lragir.am-ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ.
Միքայել, մի քանի օր է՝ պատերազմական գործողություններ են ծավալվում ղարաբաղա—ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեսակետ կա, որ Ադրբեջանը գրոհել է Կովկասի խաղաղությունն ու կայունությունը, ըստ այդմ՝ միջազգային անվտանգության համակարգը: Այս առումով, ըստ Ձեզ, որքանո՞վ է ադեկվատ միջազգային կառույցների արձագանքը ստեղծվածիրավիճակին:
Կարծում եմ, միջազգային հանրության արձագանքը գնահատելով պետք է առաջնորդվել ոչ թե մեր զգացմունքներով և ցանկություններով, այլ իրատեսությամբ: Ինքնին միջազգային անվտանգության համակարգը երբեք էլ չի պահպանվել զուտ կառույցների հաշվին. կառույցները գործել են արդյունավետ, երբ առկա է եղել կամ համաձայնություն, կամ առնվազն որոշակի հավասարակշռություն խոշոր խաղացողների միջև: Այսօր միջազգային անվտանգության համակարգը ճգնաժամ է ապրում, խոշոր խաղացողների միջև հավասարակշռությունը փոխվում է օր օրի: Այդպիսի իրավիճակից միշտ փորձում են օգտվել այն ուժերը, որոնք ցանկանում են իրենց օգտին փոխել ստատուս քվոն, մեր դեպքում այդպիսի ուժ է Ադրբեջանի իշխանությունը Ալիևի գլխավորությամբ: Եթե խոսենք կոնկրետ կառույցների մասին, ապա այստեղ առաջին հերթին պետք է նայենք ԵԱՀԿ արձագանքին: Մինսկի խմբի արձագանքը շատերը համարում են թույլ:
Ես չեմ վիճում այդ գնահատականի հետ, բայց ուզում եմ ինքս հարց տալ. իսկ ինչ արձագանք էիք սպասում Մինսկի խմբից:Իհարկե, բոլորը հասկանում են, թե որ կողմն է սկսել հարձակումը: Բայց բացահայտորեն այդ մասին հայտարարելը բավական մեծ պատասխանատվություն է ենթադրում: Եթե դու հայտարարում ես, որ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը, ապա նախ դու պետք է լուրջ ապացույցներ ներկայացնես, իսկ դրա համար ԵԱՀԿ-ն հակամարտության գոտում պետք է ունենալ լուրջ ներկայություն, որը չկա: Հասկանալի է, որ Կասպրչիկի խմբի թե՛ ռեսուրսները, թե՛ լիազորությունները դրա համար բավարար չեն:
Անգամ Ուկրաինայում, որտեղ շատ ավելի լուրջ ռեսուրսներ են ներգրավված իրավիճակի մոնիթորինգի առումով, մենք գրեթե չենք տեսնում նման միանշանակ հայտարարություններ: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ եթե Մինսկի խումբը հանդես գա կողմերից մեկին մեղադրելով, ապա կարող է հայտնվել ծուղակում: Այն կողմը, ում մեղադրում են, տվյալ դեպքում Ադրբեջանը, կարող է հայտարարել, որ միջնորդները անաչառ չեն, պաշտպանում են հակառակ կողմին, և հրաժարվել միջնորդության այդ ձևաչափից:
Մենք գիտենք, որ Ադրբեջանը վաղուց է փորձում ազատվել Մինսկի խմբի ներկա ձևաչափից, և, չեմ բացառում, որ նրա վերջին գործողությունների նպատակներից մեկն էլ հենց դա է: Այնպես որ, այս առումով Մինսկի խումբը հայտնվել է գրեթե անելանելի վիճակում. եթե նրանք չեն հայտարարում, թե որ կողմն է ձեռնարկել ագրեսիվ գործողություններ, Ալիևի վարչակարգը զգում է իր անպատժելիությունը և նորից է դիմում նման գործողությունների: Եթե հայտարարում են, ապա ընկնում են ծուղակը, քանի որ Ադրբեջանը մեղադրում է միջնորդներին ոչ անաչառ լինելու մեջ և գործը տանում է դեպի այդ ձևաչափի վերացում: Ինչ վերաբերում է այլ կառույցներին՝ ԵՄ, ՆԱՏՕ և այլն, դրանց պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել է այն, որ նրանք սատարում են Մինսկի խմբի ջանքերը: Այնպես որ, պետք չէ չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային կառույցներից:
Լարվածությունը որքանո՞վ էր կապված Վաշինգտոնի միջուկային անվտանգության համաժողովին կողմերի մոտ որևէ հաջողություն չարձանագրելով:
Իհարկե, չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներն անմիջական կապ ունեն ռազմական գործողությունների հետ: Բայց, խնդիրն այն է, որ այն մասին, թե ինչ է խոսվում նման մակարդակի հանդիպումների ժամանակ, գրեթե անհնար է վստահելի տեղեկություններ ստանալ: Այսօր առկա են բազմաթիվ տեսություններ, որոնք բացատրում են, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ իրավիճակի սրում:
Ոմանք սրման համար մեղադրում են Արևմուտքին, ոմանք Ռուսաստանին, ոմանք Թուրքիային: Ոմանք իրավիճակի սրումը նույնիսկ կապում են համաշխարհային օֆշորային սկանդալի հետ, որը հարվածում է նաև Ալիևների ընտանիքին: Որոշ բացատրություններ միանգամայն տրամաբանական են, որոշ բացատրություններ մեղմ ասած տարօրինակ: Խնդիրն այն է, որ այդպիսի բացատրությունները հնարավոր չէ ո՛չ ապացուցել, ո՛չ հերքել: Այն մասին, թե ինչ է տեղի ունենում միջազգային քաղաքականության ամենաբարձր մակարդակում գիտեն շատ քչերը, և այդ քչերը երբեք այդ մասին չեն ասի ԶԼՄ-երին, իսկ եթե ինչ-որ բան էլ ասում են, ապա ոչ մի երաշխիք չկա, որ ճշմարտությունն են ասում: Այնպես որ, պետք է փորձել իրավիճակը վերլուծել բաց աղբյուրների հիման վրա, առավել ևս, որ ինչպիսի ծրագրեր էլ ունենան առաջնորդները, իրականության հետ բախվելով դրանք միշտ փոխվում են, և իրադրությունը սկսում է զարգանալ միանգամայն այլ սցենարով:
Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրության արձագանքը որքանո՞վ կսթափեցնի Ադրբեջանին:
Ես արդեն բացատրեցի, թե ինչու միջազգային կառույցներից պետք չէ շատ բան սպասել: Ինչ վերաբերում է խոշոր խաղացողներին, ապա նրանց հանրային հայտարարությունները մինչ այժմ այնքան կոշտ և միանշանակ չեն եղել, որպեսզի ռեալ ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա: Իհարկե, ամենայն հավանականությամբ որոշ մեսիջներ ուղարկվում են ոչ հանրային և ոչ ֆորմալ ճանապարհներով: Թե որքանով են դրանք ազդեցիկ, մենք կտեսնենք ապագայում: Մինչ այժմ թերևս դրանք առանձնապես արդյունք չեն տվել, եթե չհաշվենք Ադրբեջանի հայտարարությունը զինադադարի մասին, որն ակնհայտորեն կեղծ քարոզչական բնույթ ուներ և արված էր զուտ Ադրբեջանի շահերից ելնելով:
Իհարկե, Ադրբեջանին կարող էր սթափեցնել վճռական ճնշումը Մոսկվայից կամ Վաշինգթոնից, բայց թերևս Վաշինգթոնը չի ցանկանում չափից դուրս խորը մտնել այս խնդրի մեջ, իսկ Մոսկվան համարում է, որ իրադրությունը դեռևս դուրս չի եկել վերահսկողությունից: Այնպես որ, այս պահին Ադրբեջանին կարող են սթափեցնել միայն ռազմադաշտում կրած լուրջ կորուստներն ու անհաջողությունները: Սակայն, այստեղ ևս մեծ հարց կա. արդյոք Ալիևը և նրա անմիջական շրջապատը ադեկվատ են ընկալում իրավիճակը, թե դարձել են սեփական քարոզչության զոհը, ինչը հաճախ է տեղի ունենում, հատկապես ոչ ժողովրդավարական ղեկավարների դեպքում: Իսկ այդ հարցի պատասխանը մենք բնականաբար չգիտենք:
Որքանո՞վ եք համարում իրատեսական ռուսական զորքի՝ ԼՂՀ մտնելը:
Չեմ կարծում, որ բանը կհասնի դրան: Ի վերջո, Ռուսաստանի համար այդ քայլի օգուտները բավական կասկածելի են, իսկ ռիսկերը՝ մեծ: Ինչպես տեսանք Սիրիայից ռուսական հիմնական ուժերի դուրս բերման օրինակով, ռուսական ներկայիս իշխանությունը խուսափում է այնպիսի իրավիճակներից, երբ առկա է ռուսական կանոնավոր բանակի կազմում լուրջ կորուստների հնարավորություն: Բացի այդ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա ԼՂ-ում խաղաղարար զորքեր տեղակայելու շուրջ համաձայնության գալ Արևմուտքի և ռեգիոնալ խաղացողների հետ, իսկ միակողմանի կերպով զորք մտցնելը չափազանց մեծ ռիսկ է Ռուսաստանի համար: Սակայն, ցավոք, այսօր մենք ապրում ենք պայթյունավտանգ և անկանխատեսելի մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը փոխվում է ամեն օր, և այն, ինչ երեկ անհնար էր թվում, վաղը կարող է դառնալ իրականություն: Այնպես որ, որևէ զարգացում իսպառ բացառել չի կարելի:
Ի՞նչ հնարավոր զարգացում կլինի, ըստ Ձեզ:
Ցավոք սրտի, ինչպես ասացի, իրավիճակն օր օրի ավելի անկանխատեսելի է դառնում: Ճիշտ է, չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունը նախապատրաստվում էր լայնամաշտաբ պատերազմի: Ինչպես արդեն նշել են մի շարք փորձագետներ, նման դեպքում ադրբեջանական զորքերի գործողությունները միանգամայն այլ կերպ կզարգանային: Սակայն, խնդիրն այն է, որ երբ ռազմական գործողություններ են սկսվում, դրանք սկսում են զարգանալ իրենց ուրույն տրամաբանությամբ, որը հաճախ չի ենթարկվում քաղաքական առաջնորդների վերահսկողությանը: Իհարկե, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմի համար ցանկացած սրացում կապված է լուրջ կորուստների հետ և ռիսկերի հետ: Սակայն, տնտեսական և սոցիալ-տնտեսական իրավիճակն Ադրբեջանում խիստ անկայուն է, և այս իրավիճակում արտաքին թշնամու կերպարի շահագործումը իշխանության տեսակետից շատ հարմար գործիք է: Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների:
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.