Հազիվ էր Հռոմի Պապն իր հայ-թուրքական հաշտության ուղերձով հայաստանյան այցից վերադարձել Վատիկան, երբ տեղեկություն հրապարակվեց հաշտության մասին, բայց ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական: Իհարկե, հաշտության մասին միգուցե վաղ է խոսելը, սակայն Թուրքիան մի քանի ամիս համառությունից հետո արել է հաշտության պայմաններից մեկի բավարարման քայլը, որ դրել էր Ռուսաստանը օդանավի հետ կապված հայտնի միջադեպից և հարաբերությունների լարումից հետո:
Երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ, համենայնդեպս, ըստ Կրեմլի հրաարակած տեքստի, Էրդողանը ներողություն է խնդրում կատարվածի համար և պատրաստակամություն հայտնում անել ցանկացած անհրաժեշտ քայլ, որ հարկավոր է ռուս-թուրքական հաշտության համար: Իսկ ի՞նչ է նշանակում ռուս-թուրքական հաշտություն: Ռուս-թուրքական հաշտությունը նշանակում է հայ-թուրքական անհաշտություն՝ այն պարզ և տրամաբանական պատճառով, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական անհաշտությունը Հայաստանի վրա ազդեցության առանցքային լծակներից մեկն է, հայկական մտքի, հոգեբանության վրա ազդեցության կարևորագույն տարր:
Թուրքական վտանգը շահարկելով է, որ Ռուսաստանը քայլ առ քայլ կարողացել է տիրել հայկական մտքին, տիրել հայկական գիտակցությանը, սնուցել անփոխարինելիության, միակ փրկիչ լինելու միտքը: Իսկ դա այսօր Ռուսաստանին առավել քան անհրաժեշտ է, ապրիլյան պատերազմից հետո, որը ըստ էության քարը քարին չթողեց այդ միակ դաշնակցի կամ փրկչի միֆից:
Այսպիսով, եթե տեղի է ունենում ռուս-թուրքական հաշտությունը, ապա հայ-թուրքական հաշտության հեռանկարները դառնում են մշուշոտ, կամ այդ հաշտությունը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ 2008 թվականի հունիսին Մոսկվայից ազդարարված «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանությամբ, որն արտացոլվել է հայ-թուրքական արձանագրություններում: Այդ արձանագրություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրերի վավերացում արդեն Հայաստանի ստորագրությամբ:
Բանն այն է, որ ռուս-թուրքական այդ պայմանագրերը՝ Մոսկվայի, Կարսի, ըստ էության առանց հայկական ստորագրության են, դրանց տակ չկա հայկական պետականության կնիքը: Եվ սրանով իսկ դրանք, այսպես ասած, ոչ լեգիտիմ են, ցանկացած պահի վիճարկման ենթակա: Հայ-թուրքական արձանագրությունները նոր շունչ և ըստ էության հավերժ լեգիտիմություն են հաղորդելու ռուս-թուրքական պայմանագրերին, որոնց միջոցով՝ հայերի կյանքի, անվտանգության, տարածքների, շահերի հաշվին տեղի է ունեցել կովկասյան ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը: Սա է լինելու հայ-թուրքական առավելագույն «հաշտությունը», եթե հաշտվեն Ռուսաստանն ու Թուրքիան:
Եթե Մոսկվան ու Թուրքիան հաշտ չեն, դա դեռ չի նշանակում իհարկե, որ հայ-թուրքական հարաբերության հաշտությունն ավտոմատ կերպով կդառնա իրականություն: Բայց դրա հավանականությունը մեծանում է, քանի որ առանց Ռուսաստանի դաշնակցության մնացած Թուրքիան, համենայնդեպս, հայտնվում է առավել բարդ վիճակում, հատկապես հայկական հարցի պարագայում, և ի վերջո՝ մեծանում է հավանականությունը, որ Անկարան մի օր կարող էր հանգել հարցը հայերի հետ հաշտության միջոցով լուծելու մտքին:
Խոսքը տվյալ պարագայում առանց նախապայմանների հաշտության մասին է, ինչը նշանակում է առանց Ղարաբաղի վերաբերյալ Անկարայի հայտնի պայմանների, և առանց ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված իրականության տակ հայկական պետականության կնիք դնելու պայմանի: Վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցումն ունի ոչ միայն կարևոր նշանակություն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի, քանի որ դա լիովին կփոխի նաև ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Միաժամանակ, հայ-թուրքական հաշտեցումը կնվազեցնի թուրքական վտանգի կարծրատիպային շահարկման ռուսական հնարավորությունները՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա:
Թուրքիան, մնալով աշխարհաքաղաքական այդ հրամայականների առաջ, հատկապես երբ ներկայումս գտնվում է իսկապես բավականին բարդ խնդիրների հորձանուտում, կարող էր մտորել Հայաստանի հետ հարաբերության մասին: Հատկապես այժմ, երբ կարծես թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում տեղի է ունենում օղակի սեղմման երկրորդ ալիքը՝ Գերմանիայի առաջնորդությամբ: Իսկ Գերմանիան ամենևին պատահական կամ խորհրդանշական առաջնորդ չէ, Գերմանիան Եվրոպայի և համաշխարհային քաղաքականության առաջատարներից է:
Ահա այս մթնոլորտում Թուրքիան կարծես թե իր ձեռքը նետում է փրկօղակին՝ Ռուսաստանի հետ հաշտությանը: Թուրքիայի համար նախընտրելի է դա, քան Հայաստանի հետ հարաբերվելու անխուսափելիությունը, որը Անկարայի համար կնշանակի տարածաշրջանային հավակնությունների նվազեցում:
Ռուսաստանը միանգամի՞ց կընդունի հաշտության մեկնած այդ ձեռքը, թե՞ կփորձի հնարավորինս թանկ գնահատել իր պատասխանը՝ այդպիսով հատուցելով Թուրքիային, որն ամիսներ շարունակ անտեսում էր Ռուսաստանի հաշտության փորձերը: Բոլոր դեպքերում, եթե այդ հաշտությունը տեղի ունենա՝ ուշ, թե շուտ, և առավել ևս եթե տեղի ունենա Ռուսաստանի համաձայնության, այսպես ասած, բավականին բարձր գնով, թե՛ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, թե՛ ամբողջ տարածաշրջանին դրանից կարծես թե այդքան էլ լուսավոր հեռանկար չի սպասում:
Եվ այս առումով բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան հաշտության ակտը պահել էին Հռոմի Պապի հաշտության այցին ի պատասխան՝ ցույց տալով, որ պերմանենտ պատերազմների միջոցով մեկ դարից ավելի տարածաշրջանը կառավարող տանդեմը, որն այժմ եռյակ է Ադրբեջանի միջոցով, չի պատրաստվում տարածաշրջանի օրակարգը զիջել խաղաղությանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.