Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեյցարիա, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին Փարիզում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացած այդ հանդիպումից հետո Սարգսյանի աշխատակազմը տարածեց մամլո հաղորդագրություն, որում ասվում էր․ «Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը»:
Փարիզյան հանդիպումից հետո, սակայն, հարաբերություններում լարվածությունը մեծացավ, և շփման գծում զոհերի թիվն ավելի աճեց, կիրառեցին նաեւ խոշոր տրամաչափի սպառազինություն: