«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կրճատումները և կադրային ջարդը շարունակվում են։ Ընկերությունը «Տաշիր գրուպ»-ի կողմից ձեռք բերվելուց հետո էական փոփոխություններ են կատարվել։ Մենք արդեն իսկ գրել էինք, որ աշխատանքից ազատվել է Կենտրոնի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ղազարյանը և տեղափոխվել այլ աշխատանքի:
Այսօր էլ շարունակվում են կրճատումները։ Այս օրերին տասնյակ աշխատակիցներ են հեռացվում ՀԷՑ-ի հարավային մասնաճյուղից, որը Սամվել Կարապետյանի գալուց հետո ղեկավարում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Դավիթ Ղազինյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի սանիկն է և մինչ այս պաշտոնը զբաղեցնելը «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենն էր։
Մասնավորապես, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են տեղամասի 2 պետ, հարավային մասնաճյուղի պետի 3 տեղակալ, ովքեր առանցքային պաշտոնյաներ են եղել։ Աշխատանքից ազատվել են հարավային մասնաճյուղի ճարտարապետներ, ինժեներներ, համակարգչային բաժնի պետը։ Ընդ որում, բացի ազատումներից, ուշագրավ փոխատեղումներ են կատարվում ՀԷՑ-ում. նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած մասնագետները դառնում են շարքային աշխատողներ, իսկ նրանց տեղը համալրում են նոր աշխատակիցներ։ Օրինակ՝ վերջերս հարավային մասնաճյուղի գլխավոր հաշվապահը մասնաճյուղի ղեկավարի հրամանով դարձել է սովորական հաշվապահ, իսկ մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրել է կրտսեր Ղազինյանի մերձավորներից մեկը։
Ուշագրավ է, որ վեր նշված բաժինների աշխատակիցների ազատումից հետո ոչ մի բաժին չի փակվել, կամ ոչ մի հաստիք չի կրճատվել՝ անկախ այն պնդումներից, թե Կարապետյանի գալուց հետո օպտիմալացումներ են լինելու, քանի որ Բիբինի ժամանակ հաստիքացուցակը ուռճացված է եղել։ Բոլոր ազատված աշխատակիցներին փոխարինել են նորերը, ովքեր հիմնականում, ինչպես արդեն նշեցինք, նորանշանակ պետերի ծանոթներն են ու մերձավորները։
Ավելին՝ այստեղ