Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող Հանրապետական կուսակցության քարոզարշավն աչքի է ընկնում ակնառու տարօրինակություններով. այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս:
Նախ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի կազմը: Այդ ցուցակի առնվազն առաջին երեք համարներում պետք է տեղ գտնեին այնպիսի գործիչներ, որոնք առաջիկա 5 տարիների ընթացքում կհանդիսանան բարձրագույն իշխանության կրողներ՝ պետության համար կարևորագույն որոշումների կայացման մեխանիզմի վրա վճռորոշ ազդեցությամբ:
Սակայն ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք տեղերում հանգրվանել են այնպիսի գործիչներ (Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան և Տարոն Մարգարյան), որոնք մինչ այս որևէ էական ազդեցություն չեն ունեցել պետական մասշտաբով կարևորագույն որոշումների ընդունման վրա: Մեծ հավանականությամբ կարող ենք ասել, որ առաջիկայում խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում հազիվ թե նրանց նման հնարավորություն ընձեռվի: Այսինքն ՀՀԿ-ն առաջարկում է ընտրել մարդկանց, որոնք որոշումների կայացման վրա էական ազդեցություն չունեն:
Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին պետական կառավարման ոլորտում որոշումների ընդունման արկղն էականորեն փոքրացել ու փակվել է: Այդ արկղում վճռորոշ նշանակություն ունի բացառապես գործող նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը: Նրա հավանությամբ այս կամ այն խնդրի հետ կապված որոշումների ընդունման արկղում կարող են ընդգրկվել խիստ սահմանափակ թվով մարդիկ: Բավական է հիշել երկու դեպք, որպեսզի առավել պարզ լինի, թե ինչ աստիճանի է փակված այդ արկղը:
1.Երբ 2009թ. ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ճանապարհային քարտեզի կազմման վերաբերյալ հայտարարություն տարածեցին, ՀՀ բարձրագույն իշխանության շատ քիչ ներկայացուցիչներն էին տեղյակ: Նույն իրավիճակն էր 2009թ. օգոստոսի 31-ին, երբ հրապարակվեց Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների նախագիծը: Այդ մասին իշխանության ներկայացուցիչները տեղեկացան հաջորդ օրը մամուլից:
2.2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորի համար, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչների, Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին:
Այդ հայտարարությունից օրեր առաջ իշխանության ներկայացուցիչները բացառում էին ՀՀ-ի անդամակցումը Մաքսային միությանը և համոզված էին, որ Հայաստանը ստորագրելու է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Նրանք ընդհանրապես տեղյակ չէին, որ Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությունը փոխել 180 աստիճանով:
Միայն վերոհիշյալ իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ Սերժ Սարգսյանը որոշումներ կայացնում է գրեթե միանձնյա, և բացառված չէ, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը ևս Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման հետևանք է: Ցուցակ, որը նրան գործնականում հնարավորություն է ընձեռում պահպանել իշխանությունը 2018թ.-ից հետո, երբ կավարտվի նախագահի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը: Կասկած չկա, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում խորհրդարանական մեծամասնությունը գործելու է Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգներով: Իսկ վերջինիս ցանկության դեպքում այդ մեծամասնությունը նրան կարող է տեսնել, օրինակ, ՀՀ վարչապետի պաշտոնում:
Այժմ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ հաղթանակի դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուն լինելու է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք առաջինն էինք ու բացառիկը այս պահի դրությամբ՝ ոչ թե միակը, բացառիկը, որ շիտակ ասել է՝ հաղթանակի դեպքում վարչապետը Կարեն Կարապետյանն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Սակայն Կարեն Կարապետյանն ընդգրկված չէ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում օրենքով սահմանված բնակության ցենզի պատճառով. նա վերջին 4 տարում ՀՀ-ում չէր բնակվել: Իսկ թե ինչքան է պաշտոնավարելու Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, ՀՀԿ-ից չեն մանրամասնում:
Սատանան մանրուքների մեջ է թաքնված
Երբ 2018թ. ավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը և 2015թ. փոփոխված ՀՀ Սահմանադրությունն ամբողջ ծավալով ուժի մեջ մտնի, ապա Կարեն Կարապետյանը ստիպված է լինելու հրաժեշտ տալ ՀՀ վարչապետի պաշտոնին: Օրենքն ու Սահմանադրությունն են այդպես պահանջում:
Նոր Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին կետով ասվում է. «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»:
Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին կետով սահմանված է.
«Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Այսինքն զուտ բնակության ցենզով պայմանավորված Կարեն Կարապետյանը չի կարող 2018թ.-ին հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նրա կենսագրության մեջ նշվում է, որ 2011թ. մինչև 2016թ. նա, բնակվելով Ռուսաստանի Դաշնությունում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Գազպրոմ» ընկերությունում: Կարեն Կարապետյանի՝ ՀՀ-ում բնակվելու մեկնարկն ընդունելով 2016թ.-ը՝ կարելի է ասել, որ գործող վարչապետը կրկին ՀՀ վարչապետի պաշտոնին 2018թ.-ից հետո կարող է հավակնել միայն 2020թ.-ից ոչ շուտ:
Այս իրավիճակում կարող են գործել իրադարձությունների զարգացման հետևյալ սցենարները.
Ապրիլի 2-ին ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀԿ-ական մեծամասնությունը ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կկատարի ու կվերացնի 4 տարվա բնակության վերաբերյալ ցենզը՝ ճանապարհ բացելով Կարեն Կարապետյանի վարչապետության համար: Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո տեղի կունենա իշխանության սահուն հանձնում Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանն իրեն հավատարիմ մարդկանց միջոցով կպահպանի ազդեցությունն իշխանության ներսում: Որոշակի ժամանակահատված չի բացառվում երկիշխանության հավանականությունը:
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի ներսում ծանրության կենտրոն չի հանդիսանում, չունի ձևավորված քաղաքական թիմ ու ըստ էության կախված է լինելու ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունից, որտեղ ուժեղ ազդեցություն է պահպանելու Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանը կունենա վարչական իշխանություն՝ զրկված լինելով քաղաքական իշխանությունից:
Զարգացումների առաջին սցենարը հավանական կարող է լինել, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը ցանկանում է աստիճանաբար հեռանալ իշխանության ղեկից: Սակայն դատելով այս պահի իշխող կուսակցության ներկայացուցիչների տրամադրություններից ու հայտարարություններից՝ Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի ու փորձելու է ամուր կառչել իշխանությունից:
ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կազմվել է հեռահար նպատակներով. այն Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական իշխանություն պահպանելու ցուցակ է: Այդ ցուցակում ընդգրկված մարդիկ իշխանության ներսում Սերժ Սարգսյանից բացի այլ ընդգծված լիդերի բացակայության պայմաններում միանշանակ իրենց և լիդերի «անվտանգության ու առաջընթացի» համար կցանկանան կրկին Սերժ Սարգսյանին տեսնել պետության ղեկին: Ունենալով քաղաքական իշխանություն՝ Սերժ Սարգսյանը կփորձի 2018թ. նախագահի պաշտոնը լքելուց հետո զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը՝ բնականաբար, իշխող մեծամասնության «խնդրանքով ու պահանջով»:
Այն, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ չի բացառում իր իշխանության վերարտադրության հավանականությունը, վկայում են նրա հայտարարությունները: Մասնավորապես Բրյուսելում 2017թ. մարտի 3-ին Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀԿ ցուցակում իր բացակայության հանգամանքը բացատրել է ոչ թե իշխանությունից աստիճանաբար հեռանալու ցանկությամբ, այլ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից խուսափելու հանգամանքով:
Ավելի վաղ՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում լրագրողի հարցին, թե «արդյոք դուք դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել էր.
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։
Այսինքն, եթե ՀՀԿ-ն ապրիլի 2-ին «շատ լավ» քվե ստանա, Սերժ Սարգսյանը կդիտարկի 2018թ. վարչապետ դառնալու տարբերակը: Բոլոր նախանշաններն ու հայտարարությունները հուշում են այն մասին, որ մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի երրորդ անգամ ստանձնելու պետության ղեկավարի պաշտոնը՝ այս անգամ ՀՀ վարչապետի կարգավիճակում: Իսկ Կարեն Կարապետյանի հանրային դեռևս դրական ընկալումն օգտագործվում է ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Հնարավոր սցենարներն արմատական փոփոխությունների կենթարկվեն, եթե ֆորսմաժորային իրավիճակ տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության ճակատում կամ տեղի ունենա սոցիալ-տնտեսական կոլապս:
Դերենիկ Մալխասյան
«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.