Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:
Ըստ ՊՆ հաղորդագրության, պատվիրակությունը Երեւան է գալիս երկկողմ բանակցության համար, որի շրջանակում նաեւ քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական տարբերակն ու այն նախապատրաստվելու է ստորագրման:
ՊՆ հաղորդագրությունն ուշագրավ է երկու առումով:
Առաջին հերթին այն, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր օպերատիվ եւ ռազմավարական վարչության պատվիրակությունը Երեւան է ժամանում մի պահի, երբ Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, կապված Երեւանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված հայտնի իրադրության հետ:
Հստակ չէ՝ այցելությունը նախապես պլանավորված էր, թե այսպես ասած ոչ պլանային է:
Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում արդեն իսկ առկա է մի քանի տարի: Խմբավորումը, որը կազմված է Հայաստանի զինուժի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներից եւ որի ղեկավարն է գեներալ Միքայել Գրիգորյանը, իրականացրել է մի քանի վարժանքներ: Դրանցից մեկը, օրինակ, 2015 թվականի սեպտեմբերին:
Հետեւաբար հարց է առաջանում, թե ի՞նչ համաձայնագրի վերջնական քննարկման եւ ստորագրման մասին է խոսքը: Եթե կա արդեն իսկ ստեղծված միացյալ զորախումբ, ապա դրա վերաբերյալ ի՞նչ պայմանագիր պետք է վերջնականապես համաձայնեցվի եւ պատրաստվի ստորագրման: Թե՞ խոսքը արդեն իսկ առկա պայմանագրում որոշակի փոփոխություն կատարելու մասին է:
Առկա է անորոշություն եւ որոշակի հակասականություն, որն ունի պարզաբանման կարիք:
Ըստ այդմ էլ առավել հասկանալի կլինի, արդյոք կա որոշակի կապ ՌԴ պատվիրակության Երեւան ժամանելու եւ Հայաստանում ստեղծված աննախադեպ, ներքին մեծ լարվածություն պարունակող իրավիճակի մեջ, երբ Հայաստանի իշխանությունը կանգնած է զինված ապստամբության թնջուկի առաջ:
Ըստ այդմ, արդյոք խոսքը վերաբերում է հայ-ռուսական ռազմական գործակցության ընթացակարգային դրվագի, թե՞ Ռուսաստանը հենց ներկայիս պահն է հարմար դիտարկում Հայաստանի իշխանությունից միացյալ խմբավորման հարցում որեւէ նոր իրավասություն կամ լիազորություն կորզելու համար:
Բոլորովին վերջերս Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագիրը, որը Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը տվեց Հայաստանի երկնքում որոշում կայացնելու իրավասություն:
Շատ հավանական է, որ Ռուսաստանը կփորձի նաեւ հնարավորինս նոր ու լայն լիազորություններ ձեռք բերել նաեւ Հայաստանի ԶՈՒ ցամաքային սեգմենտում, այդ գործընթացը առաջ մղելով «փուլային» տարբերակով:
Միաժամանակ, հետաքրքիր է իհարկե նաեւ այն, որ միացյալ խմբավորման շուրջ բանակցությունը եւ համաձայնագրի վերջնական տարբերակի քննարկումը տեղի է ունենում Թուրքիայում անհաջող հեղաշրջման ֆոնին: Այստեղ եւս առկա են ուշագրավ զարգացումներ, կապված Թուրքիայի թե ներքին վիճակի, թե նաեւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերության հետ: Այդ հարաբերությունը հեղաշրջման անհաջող փորձից հետո միտված է առավել լարվելու: Թուրքիայի իշխանությունը գրեթե բացահայտորեն հենց Արեւմուտքին մեղադրեց հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու համար: Արեւմտյան երկրներն Էրդողանին կոչ են անում հեղաշրջման փորձ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում չանցնել չափը, մնալ ժողովրդավարության շրջանակում, հակառակ դեպքում սպառնալով ընդհուպ ՆԱՏՕ-ից հեռացումով:
Դրան զուգահեռ, դեռեւս պարզ չէ, թե ինչ ներքին վիճակ է Թոււրքիայում եւ արդյոք հեղաշրջումը չի ստանա որոշակի «պարտիզանա-ահաբեկչական» երանգ, Թուրքիայի իշխանության համար դառնալով երկրորդն այդպիսի գլխացավը քրդականից հետո:
Աներկբա են Ռուսաստանի մեծ ակնկալիքները հեղաշրջումը տապալած եւ դրա համար Արեւմուտքին մեղադրող Էրդողանից: Մոսկվան անկասկած հույսի ունի Թուրքիայի համար դառնալ առավել կարեւոր գործընկեր՝ Արեւմուտքի հետ Անկարայի հարաբերության լարվածության աճին զուգահեռ:
Միաժամանակ, Թուրքիայի հանդեպ Արեւմուտքի հարաբերության լարումը կբարձրացնի Հայաստանի նշանակությունն Արեւմուտքի համար: Հայաստանը կստանա դրանից օգտվելու լավ հնարավորություն, ընդ որում մի շարք կարեւոր ուղղություններով: Բայց, եթե իհարկե լինի ինքնիշխանության ունակ: Մինչդեռ Հայաստանի պարագայում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, ինքնիշխանության վերջին պատվարը կամ թելը մնացել է բանակը:
Ինքնիշխան Հայաստանը խնդիր է Թուրքիայի հետ հարաբերություն կառուցող Ռուսաստանի համար, քանի որ այդ հարաբերության հիմքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն է, որի առարկան հենց Հայաստանի սուբյեկտությունը չեզոքացնելու Ռուսաստանի պարտավորությունն է Թուրքիայի առաջ: Դա նաեւ թե Ռուսաստանի, թե Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հիմքն է:
Այդ համատեքստում, Հայաստանի ինքնիշխանության բոլոր հնարավոր լծակների վրա վերահսկողության հնարավորինս ամբողջականացումը դառնում է նրանց համար ռազմավարական խնդիր: Հենց այդ առումով ուշագրավ է, որ ռուսական զինվորական պատվիրակությունը արդեն գոյություն ունեցող միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման համար Երեւան է ժամանում հենց Թուրքիայում եւ Հայաստանում հայտնի իրադարձություններին զուգահեռ:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; lragir.am
- 15:10Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
- 13:10ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով
- 15:10Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 14:10Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի
- 12:10Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
- 11:10Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.