Հարցազրույց Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ
— Պարոն Բադասյան, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ ասել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը մեր վերջին զենքն է, որի կիրառումը կնշանակի վերջ բանակցություններին եւ պատերազմ: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ վերջին զենքը կիրառելու ժամանակն է:
— Դա ծայրահեղություն չի եւ այստեղ վերջին զենքի հարց չկա: Դա համարձակ եւ խիզախ, միակ ճշմարիտ քայլն է՝ մանավանդ ապրիլի 2-ից հետո ստեղծված իրավիճակում: Ադրբեջանը նորից անցել է ագրեսիայի՝ խախտելով հրադադարը: Ադրբեջանն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում չի կարող լինել, որովհետեւ այդ խոշտանգումները, այդ վերաբերմունքը, էթնիկ զտման փորձերը մեզ տալիս են ռեալ իրավունք միջազգային օրենքների շրջանակներում ինքնորոշվելու եւ ճանաչվելու: Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին: Հիմա ճանաչման ժամանակն է: Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը տրամաբանական միակ քայլն է. դրանով Հայաստանը եւ Արցախը միայն ու միայն կվայելեն միջազգային հանրության հարգանքը: Դրան կհետեւի միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը:
— Տեսակետներ կան, որ ճանաչման քայլին հետեւելու է պատերազմ:
— Դա թույլ եւ վախկոտ մարդկանց կարծիքն է: Այդպիսի կարծիքներ 1991 թվականին նույնպես կային. ասում էին եկեք լուռ մնանք, եկեք չզինվենք, Ադրբեջանին չհրահրենք եւ չզայրացնենք: Այդպիսի մտածելակերպ կար նաեւ 1915 թվականին՝ արեւմտահայության մեջ: Ասում էին զինված պայքար պետք չի, միասնություն պետք չի, գյուղ առ գյուղ պետք է խնդրենք, որ թուրքերը մեր նկատմամբ լինեն լոյալ: Այդպես չի լինում: Հայ ժողովուրդը միակ ժողովուրդն է, որ շրջապատված է յուրահատուկ բորենի ազգով, որոնք ընդունակ են քնած տեղը մարդուն խփել, անզեն մարդուն կոտորել: Մենք պետք է իմանանք, որ հակառակորդը միշտ զայրացած է, մանավանդ երբ մենք թույլ, քնած կամ անզոր ենք: Իսկ երբ ուժեղ ենք, զինված ենք՝ նա թույլ է եւ զսպված: Ես համոզված եմ մեր ուժեղ լինելու դեպքում առաջիններից մեկը հենց Ադրբեջանն է հաշտության ձեռք մեկնելու:
— Կարծում եք Հայաստանի խորհրդարանում կընդունվի՞ Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը:
— Անձամբ ես Հայաստանի Ազգային ժողովի մասին շատ մեծ կարծիք չունեմ: ԱԺ ճնշող մեծամասնությունը ընդունում է Հայաստանի համար ստորացուցիչ օրենքներ: Բայց եթե այս օրինագիծն ընդունի՝ կստացվի, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը իր վերջնամուտին կատարում է միակ պատմական խիզախ քայլը եւ դրանով քավում իր մնացած մեղքերը:
— Վերջերս շատ է քննարկվում Ռուսաստանից վարկի դիմաց գնված զենքի ուշացման հարցը: Ի՞նչ եք կարծում, որեւէ միտում կա՞ այդտեղ:
— Դրա պատճառը միանշանակ Ռուսաստանի հայկահայկական քաղաքականությունն է, որ 250 տարի շարունակվում է: Ունենալով նախադրյալներ՝ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի շատ է զինում, քան Հայաստանին՝ հաստատելով այն, որ զենքի նույնիսկ բացարձակ առավելություն ունենալու դեպքում Ադրբեջանը չի կարող հասնել առավելության մարտի դաշտում: Իսկ եթե այդ զենքի վաճառքը մի քիչ բալանսավորված արվի՝ հայկական կողմը միանշանակ հաղթանակներ կտանի: Իսկ հայկական կողմի հաղթանակը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետեւ դա կլինի պատերազմի ավարտ, դա կլինի իր ազդեցությունից Ադրբեջանի կորուստ: Իսկ Ռուսաստանը միայն իր շահերն է պաշտպանում, հանուն իր շահերի ցանկանում է, որ պատերազմը երկար ձգվի, որ կարողանա թե Ադրբեջանը, թե Հայաստանը որպես փորձադաշտ օգտագործել:
— Վերջերս քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը «թույլ կտա՞», որ ռուսական զենքին այլընտրանք գտնենք:
— Իմ ցանկությունն է, որ Հայաստանը լինի ինքնիշխան երկիր եւ ինքը որոշի, թե որ երկրի սպառազինությունը օգտագոծի եւ չօգտագործի: Մենք պետք է միշտ այլընտրանքային զենքեր ունենանք: Դա ես նորմալ եւ ռեալ եմ համարում:
— Այս ընթացքում անընդհատ խոսվում է, որ պետք է նախահարձակ գործողություններ իրականացնել, գոնե մեր կորցրած տարածքները վերադարձնել: Այս պահին տեսնո՞ւմ եք նման գործողության հավանականություն:
— Մեր կորցրածը տարածք չի, դիրքեր են: Ընդամենը մի քանի հեկտար տարածքի մասին է խոսքը:
— Վերջերս, կարծեմ, խոսք էր գնացել հազարավոր հեկտարների մասին:
— Դա այդպես չի, մի քանի հեկտար է, խոսքը գնում է մինչեւ 100 հեկտարի մասին: Մյուս տարածքները կարող են լինել Ադրբեջանի համար դիտարկելի, բայց ոչ այդ երկրի տարածքում: Եթե այդպես վերցնենք՝ մեր դիրքերից Ադրբեջանում ճիշտ այդքան (հազարավոր կիլոմետրեր-Ս.Պ.) տարածք դիտարկվում է, որովհետեւ մենք բարձունքում ենք գտնվում, նրանք հարթավայրում:
— Իսկ դուք տեսնո՞ւմ եք նախահարձակ գործողություն իրականացնելու հավանականություն՝ դիրքերը հետ վերցնելու համար:
— Դիրք վերցնելը կամ չվերցնելը հոգեբանական հարց է: Պարզապես մենք պետք է մեր հաղթական կեցվածքը պահպանենք: Ես կողմնակից եմ այդ դիրքերը հետ վերցնելուն: Որպես նախկին հրամանատար եւ նախկին զինվորական ես դա շատ ռեալ եմ համարում եւ անհրաժեշտ: Այդ գործողության անմիջական կամավոր մասնակիցներից մեկն էլ ես կլինեմ:
— Պարոն Բադասյան, ակտիվ քննարկվում է նաեւ մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է սահմանին մոտ զինտեխնիկա կուտակելու փաստը, ինչպես նաեւ այն, որ այս օրերին Ադրբեջանը զորավարժություններ է իրականացվում: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը մայիսի 9-ին ընդառաջ կգնա՞ իրավիճակի սրման:
— Կգնա, թե չի գնա, ամեն դեպքում մենք պետք է համարենք, որ կգնա:
— Եվ դա ի՞նչ պետք է ենթադրի:
— Մենք պետք է սպասենք ամենավատին եւ ամենադժվարին, որ պիտի գնան լայնածավալ գործողությունների եւ դրան պետք է պատրաստ լինենք, ինչին էլ, կարծում եմ, պատրաստվում ենք: Թե հասարակությունն է պատրաստ, թե բանակը:
Սկզբնաղբյուր armtimes.com
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.