Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) Հայոց Պատրիարքի ընտրության հետ կապված գործընթացը մտել է մի փուլ, որը որքան էլ տհաճ, անցանկալի կամ գուցե նույնիսկ վտանգավոր զարգացումներով հղի, բայց և կանխատեսելի էր այն առումով, որ Թուրքիայի իշխանությունները պարզապես չէին կարող անտարբեր լինել Թուրքիայի հայ համայնքի կյանքում այս կարևոր իրադարձության նկատմամբ:
Այո, Թուրքիայի իշխանությունները թեև չեն հայտարարում այդ մասին, բայց Պատրիարքի ընտրությունները, նախևառաջ, համարում կամ գնահատում են որպես քաղաքական իրադարձություն: Ա՛յն առումով, որ ի տարբերություն իրենց կամակատար, պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնն, ըստ էության, արդեն կորցրած, բայց դրանից համառորեն չհրաժարվող Արամ սրբապիղծ Աթեշյանի (Արթին Աթեշի), ազդեցիկ և իրենց կամքին չենթակա մեկի ընտրության պարագայում Թուրքիայի հայ համայնքը կարող է համախմբվել նրա շուրջ, նաև ստվարանալ իրենց ինքնությունը բացահայտելու քայլին գնացող ծպտյալ հայերի շնորհիվ, և երկրի ներքին կյանքում ձեռք բերել այնպիսի կշիռ, ունենալ այնպիսի դերակատարություն, որ չի ունեցել մինչև այժմ:
Աթեշյանն արդեն ազատած կլիներ այն աթոռը, որն անարժանիորեն զբաղեցնում է, եթե չգործակցեր Թուրքիայի իշխանությունների հետ և, ուղղակիորեն թե անուղղակիորեն, չունենար նրանց հովանավորությունը: Փաստորեն, նա Հայաստանին թշնամի այդ երկրում ոչ թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մարդն է, այլ Թուրքիայի իշխանությունների մարդը:
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում մասնավորապես քննության են առնվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ տեղ գտած վերջին զարգացումները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրել է նաև Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա Ուզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Քննարկումների ավարտին Նորին Սրբությունը ծանուցել է Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին, ինչը ողջունվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին հղել է նամակ- պատգամ, որում մասնավորապես նշված է.
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին: Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ Պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 30-ին, ըստ էության, հենց այս հարցով կամ առավելապես այս հարցով Գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրելը (Գերագույն հոգևոր խորհրդի նախորդ ժողովը, ինչպես նաև Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Արամ Աթեշյանի մասնակցությամբ հանդիպումները, ժողովները դրանից կարճ ժամանակ առաջ էին տեղի ունեցել), Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ Կաթողիկոսի որոշումը և այդ որոշման ողջունումը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին հղված վերը մեջբերված նամակը, ըստ էության, իրենց մեջ պարունակում են նաև Արամ Աթեշյանին ուղղված ուղերձ:
Դրանք նշանակում են ոչ միայն օրհնություն, զորակցություն և աջակցություն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին և Պատրիարքական տեղապահի պաշտոնում նրա ընտրության օրինականության ճանաչում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, այլև, դիվանագիտական լեզվով, Արամ Աթեշյանին հասկացնում են, որ բա՛վ է, վերջապես ել, փասա-փուսեդ հավաքիր այն աթոռից, որն արդեն զբաղեցնում ես եկեղեցական կարգերին ու կանոններին դեմ գնալով:
Սակայն Արամ Աթեշյանը դրանից հետո էլ, ցավոք, մնաց անդրդվելի ու շարունակում է համառել: Պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլին, որը մեծ փողերի տեր է և Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապեր ունի, Արամ Աթեշյանի պաշտպանը լինելով կամ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի իշխանությունների դրդմամբ, անտեսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշյալ որոշումը Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ, ինչպես նաև նշված որոշման ողջունումը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից, անտեսելով նաև Կաթողիկոսի հիշյալ նամակ- պատգամը, թուրքերենով գրած և Պոլսի հայկական «Ժամանակ» օրաթերթի 1-ին էջում լույս տեսած իր հոդվածով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահ Գարեգին սրբազանին կոչ է արել հրաժարվել իր այդ պաշտոնից:
Հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (խնամակալության ատենապետ) Պետրոս Շիրինօղլին իր հիշյալ կոչը «հիմնավորել է» գրեթե սպառնալիքով, որպեսզի` «համայնքի և Թուրքիայի պետության միջև հակասություններ չառաջանան»: Կարելի է հասկանալ, որ սա հենց Թուրքիայի իշխանությունների սպառնալիքն է` փոխանցված Շիրինօղլու միջոցով:
Վերջինիս այս կոչից առաջ կամ դրան զուգահեռ Պոլսի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչները՝ Արամ Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը, Ստամբուլի «Ակօս» պարբերականի տեղեկացմամբ, հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հենց այս փոխնահանգապետն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց Պատրիարքարան` նշելով կամ կարծես ցուցում տալով, որ «… այժմյան պատրիարքական փոխանորդը շարունակում է իր պաշտոնը և, պատրիարքի ընտրության հետ առնչված ավանդությունների համաձայն, այս պայմանների մեջ անկարելի է պատրիարքի ընտրության գործադրությունը»:
Մարտի 1-ին կայացած հիշյալ հանդիպման ընթացքում Ա. Մերջանը հիշատակել է Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը` ասելով, որ նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո:
Բացի այդ, Ստամբուլի փոխնահանգապետը հայտնել է, որ իրենք որևէ գրություն չեն ստացել այն մասին, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան» և որոշում է ընդունվել պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու մասին: Իսկ ո՞վ պետք է այդ գրությունն ուղարկեր, եթե ոչ իրենց հովանավորյալ Արամ Աթեշյանը: Ի վերջո, այս պատճառաբանությունը ձևականություն է, որովհետև եթե նահանգապետարանը կամ կուսակալությունը նույնիսկ չի ստացել այդ գրությունը, ապա թեկուզ թուրքական մամուլի բազմաթիվ հրապարակումներից տեղյակ է եղել, որ Մեսրոպ Մութաֆյանը ճանաչվել է որպես «պատրիարք ի հանգստյան»:
Մաշալյանը հանդիպումից հետո «Ակօս»-ի հետ զրույցում ասել է, որ «ինչպես երևում է` առաջիկա 15 օրերը երկգլուխ են շարունակվելու»: Այսինքն` Արամ Աթեշյանը շարունակելու է հանդես գալ իբրև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ, միաժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ընտրված լինելով Պատրիարքական տեղապահ, մնալու է այդ պաշտոնում: Նույն Պատրիարքությունում այս երկու պաշտոնների միաժամանակյա գոյությունը դեմ է մեր Եկեղեցու կարգերին, կանոններն, ավանդույթին, եթե չասենք, որ իրավական առումով ընդհանրապես նոնսենս է:
Այս իրավիճակում ապրիլի 2-ին Գերմանիայից Կ. Պոլիս է վերադարձել Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի տեղեկացմամբ, չնայած պատրիարքարանում նախապատրաստվել էին ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»: Ապրիլի 3-ին կայացել է Արամ Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հանդիպումը, որից վերջինս, ինչպես ավելի վաղ հայտնել էր, մեծ ակնկալիք ունի: Սակայն, Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը, ցավոք, որևէ դրական արդյունք չի տվել:
«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեկչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:- Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեկչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեկչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»:
Անհասկանալի է, թե Գարեգին Բեկչյանը մասնավորապես ո՞ր լիազորությունները չի կարողանում ստանձնել, ինչո՞ւ չունի գործելու կարողություն, ինչո՞ւ չի կարող հրահանգներ տալ, հետևաբար նախապատրաստել պատրիարքի ընտրական գործընթացը, եթե ընտրված է տեղապահ, արժանացած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը, Արամ Աթեշյանն էլ ասել է, որ Գարեգին Բեկչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է:
Բ. Էստուկյանը հայտնել է նաև, որ ապրիլի 2-ին վերադարձած Գարեգին Բեկչյանը, ինչպես նախատեսված էր, պետք է Հրաշափառի արարողությամբ մուտք գործեր Մայր եկեղեցի, սակայն նախորդ օրերին Արամ Աթեշյանը բոլոր քահանաներին լուր էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը: Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:
«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեկչյանը և Սահակ Մաշալյանը,- ասել է Բ. Էստուկյանը:- Նախատեսված արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»:
Թե այս իրավիճակում ի՞նչ քայլեր է կատարելու Գարեգին Բեկչյանը, դեռ պարզ չէ, սակայն միանշանակ է, որ ազգային եկեղեցական կյանքում այս անբարոյականության, հակաքրիստոնեական վարքի, խայտառակության և վտանգավոր իրավիճակի ստեղծման պատասխանատուն Արամ սրբապիղծ Աթեշյանն է: Թեև ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին, սակայն ժամանակն է Արամ սրբապղծին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրավիրելու և այդ ինքնակոչին ամենայն խստությամբ իր տեղը ցույց տալու: Բացառված չէ, որ նա հիմա Թուրքիայի իշխանությունների կամ հատուկ ծառայությունների առաջադրանքն է կատարում` նպատակ ունենալով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Կ. Պոլսի նվիրապետական աթոռի միջև սեպ խրել, թեկուզ միայն իր անձի մակարդակով գժտություն և երկպառակություն առաջացնել:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.