Նավթի գների անկումն ու ֆինանսա-տնտեսական լուրջ ճգնաժամը Ադրբեջանում, ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, կթուլացնեն Բաքվի հնարավորությունները շարունակելու սպառազինությունների մրցավազքը: Սակայն մյուս կողմից՝ երկրի ներքին խնդիրները կարող են ստիպել Իլհամ Ալիևին ժամանակ առ ժամանակ լարվածություն հրահրել շփման գծում՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում գնահատեց ընդհանուր իրավիճակը հակամարտության գոտում՝ փորձելով կանխատեսումներ անել այս տարվա հնարավոր զարգացումների համար:
Ըստ նրա՝ երկու կողմից էլ գործում են քաղաքական վերահսկողության տակ գտնվող զինված ուժեր, և պատահական պատերազմն այդ առումով բացառվում է: Պատերազմը կարող է վերսկսվել սխալ հաշվարկների հիման վրա ընդունված քաղաքական որոշման հետևանքով: Չի բացառվում, որ եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, անցնի «կարմիր գիծը», հայկական կողմերը կարող են որոշել, որ «մեծ պատերազմն անխուսափելի է, և ավելի լավ է՝ առաջինը ես սկսեմ, քան սպասեմ Ադրբեջանին»: Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը հարվածել»:
– Պարոն Մինասյան, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում այս տարի՝ հաշվի առնելով նախորդ տարվա լարվածությունը սահմանին:
– Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցային գործընթացին, ապա ես չունեմ լուրջ հույսեր, որ ինչ-որ հաջողություն կունենանք ընդհանուր բանակցային գործընթացում, այն է՝ վերջնական կարգավորման փաստաթղթի կամ նախափաստաթղթի պատրաստման առումով: Սա ակնհայտ է: Մյուս կողմից՝ հույսեր կան, որ նախորդ տարվա լարվածությունը շփման գծում, ինչպես նաև ֆինանսա-տնտեսական խնդիրները Ադրբեջանի ներսում կնպաստեն, որ Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների ճնշման տակ վերջիվերջո համաձայնվի շփման գծում հետաքննությունների մեխանիզմների հաստատմանը և որոշ չափով նվազեցնի իր կողմից շփման գծում ժամանակ առ ժամանակ օգտագործվող լարվածությունը:
Բայց դրա հետ մեկտեղ վերջին ամիսներին լուրջ ֆինանսա-տնտեսական ճգնաժամ է Ադրբեջանում. մանաթն արդեն երկու անգամ արժեզրկվել է, և չի բացառվում, որ մոտակա օրերին նաև երրորդ անգամ լինի: Նավթի գների անկումը կարող է երկակի ազդեցություն ունենալ՝ մի կողմից, թուլացնել Ադրբեջանի հնարավորությունները շարունակելու սպառազինությունների մրցավազքը, բայց մյուս կողմից՝ ներքին խնդիրները, ընդհակառակը, կարող են ստիպել Իլհամ Ալիևին ժամանակ առ ժամանակ լարվածություն հրահրել շփման գծում՝ հուսով եմ, չանցնելով «կարմիր գիծը», որը նշանակում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում: Ի դեպ, ես չեմ բացառում, որ եթե Ադրբեջանն այդ գիծն անցնի, ապա ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական կողմերը կարող են որոշել, որ «մեծ պատերազմն արդեն անխուսափելի է, և ավելի լավ է՝ առաջինը ես սկսեմ, քան սպասեմ Ադրբեջանին»:
Կարծում եմ՝ սրանք են կոնցեպտուալ առումով գլխավոր միտումները, որոնք կարող են լինել նոր տարվա մոտակա ամիսներին և տրամաբանական շարունակությունն են բոլոր այն գործընթացների, որ մենք տեսել ենք նախորդ՝ 2015 թվականին կամ առնվազն սկսած 2015-ի երկրորդ կեսից:
– Բայց եթե այդ տեսանկյունից նայենք, Ադրբեջանի տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ Բաքվի ռեժիմին այնքան էլ ձեռնտու չէ լայնածավալ պատերազմ սկսելը, որովհետև այդ պարագայում Ալիևը կարող է կորցնել իշխանությունը:
– Մի կողմ դնելով սոցիալական կամ տնտեսական վիճակն Ադրբեջանում՝ այնտեղ, կարծում եմ, շատ լավ հասկանում են պատերազմի գինը, և միայն հեշտ հաղթանակի հույս ունենալու դեպքում Իլհամ Ալիևը կարող է մտածել, որ պատերազմի վերսկսումը շահավետ է իր համար: Հակառակ դեպքում, եթե ինքը պարտվի կամ հաջողություն չունենա, դա միայն և միայն կազդի ռեժիմի կայունության վրա: Ես, իհարկե, համաձայն եմ, որ այս պահին ռեժիմի հիմքերն ավելի են թուլացել, քան երկու տարի առաջ: Բայց մյուս կողմից, ինչպես նշեցի, այդ վիճակում նա կարող է ավելի շահագրգռված լինել շարունակելու էսկալացիան շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
– Այո, սովորաբար ընդունված է ասել, որ նմանատիպ ռեժիմները հակամարտություններն օգտագործում են ներքին խնդիրները լուծելու համար՝ չանցնելով այդ «կարմիր գիծը», բայց մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնաբերաբար զարգանում է, լարվածությունը գնալով աճում է…
– Իհարկե, տարածաշրջանային հակամարտությունների մեծամասնությունը հենց այդպես էլ սկսվել են: Օրինակ՝ արաբա-իսրայելական պատերազմների մեծ մասը չկանխատեսված էսկալացիայի հետևանք էր, որը կարող է որոշվել մի քանի օրվա կամ մի քանի ժամվա ընթացքում: Այդ առումով, բնականաբար, չեմ բացառում նմանատիպ զարգացումը, և ոչ ոք չի կարող բացառել: Բայց խնդիրն այն է, որ իրականում այն գործոնները, որոնք չնայած հոռետեսական ինչ-որ կանխատեսումներին՝ տասնամյակներ զսպում էին ռազմական գործողությունները, դեռ պահպանվում են: Դրանք են՝ համեմատական ռազմատեխնիկական բալանսը, միջազգային հանրության բացասական կարծիքը, ի դեպ, բոլոր գլխավոր դերակատարների, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Այս բոլոր գործընթացները, բնականաբար, թույլ չեն տալիս Ալիևին վստահություն ձեռք բերել, որն իրեն թույլ կտա ավելի վտանգավոր քայլեր անելու, ավելի մոտենալու այդ «կարմիր գծին»: Եվ նոր տեխնիկայի՝ տանկերի կամ հրետանու օգտագործումը որոշ չափով ոչ միայն Իլհամ Ալիևի կանխամտածված գործողությունների արդյունք է, այլև երբեմն դա նաև պատասխան է ցավալի հարվածների, որոնք մինչ այդ ստացել են ադրբեջանական զինված ուժերը և փորձում են դրանով պահպանել բալանսը: Այլ խոսքերով ասած՝ լուրջ և բարձր մակարդակի քաղաքական կամ աշխարհաքաղաքական հաշվարկներից բացի, շփման գիծն էլ, կարելի է ասել, ունի իր «տրամաբանությունը», որը նույնպես ազդում է այդ գործընթացների վրա:
– Փորձենք շահերի վերլուծություն անել: Ո՞ր դեպքում Ադրբեջանը կգնա պատերազմի՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը տարածաշրջանում: Որքանո՞վ է սա համընկնում կամ հակասում գերտերությունների շահերին: Օրինակ՝ համաձայն չե՞ք, որ նույն Ռուսաստանը կհամաձայնի հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակի, որն ավելի կուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում:
– Իմ կարծիքով՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում հակառակ տրամաբանությունն է գործում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը որոշ չափով գոհ է ստեղծված ստատուս քվոյից, որովհետև դա հնարավորություն է տալիս բավական լուրջ ազդեցություն պահպանել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա՝ Հայաստանին կախվածության մեջ պահելով ռազմական օգնությունից, իսկ Ադրբեջանին վաճառելով ժամանակակից զենք-զինամթերք: Երկուսն էլ այսօր բավական կախված են Ռուսաստանից: Ոչ ոք Մոսկվայում չի կարող երաշխավորել, որ այս սխեմայի փոփոխությունն ավելի լավ կամ ավելի ազդեցիկ պայմաններ կստեղծի Ռուսաստանի համար, առավել ևս՝ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն արդեն ներգրավված է ուկրաինական, սիրիական հակամարտություններում, եթե հաշվի առնենք նավթի գների անկումը և այլն: Ուստի, դժվար թե Ռուսաստանի ղեկավարությունն այս պայմաններում նոր գլխացավանք ստեղծի իր համար:
– Իսկ ի՞նչ կասեք այսպես ասած՝ «Լավրովի պլանի» մասին: Նման ծրագիր կա՞:
– Ըստ իս՝ բոլոր այդ խոսակցությունները «Լավրովի առաջարկների» կամ բանակցային գործընթացի մասին, եթե նույնիսկ եղել են, կապ չունեն այսպես ասած՝ մեծ փաստաթղթի հետ: Ամերիկյան կողմից եղել է առաջարկ ստեղծելու հետաքննությունների մեխանիզմ շփման գծում, որը հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը: Այս փաստաթուղթը ոչ թե հակամարտության վերջնական կարգավորման համար է, այլ լարվածությունը մեղմելու: Բայց իմաստ չունի, որովհետև դա կարող է գործել միայն և միայն Ադրբեջանի դեմ, եթե լինի Մինսկի խմբի բոլոր համանախագահների համատեղ ազդեցությունն Ադրբեջանի վրա: Դա չկա: Մի կողմից Մինսկի խումբն օգտագործում է իր ռեսուրսները, որ բացառի լայնածավալ պատերազմը, բայց նրանք չեն կարող մշակել համատեղ ռազմավարություն և ստիպել Ադրբեջանին հրաժարվել էսկալացիայից:
– Ձեր կարծիքով՝ նախագահների վերջին հանդիպումը Բեռնում որևէ արդյունք չի՞ տվել, այն չի՞ ակտիվացնի բանակցային գործընթացը:
– Վերջին տարիների ընթացքում այդ բոլոր բանակցությունների իմաստը եղել է այն, որ այդ հանդիպումների փաստով փորձեն նվազեցնել էսկալացիան շփման գծում, ոչ թե առաջխաղացում ձեռք բերեն կարգավորման փաստաթղթի շուրջ: Նույնիսկ եթե նախագահները քննարկում են «մեծ փաստաթուղթը»՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի բան էլ չեն համաձայնեցնի, դա օգտագործվում է որպես ինչ-որ ռեսուրս, որ ցույց տան, թե այս պահը կարելի է օգտագործել լարվածությունը մի քիչ նվազեցնելու համար:
– Այսինքն՝ ինչ-որ առաջարկներ, այնուամենայնիվ, քննարկվում են, բայց դա նշանակություն չունի:
– Եթե խոսքը տակտիկական հարցերի կամ շփման գծում իրավիճակի մասին է, ապա այդ առաջարկները քննարկվում են յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, բայց լայնամասշտաբ փաստաթղթի կամ հիմնարար սկբունքների շուրջ, կարծում եմ, այսօր ոչ ոք լուրջ չի խոսում, որովհետև դա անիրատեսական է:
– Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, թե նախագահների վերջին հանդիպումը նույնպես «ձևական բնույթ է կրել»:
– Կարծում եմ՝ կոնկրետ այս դեպքում Ալիևի այդ հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, առավել ևս այսքան անկայուն վիճակում: Իմաստն այն էր, որ «փորձելու ենք ճնշել հայերին, ստիպել գնալ միակողմանի զիջումների և նաև ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա»: Այդ հայտարարության մեջ սա կա: Սա ոչ թե իր համոզմունքն է, որ հանդիպումներն անիմաստ են, այլ ներքին լսարանի համար է, որովհետև ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդ հանդիպումների իմաստը պարզապես հետագա էսկալացիան կանխելն է:
– Եթե ամփոփենք, այսպես ասած՝ «պատահական պատերազմը» որքանո՞վ է հիմա հավանական:
– Կարծում եմ՝ հավանականությունն այս պահին այնքան էլ բարձր չէ: Այստեղ հարցը պատահական պատերազմը չէ: Պատահական պատերազմ չի կարող լինել. երկու կողմից էլ քաղաքական վերահսկողության տակ գտնվող ռեգուլյար բանակներ են, և ինչ-որ պատահական միջադեպից պատերազմ չի կարող սկսվել: Պատերազմը կարող է սկսվել, եթե կողմերից մեկը ոչ ճիշտ հաշվարկների հիման վրա քաղաքական որոշում ընդունի սկսել ռազմական գործողություններ: Հնարավոր է, որ երեք կողմերից յուրաքանչյուրը որոշի, որ ամենահարմար պահն է ռազմական գործողություններ սկսելու համար: Բայց մյուս կողմից՝ շարունակում են քաղաքական և ռազմական սահմանափակումները, որոնք զսպում էին ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը և իրենց դերը կխաղան նաև այս տարվա ընթացքում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.