական զինված ուժերը պատրաստ են մատուցել նաեւ մարտավարական անակնկալներ:
Արցախի առաջին պատերազմի հերոսներից Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ Հայաստանին է տրամադրել գերժամանակակից սարքավորում, որը հնարավորություն է տալիս խորության վրա դիտարկել ու արձանագրել հակառակորդի շարժերը: Կոմանդոսը ասում էր, թե ադրբեջանցիները դժգոհ են, որ այդպիսի արդիական սարքավորումները տրամադրվել են միայն հայկական կողմին:
Այդպիսով, ապրիլի պատերազմից հետո ներկայացնելով ռազմավարական զսպման Իսկանդեր համակարգը, փետրվարի 25-ին հայկական կողմը գործնականում արեց նաեւ «մարտավարական զսպման» նոր համակարգերի «շնորհանդեսը», որի համար Ադրբեջանը բավական թանկ վճարեց:
Խնդիրն այս դեպքում այն է, որ ռազմավարական ու մարտավարական զսպման այդ մեխանիզմները ոչ միայն ռազմա-տեխնիկական ձեռքբերում են եւ ցուցադրություն, այլ նաեւ ռազմա-քաղաքական հավասարակշռության կամ հաշվեկշռի դրսեւորում:
Խոշոր հաշվով, դրանք Հայաստանի անվտանգության հարցում ակնհայտորեն ամերիկա-ռուսական որոշակի փոխզիջման դրսեւորում են: Որքա՞ն ժամանակի համար է այդ փոխզիջումը, կախված է իհարկե մի շարք հանգամանքներից, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքականությունից: Այդ փոխզիջման արձանագրումը հայկական զինուժի ապրիլի պատերազմի ռազմա-քաղաքական ձեռքբերումն է, որը ունի դիվանագիտական հարթության վրա պահվելու եւ ամրացվելու խնդիր:
Բաքուն Մոսկվայից ակնհայտորեն հայցում էր հակառակը՝ աստիճանաբար ձեռնամուխ լինել այդ ձեռքբերման ապամոնտաժմանը, իրավիճակը նախաապրիլյան ռազմա-քաղաքական հավասարակշռության բերելու համար, որն ակնհայտորեն խախտված էր Ադրբեջանի օգտին:
Սակայն, ապրիլից հետո Մոսկվան նույնպես հայտնվել է բավական բարդ եւ Հայաստանի հանդեպ քայլերի եւ մոտեցումների առումով բավական կաշկանդված վիճակում, Հայաստանի հանրության «մանրադիտակի» ներքո: Այդ պարագայում Մոսկվան ստիպված է մերժել ապրիլից հետո շրջված վիճակը վերստին «եռակողմ» ֆորմատ բերելու Բաքվի հայցերը, որտեղ Բաքուն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, իսկ Հայաստանը՝ ինչպես ձուկը ցամաքում:
Երեւանը հունվարից ի վեր պահում էր դիրքերը եւ մերժում եռակողմ հանդիպման մասին ակնարկները: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի գերակայությունը ընդունեց նաեւ Լավրովը:
Այժմ կրկին խոսվում է եռակողմ հանդիպման մասին, որի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական հաստատումը կամ հերքումը դեռեւս չկա: Ոչինչ միարժեք չէ, եւ հանդիպման փաստն ինքնին ծանրակշիռ հիմք չէ եզրակացնելու, որ Բաքուն հասել է նպատակին, իսկ հայկական կողմը՝ նահանջել:
Ի վերջո, շատ կարեւոր է, թե ինչ օրակարգ է լինելու եռակողմ հանդիպմանը: Հատկանշական է նաեւ իրավիճակը, որում վերստին խոսվում է այդ հանդիպման մասին: Եթե այն իրապես տեղի է ունենալու, ապա անցկացվում է փաստորեն ռուս-ամերիկյան նոր իրողությունների ֆոնին, որոնք սկսվեցին Սիրիայի հայտնի զարգացումներից եւ շարունակվեցին Թիլերսոնի Մոսկվա կատարած այցով: Վաշինգտոնը Մոսկվայի հետ խոսեց կոշտ հարվածի ցուցադրությամբ, ինչին Մոսկվայի արձագանքը ակնհայտորեն շփոթված էր:
Արցախի խնդիրը նոր իրավիճակում չի շոշափվել հրապարակայնորեն: Թե ինչ է եղել ոչ հապարակային մակարդակում, պարզ չէ: Սակայն հստակ է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանը, ներառյալ նախագահի ընտրության ամենաթեժ փուլում հայտնվող Ֆրանսիան աշխատում են միասին, եւ ներկայում ակնհայտ է, որ Հարավային Կովկասում իրավիճակի որեւէ ապակայունացում կամ փորձ չի բխում նրանց շահից: Ի դեպ, դրա բավական խոսուն վկայություն են Արցախի խնդրի վերաբերյալ այն հնչեղ հայտարարությունները, որ Ֆրանսիայի նախընտրական արշավում անում են գործնականում բոլոր հիմնական թեկնածուները եւ որոնք բոլորովին ոգեւորիչ չեն Ադրբեջանի համար:
Աշխատանքայի՞ն, թե բեկումնային դրվագ է եռակողմ նոր հանդիպումը, պարզ կլինի օրակարգի վերաբերյալ քիչ թե շատ հրապարակայնությունից հետո: Չի բացառվում, որ պարզապես Մոսկվայի վրա է դրված Արցախի խնդրում նոր իրավիճակում կայունությունը պահելու առաքելությունը, եւ ըստ այդմ եռակողմ հանդիպումը մի կողմից կշոյի Բաքվին, մյուս կողմից հուշելով, որ ապրիլից հետո առավելագույն արդյունք կարող է լինել հանդիպումը, բայց հանդիպումը արդյունք ունենալ չի կարող՝ առնվազն Բաքվի ակնկալիքի շրջանակում:
Հանդիպման մասին տեղեկատվության համատեքստում ուշագրավ է նաեւ այն հայտարարությունը, որ Իրանի պաշտպանության նախարարն էր օրերս արել՝ Ադրբեջանի նախարարին ընդունելով Թեհրանում եւ նրան փաստացի դիմելով նախազգուշացնող տոնով: Իրանի նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը արցախյան խնդրում կվարեն այնպիսի քաղաքականություն, որը չի բերի երրորդ ուժի միջամտության ու ճգնաժամի խորացման: Այլ կերպ ասած, Իրանն Ադրբեջանին զգուշացրել էր իր համար ստատուս-քվոյի փոփոխության, առավել եւս ռազմական ճանապարհով փորձի անընդունելիության մասին:
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.