Դիլարան, ազգությամբ թուրք, մանկատան սան է, որին որդեգրել են Արցախում, փախցրել Երևանում և ի վերջո աշխատանքի տեղավորել սթրիպտիզ ակումբում:
Նա ալարկոտ կատվի քայլվածքով մոտենում է սթրիփ-խողովակին և սկսում է խաղալ նրա հետ՝ թուրքական մեղեդու հեշտանքային ռիթմին հնազանդ: Սկզբում՝ կարծես ծուլանալով: Հետո խաղը թեժանում է: Նա մերկանալու տաղանդ ունի: Թափանցիկ զգեստներից ազատվում է այնպես, կարծես գիշերային ակումբի բեմն իր ննջարանը լինի, որտեղ ինքը մենակ է: Գիշերային ակումբի սեղանների մոտ նստած տղամարդկանց թվում է, թե իրենք բանալու անցքից են հետևում իրադարձություններին: Դա ավելի է սրում հաճույքի զգացումը: Իսկ կանայք, որոնք ստրիպտիզ նայելիս միշտ էլ մի քիչ «մերկանում են» պարուհու հետ, այս դեպքում ամոթի թաքուն ապրումներ չեն ունենում: Դիլարան հաճախորդներին չի նկատում:
Ես հանվելիս չեմ ամաչում: Դրսում էլ եմ շատ բաց հագնվում: Ինձ համար կարևորը մերկանալը չէ, այլ` իմ պարը, իմ արվեստը: Պարելիս, երբ աչքս հայելուն է ընկնում, ես հաճույք եմ ստանում… լավ եմ զգում, որ էս սիրուն աղջիկը ես եմ: Իսկ տղամարդիկ գալիս են տկլոր աղջիկ տեսնելու: Ես էլ սիրում եմ դատարկել նրանց գրպանները: Չէ՞ որ նրանք դրա′ համար են եկել:
Դիլարան իր գործի գիտակի տեսքով վառում է սիգարետը և սկսում է բացատրել, որ պարելիս պետք է հանվել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Պետք է կիսատ ասված խոսքի, փափուկ ռեզինի պես ձգել մերկանալու պահը: Այդպես ավելի շատ ես փող պոկում: Հաճախորդի հետ շատ խոսել չի կարելի: Եթե ուզում ես իշխել տղամարդու վրա, պետք է միանգամից չբացվես, միշտ մի գաղտնի բան թողնես: Հակառակ դեպքում դու նրա համար հետաքրքիր չես լինի, ու նա քո վրա գումար չի ծախսի: Դիլարան չի սիրում իր իսկական անունը:
Ծնողներս ինձ շատ տգեղ անուն են տվել: Ամաչում եմ, որ թուրք եմ, ամաչում եմ: Բայց թուրքական երգերը շատ եմ սիրում: Փոքր ժամանակ եմ սովորել: Ինչ ինձ հիշում եմ՝ պարել եմ: Ես միայն թուրքականի ու արաբականի տակ եմ պարում:
Դիլարան պարում է Երևանի գիշերային ակումբներում: Գումարի 50 տոկոսն է իրենը: Մնացածն ակումբն է վերցնում: Ստրիպ-պարուհու գործը ձմեռն է աշխուժանում: Բայց Դիլարան ամառ-ձմեռ լավ է վաստակում: Թուրք մերկապարուհու ոչ բոլոր ելույթներն են հարթ անցնում: Երբ արաբական ու թուրքական պարեր են հայտարարում, գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները կազմ ու պատրաստ սպասում են հերթական միջադեպին: Հաճախ Դիլարային ինչ-որ մարդիկ են մոտենում և զգուշացնում. «Մենք կգնանք՝ նոր կպարես, թե չէ վատ կլինի»: Այսպիսի դեպքերում Դիլարան պահպանում է սառնասրտությունը. «Բայց չէ՞ որ ինձ էլ սպասողներ կան»: Երբեմն հաճախորդները նույնիսկ փորձում են հարվածել նրան:
Թե որտեղի՞ց են իմանում, որ թուրք եմ, չեմ հասկանում: Ախր ես դեմքով հայի նման եմ: Մենակ աչքերս են մի քիչ ուրիշ:
Մի երեկո հարբած մեկը մոտեցավ ու հրեց նրան. «Ուզում եմ քեզ մի հատ ցավցնեմ: Որ քեզ կպնում եմ, ինձ թվում ա ձեր սաղ ազգին եմ կպնում»: Դիլարան այսպիսի պահերին վիրավորանքից լաց է լինում: Նա ընդամենը 20 տարեկան է: Մեղքի զգացում է ապրում, ակումբի աշխատողներին խնդրում է հաճախորդներին չասել, որ ինքը թուրք է:
Բայց իմ ի՞նչն է թուրք: Ես դպրոցում կարդացել եմ թուրքերի ու հայերի կռվի մասին, ես գիտեմ, որ թուրքերը ցեղասպանություն են արել ու ատում եմ նրանց, ոնց որ բոլոր հայերը: Ես ինձ հայ եմ զգում, միայն թե թուրքական երգերն ինձ ձգում են: Թե չէ՝ ես հայ եմ:
Ակումբի տնօրենները չեն սիրում սկանդալային պատմություններ, բայց հանդուրժող են Դիլարայի հանդեպ: Եկամուտը ծածկում է տհաճությունները: Թուրքական և արաբական պարերի համար հայ հաճախորդը լավ է վճարում: Երբեմն Դիլարան 200-300 դոլար է վաստակում ելույթի համար: Ավելի շատ վճարողներ էլ կան. հայտնի մարդիկ, գործարարներ, որոնց անունները պարուհին թաքցնում է: Նրան երբեմն կանչում են որևէ առանձնատուն՝ պարելու, և 400-500 դոլար են տալիս երեկոյի համար:
Նրանք թուրքակա′ն երաժշտություն են սիրում: Ես էլ պարում եմ ու հեռանում: Այլ առաջարկներ չեմ ընդունում: Ես միշտ հավատարիմ եմ իմ սիրած մարդուն: Դավաճանությունը վատ բան է:
Դավաճանությունը նրա մանկական հուշերում է դաջվել: Հարևանները հարձակվել էին մի կնոջ վրա, որը դավաճանել էր ամուսնուն, ու ծեծում էին նրան: Դիլարան 8 տարեկան էր: Ծնողների հետ ապրում էր Ստամբուլում: Հայրը հեռացավ ընտանիքից, մայրը մահացավ: Ղարաբաղցի մի կին նրան խղճաց ու բերեց Արցախ: Դիլարայի մատները դողում են հուշերի հուզմունքից: Նա նյարդային կպցնում է հերթական սիգարետը:
Մանկատանը ով իմանում էր, որ թուրքի երեխա եմ, չէր ուզում տուն տանել: Բոլորին տանում էին: Ես ամեն անգամ կանգնում էի ձիգ, որ տեսնեն՝ ինչ սիրուն եմ: Բայց ինձ չէին վերցնում: Մենակ իմ ղարաբաղցի մաման ինձ խղճաց: Տարավ տուն՝ Ստեփանակերտ, մեծացրեց իր երկու աղջիկների ու տղայի հետ: Ոչ մեկին չէր ասում, որ ես թուրքի աղջիկ եմ:
Նոր գլանակ է վառում: Իսկ Երևանում նրա հայտնվելն իսկական սերիալ հիշեցնող պատմություն է:
Մերոնք ինձ նշանեցին 16 տարեկանում: Նշանդրեքիս օրը ջահն առաստաղից պոկվեց-ընկավ: Հարսանիքիցս մի քանի օր առաջ երևանցի մի տղա ինձ փախցրեց-բերեց այստեղ: Դեղ լցրեց բաժակս, քնեցրեց ինձ, գիշերը պահեց մոտը: Մերոնց չզանգեցի ամոթից: Հետո սիրեցի էդ տղային: Հետո մերոնք եկան հետևիցս, դատի տվեցին նրան: Դատավորին ասացի, թե նրան չեմ ճանաչում: Մամաս ինձ հետ տարավ Ղարաբաղ, բայց էլի փախա մոտը: Իսկ նա վախեցել էր: Ինձ չընդունեց: Հո տուն չէի՞ գնա: Դուրս եկա փողոց: Ու էդպես էլ կմնայի փողոցում, եթե չլիներ պարուհի Աննան: Նա ինձ տարավ իր տուն, քրոջ պես էր հետս: Որ տեսավ՝ ոնց եմ արաբական պարում, ինձ տարավ ակումբ: Բայց ստրիպտիզի համար ավելի շատ փող էին տալիս: Ու սկսվեց: Արևի լույս չէի տեսնում: Ցերեկները քնում էի, գիշերները պարում: Իմ կյանքը փոխվեց: Հիմա ինձ թվում է, որ ես ուրիշ մարդ եմ:
Վերջին սիգարետը ծորում է հարդարված եղունգի ծայրից ու անհետանում է: Թախանձանքով նայում է աչքերիս մեջ:
-Սյուզ, ծխելիք ունե՞ս:
-Հերիք չի՞ ծխես, մայրդ գիտի՞, – աշխատում եմ չմոռանալ, որ իմ առջև 20 տարեկան աղջիկ է:
-Չէ: Որ իմանա, վատ կզգա: Ես մամայիս աշխարհի չափ եմ սիրում: Ոսկեղեն, լավ շորեր եմ առնում իր համար: Ինքն էլ ինձ է ամենաշատը սիրում… Մաման ինձ հիմա էլ է տուն կանչում: Ասում է. «Ես գիտեմ, որ դու մաքուր ես: Արի… Ղարաբաղ, նորմալ ապրիր քո համար»…Բայց ես չեմ կարող գնալ Ղարաբաղ: Ոչ էլ պարել եմ ուզում: Չգիտեմ…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.